kapuyt
ՏեքստՀոկտեմբեր 24/2023

Կապույտ. վիմափոր խաչքարերի գյուղը

— Գյուղն ինչո՞ւ է Կապույտ կոչվում։

— Ամեն տեղը չորնալ, էստեղ կապույտ մնալ։

Այսպես է գյուղի անվանումը բացատրում Կապույտի բնակիչ Աշոտ Խաչատրյանը։ Գյուղում մշտական ինքն է ապրում, հարևան Վախթանգ Ղազարյանն ու կինը՝ Լուսյան, մի քանի տուն այն կողմ էլ Վաչիկ Հակոբյանը՝ կնոջ՝ Աիդայի հետ։

Երևանից 150 կմ հեռու էլի մեկ վայոցձորյան գյուղ է՝ դատարկ տներով։ Գյուղում 2005-2010թթ. մոտ 60 բնակիչ է եղել, հետզհետե պակասել են։ Հիմա ամռանը մինչև 15 մարդ է լինում գյուղում, ցրտերն ընկնելուն պես բոլորը գնում են Զառիթափ, Վայք, Երևան։

Կապույտում երեխաներ չկան, բոլոր երիտասարդ ընտանիքները տեղափոխվել են քաղաք։

70-ամյա Աշոտ Խաչատրյանը 1994-ից է հավատարիմ Կապույտին։ Զառիթափում է ծնվել, «մութ ու ցուրտ տարիներին» ընտանիքն ու անասուններին վերցրել, տեղափոխվել է Կապույտ։ Զառիթափից Կապույտ էին գալիս, որովհետև Զառիթափում արոտավայրեր չկան, իսկ Կապույտում խոտն առատ է։

5.jpg
Աշոտ Խաչատրյանը

Աշոտի կինը՝ Լարիսը, 4 տարի առաջ է մահացել, երեխաները մեծացել, ամեն մեկն իր ճանապարհով է գնացել։

«Էն ժամանակ լավ էր, գյուղում մարդ կար, հարևանություն կար, հիմա բոլորը գնացել են։ Ուր նայում ես՝ դատարկություն է»,— ասում է Աշոտ Խաչատրյանը։

4.jpg

«Էսքանը լոբու համար է, էս մի կտորը՝ վարունգի, էն ամենամեծն էլ՝ կարտոֆիլի։ Ուժս էլ առաջվանը չէ, ցանում եմ էնքան, որ ինձ հերիքի»,— ասում է Աշոտ Խաչատրյանը։

Կապույտը Գոմքի կազմում է, հետևաբար՝ երկու գյուղը մեկ վարչական ղեկավար ունի՝ Մխիթար Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Կապույտում հնարավոր է միայն անասնապահությամբ զբաղվել, բայց դա այլևս շահավետ չէ.

«Նախ պետք է շատ անասուն ունենաս, որ գոնե մի քիչ եկամուտ ստանաս։ Մյուս կողմից՝ շատ աշխատանք է պահանջում ու ծախստար է. խոտը հնձել, տուն բերել, անասուններին արածելու տանել, իսկ անասունից ստացածդ՝ կաթն ու միսը, շուկայում էժան են։ Մարդիկ նախընտրում են գնալ քաղաք, ավելի հեշտ գործ գտնել»,— ասում է Մխիթար Հովհաննիսյանը։

2.jpg
Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը

Տարիներ առաջ Աշոտը Վայքում վարորդ է աշխատել, որսորդությամբ զբաղվել։ Հիմա մեղուներ է պահում և խաչքարեր սարքում։

3.jpg
Աշոտ Խաչատրյանի փորագրած խաչքարը՝ իր տան պատին

Կապույտում ավելի շատ խաչքար կա, քան մարդ։ Գյուղի այցեքարտը խաչքարապատ ժայռն է։

«Կապույտի ժայռափոր խաչքարերը 13-րդ դարի կեսերից են գալիս։ Մարզում հանդիպող մյուս խաչքարերից էապես չեն տարբերվում։ Կապույտը պատկանել է Պռոշյան իշխաններին, մեծ բնակավայր է եղել՝ հարուստ տնտեսությամբ, և բավականին մեծ գերեզմանոց է ունեցել՝ հենց ժայռի ստորոտին։ Խաչքարերով ժայռը դասական միջնադարյան գերեզմանոցի մի մասն է։ Խաչքարերը ոչ թե գերեզմանոցի վրա են տեղադրված, այլ ժայռին փորագրված։ Ամեն խաչքար մի հանգուցյալի կամ ընտանիքի հիշատակին է նվիրված։ Խաչքարերը ժայռին փորագրելու պատճառը հստակ հայտնի չէ»,— բացատրում է հնագետ, խաչքարագետ Համլետ Պետրոսյանը։

Կապույտում մինչև Արցախյան առաջին պատերազմը ադրբեջանցիներ են ապրել։ Բնակիչների խոսքով՝ նրանք խաչքարերը հողի տակ են թաղել, մեծ մասը դեռ թաղված է։

10.jpg
Հողից հանված խաչքար՝ Աշոտ Խաչատրյանի տան բակում

Սեպտեմբերի 25-ին Գոմքի վարչական ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը մեզ ասել էր, որ մինչև արցախցիների բռնի տեղահանումը իրենք Գոմքում հաշվառել են 8, Կապույտում՝ 9 դատարկ տուն։ Դրանց տերերը բացակայում են, և այդ տները կարող են տրամադրել արցախցիներին։ Թեև Կապույտի տները երկար տարիներ կողպված են, վարչական ղեկավարի ասելով՝ դրանցում ապրել հնարավոր է։

Արցախից տեղահանված ոչ մի ընտանիք Կապույտում չի հաստատվել, իսկ Գոմք գնացած մոտ 50 մարդուց, հոկտեմբերի 23-ի տվյալներով, մնացել են ընդամենը 9-ը՝ 2 ընտանիք։

6.jpg
Աշոտ Խաչատրյանի տունը
7.jpg

Կապույտ չգալու և Կապույտում չմնալու հիմնական պատճառ վարչական ղեկավարը համարում է ճանապարհը, խստաշունչ ձմեռն ու վառելիքի խնդիրը։ Զառիթափից Կապույտ տանող 10կմ քարուքանդ ճանապարհը եկող տարի պլանավորում են ասֆալտապատել։ Գազիֆիկացումը՝ Զառիթափից մինչև Գոմք, մոտ 100մլն դրամ արժե, դեռ իրենց թույլ տալ չեն կարող, բայց վարչական ղեկավարը այլընտրանք է առաջարկում՝ արևային կայաններ։

11.jpg

Հիմնական ենթակառուցվածքները տեղակայված են Գոմքում։ Հյուրատներ, ձիավարժարան ունեն։ Տարեկան մոտ 300-400 այցելու է գալիս Կապույտ և Գոմք։ Գոմքում նոր դպրոց են կառուցում, բայց 10 տարի է՝ խանութ չունեն, Զառիթափ են գնում։ Գոմքում սկսել է գործել վերանորոգված բուժկետը․ բուժքույրն արցախցի է։ Մինչ նրա գալը՝ գյուղում բուժաշխատող չկար։

EU, DT Global, UNFPA, USAEmbassy.png

Նյութում արտահայտված կարծիքները հեղինակային են և կարող են չհամընկնել Հայաստանում ԵՄ գրասենյակի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և DT Global-ի տեսակետների հետ։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անուշ

Մկրտչյան

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Էմիլյա

Հոսյան

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Սարգիս

Խարազյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան