ՏեքստԴեկտեմբեր 19/2022

Սեպտեմբերի 13-ի գիշերը նկուղում՝ պահածոների կողքին

Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու ձախ կողմում Քարաշեն գյուղն է։ Ճանապարհը սառցակալած է ու մառախլապատ։

Գյուղ հասնում ենք կեսօրին։ Արշալույս Հովսեփյանի տունն առաջինն է, որին հանդիպում ենք՝ ոտքով մի քիչ քայլելուց հետո։ Տանը երեխաներն են, ամուսինը։ Ուտեստների բույրից հասկանում ենք, որ խոհանոցում ճաշ են պատրաստում։ Տանտիրուհու հետ մենք զրուցում ենք հյուրասենյակում։ Վերհիշում է սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ Ադրբեջանի զինուժը հրետակոծում էր Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ։

«Մենք սովոր ենք պատերազմին։ 44-օրյայի ժամանակ մտածում էինք, թե կարճ կտևի, նկուղ չիջանք։ Բայց հետո վախեցանք ու սկսեցինք կարգի բերել տարածքը։ Սեպտեմբերի 13-ի գիշերը միանգամից իջանք նկուղ»,— պատմում է Արշալույսը։

DSC_2447 (1).jpg
Արշալույս Հովսեփյանի տան նկուղը

Նկուղում ենք։ Արշալույսը պատմում է, որ ընտանիքի անդամները թաքնվել են այստեղ՝ պահածոների, վառելափայտի ու բազմաթիվ այլ ապրանքների արանքում։ «Մեր տան վրա ոչ մի արկ չի ընկել, բայց գիտենք, որ Սվետիկենց խանութի կողքին է պայթել։ Գյուղի միակ խանութն է, ինչ ունենք-չունենք՝ էնտեղից ենք գնում»,— ասում է նա։

Արշալույսենց տնից խանութը չի երևում։ Խանութ հասնում ենք նրա ցույց տված ճանապարհով։

Ներս չմտած՝ խանութպանը՝ Սվետա Հասյանը, հետաքրքրվում է, թե ովքեր ենք, ինչու ենք եկել. գյուղում անծանոթ դեմքեր հազարից մեկ է տեսնում։ Ներկայանում ենք ու զրույցի բռնվում։ Մեր հարցին, թե ինչպես է սկսվել օրը, պատասխանում է՝ սովորականի պես. «ամեն րոպե վախենում ենք, սպասում ենք»։

DSC_2474 (1).jpg
Սվետա Հասյանը

Գյուղում խաղաղ օրերի հանգստությունն անհետացել է։ Սվետան պատմում է, որ սեպտեմբերի 13-ից հետո չի կարողանում հանգիստ քնել՝ «Աստված վկա, մահից եմ պրծել»,- ասում է նա։

Հիշում է՝ «Խանութը փակելուց առաջ տղաներն էին եկել, սիգարետ էին ուզում։ Դիրքեր էին գնալու, ո՞նց չտայի։ Խանութը ուշ փակեցի»։ Երբ կրակոցների ձայներից վախեցած՝ փորձել է դուռը փակել ու տուն վազել, դռան ապակիները փշրվել ու թափվել են վրան։ Խանութի դուռը բաց է թողել։ Չնայած դռան ապակին փոխել են, բայց հրետակոծության հետքերը դեռ թարմ են։ Սվետան ցույց է տալիս, թե որտեղ է ընկել արկը՝ խանութի ու հացատան մեջտեղում։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, միայն վախեցել են։ Հրետակոծությունից հետո երկար ժամանակ հագուստով են քնել, հետո վախը թեթևացել է։

Զրույցի կեսից մեզ միանում է Սվետայի թոռը՝ 7-ամյա Անիտան։ Եկել էր խանութ՝ մկրատը տանելու․ տիկնիկի համար նոր շոր պիտի կարեր։ Տատը դարակից հանում է մկրատը, տալիս թոռանը ու պատմում, որ սեպտեմբերի 13-ի գիշերը մայրը երեխային կիսաքնած գրկել ու իջեցրել է առաջին հարկ: «Անիտան լաց էր լինում, շատ էր վախեցել։ Երբ պայթյուններն ու կրակոցները դադարեցին, սկսեցինք ապրել մեր առօրյայով, բայց վախը մնացել է։ Մի օր հարևանը փայտ էր ջարդում, թոռս մտածեց, թե էլի կրակում են։ Լաց էր լինում»,- պատմում է Սվետան։

DSC_2488 (1).jpg
Սվետա Հասյանի թոռը՝ Անիտան

Նա և ամուսինը 13-ի գիշերվա մանրամասները պատմում են դադարներով։ Տպավորություն է, որ ոչ մի մանրուք չեն ուզում բաց թողնել։ Դուրս ենք գալիս խանութից։ Տատ ու թոռ ուղեկցում են մեզ հացատան կողմը, որտեղ թարմ թխած հացի անուշաբույրն է։ Հացատան տանիքը վերանորոգվել է, բայց արկերի հետքերը դեռ մնում են։ Բակում Անիտան տատից առաջ է ընկնում, վազում։ «Հենց էստեղ էլ մի քանի բեկոր է ընկել, կեսն էլ մի փոքր հեռվից են գտել»,— պատմում է Սվետան։

Պատմությունը շարունակվում է տանը։ Սվետան ասում է՝ Քարաշենից հեռացողները շատ չեն, բոլորը խաղաղության հույսով են ապրում։ Իրենք էլ չեն լքելու գյուղը․ «Մեծ ջանքերով ենք հասել այս ամենին, ո՞ւմ հույսին թողնենք խանութն ու բակը, մեր երկհարկանին»։

Գյուղում ապաստարաններ չկան, անհրաժեշտության դեպքում թաքնվելու են տան առաջին հարկում։ Սվետան և ամուսինը՝ Սեյրանը, ասում են, թե սովոր են երկրորդից առաջին հարկ տանող ճանապարհին, միայն թոռան մասին են մտածում՝ շատ է վախեցել։ Թոռը հյուրասենյակում խաղում է տիկնիկներով։ «Խաղաղություն լինի՝ ամեն ինչ էլ կլինի»,— բարձրաձայն մտածում է Սվետան՝ Անիտային հետևելով։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան