ՏեքստԴեկտեմբեր 29/2022

Պատերազմների գծած ճանապարհով. Ջերմուկից Արցախ ու հետ՝ Ջերմուկ

Պատերազմից հետո Ջերմուկում լռությունը պատել էր փողոցները, մեկ-մեկ երևացող մեքենաներից մարդիկ հետաքրքիր հայացքով նայում էին քաղաքի անծանոթ մարդկանց։ Զինվորները շրջում են քաղաքի ձյունոտ փողոցներով, ժպտում են, երբ հարցնում ես՝ ինչպես է անցնում ծառայությունը։ Բնակիչների մի մասը խուսափում է խոսել պատերազմից ու սեպտեմբերի 13-ի գործողություններից։ Իսկ պատմություններն ու հիշողությունները, որոնք մենք լսում ենք հիմնականում կրկնվում են. Արցախ, պատերազմ ու ռմբակոծվող լուսաբացներ։

Բուժքույր Ալվարդ Մկրտչյանի ընտանիքը քսան տարի ապրել է Քաշաթաղի Այգեհովիտ գյուղում։ 2020-ի պատերազմից հետո, Արցախում թողնելով տունը, ընտանիքով վերադարձել են Ջերմուկ:

«Ջերմուկից Արցախ տեղափոխվեցինք առաջին պատերազմից հետո։ Մութ ու ցուրտ տարիներ էին, լույս չկար, 2003-ին նոր լույս են քաշել։ Ապրելու համար նորմալ տուն էլ չկար՝ քանդված, կրակած պատեր էին։ Տներ էլ կային, որ տանիք չունեին։ Մի կերպ ապառիկով ու վարկով տուն սարքեցինք, եկավ ժամանակը, որ պիտի վայելենք՝ նորից ռմբակոծություն, ու մենք նորից էստեղ ենք»,— պատմում է Ալվարդը։

Ալվարդ Մկրտչյան
Ալվարդ Մկրտչյանը, լուսանկարը՝ Կատյա Մամյանի

Ալվարդն ասում է՝ լավ գիտե, թե ինչ է պատերազմը, երեք պատերազմ է տեսել․

«Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ապրում էինք Ջերմուկում, շատ բան չենք զգացել մեր մաշկի վրա»։

Դժվար են եղել առաջին տարիները Քաշաթաղում, բայց հաղթահարել են, երեխաներին մեծացրել, ուսման տվել, ամուսնացրել։ Ասում է՝ երջանիկ ապրում էին։

Քովիդի համավարակի ընթացքում աշխատել է Խնձորեսկի անցակետում, ջերմաչափումներ են արել.

«Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Առավոտյան պայթյուն լսեցինք, մտածեցի՝ հերթական դինամիտն է, գորիսեցիներն էլի գետում ձուկ են բռնում։ Հետո աղջիկս զանգեց, ամուսինը վայեննի ա, ասաց՝ մամ, պատերազմ ա սկսվել։ Իմացանք, որ Սանասարի (Կուբաթլուի) ռազմատեխնիկայի պահեստն են պայթեցրել»։

Հոկտեմբերի 5-ին կանայք և երեխաները Արցախից դուրս են եկել՝ հույսով, որ կրկին վերադառնալու են․ «Ասացին՝ Ապրիլյանի պես է լինելու, հետ ենք գալու։ Ամուսինս և մյուս տղամարդիկ մնացին գյուղում մինչև հոկտեմբերի կեսերը, հետո իրենք էլ դուրս եկան։ Մենք գյուղից ոչինչ հետներս չենք բերել»:

Ալվարդ Մկրտչյան
Ալվարդ Մկրտչյանը, լուսանկարը՝ Կատյա Մամյանի

Գյուղում մնացած տղամարդիկ Ալվարդին խնդրել են բժշկական պայուսակը թողնել իրենց մոտ։ Թողել է․ «Դե, ամուսինս էնքան էր տեսել, թե ինչ եմ անում, սովորել էր։ Պայուսակս պետք է եկել․ մինչև շտապօգնության գալը վիրավոր պատգամավոր Սասուն Միքայելյանին առաջին բուժօգնություն են ցույց տվել»,— պատմում է Ալվարդը։

Ալվարդը ժպիտով է հիշում Արցախի իրենց տունը, գործը։ Ասում է՝ պատերազմից հետո փնտրել են տունը սոցցանցերում, տելեգրամյան ալիքներում, բայց ոչ մի կադր չեն գտել։

Սեպտեմբերի 13-ին Ալվարդը Ջերմուկում չի եղել։ Ամուսինն է զանգել-ասել, թե պատերազմ է սկսվել։ Հիշում է՝ հեռախոսի միջից լսվում էին պայթյունները։ «Մեկ շաբաթ անց հետ եկանք։ Շատերն էին վերադառնում։ Մարդիկ էլ կային, որ քաղաքից դուրս չէին եկել ու մնացել էին ապաստարաններում»։

Բուժքույր Ալվարդը կրկին ուժեղ լինելու որոշում է կայացրել։ Աչքերում՝ արցունք, ձեռքին՝ անդադար ծալծլվող թղթի կտոր, պատմում է, որ նույնը նաև դուստրերին է սովորեցնում․ «Իմ բնավորության ամենալավ գիծն այն է, որ չեմ կոտրվում։ Միշտ ասում եմ՝ երեխեք ջան, կյանք է, պատահում է, չպիտի կոտրվենք, որովհետև մեզնից հետո սերունդ ունենք, սկզբում հանուն նրանց պիտի ապրենք, հետո նրանց պիտի սովորեցնենք, թե կյանքում ինչ բարդություններ են լինում։ Աշխատում եմ միշտ առաջ գնալ ու հետ չնայել, եթե ես կոտրվեմ, ավելի վատ է լինելու։ 27-ամյա աղջկաս ամուսինը անհետ կորած է, 3 բալիկ ունի։ Աղջիկներիս ասում եմ՝ պիտի մամայի պես ուժեղ լինեք, ուրիշ ելք չկա»։

Նույն ոգին ունի նաև Ջուլիետան, որ էլի Արցախի Քաշաթաղի շրջանում է թողել իր տունն ու աշխատանքը։ Պատերազմից հետո նոր կյանք է սկսել նոր միջավայրում։

Ջուլիետա Նիկոլայան
Ջուլիետա Նիկոլայան, լուսանկարը՝ Աստղիկ Հովհաննեսովի

Նիկոլայան Ջուլիետան և ընտանիքը Կեչուտից Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ են տեղափոխվել 1995-ին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո։ Վերջին՝ 44-օրյայի ընթացքում թողել են իրենց գյուղն ու վերադարձել Վայոց ձոր։ Երբ գնացին Քաշաթաղ, հուսով էին, որ ազատագրված Արցախում ամեն ինչ լավ է լինելու։ Այնտեղ ապրած տարիներից Ջուլիետան գոհ է։ Կարոտով է հիշում․ «Գնացինք, 4 պատ էր, բայց էնքան լավ տուն էինք սարքել»։

Պատերազմի օրերին կանանց և երեխաներին գյուղը լքելու համար ժամանակ էին տվել։ Վերջին անգամ հոկտեմբերի 5-ին են եղել Քաշաթաղում, այդ օրն էլ տեղափոխվել են Կեչուտ՝ Ջերմուկից 3 կմ հարավ։

Արցախում ընտանեկան բիզնեսով էին զբաղվում, մթերային խանութ ունեին։ Զրույցի ընթացքում Ջուլիետան պարբերաբար շեշտում է՝ լավ էինք ապրում։ Բացի ընտանեկան բիզնեսից՝ նրանք այլ աշխատանք ու եկամուտ էլ են ունեցել։ Խանութը այսօր վերաբացել են Ջերմուկում. ընտանիքի եկամտի միակ աղբյուրն է։ «Գալիս ենք, երեքով զբաղվում ենք էս մի փոքր խանութում։ Բա ի՞նչ անենք, ուրիշ աշխատանք չունենք»։

Ջուլիետայի ասելով՝ դժգոհել ու տրտնջալ չի սիրում, չնայած պատճառներ շատ կան։ Խանութը հազիվ էր սկսել նորմալ աշխատել՝ նորից կրակոցներ ու պայթյուններ սկսեցին՝ արդեն Ջերմուկում։ Սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողություններից հետո զբոսաշրջիկների հոսքը Ջերմուկ կտրուկ նվազել է, խանութի առևտուրը՝ նկատելիորեն պակասել։

«Գիշերն ուզում էինք պառկել, մեկ էլ՝ դըմփ»,— սեպտեմբերի 13-ն է հիշում Ջուլիետան։ Ամուսնուն ասել է, որ կրակոցների ձայներ է լսում՝ կարծելով, որ ադրբեջանիցները հարձակվել են, բայց ամուսինը չի հավատացել, թե՝ նման բան հնարավոր չէ։ Նույն առավոտյան հարսի, թոռան և սկեսրոջ հետ Ջուլիետան գնացել է Վայք, ամուսինն ու երկու տղաները մնացել են Ջերմուկում։

Ջուլիետան չի հիշում, որ համայնքապետարանը երբևէ իրազեկում անցկացրած լինի, թե որտեղ են ապաստարանները և ինչ պետք է անել տագնապի ազդանշանի կամ ռմբակոծությունների դեպքում։ Լսել է, որ իրենց խանութի կողքի շենքերից մեկի նկուղում ապաստարան է նախատեսված։ Կատակում է՝ իմ ապաստարանն իմ խանութն է։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Ուսանողներ

Էմմա

Միքայելյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան