Մոռացված խոստումների բազիլիկը
Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի 19-րդ դարի քարաշեն Սուրբ Աստվածածին բազիլիկը կիսավեր կանգնած է գյուղամեջում։
Եկեղեցու մոտակայքը ամայի է, ծածկված բարձր խոտերով և քարերով։ Նախկինում այս տարածքը գյուղի կենտրոնն է եղել, որտեղ բնակություն էին հաստատել 1829-ին ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Բայազետից գաղթած հայ ընտանիքներ։
Այժմ նրանց տներից մնացել են միայն մի քանի գոմերի ավերակներ։
Եկեղեցու մուտքի մոտ երկու տուֆե քարեր են, իսկ ներսում՝ չորս սյուների մնացորդներ, որոնք ժամանակին պահում էին տանիքը։ Պատերի անկյուններում խոտերով ծածկված սրբապատկերներ և խաչքարեր են։
Նախկին գյուղապետ Քաջիկ Ասատրյանը եկեղեցին վերականգնելու ծրագիր ուներ։
2011-2012 թթ․ նա վերականգնման նախագիծ էր պատվիրել։ Մի քանի գործարարներ գյուղապետին խոստացել էին ֆինանսավորման խնդիրը լուծել, սակայն գործը դրան չհասավ, իսկ նախագիծը մնաց գյուղի արխիվում։
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը պարզաբանում է, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման բոլոր գործընթացները կարգավորվում են ոչ թե գյուղապետերի ճաշակով և գործարարների նվիրատվությամբ, այլ՝ օրենսդրությամբ.
«Գործող օրենքի և համապատասխան կառավարության որոշման համաձայն՝ հուշարձանների վերականգնման համար անհրաժեշտ է նախապատրաստել և համաձայնեցնել համապատասխան փաստաթղթերը։ Եթե այդ ընթացակարգը չի պահպանվում, օրինակ՝ լիազոր մարմնի հետ նախագիծը չի համաձայնեցվում, ապա թույլտվություն չի տրամադրվում, և ցանկացած աշխատանք ապօրինի է։ Նախարարության մարզային աշխատակիցներն ու պահապանները կատարում են հսկողություն, և հայտնաբերման դեպքում աշխատանքները դադարեցվում են կամ բերվում են իրավական դաշտ»։
Կաթնաղբյուրի այսօրվա գյուղապետ Վարդան Ներսիսյանն ասում է, որ նախագիծը այլևս իրագործելի չէ, քանի որ եկեղեցին ընդգրկված է հանրապետական նշանակության պահպանվող հուշարձանների ցանկում։ Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 92-Ն հրամանի, անհրաժեշտ է պատմաճարտարապետական հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման որակավորում (արտոնագրի Գ դաս), ինչը նախագիծը կազմող ճարտարապետը չի ունեցել։ Նախագծավորման ժամանակ, սակայն, վերը նշված հրամանը դեռ չէր գործում։
Հարություն Վանյան.
«Հուշարձանների ցանկերը, որոնք ստեղծվել են Սովետական Միությունից հետո, 2003-2005 թթ. ընթացքում վերանայվել են և հաստատվել կառավարության համապատասխան որոշումներով։ Ցուցակները ժամանակի ընթացքում համալրվում են նոր հայտնաբերված հուշարձաններով։ Սակայն ֆինանսական ու մարդկային ռեսուրսների սահմանափակության պատճառով պետական միջոցներով հնարավոր չէ վերականգնել բոլոր հուշարձանները։ Այս խնդրի լուծման համար ակտիվորեն ներգրավվում են մասնավոր ներդրումներ և բարերարների աջակցություն։ Նման դեպքերում նախարարությունը տրամադրում է խորհրդատվական և փաստաթղթային աջակցություն՝ ապահովելով ընթացակարգերի համապատասխանությունն օրենսդրությանը»։
Թվում է, թե կարգավորումներն ու մեխանիզմները հստակ են, բայց նաև Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն է ընդունում, որ համայնքների ղեկավարները կամ բարերարները առանց թույլտվության սկսում են վերականգնման աշխատանքներ։ Նախարարությունը փորձում է օրինական դաշտ բերել կամ դադարեցնել ինքնակամ գործընթացները.
«Եթե վերականգնումը ճիշտ է կատարվել, բայց ընթացակարգային համաձայնեցումներ չեն եղել, նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ ընթացակարգերը չպահելու համար։ Սակայն, եթե վերականգնման ընթացքում վնաս է հասցվել հուշարձանին, օրինակ՝ սխալ աշխատանքների հետևանքով, հնարավոր է քրեական գործ հարուցվի, և պատասխանատվություն սահմանվի»։
Հարություն Վանյանի հավաստմամբ՝ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել վերականգնման ընթացքում հուշարձաններին վնաս հասցնելու առնչությամբ։
Հարություն Վանյան.
«Հուշարձանների վերականգնումը մասնագիտական գործունեության ոլորտ է։ Այն անձինք, որոնք մասնագետ չեն կամ չունեն վերականգնող ճարտարապետի որակավորում և փորձ, մեծ հավանականությամբ կարող են վնաս հասցնել հուշարձանին՝ սխալ վերականգման արդյունքում։ Ավելի նպատակահարմար է, որ հուշարձանը վերականգնվի ուշ, բայց մասնագիտական և ճիշտ մոտեցմամբ, քան՝ շտապ և անդառնալի վնասներով»։
Կաթնաղբյուրի եկեղեցին ընդամենը մեկն է այն հարյուրավոր պատմամշակութային հուշարձաններից, որոնց հետքերն այսօր կան, վաղը կարող են չլինել։
Հեղինակ՝
Ուսանողներ
Արման
Հարությունյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան