8808 երեխա Երևանում սպասում է մանկապարտեզի իր հերթին. ինչպես է սեփականաշնորհվել Կոմիտաս 3-ի մանկապարտեզը
Պաշտոնյաները սեփականաշնորհել են Կոմիտաս 3 հասցեի մանկապարտեզը
Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գործող մանկապարտեզը 1994 թվականին փակվել է, այնուհետեւ՝ սեփականաշնորհվել: Այդ գործընթացն իրականացրել է Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեն, որի նախագահն (քաղաքապետը) այդ ժամանակ եղել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մանկապարտեզի տարածքը սեփականաշնորհել են Արաբկիրի շրջխորհրդի այդ ժամանակվա քարտուղար, այնուհետև՝ պատգամավոր Հարություն Խաչատրյանը և Կապի նախարարության մեջ ներառված «Հայփոստ» ձեռնարկության տնօրեն, այնուհետև «ԱրմենՏել» ընկերության նախկին փոխտնօրեն Արտակ Ղահրամանյանն ու կինը:
Արաբկիր համայնքում այսօր գործում է 13 մանկապարտեզ: Այս մանկապարտեզներում տեղ չկա, բնակիչները տարիներով սպասում են իրենց հերթին՝ երեխաներին մանկապարտեզ տանելու համար:
Արաբկիրի բնակիչ Սյուզաննա Հովհաննիսյանը երկու երեխա ունի։ Ավագ որդին 3.5 տարեկան է, կրտսերը՝ 3 ամսական:
«Մեծիս մանկապարտեզ տանելու համար 2 տարի առաջ հերթագրվել եմ Արաբկիրի թիվ 33 մանկապարտեզում: Ինձ նման բազմաթիվ ծնողներ կան, որ հերթի մեջ են: Կոմիտասում մանկապարտեզ գրանցելուց հետո բնակավայրից տեղափոխվել ենք, սակայն վախից, որ կկորցնենք մեր տեղն ու ստիպված նորից այսքան երկար կսպասենք, չենք գրանցում ուրիշ մանկապարտեզում։ Անգամ հասկանում ենք, որ հետագայում դժվար է լինելու երեխային մանկապարտեզ տանել և տուն բերել, բայց ուրիշ ելք չկա» – ասում է Սյուզաննան:
Կոմիտաս 3 հասցեում մինչև 1994 թվականը մանկապարտեզ է գործել: Այն տեղակայված էր այդ նույն հասցեի բնակելի շենքի առաջին և նկուղային հարկերում: Նկուղային հարկը զբաղեցրել է ճաշարանը: Մանկապարտեզը զբաղեցրել է մոտ 200 քմ տարածք։
Մանկապարտեզի տեղում հիմա մեկ բնակարան է, մնացած հատվածում «ՀայԷկոնոմբանկի» մասնաճյուղ է և «Կոկո վինտաժ» հագուստի խանութը, իսկ նկուղային հարկի մի մասում՝ տուրիստական գործակալություն։
Կոմիտաս 3 շենքի տարեց բնակիչները հիշում են իրենց շենքում գործող մանկապարտեզի մասին, սակայն սեփականաշնորհման մասին տեղեկություններ չունեին:
Մանկապարտեզի տարածքը երկու սեփականատեր ունի
Կոմիտաս պողոտայի 3-րդ շենքի առաջին հարկում գտնվող մանկապարտեզի տարածքը մասնավորեցումից հետո ստացել է երկու հասցե՝ Կոմիտաս պողոտա 3-րդ շենք, 46 և 47: 1995 թվականի նոյեմբերի 11-ին Կոմիտասի 3, շենք 46 հասցեի անշարժ գույքի սեփականատեր է դարձել Անահիտ Երվանդի Խաչատրյանը, 2004 թվականին՝ նրա եղբայրը՝ Հարություն Երվանդի Խաչատրյանը: Այդ գույքի մի մասը որպես բնակարան է օգտագործվում, իսկ մյուս մասը՝ հագուստի խանութ։ Ըստ Կադաստրի կոմիտեից ստացված փաստաթղթերի, անշարժ գույքը 93 քմ է։ Մենք կարողացանք պարզել, որ Հարություն Խաչատրյանը ինքնակամ տնօրինում է այս գույքի տակ գտնվող նկուղային հարկի մի մասը, որտեղ այսօր գործում է տուրիստական ընկերություն։ Արաբկիրի վարչական շրջանի «Շենքերի կառավարում» համատիրությունից պարզեցինք, որ նկուղի համար Հարություն Խաչատրյանը մինչև 2017-ը վարձավճար է վճարել համատիրությանը, սակայն դրանից հետո՝ ոչ։ Նկուղային հարկը Կոմիտաս 3 շենքի սեփականատերերի բաժնային սեփականությունն է և դա սեփականաշնորհելու համար բոլորի թույլտվությունն է պետք։ Ինչպես Երևան քաղաքի բազմաթիվ շենքերում, այստեղ էլ առաջին հարկի սեփականատերն ինքնակամ օգտագործում է նկուղային հարկի մի մասը։
Հարություն Խաչատրյանը «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ է եղել: 1991-ին ընտրվել է Երևանի Արաբկիրի շրջխորհրդի քարտուղար, 1993-ին՝ շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1995 թվականին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր: Մանկապարտեզի տարածքը Խաչատրյանը սեփականաշնորհել է, երբ Արաբկիրի շրջխորհրդում բարձր պաշտոն էր զբաղեցնում։ Քաղաքապետարանի հայտնած տեղեկություններով՝ Խաչատրյանը 2007-2016 թթ. աշխատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև՝ աշխատակազմի քարտուղար, իսկ 2016-2020 թթ. եղել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքների բաժնի պետ:
Կոմիտասի պող. 3, 47 հասցեում այժմ վարձակալության իրավունքով տեղակայված է «Հայէկոնոմբանկը»: Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ գույքի առաջին հարկի մակերեսը 118 քմ է, բացի դրանից՝ կա նաև 17 քմ սեփականաշնորհած նկուղ։ Ինչպես տեսնում եք, ի տարբերություն Հարություն Խաչատրյանի, գույքի այս մասի սեփականատերերը կարողացել են շենքի նկուղի մի մասը սեփականաշնորհել։
Տարածքի առաջին սեփականատերը եղել է Արտակ Ղահրամանյանը: Այնուհետև գույքը նրանից ձեռք է բերել Արտաշես Գաբրիելյանը, իսկ 2002 թվականին առուվաճառքի պայմանագրով գույքը նորից գրանցվել է Արտակ Ղահրամանյանի և նրա կնոջ՝ Արծվիկ Հերթևցյանի անուններով, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Հետագայում՝ 2012 թվականին, ամուսինները գույքը վաճառել են այլ անձի։ Արծվիկ Հերթևցյանը ՀՀՇ անդամ է եղել, աշխատել է ՀՀ ԳԽ ընդունարանի վարիչի, ՀՀ Ֆինանսների նախարարությունում կադրերի բաժնի վարիչի պաշտոններում: Այնուհետև Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել, ՀՀՇ խմբակցության անդամ:
Մանկապարտեզին վերաբերող արխիվային փաստաթղթեր
Հայաստանի ազգային արխիվում գտանք Արաբկիրի շրջանային խորհրդի գործկոմի մի շարք որոշումներ, որոնց հիման վրա մանկապարտեզը նախ փակել են, ապա՝ սեփականաշնորհել։
1994 թվականի սեպտեմբերի 29-ի նիստում Արաբկիրի շրջանային խորհուրդը որոշել է երեխաների թվի պակասի պատճառով լուծարել Կոմիտասի սկզբնամասում և Կիևյան փողոցներում գտնվող թվով 4` հ. 98, 138, 161, 185 մանկապարտեզները: Մոտ մեկ ամիս անց լուծարվել է թիվ 185 մանկապարտեզը:
1995 թվականի մարտի 24-ին արդեն Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նիստում նկատողություն է հայտարարվել Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Հարություն Խաչատրյանին՝ նախատեսված մանկապարտեզները լուծարելիս անօրինականություն թույլ տալու համար: Նիստը նախագահել է Վահագն Խաչատուրյանը։ Այս փաստաթղթում կան նաև խորհրդի անդամներից մի քանիսի նկատառումները մանկապարտեզի լուծարման վերաբերյալ: Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Բախշյանը նշել է, որ մանկապարտեզների լուծարումը պետք է համապատասխանեցնել գործող կարգին, որից հետո անդրադառնալ այն բնակֆոնդի հաշվին ընդգրկելու հարցին։
Քաղաքային խորհրդի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը նիստում ասել է, որ Արաբկիրի շրջգործկոմը ոչ թե պետք է որոշում ընդուներ լուծարման մասին, այլ այդ հարցով դիմեր Երքաղխորհրդի գործկոմ: Այդ ամենից հետո նույն նիստում հաստատվել է 1994 թվականի նոյեմբերին մանկապարտեզները լուծարելու ակտը:
Փորձեցինք պարզաբանում ստանալ Հարություն Խաչատրյանից, սակայն տարածքի սեփականաշնորհման մասին մեր հարցերը լսելուց հետո նա հրաժարվեց հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, թե 30 տարի է անցել այդ օրերից և որեւէ բան չի կարող հիշել:
Հայաստանի անկախացումից հետո մինչև 2010 թվականը Երևանում գործող 318 մանկապարտեզից փակվել է 156-ը։ Փակված մանկապարտեզների տարածքները սեփականաշնորհվել են։ Որպես կանոն՝ դրանց սեփականատեր են դարձել ներկա կամ նախկին պաշտոնյաներ կամ նրանց հետ փոխկապակցված անձինք։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Մարիամ
Բադալյան
Ուսանողներ
Մարգարիտա
Հարությունյան
Ուսանողներ
Եվա
Հարությունյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Էդիկ
Բաղդասարյան
Դասախոսներ
Տիրայր
Մուրադյան