hripsimian-gymnasium
Long ReadՀունիս 13/2023

Հռիփսիմյան գիմնազիայի լքված ժառանգությունը

Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, երեք դարերի միջով անցնող, Հայաստանի երեք հանրապետություն տեսած մի մոխրագույն շենք կա։ Դրա պատմությունն սկսվում է 19-րդ դարից։ Մինչև Առաջին Հանրապետության հռչակումը այս շենքում գործել է Հռիփսիմյան իգական գիմնազիան, Առաջին Հանրապետության տարիներին՝ Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը։ Խորհրդային Հայաստանում շենքում գործել են կրթական ու մշակութային տարբեր կառույցներ։ Երրորդ Հանրապետությունում, սակայն, Ամիրյան 6 հասցեում գտնվող երկհարկանի շինությունը դատարկ է եղել։

1995-ին, Երևանի քաղաքային խորհրդի որոշմամբ, հուշարձան-շենքը աճուրդով վաճառվեց սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանին պատկանող ընկերությանը։ Հաջորդած տարիներին՝ շուրջ 3 տասնամյակ, շենքը չի շահագործվել։ Այսօր այդ շինության դռները կողպված են, պատուհանների մի մասը՝ կոտրված։

2.jpg
Գիմնազիայի շենքի մուտքը՝ բակից

Գիմնազիայի շրջանավարտը

16.jpg
Սիրանուշ Հովհաննիսյան, լուսանկարը՝ Անուշ Տեր-Մինասյանի անձնական արխիվից

Լուսանկարում Հռիփսիմյան գիմնազիայի աշակերտուհի Սիրանուշ (դպրոցական փաստաթղթերում սխալմամբ գրել են Վարդանուշ) Հովհաննիսյանն է։ Նրա թոռնուհին՝ Անուշ Տեր-Մինասյանը, պատմում է տատի մասին.

«Ես շատ փոքր էի, երբ տատիկս վախճանվեց, 5 տարեկան էի։ Նա ծնվել է 1881-ին։ Փայլուն կրթություն է ստացել, սովորել է ոչ միայն Երևանում, այլև Օդեսայի և Քիշնևի գիմնազիաներում, որտեղից նույնպես գովասանագրեր է ստացել, հետո՝ Պետերբուրգի նշանավոր Բեստուժևյան կուրսերում։ Հռիփսիմյան գիմնազիան ավարտել է ոսկե մեդալով»։

Սիրանուշը բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի կրտսեր քույրն է։ Ամուսնացել է անվանի գիտնական Երվանդ Տեր-Մինասյանի հետ ու դարձել Սիրանուշ Տեր-Մինասյան։ Գիմնազիան ավարտելուց հետո աշխատել է ռուսաց լեզվի և գրականություն ուսուցչուհի, եղել է Ալեքսանդրապոլի իգական գիմնազիայի տնօրենը։ Թոռնուհին ասում է՝ աշակերտները միշտ շատ մեծ սիրով և շնորհակալությամբ էին հիշում նրան, նրա տված գիտելիքները:

15.jpg
Սիրանուշ Հովհաննիսյանի գովասանագրերը՝ Հռիփսիմյան գիմնազիայից։ Փաստաթղթերը՝ Անուշ Տեր-Մինասյանի արխիվից
14.jpg

Սիրանուշ Հովհաննիսյանի ոսկե մեդալը չի պահպանվել, թոռնուհին մոր պատմածներից գիտի, որ այն ոսկուց մեծ մեդալ է եղել՝ խաչելության տեսարանով։

«Մորիցս և մյուսներից գիտեմ, որ տատս նաև շատ բարի էր։ Գիմնազիայում նրա ստացած գիտելիքներն այնքան հիմնավոր էին, որ նա միշտ պատրաստ էր բոլորին օգնել: Մորս պատմածով՝ մեր բակի երեխաները հաճախ իրենց տետրերով գալիս էին, ասում. «Սիրանուշ տատիկ, մաթեմատիկայի այս խնդիրը կլուծե՞ս», և նա իսկույն լուծում էր ցանկացած դժվարության խնդիր», — պատմում է թոռը։

Հռիփսիմյան գիմնազիայի պատմությունը

Հռիփսիմյան իգական գիմնազիան կառուցվել է Երևանի Նազարովսկայա փողոցում։ Այսպես էր կոչվում այսօրվա Ամիրյան փողոցը։

1850-ի հունվարի 2-ին Սուրբ Նինայի անվան բարեգործական ընկերության ջանքերով հիմնվում է Երևանի առաջին օրիորդաց դպրոցը՝ Սուրբ Հռիփսիմեի անունով։ Այս բարեգործական ընկերությունը Թիֆլիսում հիմնադրել է Կովկասի փոխարքա Միխայիլ Վորոնցովի կինը՝ Ելիզավետա Վորոնցովան 1846-ին։ Թիֆլիսում, Քութայիսում, Շամախիում և Ստավրոպոլում նույնպես ընկերությունը դպրոցներ է բացում։ Ընդհանուր առմամբ, այս գործին տրամադրվում է 200 հազար ռուբլի։

Սուրբ Հռիփսիմեի օրիորդաց դպրոցը սկզբում ուներ երեք դասարան։ 1884-ին դպրոցը վերածվում է պրոգիմնազիայի՝ չորսդասյա և նախապատրաստական խմբով։ 1898-ին պրոգիմնազիան դառնում է գիմնազիա, 1921-ին՝ երկսեռ դպրոց։

Գիմնազիա կարող էին ընդունվել երեխաներ հասարակության բոլոր խավերից, սակայն ուսման և գիշերօթիկի վարձը բավականին բարձր էր՝ տարեկան 50-100 ռուբլի։ Հետևաբար, գիմնազիայում սովորում էին հիմնականում հարուստների երեխաները, հայ և ռուս չինովնիկների աղջիկները։

Սկզբում՝ 1860-ականներին, դպրոցը գործել է Նազարովսկայա (այժմ՝ Ամիրյան) փողոցի վարձակալված երկու բնակարաններում, որոնք 1868-ից դարձան դպրոցի սեփականությունը։ Ազգային արխիվում պահպանված փաստաթղթերով՝ Սուրբ Նինայի անվան բարեգործական ընկերության խորհրդի 1892-ի գրություններից մեկում նշվում է գիմնազիայի շենքի անբարվոք վիճակի և նոր շենք կառուցելու անհրաժեշտության մասին։ Հին շենքերի դասասենյակները փոքր էին, ցածր առաստաղներով։ Գրության մեջ նկարագրվում են սենյակները՝ իրենց խնդիրներով, օրինակ՝ մի դասասենյակ գնալու համար պետք էր անցնել մյուսի միջով։ 1884-ին Երևանի նահանգային ինժեներ Միխայիլ ֆոն դեր Նոննեն կազմում է շենքի նախագիծը՝ 28000 ռուբլի արժեքով։ Ֆինանսների սղության պատճառով ընկերության ղեկավարները տարիներ անց որոշում են աշխատանքները հանձնել Երևանի նահանգային կառավարման շինարարական բաժանմունքին, իսկ նոր նախագիծը պատվիրում են քաղաքացիական ինժեներ Իվան Վագապովին։ Նախագիծը կազմվում է 1892-ին, արժեքը՝ 10 հազար ռուբլի, տրամադրվում է ֆոնդային միջոցներից և տարեկան եկամուտներից՝ նախատեսելով յուրաքանչյուր տարի առնվազն 1000 ռուբլով լրացնել ֆոնդը։ Վագապովի նախագծով կառուցվում է այժմյան շենքի կողային հատվածը, իսկ հիմնական մասնաշենքի շինարարությունն ավարտվում է 1898-ին՝ հայ նշանավոր ճարտարապետ Վասիլի Միրզոյանի գլխավորությամբ։ 1905 թվականին նրա նախագծով շենքը ընդլայնվում է․ աջ թևում կառուցվում է երկհարկանի նոր շինություն, որը նաև նկուղային հատված ուներ։

17.jpg
Լուսանկարը՝ ՀՊՄՀ կայքից

Առաջին Հանրապետության տարիներին գիմնազիան դառնում է ազգային, հայերենը՝ կրթության հիմնական լեզու։ Շենքի մի հատվածում 1918-1920 թվականներին գործում էր Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությունը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո իգական գիմնազիան դառնում է երկսեռ դպրոց, 1925-ից կոչվում է Ալեքսանդր Մյասնիկյանի անունով։ Խորհրդային տարիներին շենքը ծառայել է կրթական ու մշակութային տարբեր կառույցների։ 1940-ականներին այս շենքում է գործել Վալերի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտը։

Իգական գիմնազիայից՝ թանգարան

Երևանի պատմության թանգարանը 1936-ից գործել է Կապույտ մզկիթի շենքում։ Երևանի քաղխորհրդի գործկոմի 1982-ի նոյեմբերի 23-ի որոշմամբ՝ Ամիրյան 6 հասցեի շենքը հատկացվում է թանգարանին, բայց թանգարանն այստեղ տեղափոխվում է միայն 12 տարի անց՝ 1994-ին։ Թանգարանի գիտաշխատող Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ տեղափոխումը ձգձգվում էր շենքը վերակառուցելու, թանգարանի պայմաններին հարմարեցնելու պատճառաբանությամբ։ Այդ ժամանակ Ամիրյանն այլ անուն ուներ՝ Վռամշապուհ արքայի փողոց։

Երևանի պատմության թանգարանը, սակայն, չի հասցնում նոր հասցեում ցուցադրություն կազմակերպել, չնայած ֆոնդերն արդեն տեղափոխվել էին։ 1995-ի մայիսին հայտնի է դառնում, որ քաղաքային իշխանությունը շենքը վաճառել է։ Պատճառաբանությունը՝ ֆինանսական դժվարություններ։

Հռիփսիմյան գիմնազիայի շենքը հանվեց աճուրդի. ով է սեփականատերը

Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնը 1992-1996թթ․ զբաղեցնում էր Վահագն Խաչատուրյանը, այսօր՝ ՀՀ նախագահը։ Նրա գլխավորությամբ է 1995-ի մարտի 17-ին ընդունվում որոշում՝ քաղխորհրդի գործկոմի մշակույթի վարչության հաշվեկշռում գտնվող Վռամշապուհ արքայի 6 հասցեի շինությունը աճուրդային կարգով օտարելու մասին։ Ըստ 9/22 որոշման՝ շենքը օտարելու նպատակը քաղաքային բյուջեի համալրումն էր։

Ըստ կադաստրային գործի և Քաղաքային խորհրդի արխիվային փաստաթղթերի՝ շենքի սեփականատերը «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերությունն է, որը գրանցված է Լիխտենշտայնում։ Ընկերությունը պատկանում է բրիտանահայ գործարար, բարերար Վաչե/Բոբ Մանուկյանին։

Գործկոմի՝ նույն թվականի մայիսի 19-ի հ․21 որոշումից պարզ է դառնում, որ շենքը մայիսի 5-ին վաճառվել է մեկ միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամով։ Քաղաքային իշխանությունը որոշում է աճուրդային վաճառքից ստացված գումարից կես միլիոն ամերիկյան դոլարին համարժեք դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ մնացածը փոխանցել քաղաքային բյուջե՝ Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարության համար։ Նույն փաստաթղթով նախատեսվում է Երևանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարություն՝ «Կասկադ» համալիրում։ Բայց թանգարանը Կասկադում չկառուցվեց։ Թե ինչ եղավ 500 հազար դոլարը, չկարողացանք պարզել։ Այդ տարիների մի քանի աճուրդներ ուսումնասիրելով՝ պարզեցինք, որ նման մեծ չափի գումարով որևէ շինություն չի սեփականաշնորհվել։

Երքաղխորհրդի 1995-ի հունիսի 9-ի հ.20/13 որոշման մեջ նշվում է, որ Վռամշապուհ արքայի 6 հասցեում գտնվող շենքին կից հողատարածքը վարձակալական հիմունքներով 99 տարով տրվում է «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերությանը՝ բանկային համալիր և գրասենյակ կառուցելու համար։ Ընդհանուր վարձակալական հողամասի մակերեսը 5300 քմ է, սակայն մեկ այլ փաստաթղթում նշված է, որ ընկերության կողմից զբաղեցված է 2908 քմ տարածք՝ ըստ պետական գրանցման վկայականի։ Հողամասի սահմաններում գտնվում են Բուզանդի 31-33 տները, հ. 18 էլեկտրաենթակայանի շենքը, թիթեղյա ավտոտնակ։

Ըստ որոշման՝ սեփականատերը պարտավոր էր մեկամսյա ժամկետում պատմության և մշակութային հուշարձանների պահպանության մասին պարտավորագիր ստորագրել։ Այս որոշումը, սակայն, 2006-ին Երվանդ Զախարյանի որոշմամբ մասնակի ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ ընկերության հետ չի կնքվել հողամասի վարձակալության պայմանագիր։

9.jpg
12.jpg
3.jpg
Գիմնազիայի շենքը՝ այսօր
8.jpg

Ի՞նչ ճակատագիր է ունենալու պատմամշակութային հուշարձան-շենքը

ՀՀ Կառավարության՝ 2004-ի հոկտեմբերի 7-ի որոշմամբ՝ Ամիրյան 28/6 (այժմ՝ Ամիրյան 6) հասցեում գտնվող ուսումնական հաստատության շենքը ներառվել է Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ հուշարձանների պահպանական գոտիներում հողի, համայնքի սեփականություն համարվող հուշարձան-շենքերի և շինությունների սեփականատերերի և օգտագործողների հետ կնքվում է հուշարձանների պահպանության պայմանագիր՝ պարտավորագիր։ Դրանով սեփականատերը պարտավորվում է՝

  • ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը,
  • ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար,
  • կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ,
  • հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները:
13.jpg

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2023-ի ապրիլի 25-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանը։ Նա հանձնարարել է հաշվառել մայրաքաղաքի հուշարձան-շենքերը։

«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք՝ ԿԳՄՍ-ի հետ, անելիք ունենք։ Օրենքով կան համապատասխան դրույթներ, թե ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես պետք է։ Մենք պետք է գրանցենք բոլոր այն հուշարձան-շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսենք աշխատել, որ դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան»։ Տիգրան Ավինյան, 25.04.2023

Նախագահը պարզաբանումներ չի տալիս

Քանի որ նախկին գիմնազիայի շենքը օտարվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ աշխատած տարիներին, հարցում ուղարկեցինք ՀՀ նախագահի աշխատակազմին։ Ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը վաճառել պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը, ի՞նչ ֆինանսական խնդիրներ են լուծել վաճառքի արդյունքում․ այս շենքի վաճառքին և աճուրդին վերաբերող մեր հարցերը մնացին անպատասխան։ Բացի այդ, ըստ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1995-ի մայիսի 19-ի հ. 21 որոշման՝ Վռամշապուհ արքայի փողոց հ. 6 շենքի աճուրդային վաճառքից ստացված մեկ միլիոն դոլարի կեսը պետք է տրամադրվեր «Կասկադ» համալիրում Երեւանի պատմության թանգարանի նոր շենքի շինարարության համար։ Սակայն թանգարանը բացվել է Արգիշտի 1 հասցեում, որի կառուցումն իրականացվել է ոչ թե վաճառքից ստացված կես միլիոն դոլարով, այլ պետական բյուջեի միջոցներով։ Ու՞ր կորավ այդ կես միլիոն դոլարը։ Նախագահականից պատասխանեցին․ «Նշված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տնօրինողը Հանրապետության նախագահի աշխատակազմը չէ և, բնականաբար, նման բնույթի տեղեկություններ չի կարող տրամադրել»։

Արխիվում մեր գտած փաստաթղթերի համաձայն՝ «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերության լիազոր ներկայացուցիչը Արա Ալեքսանյանն է։ Մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգեցինք նրան։ Ալեքսանյանը նշեց, որ ինքը ընկերության ներկայացուցիչը չէ և չի կարող որևէ տեղեկություն փոխանցել:

Ո՞վ է «Քոմփյութրոն ինդասթրիզ իսթաբլիշմենթ» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում․ չհաջողվեց գտնել նաև այս հարցի պատասխանը։ Արխիվային փաստաթղթերում եղած հեռախոսահամարը չի գործում, բաց աղբյուրներում Լիխտենշտայնում գրանցված այս կազմակերպության էլեկտրոնային հասցեն նշված չէ։ Լիխտենշտայնի ռեգիստրում գրանցված հեռախոսը նույնպես չի գործում:

Աղբյուրներ

  • ՀԱԱ, ֆոնդ Ե1, ցուցակ 15
  • ՀԱԱ, ֆոնդ 520, ցուցակ 1
  • М. А. Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, 2008
  • Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1801-1879), Երևանի Պետական համալսարանի հրատարակչություն, 1959
  • Թ. Խ. Հակոբյան, Երևանի պատմությունը (1879-1917), Երևանի Պետական համալսարանի հրատարակչություն, 1963

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Նարե

Պետրոսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան