human-organs
Ֆոտո պատմությունՓետրվար 9/2024

Օրգանների փոխպատվաստման հայաստանյան շուկան. պահանջարկ՝ առանց առաջարկի

Գիտե՞ք, որ կախված երկրից՝ սև շուկայում մարդու օրգանները տարբեր արժեք ունեն։ Ըստ անօրինական առք ու վաճառքի տվյալներ հավաքող HavocScope կայքի՝ ԱՄՆ «սև շուկայում» երիկամը գնահատվում է 200.000$, Չինաստանում՝ 15.000$, Իսրայելում 12.000$ է։ Ավելի քիչ զարգացած երկրներում, այդ շուկան գործում է ավելի բացահայտ, օրգաններն էլ էժան են։ Օրինակ՝ Քենիայում երիկամը 650$ է, Աֆղանստանում՝ թալիբների իշխանության գալուց հետո, այն 4.000$-ից դարձել է 1500$։

Հայաստանում թույլատրվում է փոխպատվաստել եղջերաթաղանթը, լյարդը և երիկամը։ Վերջին երկուսի դեպքում պարտադիր է, որ դոնորը ողջ լինի, և ցանկալի է՝ արյունակից։ Նա չպետք է ունենա փոխպատվաստմանը հակացուցված որևէ հիվանդություն։

2019-ից 2023-ի առաջին կիսամյակն ընկած հատվածում Հայաստանում կատարվել է երիկամի՝ 62, լյարդի՝ 11 փոխպատվաստում։ Լյարդի փոխպատվաստումն արժե 17 մլն դրամ, որից պետությունը փոխհատուցում է 5 մլն-ը։ Երիկամի փոխպատվաստման համար պահանջվող 6 մլն դրամից պետությունը փոխհատուցում է 4 մլն-ը։

ԱՄՆ-ում և եվրոպական շատ երկրներում գործում է դիակային դոնորների փոխպատվաստման համակարգը։ Ուղեղային մահվան դեպքում անձը կարող է դառնալ դոնոր, եթե չի ունեցել ծանր հիվանդություններ, երկար ժամանակ միացված չի եղել արհեստական շնչառության սարքին, չի ընդունել փոխպատվաստմանը հակացուցված դեղեր։ Գործում է դոնորային համաձայնության 2 տեսակ՝ տեղեկացված և ենթադրյալ։ Տեղեկացվածի դեպքում մարդը, մինչև մահանալը, տալիս է համաձայնություն՝ սեփական օրգանները փոխպատվաստման նպատակով օգտագործելու վերաբերյալ։ Եթե մահից առաջ դոնորությունից հրաժարվելու մասին չի ասվում, ենթադրվում է, որ մարդը համաձայն է, մահից հետո լինել դոնոր:

2-ը՝ 200-ից

Լյարդի փոխպատվաստման կարիք առաջանում է հիմնականում չարորակ հիվանդությունների և ցիռոզի (լյարդի սպիացում) դեպքում, երբ օրգանը դադարում է կատարել իր գործառույթը։ Ցիռոզը փոխպատվաստում պահանջում է չորրորդ՝ ամենածանր փուլում:

Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումն արվել է 2019-ին, «Աստղիկ» ԲԿ-ում. 45-ամյա կնոջ դոնորը եղել է 20-ամյա դուստրը։

Հիմա այս կենտրոնում ամեն տարի լյարդի փոխպատվաստման է սպասում մոտ 200 բուժառու։ Նրանցից միայն 2-ին է հաջողվում վիրահատել: Փոխպատվաստման համար երեք պայման պարտադիր է՝ կայուն առողջական վիճակ, առողջ դոնոր՝ հարազատ, որը պատրաստ է իր օրգանից մի մաս տալ և գումար։

«Փոխպատվաստումը պետք է իրականացվի հնարավորինս արագ, քանի որ լյարդային անբավարարությունը կարող է բերել հիվանդի մահվան։ Մարդիկ կարող են մահանալ դոնոր չգտնելու պատճառով: Իրենք հասել են մի փուլի, երբ դեղորայքով հնարավոր չէ կյանքը երկարեցնել: Առաջին հայացքից օրգանի մի մասը տալը կարող է հեշտ թվալ, բայց ռիսկային է. կարող է դոնորի մահ գրանցվել»,— ասում է «Աստղիկ» ԲԿ-ի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արայիկ Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով՝ փոխպատվաստման համար նախապատվությունը տալիս են արյունակցին, որովհետև կա հիվանդի հետ արյունակցական կապ չունեցող մարդուն վախեցնելու, գումարով շահագրգռելու կամ սպառնալու հավանականություն:

«Սրանից բացի՝ հարազատի օրգանը մերժելու հավանակությունը փոքր է՝ ի տարբերություն օտարի: Եթե մենք ռիսկի գնանք և փոխպատվաստումը կատարենք օտարից, մերժման դեպքում բուժառուին կդատապարտենք մահվան: Արտերկրում միշտ կա երկրորդ հնարավորություն, որովհետև այնտեղ կատարվում է նաև դիակային փոխպատվաստում։ Երիկամի դեպքում մարդը շարունակում է դիալիզ ստանալ, իսկ լյարդի պարագայում ունենք միայն մեկ հնարավորություն»,— նշում է Արայիկ Ոսկանյանը։

Փոխպատվաստման համար, դոնոր ունենալուց բացի, անհրաժեշտ է, որ բուժառուի առողջական վիճակը կայուն լինի։

Երկու քույր՝ մեկ լյարդ

2017-ի աշնանը Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի բնակիչ 22-ամյա Անահիտ Աթայանի մոտ հայտնաբերվում է կրիպտոգեն ցիռոզ, ավելի ուշ՝ Վիլսոնի հիվանդություն։ Հազվադեպ հանդիպող այս հիվանդությունը արտահայտվում է լյարդում և գլխուղեղում պղնձի կուտակմամբ։

«Սկզբում, որպես դոնոր, դիտարկվում էր հայրիկիս տարբերակը։ Նա որոշ ժամանակ սկսեց առողջ ապրելակերպ վարել, որովհետև լյարդի վրա ճարպային զանգված կար։ Դա, սակայն, արդյունք չտվեց, և հորս տարբերակը բացառվեց»,— պատմում է Անահիտը։

Ի վերջո, դոնոր է դառնում մեկ տարով փոքր քույրը՝ Գայանեն։ Նա իր լյարդի գրեթե կեսը տալիս է Անահիտին։

Անահիտը վիրահատվում է 2019-ի դեկտեմբերի 14-ին։ Վիրահատության համար պահանջվող 17 մլն դրամի միայն 4 միլիոնն է վճարել ընտանիքը։ 10 մլն դրամը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 3 միլիոնը հիվանդանոցը զեղչել է՝ հաշվի առնելով, որ Անահիտը լյարդը փոխպատվաստած երկրորդ մարդն էր Հայաստանում։

Անահիտի վիրահատությունից մեկ տարի անց է պետությունը սկսում մասնակիորեն փոխհատուցել լյարդի փոխպատվաստման համար պահանջվող գումարը։

3.jpg

Լյարդի փոխպատվաստումից ամիսներ հետո՝ հետազոտություններից մեկի ժամանակ, Անահիտն իմանում է, որ հղի է։

«Շատ անսպասելի էր։ Լացում էի, գոռում, գիտեի, որ պետք է ընդհատվեր, որովհետև ինձ վրա երկու դրենաժ (ռետինե կամ ապակյա անցքավոր խողովակ) կար, տարուց ավելի դրենաժները վրաս էին։ Անընդհատ փոխում էին։ Երեխաս ինչպե՞ս էր ծնվելու։ Ասացի՝ ոչ։ Բժիշկները հարցնում էին, սպասվա՞ծ երեխա է, ասացի, եթե դրենաժը չլիներ, կուզեի ունենալ, բայց եթե խնդիր է առաջանալու, ավելի լավ է՝ ընդհատենք։ Դեղորայքի միջոցով ընդհատում արեցին»,— հիշում է Անահիտը։

Ընդհատված հղիությունից մեկ տարի անց, նույն օրը՝ օգոստոսի 1-ին, Անահիտն իմանում է, որ կրկին հղի է։ Երեխային կոչել է բժշկի՝ Հայկ Հարությունյանի պատվին։ Այսօր արդեն սպասում է երրորդ զավակին։

Դեղորայքային բուժումը շարունակվում է, սննդային սահմանափակումներ չկան։ Անահիտը Գեղարքունիքից պարբերաբար գալիս է մայրաքաղաք՝ ստուգումների։ Վիրահատությունը քրոջ՝ Գայանեի առողջության վրա չի անդրադարձել։

750 մարդ սպասում է երիկամի փոխպատվաստման

Սուր և քրոնիկ երիկամային անբավարարության այն փուլում, երբ երիկամն այլևս իր գործառույթը չի կատարում, բուժումը պետք է շարունակել երիկամին փոխարինող թերապիայով՝ հեմոդիալիզով, կամ պետք է փոխպատվաստում կատարել։ Պաշտոնական տվյալով՝ այժմ 1250 բուժառու ստանում է դիալիզ։ Նրանց 60%-ը՝ 750 մարդ, ունի փոխպատվաստման կարիք։

«Արաբկիր» բժշկական համալիրի Հեմոդիալիզի բաժանմունքի ղեկավար, երիկամի փոխպատվաստման թիմի համակարգող Հելեն Նազարյանն ասում է, որ վիրահատության կարիք ունեցողների թիվը մեծ է, բայց լուրջ խնդիր կա՝ դոնորները քիչ են․

«Սակավության խնդիրը կկարգավորվի, եթե գործի մահացած մարդուց օրգան վերցնելու համակարգը։ Համակարգը չի գործում՝ չնայած օրենքը կա: Այսպիսով, փոխպատվաստման ծանրությունն ամբողջությամբ մնում է կենդանի դոնորների վրա, ինչը բավարար չէ»,— ասում է բժշկուհին։

Սանկտ Պետերբուրգից՝ Գերմանիա

Տաթևիկ Սարոյանին երիկամային անբավարարությունը փոխանցվել է ժառանգաբար։ Հայրը՝ Սիոնը, հիվանդացել է ամուսնանալուց մեկ տարի անց՝ 1977-ին։ Ճիշտ ախտորոշել չեն կարողացել՝ կարծել են՝ կույրաղիքն է, և հեռացրել են։ Հետազոտվել է նաև Ղազախստանում և Ուզբեկստանում։ 1988-ին հիվանդությունը հայտնաբերվում է, վիրահատվում է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում»։

«Սանկտ Պետերբուրգից մի մարդու երկու երիկամ են բերել, փոխպատվաստել են հայրիկիս և սենյակից մեկ այլ հիվանդի, որը 2,5 տարի անց մահացավ։ Դրանից նույնքան ժամանակ անց, ենթաստամոսքսային գեղձի և տասներկումատնյա աղիքի խոցի պայթելու հետևանքով մահացավ հայրս»,— պատմում է Տաթևը։

2004-ին 19-ամյա Տաթևի մոտ առողջական խնդիրներ են նկատվում։

«Երկրորդ կուրսում էի սովորում, անտանելի գլխացավեր ունեի, ավտոբուսից իջնում էի ու ուղղակի նստում։ 2004-ի ապրիլին սկսեցի հետազոտվել: Հիվանդությունը հայտնաբերվեց․ պարզվեց՝ ի ծնե ձախ երիկամս կնճռոտված էր, ֆունկցիան թերի էր կատարում, աջն էլ շատ էր մեծացել»,— ասում է նա:

Դոնոր դառնալու ցանկություն հայտնում է նախ մայրը, բայց առողջական վիճակը թույլ չի տալիս։ Նույն պատճառով բացառվում է նաև դասընկերոջ մոր տարբերակը։ Ի վերջո, դոնոր է դառնում մորաքույրը՝ Վարդուհին։ 2005-ին Տաթևը վիրահատվում է։ Այդ ժամանակ վիրահատությունն արժեր 5000$։

«Մեր երիկամների համապատասխանությունը 30% էր, սա շատ ցածր է, օրինակ՝ Գերմանիայում նման պարագայում վիրահատություն չէին կատարի։ Մորաքույրս այդ ժամանակ 45 տարեկան էր։ Մեր տարիքային տարբերությունը 25 տարի է, սա նույնպես խնդրահարույց է, բայց ամեն ինչ հաջող անցավ։ Մորաքույրս հիմա առողջական խնդիր չունի»,— նշում է Տաթևը։

2.jpg

Վիրահատությունից հետո նա շարունակել է ուսումը, մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ է։
Երկար ժամանակ դեղեր խմելու հետևանքով նրա մոտ առաջանում է գաստրիտ և էրոզիա, ինչից հետո նա դեղերը դադարեցնում է։ Դրա պատճառով փոխպատվաստված երիկամը քայքայվում է։

2016-ին Տաթևը տեղափոխվում է Գերմանիա՝ դիալիզ ստանալու և դարձյալ փոխպատվաստվելու։ Վիրահատության բոլոր ծախսերը միասին կազմում են 200 000€։

«Պատկերացումներս փոխվեցին բուժման մասին։ Գերմանիայում դիալիզ ընդունողի համար ամեն ինչ ստեղծված է՝ ուտելիք, հեռուստացույց, ինտերնետ։ Կարող ես անգամ դիալիզ ստանալիս սպորտով զբաղվել։ Դեղեր էլ կան, որ անվճար են տրամադրվում, Հայաստանում չկան, այստեղ բերում-վաճառում են»,— ասում է Տաթևը։

Տաթևը տիրապետում է գերմաներենի C մակարդակի, չի աշխատում, գրասենյակային աշխատանք է փնտրում։ Հայաստան է գալիս տարին երկու անգամ։

Պահանջարկի և առաջարկի հատման կետը

Եղջերաթաղանթը թափանցիկ և ոչ անոթավորված թաղանթ է, որը սնուցվում է առաջնային խցիկի հեղուկից: Երբ եղջերաթաղանթը անոթավորվում է, պղտորվում է և կորցնում թափանցիկությունը: Առաջանում է հիվանդ եղջերաթաղանթը կտրելու և նոր՝ այլ թափանցիկ, ճիշտ կորությամբ թաղանթով փոխարինելու և ամրացնելու անհրաժեշտություն՝ կերատոպլաստիկա։ Հայաստանում աչքի եղջերաթաղանթի առաջին վիրահատությունը 1986-ին կատարել է Ալեքսանդր Մալայանը:

Ի տարբերություն լյարդի և երիկամի՝ կերատոպլաստիկայի պարագայում պահանջարկը և առաջարկը համընկնում են։ Բոլոր վիրահատությունները կատարվում են ԱՄՆ-ից ներմուծված դիակային դոնորական եղջերաթաղանթներով, որոնք պատվիրվում են ըստ անհրաժեշտության:

«Ողջ մարդուց եղջերաթաղանթ հանելու դեպքում նրա աչքի մնացած հատվածը կմնաանպաշտպան և կոչնչանա: Մենք եղջերաթաղանթը ներմուծում ենք Ֆլորիդայի Տանպա քաղաքի հյուսվածքների բանկից, որը գործում է արդեն 35-40 տարի»,— ասում է Ալեքսանդր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի բժիշկ-օրդինատոր Անի Համբարձումյանը։

Հայաստանում վիրահատությունն արժե 2000$, շերտավորների վիրահատությունը, երբ ոչ թե ամբողջ եղջերաթաղանթն է հեռացվում, այլ միայն վնասվածը, եռակի թանկ է։ Ապաքինումը տևում է երեք շաբաթ, սակայն բուժառուն մոտ տարիուկես մնում է ամբուլատոր հսկողության տակ, պատվիրվում է ըստ անհրաժեշտության։ Բժշկի խոսքով՝ վիրահատությունը կդառնա ավելի մատչելի, եթե Հայաստանում ևս թույլատրվեն դիակային փոխպատվաստումները։

1.jpg

«Մենք հիմա վճարում ենք այդ եղջերաթաղանթի համար, որն այնտեղ պահպանվում է հատուկ նյութերով։ Այստեղից վերցնելու դեպքում չենք վճարի, որովհետև Հայաստանում օրգանների վաճառքն արգելված է։ Ճիշտ է՝ մեզ մոտ վիրահատությունները ավելի մատչելի են, սակայն եթե նույնիսկ բուժառուն պետպատվերով է բուժվում, եղջերաթաղանթի համար ստիպված է ինքը վճարել։ Դիակային փոխպատվաստումների դեպքում ամեն ինչ կփոխվի։ Ամեն մարդ պետք է որոշի՝ մահվանից հետո իր օրգանը տրվի՞ ուրիշին, թե՞ ոչ։ Եթե լինի ողջ դոնորների ռեեստր, ես առաջինը կգրանցվեմ, որ մահիցս հետո հյուսվածքներս ու օրգաններս նվիրաբերվեն»,— ասում է Անի Համբարձումյանը։

2023-ի նոյեմբերին ԱՄՆ-ում կատարվել է աչքի ամբողջական փոխպատվաստման առաջին վիրահատությունը պատմության մեջ: Վիրահատությունը տևել է 21 ժամ:

«Մեզ համար հիմա դա ֆանտաստիկայի ժանրից է: Կարող են աչքը վերցնել, դնել ակնակապիճի մեջ, բայց աչքը կգործի, թե՝ ոչ, հարց է: Բոլոր մկանները պետք է ամրացնել: Հարց է՝ այդ աչքը կլինի՞ շարժունակ, լիարժեք կտեսնի՞»,- ասում է Անի Համբարձումյանը:

Սեփական մաշկը՝ դոնորի փոխարեն

Մարդու ամենամեծ օրգանը՝ մաշկը, չի փոխպատվաստվում։ Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը բացատրում է՝ փոխպատվաստման հիմնական նպատակն այն է, որ դոնորի օրգանը գործի նոր մարմնում, ինչը մաշկի պարագայում անհնարին է։

«Մաշկը շատ կամակոր է։ Եթե ուրիշի՝ անգամ հարազատի մաշկը դնենք, միևնույն է, իմունային համակարգը թույլ չի տա, որ մաշկը կպնի այնպես, որ բոլոր գործառույթները կատարի։ Ամբողջ աշխարհում է այդպես, դրա համար մաշկի տրանսպլանտացիա կատարվում է եզակի դեպքերում»,— պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:

Սովորաբար, մարմնի այրված հատվածները ծածկվում են սեփական մաշկով։ Եթե կա այրված մաշկ, այլ հատվածից առողջ մաշկը բերվում է վնասված հատված:

«Եթե խնդիրը գանգոսկրերի վրա է, մաշկի տակ փուչիկ են դնում, փչում են, մաշկը մեծանում է, կտրում են։ Սա, իրոք, տրանսպլանտացիա է, սակայն ավելանում է auto բառը, այսինքն՝ ինքն իրենից: Երբ այլ մարդուց է մաշկը կտրվում, այն ուղղակի վիրակապի դեր է կատարում: Դրվում է նաև ձկան կաշվից ստացված թաղանթ, բայց նույնքան արդունավետ չէ: Արհեստական նյութեր կան, որոնք մաշկը լցնում են, բայց, միևնույն է, չի կպնում, ընկնում է: Լավագույն տարբերակը մնում է սեփական մաշկը»,— ընդգծում է Հովհաննիսյանը:

Անգամ նույն մարդու մաշկը մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխելիսկարող է չկպնել։

Եթե սիրտը հնարավոր է մահացած մարդուց փոխպատվաստել մեկ այլ մարդու և այն աշխատի, մաշկի դեպքում այդպես չէ:

Խնդիրը հատկապես լուրջ է, եթե այրված է մաշկի մեծ ծավալ։ Օրինակ՝ ամբողջությամբ այված մեջքը վիրակապելու համար պետք է նախ մաշկի դոնորներ գտնել։ Դոնորի մաշկը չի կպնում ստացողի մաշկին, այն ծառայում է որպես վիրակապ:

Բժշկի խոսքով՝ երկրներ կան, որտեղ դիակներից մաշկը վերցնում, մշակում են և օգտագործում որպես վիրակապ, որը մի քանի օր անց չորանում է ու ընկնում:

Դիակային փոխպատվաստումը՝ 21 տարի օդում կախված

Հայաստանում դիակային փոխպատվաստումներ սկսելու համար անհրաժեշտ է ձևավորել ռեեստր, որը կամփոփի դոնորների և ռեցիպենտների՝ բուժառուի տվյալների շտեմարանները և փոխպատվաստման դեպքերը։ Ռեեստրի ձևավորման և աշխատանքի կարգն ընդունվել է 2022-ի հունվարին, ուժի մեջ է նույն տարվա հունիսի 1-ից։

«Անհրաժեշտ է վերանայել Առողջապահության նախարարի 2019-ի փետրվարի 1-ի թիվ 03-Ն հրամանով սահմանված փոխպատվաստման ենթակա օրգանների և/կամ հյուսվածքների ցանկը, ինչպես նաև մշակել և հաստատել փոխպատվաստման նպատակով դիակային դոնորից օրգաններ և/կամ հյուսվածքներ վերցնելու, դրանք մշակելու և փոխպատվասելու կլինիկական ուղեցույցները։ Նաև անհրաժեշտ է ստեղծել դիակային դոնորից օրգաններ և/կամ հյուսվածքներ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբեր և իրականացնել մի շարք այլ աշխատանքներ»,— մեր հարցմանը պատասխանել է Առողջապահության նախարարությունը։

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է 2002-ին։ Օրենքով սահմանվել է, որ դոնոր կարող է դառնալ նա, ով կենդանության օրոք տվել է դրա համաձայնությունը։ 2009-ի փոփոխությամբ՝ եթե մարդը կենդանության օրոք ոչինչ չի գրել, ուրեմն, մահանալուց հետո կարող է դառնալ դոնոր՝ նրա օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար։ Իրականում Հայաստանում պաշտոնապես դիակային փոխպատվաստվում չի կատարվել։

2022-ի հրամանը երրորդ տարբերակ է առաջարկում՝ եթե անձը գրավոր չի հայտնում, որ համաձայն չէ դոնոր դառնալուն, ուրեմն, մահանալուց հետո նա դառնում է դոնոր։

Սա նշանակո՞ւմ է, որ եթե մարդը անտեղյակ է օրենքից և ոչինչ չի գրել դոնոր չդառնալու իր ցանկության մասին, ուրեմն, մահանալուց հետո համարվում է դոնոր։ Ի՞նչն է խանգարում ռեեստրի գործարկմանը, ի՞նչ է արել նախարարությունն օրենքի ընդունումից հետո։ Այս հարցերի շուրջ հարցազրույցի համար դիմեցինք նախարարություն, խնդրեցին հարցերն ուղարկել գրավոր։ Գրավոր հարցման ժամանակ ստացանք նույն՝ առաջին հարցմանը տրված պատասխանները։

Ստացվում է, որ ամիսներով ու տարիներով դոնորներ փնտրող հարյուրավոր հիվանդների տառապալից սպասումը կարող է կրճատվել, եթե հանրապետությունում իրականացվեն դիակային փոխպատվաստումներ։ Իսկ դրա համար պետք է ընդամենը գործարկել տարիներ առաջ օրենքով սահմանված համակարգը։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Գրիգորյան

Ուսանողներ

Լենա

Սահակյան

Ուսանողներ

Գոհար

Սարգսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան