ՏեքստԴեկտեմբեր 22/2022

Կուտական. կողպված դարպասներով գյուղը

Վարդենիսի տարածաշրջանի Կուտական գյուղն այժմ կիսադատարկ է։ Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո գյուղի շուրջ 100 բնակչից մնացել է 20-ը։ Շների հաչոց է լսվում։ Փողոցներում մարդ չկա։ Կանգ ենք առնում տներից մեկի մոտ։ Լվացքի պարանից ցրտից քարացած գուլպաներ են կախված։ Դարպասը կողպված է։

2022-12-21 at 17.51.56.png

Գյուղի գլխավոր ճանապարհին մի կին է հայտնվում՝ ջրի դատարկ շշերը ձեռքին։ Ծանոթանում ենք՝ տեղացի է, անունը՝ Մագդա։ Մեզ հրավիրում է տուն։ Ընտանիքը ռազմական գործողություններից հետո էլ ապրում է գյուղում:

Տան վրա հրետակոծության հետքեր կան։ Մագդա Էլոյանը ցույց է տալիս տան հետևի պատը, որը մասամբ փլված է. «Հենց այստեղ արկ է ընկել։ Երբ կրակոցները լսեցինք, դուրս վազեցինք, բայց չհասցրինք նստել մեքենա, պայթյուն եղավ։ Մահն աչքիս առաջ եկավ»,— պատմում է նա։

DSC01898.png
39-ամյա Մագդա Էլոյանը

Առաջին արկի պայթյունից սարսափած՝ ընտանիքով դուրս են եկել գյուղից, գնացել են Մարտունի։ Մագդան և ամուսինը հաջորդ օրը վերադարձել են, իսկ երեխաները մոտ մեկ ամիս մնացել են տատիկի տանը: Հիմա բոլորը միասին են։

Հյուրասենյակում հավաքվել են ընտանիքի կանայք․ Մագդան, մայրը՝ Սուսաննան և 16-ամյա դուստրը՝ Ալլան։ Տունը մեծ է, բայց տաքացվում է միայն հյուրասենյակը։

Սուսաննա տատիկը պատմում է, որ թոռնիկը սեպտեմբերի 13-ի գիշերը շատ է վախեցել. «Մինչև հիմա շորերով է քնում։ Երկար ժամանակ չէր կարողանում նորմալ խոսել։ Փառք Աստծո, հիմա լավ է զգում, բայց վախը մեր սրտում է»։

DSC01918.png
Մադգայի մայրը՝ Սուսաննա տատիկը

Սենյակի անկյունում տոպրակներ են, մեջը՝ հագուստ։ Մագդան հերթով ցույց է տալիս, թե որը ումն է, ու նորից տեղն է դնում։ Մեզ ցույց տալու համար պայուսակից հանում է նաև ընտանիքի անդամների փաստաթղթերը․ բոլորը հավաքել է մեկ տեղում, որ հարկ եղած դեպքում արագ վերցնեն ու դուրս գան։

DSC01936.png
DSC01922.png

Մագդան ասում է, որ գյուղից հեռանալ չի ցանկանում, բայց չի էլ ուզում, որ երեխաները վտանգի մեջ լինեն։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից մայրը նոր է տեղափոխվել իրենց մոտ, խնամակալն ինքն է։ «Տարիքով ու վատառողջ կին է, որ պետք լինի, ո՞նց ենք դուրս հանելու գյուղից»,— անհանգստանում է Մագդան։

7 տարի առաջ Վարդենիսի մեկ այլ գյուղից՝ Կարճաղբյուրից են եկել Կուտական։ Մագդան հիշում է՝ գյուղը ավելի շատ բնակիչներ ուներ, միմյանց օգնում էին, հարևանություն անում։

Մագդայի ավագ դուստրը՝ 20-ամյա Աննան, հարս է գնացել Արագածոտնի մարզ, Թալին։ Հետը շփվում են տեսազանգով։ Մայրն ասում է․ «Երբ ամեն բան խաղաղ էր, աղջիկս հաճախ էր գալիս մեզ հյուր։ Հիմա բոլորս վախենում ենք։ Կարոտում ենք, բայց չեմ թողնում գան, էն էլ՝ թոռանս հետ»։

Մագդայի մայրը՝ Սուսաննան, ընդամենը 63 տարեկան է, բայց ամբողջությամբ ճերմակած է ու ծերացած։ Պատմում է, թե ինչպես է Բաքվից բռնի տեղահանվել ու հաստատվել Հայաստանում՝ փախստականի կարգավիճակով։ «Դաժան կյանք ինձ բաժին հասավ։ Միշտ պատերազմների մեջ եմ եղել»,— ասում է նա։ Հիմա ցանկությունը մեկն է՝ ծերությունն անցկացնել ընտանիքի հետ՝ խաղաղության մեջ։ «Կապվել ենք գյուղին, բայց առաջվա նման չենք կարող հանգիստ քնել։ Ոչ թե իմ, այլ երեխաների համար եմ մտածում։ Մենք տեսել էինք, գոնե իրենք պատերազմ չտեսնեին։ Ամեն րոպե անհանգիստ ենք՝ գիշեր, թե ցերեկ»։

«Տա՛տ, վերջացրո՛ւ»,— լսում ենք թոռան՝ Ալլայի ձայնը։ Պատերազմի մասին նա չի խոսում։ Միայն ասում է, որ այն, ինչ զգացել է հրետակոծության գիշերը, չի մոռանա։ Ուզում է տեղափոխվել Երևան, դառնալ մաշկաբան։ Մայրն ասում է, որ Ալլան 4 երեխաներից երազկոտն է։ Երկու տղաներն այլ նպատակներ ունեն՝ 12-ամյա Արան և 17-ամյա Վեմիրը ցանկանում են զինվորական դառնալ, որ պաշտպանեն գյուղը։ «Գյուղի դպրոցում 20 երեխա կա։ Արայի դասարանում երեք աշակերտ են, իսկ Ալլայի դասարանում՝ չորսը։ Վեմիրը դպրոց չի գնում. որոշել է զինվորական դառնալ»,— ասում է Մագդան։

DSC01973.png
12-ամյա Արան

Ալլան պարտաճանաչ աշակերտ է, բայց նեղվում է, որ ընկերներից շատերը լքել են գյուղը։ Հիմա դասերից հետո օրվա մեծ մասն անցկացնում է տանը. խաղընկերներ չունի։


DSC01944.png

Դպրոցը Կուտականի «էն թաղ» կոչվող հատվածում է։ Գնում ենք «էն թաղ»՝ գյուղացիներին հանդիպելու հույսով։ Դատարկ տներ են․ պարանին լվացք կա, բակում լույս է վառվում, բայց դարպասները կողպված են։ «Էն թաղ»-ում մարդ չգտանք։ Վերադարձի ճանապարհին, երբ նորից հանդիպեցինք Արային, ասաց. «Դուք էստեղ ի՞նչ եք կորցրել»։

Լուսանկարները՝ Անուշ Մկրտչյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Անահիտ

Սարգսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան