incident
ՏեքստՄայիս 30/2023

Չկա օրենք՝ չկա պատիժ. ո՞վ է շինհրապարակներում պատահարների պատասխանատուն

Հիմնական բացահայտումներ

  • Հայաստանի շինարարության ոլորտը դատարանների որոշումներում դեռևս կարգավորվում է ԽՍՀՄ տարիներին մշակված որոշ ստանդարտներով:
  • Շինարարական կազմակերպությունները հիմնականում չունեն անվտանգության պատասխանատու, իսկ ունեցողները տեղյակ չեն իրենց պարտականություններից։
  • Շինհրապարակներում աշխատողների մեծ մասը չունի անվտանգությունն ապահովող որևէ միջոց:
  • Կառուցապատման ոլորտի աշխատակիցներից շատերը չունեն աշխատանքային պայմանագիր, ինչը, պատահարների դեպքում, բարդացնում է հատուցում ստանալու հնարավորությունը։

Շինհրապարակներում վնասվածքներ ստացածները դատարանում արդարություն են փնտրում

2017 թվականին, շինաշխատանքների ժամանակ, Իշխան Աբրահամյանն ընկել է 6 մետր բարձրությունից ու ծանր վնասվածքներ ստացել։ Շինարարությունն իրականացնում էր «Արամշին» ընկերությունը։ Այսօր Իշխանը դժվարությամբ է քայլում, անաշխատունակ է։ Կնոջ հետ ապրում է մեկ սենյականոց վարձով տանը՝ Երևանի ծայրամասում։ Դեպքից հետո ընտանիքի սոցիալական վիճակը վատացել է, պարտքեր են կուտակվել։ Չմուծված վարկերի պատճառով Աբրահամյանի ունեցվածքի վրա արգելանք է դրվել՝ չի կարողանում մեքենան կամ հողատարածքը վաճառել, մինչդեռ վիրահատության կարիք ունի՝ նախորդ վիրահատության ժամանակ ոտքերի մեջ դրված երկաթները հանելու համար։

«Արամշին» ընկերությունում Իշխանը շենքի քանդման աշխատանքներ է արել՝ առանց բանվորական արտահագուստի և անվտանգությունն ապահովող որևէ միջոցի։ Պատմում է՝ աշխատել է սեփական գործիքներով, անվտանգության հրահանգավորում չի ստացել․ «Աշխղեկը, որ ներգրավվել է գործում որպես մեղադրյալ, ընդունել է մեղքը, բայց իրականում աշխղեկն ինքը չի եղել։ Աշխղեկի պարտականությունները կատարողը նույնիսկ դատարան չի ներկայացել»։

«Արամշինը» Իշխան Աբրահամյանին 900 հազար դրամ է տվել՝ որպես փոխհատուցում, որը, նրա խոսքով՝ նույնիսկ հիվանդանոցի ծախսերը չի փակել: Իսկ դատական առաջին նիստից հետո աշխղեկն ուղիղ ասել է․ «էլ ոչինչ չունենք քեզ տալու, գնա, ուր ուզում ես՝ բողոքիր»։ Դատական երկու ատյան անցնելուց հետո Վճռաբեկ դատարանի որոշմամբ, մեղադրյալ Արտակ Գալստյանը, որը, իբր, եղել է աշխղեկը, 2020–ին արդարացվել է։ Այս գործը դարձել է նախադեպային։

3.jpg
Իշխան Աբրահմյանն ու արգելանքի տակ դրված մեքենան

Վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ է կայացրել այն հիմքով, որ Հայաստանում չկան շինաշխատանքների անվտանգության նորմեր՝ թարգմանված հայերեն։ Գործող ստանդարտները՝ «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ (թիվ lll-4-80* ՍՆԻՊ կանոնները), ռուսերեն են, հայերեն տարբերակը հասանելի չէ որևէ աղբյուրում։ Վճռի մեջ նաև նշվում է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի` 2001-ի թիվ 82 հրամանը ոչ թե ամրագրում է անվտանգության տեխնիկայի նորմերը կամ վերարտադրում այդ կանոնների ամբողջությունը մայր աղբյուրից, այլ ընդամենը կից ցանկում հղում է կատարում ԽՍՀՄ Պետշինի 1980 թվականի հունիսի 9-ի որոշմամբ ընդունված` ՍՆԻՊ կանոնների վերնագրերին: Հենց այդ հրամանով են հաստատվել «Անվտանգության տեխնիկան շինարարությունում» վերտառությամբ ՍՆԻՊ կանոնները Հայաստանում։

2023-ի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վճիռ հրապարակվեց՝ աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման գործով, որտեղ աշխղեկը կրկին արդարացվեց։ Վճռի հրապարակմանը տուժող կողմը չէր ներկայացել։ Դատավորը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխղեկը արդարացվել է ստանդարտների բացակայության, այսինքն՝ թարգմանված չլինելու և իրավական կարգավիճակ չունենալու պատճառով։
Այնինչ 2022-ին արդեն մշակվել է «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերի տեղայնացված, վերանայված տարբերակը, որը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022թ. օգոստոսի 26-ի N21-Ն հրամանով: Անհասկանալի է, թե ինչպե՞ս է ստացվել, որ դատարանները տեղյակ չեն նոր՝ վերանայված և տեղայնացված նորմերից։ Այսպիսով, Վճռաբեկ դատարանի որոշման պատճառով Իշխան Աբրահամյանը զրկվել է վիրահատությունների հատուցում ստանալու հնարավորությունից և, փաստացի, աշխատելու կարողությունը կորցրած լինելով, չի ստացել որևէ փոխհատուցում ո՛չ շինարարական ընկերությունից, ո՛չ իր անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեցող աշխղեկից։

Իշխան Աբրահամյանի փաստաբան Գայանե Ղազարյանը նշում է, որ այս որոշմամբ Վճռաբեկ դատարանը զրոյացնում է Հայաստանում գործող անվտանգության ստանդարտները, որոնցով, այնուամենայնիվ, կարգավորվում է ոլորտը։ Փաստաբանն ասում է, որ այս նախադեպային որոշման հետևանքով Իշխան Աբրահամյանի իրավիճակում հայտնված շատ մարդիկ զրկվելու են փոխհատուցում ստանալու հնարավորությունից։

Նորմատիվ կարգավորման բացակայության մասին է փաստում նաև Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի զեկույցը։ Այստեղ հղում է արվում ՀՀ աշ­խա­տան­քա­յին օ­րենսգր­քի 248-րդ հոդ­վա­ծին, որը սահ­մա­նում է, որ գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր։ Նշվում է սակայն, որ Հայաստանում բացակայում է նոր­մա­տի­վա­յին կար­գա­վո­րում­ներ պա­րու­նա­կող ընդ­հա­նուր փաս­տա­թուղթը, ո­րում սահ­ման­ված և ն­կարագր­ված կլի­նեն ա­ռողջ և­ անվ­տանգ աշ­խա­տան­քա­յին պայման­նե­րի չա­փա­նիշ­նե­րը։

Մահեր՝ աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով

Շինարարության ոլորտում մահերի և պատահարների մասին տեղեկություն ստանալու նպատակով դիմեցինք Հայաստանի վիճակագրական կոմիտե։ Պարզաբանեցին, որ շինարարության ոլորտում պատահարների և մահերի մասին վիճակագրություն չի վարվում։ Ոստիկանությունից նույնպես պարզաբանեցին, որ միայն շինոլորտում գրանցված անվտանգության կանոնների խախտումների մասին տեղեկատվություն չունեն։ Փոխարենը տրամադրեցին տեղեկատվություն Քրեական օրենսգրքի 355 հոդվածով կատարված հանցագործությունների մասին։

Ըստ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ վերջին 3,5 տարիներին (2020-2023-ի մայիս) շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հետևանքով առաջացած պատահարների թիվը 127 է, որից աշխատողի մահ կամ այլ ծանր հետևանք է գրանցվել 27 դեպքում։ Հատկանշական է, որ այս տարվա միայն հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 55 դեպք, որից մահ կամ այլ ծանր հետևանք է եղել 10 դեպքում:

Շինարարություն, Արփի-02 (2).png

Այս տարվա միայն մարտ-ապրիլ ամիսներին շինոլորտում գրանցվել է երեք աշխատողի մահ, ևս երեքը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Չնայած մահերի թվի կտրուկ աճին, ըստ ոստիկանության տվյալների՝ վերջին երեք տարում դատարան է ուղարկվել անվտանգության կանոնների խախտմանը վերաբերող ընդամենը 5 գործ։ Քրեական գործերի մեծ մասը կարճվել կամ կասեցվել է։

Խնդրին առնչվող գործերի վերաբերյալ առավել խորքային պատկերացում ունենալու համար հետևել ենք դատական մի քանի նիստերի Երևան քաղաքի դատարանի Շենգավիթ նստավայրում։ Արտաշես Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել անվտանգության տեխնիկայի կանոնները չպահպանելու համար։ Նա եղել է «ԿԱԷՌ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության աշխատողների անվտանգության նորմերի ապահովման անմիջական պատասխանատուն։ Դատալեքս տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ աշխղեկ Արտաշես Տոնոյանը շուրջ 27 մետր բարձրության կիսակառույց շենքի 8-րդ հարկի բաց պատշգամբի եզրային հատվածում անվտանգության պաշտպանիչ փակոցներ չի տեղադրել։ Դրա հետևանքով 2020-ի սեպտեմբերի 5-ին գաջագործ Արմեն Մկրտչյանը բաց պատշգամբից վայր է ընկել և մահացել:

Մեղադրանք էր առաջադրվել աշխղեկին, բայց տուժողի ընտանիքը համոզված էր, որ մեղավորը նա չէ։ Դատարանի դահլիճում ընտանիքի անդամները նշեցին, որ իրենք մեղավոր են համարում շինընկերությանը, և ոչ թե աշխղեկին։ Դատական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում տուժողներն ու նրանց իրավահաջորդները, սովորաբար, չեն ցանկանում, որ քրեական հետապնդում իրականացվի անհատի նկատմամբ՝ ձգտելով հատուցում ստանալ շինարարական ընկերությունից։

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 248 հոդվածի՝ աշխատողների առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ։ Սակայն քրեական գործերում գրեթե միշտ մեղադրանք է առաջադրվում աշխղեկին, որն աշխատանքի ընդունվելիս ինքն էլ հաճախ չի ծանոթանում իր պարտականություններին և իրավունքներին։

Արմեն Մկրտչյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանը մեզ ասաց, որ Արմենն իր բարեկամն էր, և ընտանիքի խնդրանքով է զբաղվում նրա գործով։ Հրանտ Վարդանյանն ասում է՝ հենց ինքն է միջամտել, որ գործը դատարան ուղարկեն․ «Ես ասացի՝ եթե արդարանալու է, թող դատարանում արդարանա»։ Նրա խոսքով՝ նման գործերի մեծ մասը օրենսդրական անկատարության պատճառով փլուզվում է, քանի որ մեղադրյալի պաշտպանները հենց դրա վրա են շեշտը դնում․ եթե դատարանը որոշում է, որ օրենք է խախտվել, հարց է առաջանում՝ ի՞նչ օրենք, Սովետական Միության ԳՕՍՏ-ե՞րը, որոնք չեն գործում։ Տուժողի տեսանկյունից, ըստ Վարդանյանի, խախտվում է արդարությունը:

Պետական վերահսկողություն․ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Վարչապետի ենթակայությամբ գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021-ին ոլորտում ստուգումներ չի իրականացրել, իսկ 2022-ին անցկացրել է 43 ստուգում։ Դրանցից 35-ի ընթացքում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի խախտման դեպքեր։

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ 2021-2022-ին շինոլորտում գործող 54 կազմակերպությունների նկատմամբ հարուցվել է 63 վարչական վարույթ, 119 շինհրապարակներում նշանակվել են զննումներ, 44 կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, իրականացվել են վարչական վարույթներ։ Խախտումներ կատարած գործատուների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։

Որոշ կազմակերպություններում, մեզ տրամադրված տեղեկատվության համաձայն, խախտումները կրկնվել են։ Օրինակ, «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում մեկ տարում՝ 4 անգամ։ «Ինտերկապիտալ» և «Քոնսեփթ Էքսպրեսս» ՍՊԸ-ները տուգանվել են երկու անգամ։ Խնդիր է սակայն այն, որ, մինչև արձանագրված խախտման վերացումը, տեսչական մարմինը շինարարական կազմակերպության աշխատանքը կասեցնելու իրավունք չունի։ Ըստ տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի, տեսչական մարմինն իրավունք ունի միայն լիցենզավորող մարմիններին միջնորդագրեր ներկայացնել՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու համար։

Ըստ տեսչական մարմնի, շինհրապարակներում առավել հաճախ արձանագրվում են հետևյալ խախտումները․

  • ոչ բոլոր աշխատողներն են կրում անհատական պաշտպանության միջոցներ՝ պաշտպանիչ հագուստ, սաղավարտ, աշխատանքին համապատասխան կոշիկ, գլխարկ, ակնոց,
  • շինհրապարակի՝ վտանգ ներկայացնող տեղամասերը կահավորված չեն կոլեկտիվ պաշտպանության միջոցներով՝ պաշտպանիչ ցանկապատ, բազրիք, նշահարում,
  • չկան սանիտարակենցաղային շինություններ՝ ցնցուղարան, հանգստի սենյակ, հանդերձարան,
  • վնասակար և վտանգավոր գործոնների պայմաններում աշխատողները չեն անցնում նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն։

Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանի խոսքով՝ տեսչական մարմինը 3 օր առաջ շինարարություն կատարող ընկերությանը տեղեկացնում է ստուգումների գնալու մասին։ Դա օրենքի պահանջն է՝ հանպատրաստից, առանց զգուշացման ստուգումներ անցկացնելու լիազորություն տեսչական մարմինը չունի։ Նշանակո՞ւմ է, որ ստուգումներն ամբողջությամբ չեն կարող ներկայացնել խախտումների իրական պատկերը․ մեր այս հարցին Իգիթ Հակոբյանը նկատում է՝ առավել արդյունավետ աշխատանքի համար տեսչական մարմնի լիազորությունները պետք է ընդլայնվեն։

Աշխատանքային անվտանգության խնդիրները ապրիլի 28-ին քննարկվել են Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպած պանելային նիստում՝ պատասխանատու գերատեսչությունների, ոլորտին առնչվող կազմակերպությունների մասնակցությամբ։ Արդյունաբերողների և գործարարների միության նախագահի տեղակալ Հովսեփ Պողոսյանի կարծիքով՝ կարիք կա վերանայել աշխատանքի ընթացքում առողջության և անվտանգության ապահովմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները։ «Եթե ուզում ենք, որ գործատուները այս հարցում լինեն ավելի բարեխիղճ, նորմալ օրենսդրություն պետք է ունենանք», – նշում է Հովսեփ Պողոսյանը։

Թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության ղեկավար Սրապիոն Առաքելյանն էլ նկատում է, որ անկախ Հայաստանում պետության կողմից հաստատված արտադրության անվտանգության ինժիներներ չկան, ավելին՝ անվտանգության ինժեներ ունենալու պարտադիր պահանջ պետությունը չի էլ դնում։ Նաև սա է պատճառը, որ դժվար է գտնել դժբախտ պատահարների պատասխանատուներին։

2 (1).jpg

Իրական պատկերը շինհրապարակներում

«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն Երևանի Մելիք Մելիքյան 2/1 հասցեում «Քանաքեռ» անունով բնակելի համալիր է կառուցում։ Ենթակապալառու ընկերությունը «Դ և Ս Քոնսթրաքշնն» է, որը 2022-ին ամենաշատն է տուգանվել տեսչական մարմնի կողմից Նախապես ստանալով ընկերության համաձայնությունը, գնացինք «Քանաքեռի» շինհրապարակ։ Եղանակն անձրևոտ էր, և շինաշխատանքները միայն կառույցի ներսում էին իրականացվում։ Բոլոր աշխատակիցները ունեին պաշտպանիչ հագուստ ու սաղավարտ, ոմանք՝ նաև ակնոց, յուրաքանչյուր հարկի բաց տարածությունն առանձնացված էր նախազգուշացնող ժապավենով։

Նույն շաբաթվա ընթացքում, առանց նախապես տեղեկացնելու, եղել ենք նույն ընկերության կողմից կառուցապատվող մի քանի այլ շինհրապարակներում և արձանագրել անվտանգության կանոնների խախտումներ․ բանվորները չունեին սաղավարտ և պաշտպանիչ հագուստ, իսկ շենքերի 6–րդ և 7–րդ հարկերի բաց պատշգամբներում աշխատում էին առանց ամրակապման։ Մինչդեռ ըստ նորմատիվ ակտերի, 1.3 մետր բարձրության դեպքում արդեն անվտանգության ապահովիչ գոտիով ամրակապված լինելը պարտադիր է։

Մահերի թիվն աճում է, գործերը՝ կարճվում կամ կասեցվում

Ներքին գործերի նախարարությունից և Դատախազությունից Քրեական հին օրենսգրքի 157–րդ հոդվածի հատկանիշներով (Աշխատանքի անվտանգության կանոնների խախտումը) հարուցված, կարճված և կասեցված քրեական գործերի վերաբերյալ մեզ տարբեր տվյալներ ներկայացրին։

ՆԳՆ ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ հարուցվել է 103 քրեական գործ, որոնցից միայն 5-ն է ուղարկվել դատարան։ Դատախազության տվյալներով հարուցվել է 143 գործ, 8 գործ՝ 8 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Տվյալների տարբերությունը մեկնաբանելու համար դիմեցինք Գլխավոր դատախազություն։ Պարզաբանեցին, որ դա կարող է վիճակագրության վարման մեթոդաբանության տարբերության հետևանք լինել։

157–րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի կարճման և կասեցման հիմքերը

Շինարարություն, Արփի-01 (1).png
Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ վարույթների կարճման կամ կասեցման պատճառը գործերի 74%-ի դեպքում մեղադրյալի անհայտ լինելն է։

Կարելի է ենթադրել, որ շինընկերությունները աշխատում են՝ չունենալով պատասխանատու անվտանգության պայմանների ապահովման համար։

Քննչական կոմիտեում կարճված գործերից մեկը Երվանդ Չինարյանինն է։ Նա, սակայն, պայքարել ու հասել է գործի վերաբացմանը։ Արդեն 3 տարի գործը քննվում է քննչական մարմնում։

Երվանդ Չինարյանը Գյումրիից է։ 2019 թվականին Շառլ Ազնավուրի հրապարակի մի բազմահարկ շենքի վրա աշխատելիս, լուսավորություն չլինելու պատճառով, ընկել է աստիճանից և վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մոտ 800 հազար դրամ արժողությամբ բուժումները, նաև Գյումրի-Երևան ճանապարհածախսը և կացության ծախսերը Երվանդն ինքն է հոգացել։ Ըստ տուժողի՝ շինաշխատանքներ կատարելիս անվտանգության որևէ միջոց իրեն չի տրվել, նույնիսկ աշխատանքային ձեռնոցներն իրենն են եղել։

2019-ի դեկտեմբերի 13-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ամիսներ անց քննչական կոմիտեում կարճվել է։ Քննիչի ասել է՝ Երվանդի գրանցված աշխատող չլինելու պատճառով։ Երվանդը պատմում է, որ քննիչին հարցրել է՝ «եթե իմ՝ գրանցված չլինելու հիմքով ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից, ուրեմն, ի՞նչ կլիներ, եթե ես մահանայի շինհրապարակում, էլի՞ ոչ ոք չէր պատժվելու։ Այսինքն, ով գրանցի աշխատողին ու պետությանը հարկ մուծի, անխե՞լք է։ Փաստորեն, չգրանցողը ոչ մի խնդիր պետության հետ չի ունենում», - եզրակացնում է Երվանդը։

2020-ի փետրվարի 11-ին քննիչ Է․ Վարդապետյանի որոշմամբ՝ գործի վարույթը կարճվել է։ Երվանդն իրավաբան հորեղբոր օգնությամբ բողոքարկել է այդ որոշումը Շիրակի մարզի դատախազություն և մերժվել է։ Այդ որոշումն էլ է բողոքարկել, այս անգամ՝ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը որոշել է Երվանդ Չինարյանի բողոքը բավարարել:

Նրա գործը նորից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ կրկին նախաքննություն իրականացնելու։ Նշվել է, որ վարույթ իրականացնող մարմինը խախտել է Չինարյանի իրավունքները։ Երվանդն ասում է՝ պատահարից հետո գործատուն նույնիսկ չի զանգել իրեն, իսկ ինքը որոշել է գնալ մինչև վերջ՝ սկզբունքի հարց է․ «Շատ դեպքեր երևի կոծկվել, գնացել են, թող էս մեկը դառնա օրինակ։ Թող բոլորն իմանան, որ տուժողը հասարակ մարդն է։ Դատարանի վճիռը թող հիմք դառնա երիտասարդ փաստաբանների համար, որ գործերը բողոքարկեն ու հասարակ մարդկանց օգուտ տան»։

Արհմիությունների դերն անվտանգ աշխատանքի ապահովման ոլորտում

Արհմիությունները աշխատողների ստեղծած աշխատանքային միավորումներն են։ Դրանց խնդիրը աշխատողների իրավունքների պաշտպանությունն է։ Շինոլորտի աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Լյուդվիգ Սարգսյանն ասում է, որ Արհմիության անդամ կազմակերպություններում աշխատանքի ընթացքում մահեր չեն գրանցվել, իսկ վնասվածքների դեպքում կոնկրետ կազմակերպությունը փոխհատուցում է տալիս։

Հստակ թիվ, թե քանի մարդ է անդամակցում ճյուղային արհմիությանը՝ Լյուդվիգ Սարգսյանը դժվարացավ նշել, իսկ մոտավոր՝ խոսքը 5000 անձի մասին է։ Եթե Արհմիությանն անդամակցող աշխատողը գործատուի հետ խնդիր է ունենում, իրենք իրավաբան են տրամադրում։ Աշխատանքի անվտանգության խնդրով, Սարգսյանն ասում է՝ որևէ դիմում դեռ չեն ստացել։

«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն 2019-ին «Աշխատանքային իրավունքի կոլեկտիվ պաշտպանության իրականացմանը խոչընդոտող գործոնները և դրանց վերացման ուղիները» խորագրով հետազոտություն է կատարել։ Պարզվել է, որ Հայաստանում գործող արհմիությունների գերակշիռ մասը կառավարման առումով և ֆինանսապես կախված է գործատուից: Որպես կանոն, արհմիությունները ձևավորվում են գործատուի «թույլտվությամբ» կամ «համաձայնությամբ»:

Այս հետազոտությունը փաստում է, որ Հայաստանում գործող արհմիությունների պասիվ և ոչ թափանցիկ գործելաոճը վնասում է կառույցի նկատմամբ հանրային վստահությանը։

Ոլորտը՝ ըստ մասնագետի

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ գործող «Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակն» անվճար զբաղվում է աշխատանքային վեճեր ունեցող քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Գրասենյակի իրավաբան Քրիստինե Ավագյանն ասում է, որ 2018–ից ի վեր գրասենյակը քաղաքացիներից ավելի քան 1000 դիմում է ստացել։ Գործերի մեծ մասն ավարտվել է դիմումատուի հաղթանակով։ Նրա խոսքով՝ ողջունելի է, որ նոր Քրեական օրենսգրքի 355 հոդվածում, որը շինարարական և լեռնահանքային ոլորտում աշխատողների անվտանգությանն է վերաբերում, փոփոխություններ են կատարվել։ Նոր օրենսգրքում պատասխանատու սուբյեկտը հստակեցվում է․ դա այն անձն է, որն «ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ կանոնը կամ պահանջը»։ Նախկին օրենսգրքում այս ձևակերպումը բացակայում էր։

Անդրադառնալով դեպքերին, երբ անվտանգության համար պատասխանատու անձը պարզապես բացակայում է, և գործերն այդ հիմքով կարճվում են, Քրիստինե Ավագյանը նշում է․ «Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար, ճիշտ կլիներ, եթե անվտանգության համար պատասխանատուի նշանակումը շինընկերությանը պարտադրվեր օրենքով»։

Շինարարության վրա աշխատելը բարդ է ու վտանգավոր, և երևի քչերին է հայտնի, որ այս ոլորտում դեռ գործում են անցյալի՝ սովետական շրջանի օրենսդրական կարգավորումներ, որոնք թարմացման կարիք ունեն։ Շինարարության չարդիականացված ստանդարտները և «Մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման բացերը խոչընդոտում են աշխատողների իրավունքների պաշտպանությանը, իսկ այդ իրավունքները խախտվում են շինհրապարակից մինչև աշխատանքային պայմանագրեր։ Շինհրապարակում խախտվում են աշխատանքի անվտանգության կանոնները՝ հաճախ դառնալով դժբախտ պատահարի պատճառ։ Աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ հիմնականում չեն կնքում, ինչը, դժբախտ պատահարի դեպքում, դժվարացնում է փոխհատուցում ստանալու գործընթացը։

Ոլորտը վերահսկող աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը չունի բավարար մարդկային ռեսուրս և իրավասություն՝ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար։ Անվտանգության կանոնները խախտելու հոդվածով քննչական մարմիններում հայտնված քրեական գործերը շատ հաճախ պատշաճ քննության չեն արժանանում, դրանք կարճվում կամ կասեցվում են՝ մեղադրյալի բացակայության հիմքով։

Շինհրապարակներում աշխատողները շարունակում են աշխատել առանց անվտանգության միջոցների, որի հետևանքով աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարների թիվն աճում է։

Այսպիսի պայմաններում է շինարարությունը Երևանում բուռն վերելք ապրում։ «Արև», «Պուրակ», «Շողեր», «Երազանք» և նման բարեհունչ անուններով բնակելի թաղամասեր են կառուցվում, մինչդեռ դրանք կառուցողները շարունակում են անպաշտպան մնալ օրենքի անկատարության, գործատուների անպատասխանատվության և ոչ պատշաճ քրեաիրավական գնահատականի պատճառով։

Հեղինակ՝ Արփինե Հովհաննիսյան

Տեսանյութը և լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի և Ֆրունզե Ավետիսյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արփինե

Հովհաննիսյան

Ուսանողներ

Արծվիկ

Դավթյան

Ուսանողներ

Ֆրունզե

Ավետիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան