«Երբեմն մոռանում եմ, որ ինքը էլ չկա, նստում ու ժամերով սպասում եմ»
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օրը Կապանի զորամասի 102-րդ դիրքում 8 զինծառայող կար, նրանցից մեկը գնդացրորդ Կարեն Գրեյանն էր։ Թեպետ 8 ամսվա զինծառայող էր, բայց այդ դիրքում առաջին անգամ էր։ Կարենը վերջին անգամ տուն էր զանգել սեպտեմբերի 12-ի երեկոյան, բարձր տրամադրությամբ խոսել մոր հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, թող հանգիստ քնի։ Դիրքը, որտեղ նա հերթապահում էր, համեմատել էր Արմաղան լեռան հետ, որը իրենց՝ Մարտունու տարածաշրջանի ամենաբարձր լեռներից է։ Մայրը որդու ձայնը լսելուց հետո քնել էր, իսկ առավոտ շուտ՝ ժամը 5:30-ին, լսել բոթը՝ պատերազմ է։
Կարենենց տունը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում է, գյուղի ծայրամասում, մյուս թաղամասերի համեմատ՝ ավելի բարձր դիրքում։ Մեզ ուղեկցող Կարենի համագյուղացին ասաց, որ մի քանի տարի առաջ սովորական մեքենայով անհնար էր հասնել նրանց տուն, իսկ Կարենը 12 տարի շարունակ ամեն օր մի քանի անգամ ոտքով անցել է այդ ճանապարհը։ Տանը մեզ դիմավորեցին Կարենի մայրը՝ Լարիսա Հովսեփյանը և քույրը՝ Նոնա Գրեյանը, ուղեկցեցին հյուրասենյակ, դռնից երևաց Կարենի լուսանկարը։ Նա ընտանիքի կրտսեր երեխան էր, երեք քույրերի միակ եղբայրը։ Մայրը խոսում է Կարենի մանկությունից, ասում է, որ փոքրուց տղայի ու իր միջև ամուր կապ է եղել.
«Լինում էին օրեր, երբ Կարենը չէր գնում դպրոց, որ ես տանը մենակ չմնամ, շատ ուշադիր էր»։ Դպրոցում Կարենն այդքան էլ լավ չի սովորել։ Ունեցել է նախասիրություններ, մի քանի տարի զբաղվել է բռնցքամարտով, սակայն երբևէ չի մասնակցել մրցույթների։ Պատճառը, մոր խոսքով, չափազանց խղճով լինելն էր, չէր կարող ադքան ուժեղ խփել մեկին։
«Կռվարար չէր, գոնե ինձ մոտ դա ցույց չէր տալիս»,— ասում է մայրը, հետո ցածրաձայն ավելացնում. «չնայած էս վերջերս արդեն մեկ-մեկ տաքանում էր»։
Կարենի մոտ ընկերը՝ Ռոբը, իսկական եղբոր պես էր, ամեն ինչ նրա հետ էր կիսում, նույնիսկ գյուղի ամենադժվար ճանապարհը։ Մայրը պատմում է, որ տղան ճշտապահ էր․ միշտ երեկոյան 20։30-ին տնից դուրս էր գալիս, որովհետև Ռոբի պարապմունքն այդ ժամին պետք է ավարտվեր, ու գային տուն։
«Մինչև ուշ գիշեր դրսում էր լինում, հետո, երբ բացում էր տան դուռը, գոռում էր՝ 10։30-ն է կամ 11։00-ն, մտել եմ տուն։ Ես, իհարկե, քնած չէի ու տեսնում էի, որ ժամը 1-ը կամ 2-ն է»։
Կարենը դպրոցն ավարտել է 2021-ի մայիսին, բանակ զորակոչվել 2022 թվականի հունվարին։ Մայրը պատմում է, որ անընդհատ հետաձգվում էր որդու զորակոչը, որովհետև Կարենը խնդիր ուներ, փոքր ժամանակ մատը երկաթով վնասել էր, ու մի քանի անգամ կանչել էին Երևան՝ ստուգումների.
«Դեկտեմբերի 20-ին իր հորեղբոր տղային ու մեր գյուղից էլի շատերին տարան բանակ, ինքը եկավ, ասեց՝ ինչի՞ եք էդքան ձգձգում, ես պիտանի եմ ծառայության, պիտի գնամ։ Մատի շարժունակությունը սահմանափակվել էր, բայց ինքը դա հաշվի չէր առնում»։
Կարենին տարել են Կապան։ Ծառայության առաջին ամիսներն անցել են Կարմրաքար գյուղում, եղել է ավագ հրաձիգ։
Քույրը՝ Նոնան, եղբորը բնութագրելիս ամենաշատը կրկնում էր «մաքրասեր», «բծախնդիր», «հոգատար» բառերը։
«Ամեն ինչով էր յուրահատուկ»,— ասում էր նա։
Կարենը լուսանկարվել չէր սիրում, բանակից տուն նկարներ գրեթե չի ուղարկել, համազգեստով կամ զենքով նկարներ կան ընկերների մոտ, նրանք էլ փոխանցել են ծնողներին։ Մայրը պատմում է, որ երբ գնացել են երդման արարողությանը, խնդրել, համոզել են, որ նկարվեն, բայց չի համոզվել.
«Հիմա շատ քիչ նկարներ ունենք իրենից, բոլորից խնդրել ենք, որ ուղարկեն, զորամասից էլ դեռ չեն բերել նկարներն ու իրերը»։
2022 թվականի օգոստոսի 21-ին Կարենն առաջին անգամ 10 օրով արձակուրդ է եկել, այդ ընթացքում հասցրել է տան գործերն անել, հորեղբոր տղայի հետ գնացել է խոտհնձի.
«Ասում էի՝ դու մնա տանը հանգստացիր, ծիծաղելով պատասխանում էր, թե՝ ինչի՞, ի՞նչ եմ արել, որ հանգստանամ, չէր թողնում՝ ես անեմ ինչ-որ բան»։
Արձակուրդի ընթացքում մայրը զգացել է, որ որդին հիվանդ է, խնդրել է, որ միասին գնան հիվանդանոց, բայց Կարենը չի համոզվել։ Միայն վերջին օրն է գնացել Վարդենիսի զինվորական հիվանդանոց, որտեղ ասել են, որ եթե ավելի շուտ գար, արձակուրդը 10 օրով կերկարաձգեին։
Օգոստոսի 31-ին Կարենը վերադարձել է ծառայության, իսկ սեպտեմբերի 9-ին՝ ռազմական գործողություններից երեք օր առաջ, Կարենին նշանակել են ՊԿ-ի (ПК) գնդացրորդ։
«Այդ զենքը շատ էր սիրում։ Ինքը, որ նկարվել չէր սիրում, մի քանի նկար էր արել դրանով, ուղարկել»,— հիշում է քույրը։
Սեպտեմբերի 9-ին Կարենն առաջին անգամ բարձրացել է Կապանի 102–րդ դիրք, որտեղից էլ սեպտեմբերի 12-ի երեկոյան խոսել է մոր հետ։ Մայրը տղայի պատմածով նկարագրում է այդ դիրքը։
«Շատ բարձր տեղ է եղել, եղանակն այդ օրերին վատ էր, մառախուղ։ Ես էլ մտածում էի՝ դե, եթե բարձր է, ուրեմն, նաև անվտանգ կլինի, թուրքն էդտեղ չի հասնի, հանգիստ էի»։ Սովորաբար հեռախոսով քիչ խոսող Կարենն այդ երեկո մոր հետ շատ երկար է խոսել։ Այդ օրը Ուկրաինայում ապրող քրոջ երեխայի ծնունդն էր, Կարենը մորը խնդրել է, որ ծննդյան նկարներն իրեն էլ ուղարկեն։
«Երեխեքիս նկարները տեսել էր, վիդեոն չէր հասցրել տեսնի»։
Հաջորդ առավոտ շուտ՝ 5։30-ին, որդու ծառայակից ընկերոջ մայրը զանգել է Լարիսային, թե՝ տղաների մոտ պատերազմ է։ Լարիսան սկզբում չի հավատացել, հետո սկսել է հույս տալ իրեն ու զանգողին։ Այդ օրը Կարենի հեռախոսը անջատված է եղել, իսկ սեպտեմբերի 14-ին, ժամը 3։30-ին Կարենը զանգել է մորը, բայց մայրն այդ պահին ուրիշի հետ հեռախոսով խոսելիս է եղել։ Հետո Կարենը զանգել է քրոջը, որը հեռախոսը թողել էր սենյակում՝ մարտկոցին միացրած, ապա նորից զանգել է մորը։ Մայրը վերցրել է հեռախոսը, և նույն պահին էլ կապն անջատվել է։
Հետո օրեր շարունակ զանգել են Կարենին, ասում են, նրա հեռախոսներից մեկը հասանելի է եղել։ Հարազատները նույնիսկ մի քանի կառույցների միջոցով տեղորոշել են զանգերն ու քարտեզագրել, տարել Պաշտպանության նախարարություն, սակայն, նրանց խոսքով՝ այնտեղ ոչինչ չեն արել Կարենին գտնելու համար։
Խոսակցության կեսից տուն եկան Կարենի հայրն ու հորեղբայրը՝ դալկացած ու տխուր։
Հայրը պատմեց, որ շատ ժամանակ չի անցկացրել որդու հետ, իր աչքից հեռու են մեծացել երեխաները, որովհետև տարվա մեծ մասը արտագնա աշխատանքի է եղել։ Սեպտեմբերի 13-ին էլ, երբ իմացել է դեպքի մասին, Հայաստանում չէր։ Այդ գիշեր եղբոր հետ վերադարձել է ու առավոտյան գնացել Կապան՝ որդուն փնտրելու։
Նրա խոսքով՝ Կարենը զոհվել է սեպտեմբերի 25-ին, երբ մի ուրիշ զինվորի հետ թաքստոցից դուրս են եկել ու քայլել, իրենց կարծիքով, հայկական դիրքերի ուղղությամբ.
«Անտառի մեջ թաքնված են եղել, մտածել են, թե էդ դիրքերը դեռ հայկական են ու փորձել են առաջանալ, փրկվել։ Այդ դիրքն արդեն ադրբեջանցիներինն է եղել, կրակել են, այս կողմից էլ հայերն են կրակել, որ տղաները փախչեն, երկուսն էլ զոհվել են»։
Հորեղբայրը ցածրաձայն հակառակվում է եղբորը.
«Չէ, Կարենն ամսի 15-ին է զոհվել։ Իրենց դիրքից փրկված տղան ամսի 17-ին արդեն հիվանդանոցում էր ու մեզ ասաց, որ տեսել է, թե ինչպես է Կարենը, դիրքի հետևով սողալով, իջնում անտառ։ Հենց այդ ժամանակ էլ անտառում զոհվել է»։
Կարենի դին գտել են սեպտեմբերի 30-ին, Մարտունի քաղաքի դիահերձարանում։ Հայրն ու մայրն ասում են, որ տղայի դեմքն ամբողջությամբ ճանաչելի է եղել, իսկ հորեղբայրը մանրամասնում է.
«Էնտեղ բժիշկներից մեկին հարցրի՝ քանի՞ օր է աճյունն էստեղ, կոնկրետ դիակի կոդով ասաց, որ ամսի 17-ից տեղափոխվել է դիահերձարան, ու էդքան ժամանակ մնացել այնտեղ»։
Հայրը չի համաձայնում եղբոր հետ, պնդում է, որ Կարենն ընդամենը երեք օրվա զոհված էր, երբ գտան։
Գեղհովիտում մթնեց։ Լարիսան, որ ամուսնու գալուց հետո գրեթե չէր խոսել, ասաց. «Երբեմն մոռանում եմ, որ ինքն էլ չկա։ Նստում եմ այստեղ ու երկար սպասում»։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Անահիտ
Սվարյան
Ուսանողներ
Սերինե
Աղաբեկյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան