how-the-war-began-armen-ghazaryan
ՏեքստՆոյեմբեր 13/2023

«Մարտկո՛ց, ի զե՛ն». այս բառերով ինձ համար սկսվեց պատերազմը

2022-ի սեպտեմբերի 12-ի ցերեկը զորամասից մեզ տարան դիրքեր։ Ասացին, որ ինժեներական աշխատանքներ պետք է կատարենք։ Դիրքերը Իշխանասարի և Ծղուկ լեռան մեջտեղում էին։ Տեղավորվեցինք, սպասում էինք։

«Մարտկո՛ց, ի զե՛ն»․ այս բառերով սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, ժամը 00։05-ին ինձ համար սկսվեց պատերազմը։ Մարտկոցի հրամանատարի հրամանը ստանալով՝ սկսեցի կատարել իմ պարտականությունները։ Քանի որ մեր մարտկոցի սպայական անձնակազմը համալրված չէր, ստանձնեցի մարտկոցի ավագ սպայի պարտականությունները։ Րոպեներ անց կրակային դիրքում էինք և սպասում էինք կրակելու հրամանի։ 10 րոպե անց մարտկոցի հրամանատարը կապվեց և ասաց, որ մեր դիմաց գտնվող 110 և 111 մարտական դիրքերն արդեն գրավված են, իսկ անձնակազմը նահանջում է։

Դա ոչ թե կազմակերպված նահանջ էր, այլ ուղղակի անկանոն փախուստ դիրքերից։ Մերոնք դիրքերում թողել էին խոշոր տրամաչափի գնդացիրներ, հազարավոր փամփուշտներ և ժամանակակից դիպուկահար հրացաններ։ Թողնված մարտական դիրքերում զոհ չկար, միայն մեկ հոգի թեթև վիրավորվել էր։

Իմ ստորաբաժանման խնդիրը մի քանի անգամ ավելի բարդացավ։ Պետք է ապահովեինք նրանց նահանջը և հրետանային ինտենսիվ կրակով հակառակորդին թույլ չտայինք հաստատվել այդ մարտական դիրքերում։ Անհրաժեշտ էր նաև ապահովել մեր անվտանգությունը։ Այդ ընթացքում մեր մարտկոցի ուղղությամբ մեծ ինտենսիվությամբ աշխատում էին ադրբեջանական բանակի մեկ տասնյակ հրետանային և ականանետային մարտկոցներ, «գռադ» և «սմեռչ» կայանքներ, ԱԹՍ–ներ։

Մարտկոցի 25–հոգանոց անձնակազմից 6-ին հրահանգեցի դիտարկել մեր դիմացի ձորակը։ Րոպեներ անց մարտկոցի հրամանատարը կապ հաստատեց՝ հայտնելով, որ նահանջողները մոտենում են մեզ։ Նշանակված դիտորդներին զգուշացրի, որ նրանց ուղղությամբ կրակ չբացեն։ Մտածում էի՝ նրանք կմնան մեր դիրքում ու կմիանան դիրքի պաշտպանությանը։ Սակայն նրանք, շփոթված և վախեցած, շարունակեցին իրենց անկանոն նահանջը։

Քարտեզ.png
Քարտեզը ցույց է տալիս 2021-ի սեպտեմբերից 2023-ը Հայկական և Ադրբեջանական զինված ուժերի դիրքային փոփոխությունները, քարտեզը՝ հեղինակի

Կրակելու հրաման ստացա։ Նշանակետը մեր թողած դիրքն էր։ Երբ ականանետերը նախապատրաստում էինք կրակելուն, սկսվեց ինտենսիվ հրետակոծություն։ Մի արկ պայթեց կրակային դիրքին շատ մոտ։ Խուճապ սկսվեց։ Բոլորս մտանք թաքստոցները։ Մեկ֊երկու րոպե անց հրետակոծության ինտենսիվությունը նվազեց։ Հրամայեցի դուրս գալ թաքստոցներից և կրակել։ Բոլորը վախեցած էին։ Քիչ անց, այնուամենայնիվ, դուրս եկան, և սկսեցինք կրակը:

Հրետակոծությունը շարունակվեց ամբողջ գիշեր։ Ադրբեջանցիները փորձում էին կրակով այնպես ճնշել, որ չկարողանայինք կրակել, բայց մենք մարտը շարունակեցինք մինչև լույս՝ խոցելով բազմաթիվ թիրախներ։ Առավոտյան պարզ դարձավ, որ հակառակորդին հաջողվել է գրավել 3 մարտական դիրք՝ 101, 110, 111։

Սեպտեմբրերի 14-ի ընթացքում հակառակորդի վերահսկողության տակ անցավ ևս 3 մարտական դիրք՝ 102,103,104։

Մարտական գործողությունների ավարտից հետո մեր թողած դիրքերի անձնակազմի հետ զրույցներից պարզվեց, որ այդ դիրքերից 4֊ը ուղղակի հանձնվել են, և միայն 2֊ում է, որ պայքարել են դիրքը պահելու համար։ 103 դիրքում կռիվ էին տվել։ Սեպտեմբերի 14-ին զոհվել էր շարքային Սարգիս Մանուկյանը: Ինտենսիվ հրետակոծության տակ ընկած դիրքի անձնակազմը ստիպված նահանջել էր, և Սարգիսի մարմինը մնացել էր դիրքում։

Սեպտեմբերի 14֊ի առավոտյան իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ էր։ Հենց այդ ժամանակ մեր հրամանատարությունը որոշեց հակահարձակում սկսել։ Բայց ոչ թե կորցրած դիրքերը վերականգնելու, այլ հակառակորդի նպաստավոր մեկ այլ դիրք գրավելու համար։ Ոչ բարձր բլուրի վրա էր դիրքը, սակայն այնտեղից հնարավոր էր վերահսկել մեծ տարածություն, նաև այն ճանապարհը, որով կատարվում էր մեր դիրքերի մատակարարումը: Բայց այդ, դիրքը լավ պաշտպանված էր, և բարդ էր այն գրավելը։ Առանց լավ մտածված և հաշվարկված ծրագրի՝ որոշում կայացվեց հարձակման մասին։ Մեր մարտկոցին նույնիսկ տեղյակ չպահեցին, որպեսզի կարողանայինք հրետանային կրակով աջակցել գրոհին։

Գրոհը սկսվեց կեսօրին մոտ։ Թվում էր, թե մերոնք արդեն գրավել են բլուրը, բայց հակառակորդը սկսեց «Սմերչի» կասետային հրթիռներ կիրառել, և մերոնք նահանջեցին։ Հակահարձակման ժամանակ 105 և 106 դիրքերի դիմացի բլրի վրա մեր գումարտակից զոհվեցին կրտսեր սերժանտ Հենրիկ Հարությունյանը և շարքային Սարգիս Սարգսյանը: Այդ բլուրը Հայաստանի տարածքում է, բայց 2021-ի նոյեմբերի 16-ից Ադրբեջանի վերահսկողության տակ է։

Սարգիս Մանուկյան.jpg
Սարգիս Մանուկյանը, լուսանկարը՝ Սարգիսի ֆեյսբուքյան էջից
Հենրիկ Հարությունյան.jpg
Հենրիկ Հարությունյանը, լուսանկարը՝ Հենրիկի ֆեյսբուքյան էջից
Սարգիս Սարգսյանը.jpg
Սարգիս Սարգսյանը, լուսանկարը՝ forrights.am-ի

Մարտերը շարունակվեցին նաև հաջորդ օրը, բայց համեմատաբար ցածր ինտենսիվությամբ։ Հակառակորդը փորձեց էլի դիրքեր գրավել, սակայն դա նրանց չհաջողվեց։

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է նշված դիրքերի կորստի համար։ ՔԿ-ից տեղեկացրին, որ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել է նախաքննություն՝ դիրքերը հակառակորդի վերահսկողության տակ անցնելու հետ կապված։ 6 դիրքերը կորցնելու համար ոչ ոք դեռևս պատասխանատվության չի ենթարկվել։

Հեղինակ՝

Ուսանողներ

Արմեն

Ղազարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան