Թելը փաթաթում է մատին ու ասում՝ չեմ գնալու Ջերմուկից
Ձմռան սկսվելուն մնացել էր երեք օր, Ջերմուկում արդեն ձյուն էր։ Ցուրտ էր, ու փողոցները՝ գրեթե դատարկ։
Ջերմուկի ըմպելասրահի տարածքում, սեղանի մոտ, մի կին էր նստած: Հելունագործ Գայանեն է, կլինի հազիվ 35 տարեկան: Սեղանին ու սյուներին նրա աշխատանքներն են՝ շարֆեր, գլխարկներ, ձեռնոցներ, որոնք վաճառում է: Ցրտից կարմրած մատները դժվարությամբ է շարժում։
Գայանե Գրիգորյանը ծնվել, մեծացել է Ջերմուկում։ Սեպտեմբերի 13-14-ին՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ, քաղաքում է եղել։ Գիշերը ընտանիքով իջել են նկուղ, մնացել 3-4 ժամ, հետո՝ տաքսիով գնացել Երևան։ Սեպտեմբերի 16-ին վերադարձել են Ջերմուկ։
«Համարյա մարդ չէր մնացել քաղաքում, բայց հիմա մեծ մասը վերադարձել է։ Սեպտեմբերի 16-ն էր, քրոջս երեխայի հետ քայլում էինք փողոցով, զարմացած հարցնում էին՝ չե՞ս վախենում: Տպավորություն է՝ Երևանում ոչ մեկին չի հետաքրքում այստեղի վիճակը։ Չեն գիտակցում, որ Ջերմուկից հետո հերթը Երևանինն է։ Փախչելու տեղ չունենք»,— ասում է Գայանե Գրիգորյանը։
Դիրքերում կրակում են համարյա ամեն օր, բայց քաղաքում ձայները չեն լսվում։ Գայանեենց պատուհանից թշնամու դիրքերը պարզ երևում են: Ասում է՝ 2020-ի պատերազմից հետո առանձնահատուկ վերաբերմունք ունի զինվորների նկատմամբ, շատերի հետ մտերմացել-հարազատացել է։
Մեր զրույցի ողջ ընթացքում Գայանեն հելունն անդադար շարժում էր․ երբեմն՝ կտրուկ ու արագ, երբեմն՝ հանգիստ, համաչափ։
Ասում է, որ պատերազմից հետո դժվար է ապրելը։ Տպավորություն է, թե մարդիկ վախենում են գալ Ջերմուկ։ Գայանեն, որ անընդհատ դրսում է, նկատում է՝ մարդկանց հոսքը գրեթե դադարել է, ապրանք գնող էլ չկա։ Ամբողջ օրը նստած գործում է, բայց ինքն էլ չգիտի՝ ում համար։ Նորից թելը փաթաթում է մատին՝ գործում է մեկ շարք, երկուսը, երեքը․․․
«Ջերմուկից դուրս չեմ գալու»,— հրաժեշտին ասում է Գայանեն:
Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննեսովի
Հեղինակ՝
Ուսանողներ
Ժաննա
Բեքիրյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Կատյա
Մամյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան