Long ReadԴեկտեմբեր 25/2021
  • armenian
  • english

Աշխատանքային իրավունքի խախտումները սուպերմարկետներում. հետաքննություն

Հետք Մեդիա Գործարանը սուպերմարկետներում աշխատանքային վատ պայմանների մասին նամակներ էր ստացել ընթերցողներից։ Այդ նամակներում նկարագրված աշխատանքային իրավունքի ոտնահարման դեպքերն այնքան անհավանական էին թվում, որ մեր լրագրողները որոշեցին աշխատանքի անցնել սուպերմարկետների տարբեր ցանցերում՝ իրավիճակը հասկանալու համար։

Լրագրողներից յուրաքանչյուրը կարճաժամկետ աշխատել է Էվրիկա, Երևան սիթի, Նոր Զովք և Սաս սուպերմարկետների ցանցերում։ Նաև խոսել ենք այդ սուպերմարկետների նախկին աշխատակիցների հետ։

Երբ հասկացանք, որ աշխատանքային իրավունքի ոտնահարման դեպքեր կան դիտարկված սուպերմարկետներից առնվազն երեքում, դիմեցինք ընթերցողներին՝ այս հետաքննությանը դրամահավաքի միջոցով աջակցելու համար։ Երեք շաբաթվա ընթացքում հավաքվեց 1000 ԱՄՆ դոլար, որի շնորհիվ իրականացրեցինք աշխատանքը։

Ուսումնասիրության ընթացքում արձանագրել ենք սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտման մի քանի դեպք, որոնք կներկայացնենք հերթականությամբ.

Գործատուն չի տրամադրել աշխատանքային պայմանագրի՝ աշխատակցի օրինակը և թույլ չի տվել ծանոթանալ պայմանագրի բովանդակությանը

Սուպերմարկետի նախկին աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ մինչև 2018 թվականը գրանցված աշխատող չի եղել, իսկ իշխանափոխությունից հետո պայմանագիր են կնքել բոլորի հետ։ Պայմանագրի իրենց օրինակը, սակայն, չեն տվել։

Հետք Մեդիա Գործարանի լրագրողի հետ սուպերմարկետում կնքել են աշխատանքային պայմանագիր, սակայն երբ վերջինս խնդրել է պայմանագրի իր օրինակը, նրան ասել են. «Դա քեզ պետք չի գալու»։ Գործատուն նույնիսկ թույլ չի տվել ծանոթանալ պայմանագրի բովանդակությանը։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 85.

1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին:

Սուպերմարկետներում ընդունված է նաև առանց պայմանագրի անձին փորձաշրջանի հրավիրելը։ Լրագրողները, որոնք փորձաշրջան են անցել, որևէ պայմանագրային հարաբերության մեջ չեն գտնվել գործատուի հետ։ Նրանք նաև չեն վճարվել փորձաշրջանի համար։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 91.
1. Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Տուգանքներ այնպիսի գործողությունների համար, որոնց մասին աշխատակիցը նախապես գրավոր կամ պայմանագրով նախատեսված կարգով զգուշացված չի եղել։

Սուպերմարկետների աշխատակիցներին տուգանում են նվազագույնը 500 դրամ՝ սրահում այլ աշխատակիցների հետ խոսելու, նստելու, հենվելու, հաճախորդին չժպտալու կամ շպարված չլինելու համար։ Տուգանքի չափով պահում է կատարվում աշխատավարձից։

Միջին ամսական աշխատավարձը դիտարկված սուպերմարկետներում մոտ 80 հազար դրամ է կամ օրական մոտ 3000 դրամ։

Եթե հաճախորդը սրահում գտնում է ժամկետանց մեկ ապրանք, տվյալ բաժնի հսկիչ-վաճառողը պետք է իր հաշվին գնի նույն ապրանքից երկու հատ և տրամադրի այդ հաճախորդին։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 214.

Աշխատավարձից «տուգանքի» տեսքով պահումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել աշխատողի մեկ ամսվա աշխատավարձի հիսուն տոկոսը։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 5.
4. Կարգապահական կանոնները կարող են սահմանվել ներքին իրավական ակտի միջոցով, որն ուժի մեջ է մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ լրագրողները և մեզ հետ զրուցած սուպերմարկետների նախկին աշխատակիցները չեն ստացել իրավական ակտերի և պայմանագրի իրենց օրինակը։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 226.
Կարգապահական տույժ կիրառելու համար գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն` տրամադրելով ողջամիտ ժամկետ:

15 րոպե ընդմիջում՝ առնվազն 30 րոպեի փոխարեն

Դիտարկված բոլոր սուպերմարկետներում աշխատակցի ընդմիջման իրավունքը խախտված է։ Լրիվ դրույքով աշխատելու պարագայում՝ աշխատակցին տրամադրվում է 15-20 րոպե ընդմիջում, որի ընթացքում նա պետք է հասցնի սնվել, սուրճ խմել և հոգալ մնացած կարիքները։ Աշխատակիցներին թույլատրում են նստել միայն ընդմիջման ժամանակ։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 152.

1. Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:

2. Հանգստի և սնվելու համար ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում, և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:

Հսկիչ-վաճառողներն ընդմիջման ժամին չեն կարող բացակայել աշխատավայրից. նրանք պատմում են, որ 15 րոպեում հաճախ նույնիսկ չէին հասցնում սնվել։

Ընդմիջման և հանգստի սենյակը պահեստի մի հատվածն է, որտեղ տեղադրված է փոքրիկ սեղան ու աթոռ՝ մեկ հոգու համար։ Այդ հատվածը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։

Աշխատանքային իրավունքների մի շարք խախտումներ են հայտնաբերվել սուպերմարկետներում. տեսչական մարմին .jpeg

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 251.

1. Կազմակերպության բուժկետերը, սնվելու համար սենյակները կահավորվում են այդպիսի սենյակների կահավորման պահանջներին համապատասխան` հաշվի առնելով աշխատողների քանակը:

Անչափահասները սուպերմարկետներում աշխատում են նույն պայմաններով, ինչ չափահաս անձինք

Դիտարկված բոլոր սուպերմարկետներում հանդիպել ենք 14 – 17 տարեկան աշխատակիցների։ Նրանք աշխատում էին նույն պայմաններով, աշխատաժամանակով ու աշխատավարձով, ինչ չափահաս աշխատակիցները։ Մինչև տասնութ տարեկան աշխատակիցների համար սահմանվում է շաբաթական մինչև 36 ժամ, սակայն նրանք աշխատում էին շաբաթական 40 ժամից ավելի։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 140.

4) տասնչորսից մինչև տասնվեց տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչև 24 ժամ.

5) տասնվեցից մինչև տասնութ տարեկանների համար` շաբաթական մինչև 36 ժամ։

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 17.

2.1. Տասնչորսից մինչև տասնվեց տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքներում…

3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

Աշխատանքային օրենսգիրք, հոդված 153

2. Մինչև տասնութ տարեկան աշխատողներին, որոնց աշխատաժամանակի տևողությունը գերազանցում է 4 ժամը, աշխատաժամանակի ընթացքում պետք է տրվի հանգստի համար լրացուցիչ ընդմիջում` նվազագույնը 30 րոպե:

Այս խախտումներն արձանագրել ենք ընդամենը մի քանի օր սուպերմարկետներում աշխատելու ընթացքում։ Նախկին աշխատակիցների հետ զրույցներից պարզեցինք նաև, որ սրանք միակ իրավախախտումները չեն։

Նշված սուպերմարկետներից երեքում են արձանագրվել խախտումների մեծ մասը։ Մենք փորձեցինք լսել նաև այդ երեք սուպերմարկետների ղեկավարության տեսակետը։ Բոլոր մենեջերները հրաժարվեցին տեսանկարվել։

«Նոր Զովք» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի տնօրեն Արթուրը, որը չցանկացավ հայտնել իր ազգանունը, նշեց, որ իրենց մասնաճյուղում «ամեն ինչ օրինական է» և շատ լավ են վերաբերվում աշխատակիցներին։ Նա նաև պնդեց, որ աշխատակիցները 1 ժամ ընդմիջման հնարավորություն ունեն։ Նույն մասնաճյուղում մենք արձանագրել ենք, որ աշխատակիցները 15 րոպեից ավել ընդմիջում անել չեն կարող։

«Էվրիկա» սուպերմարկետի մասնաճյուղերից մեկի մենեջերը, որ նույնպես հրաժարվեց տեսանկարվել, ասաց, որ իրենց մասնաճյուղում «ընտանեկան» մթնոլորտ է, լավ են վերաբերվում աշխատակիցներին։ Նա չհերքեց, որ ընդմիջումը 15 րոպե է, իսկ անչափահասներն աշխատում են նույն պայմաններով, ինչ չափահաս հսկիչ-վաճառողները։

«Սաս» սուպերմարկետի մարդկային ռեսուրսների մասնագետը հեռախոսով ասաց, որ իրենք շատ զբաղված են, չեն կարող պատասխանել մեր հարցերին։

Եթե Ձեր աշխատանքային իրավունքը խախտվել է և ցանկանում եք բարձրաձայնել այդ մասին, գրեք info@mediafactory.am հասցեին կամ Հետք Մեդիա Գործարանի ֆեյսբուքյան էջին։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Աննա

Արզումանյան

Ուսանողներ

Միլենա

Բարսեղյան

Ուսանողներ

Լիլիթ

Ալեքսանյան

Թիմ՝

Թիմ

Անի

Հովհաննիսյան