Ֆոտո պատմությունՄարտ 12/2025

Լավաշը 3 տարբեր թոնիրներում

Որոշեցի՝ լավաշի մասին ֆոտոպատմությունը մեր տնից սկսել։

zoom
Աստղիկ տատս
zoom
Տատս՝ ռաֆաթայով

Տատս կոտրում է թոնրի ցախը, պատրաստում թոնիրը․ լավաշ թխելու օր է։ Առանց հարևանների լավաշ չի թխում․ նրանց լավաշի հոտն է մեր բակ բերում։ Ծուխն առել է փողոցը։ Մեր գյուղում՝ Գայում, մեծ մասը հրաժարվել է ավանդական աղյուսե թոնիրներից, նախընտրում են լավաշ թխող նոր սարքերը, բայց իրենք էլ գիտեն՝ թոնրի լավաշն ուրիշ է։

50 տարի է՝ ութսունամյա տատս վառում է թոնիրը։ 10 տարի առաջ գարնանն ու ամռանն էլ էր թոնիրը վառում, այսօր՝ միայն աշնանն ու ձմռանը։ Խմորը պատրաստում է նախորդ օրը՝ երեկոյան։ Հետո հավաքվում են հարևան կանայք, հարսները ու ձեռքի հմուտ շարժումներով գնդում հասունացած խմորը։ Այս կարևոր «արարողության» մեջ ես էլ իմ գործն ունեմ՝ գնդերն եմ շարում։

zoom
Հունցվող խմոր
zoom
Խմորի գնդերը «հանգստանում են»

Լավաշ թխելն սկսում են առավոտյան 7-ից․ մեր տանն իրարանցում է, բայց յուրաքանչյուրը գիտե, թե ինչ է անում։ Հացթուխը տատս է․ նա նստել է թոնրի պռնկին՝ ոտքերը հատուկ փոսի մեջ։ Երկու կողմերում գրտնակ անողներն են՝ Սաթիկ քուրիկն ու Աննա քուրիկը։ Երեխա ժամանակից այսպես եմ ասում հորեղբայրներիս կանանց։ Մամաս գունդն է բերում։ Չեմ դիմանում ու ուտում եմ թոնրից հանված առաջին լավաշը։ Տաք գոլորշին վառում է մատներս, բայց լավաշի համն ամեն բան արժե։

Երբ երեխա էի, լավաշ թխելու արարողությունը՝ սկսած խմոր հունցելու պահից, իսկական տոն էր ինձ համար։ Բարեկամ–հարևան կանայք հավաքվում էին տատիս շուրջ, որ գունդ անեին։ Սա իմ ամենասիրած պահն էր, որովհետև կանայք կատակներ էին անում, ծիծաղում, հետաքրքիր պատմություններ պատմում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց մասին։ Այն ժամանակ էլ առաջին լավաշն իմն էր։

zoom
Գեղարքունիքի մարզ, Ծաղկունք՝ հացթուխ Գոհարը
zoom
Ծաղկունքի հացթուխները՝ Գոհարն ու Աննան

Հնուց եկող չգրված օրենք կա․ լավաշ թխելու ժամանակ տղամարդիկ թոնրատուն չեն մտնում․ մտնելը, իբր, վատ նշան է։

Մինչ այսօր մեր տանը պահվում է այդ օրենքը։ Լավաշ թխելու օրը պապս, հայրս, հորեղբայրներս չխախտեցին այն. թոնրի շրթին դրեցին տաք լավաշը, պանիրը ու հենց պապիս ձեռքով աճեցրած խաղողը։ Ոնց եմ սիրում մեր տան այս ավանդույթը. հենց տատս թոնիրը վառում է, պապս սկսում է երգել։ Քեֆը պատրաստ է։

zoom
Ներսես պապս, հայրս ու էլի տղամարդիկ
zoom
Գայ գյուղ՝ լավաշ թխելու օր

Հաջորդ կանգառս Վաղարշապատն է։ Այստեղ լավաշը թխում են վաճառելու նպատակով։ Տեղում՝ սեղանի վրա՝ մեծ տարայի մեջ, հունցում են խմորը, փոքրիկ սեղանի վրա գնդում, գնդելուց հետո վառում են թոնիրն ու թխում։ Խմորի պատասխանատուն Անուշն է։ Ինձ էլ կանգնեցրել է կողքին ու ասում է. «նայիր, եթե չես ուզում խմորը շատ ձգվի, պիտի շատ չհունցես»։ Փռում տարեց կանայք են։ Սիրով, ասել-խոսելով թխում են։

zoom
Վաղարշապատ, գրտնակ անողը
zoom
Lավաշ թխելու արվեստը

Լավաշի հետքերով հասա Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղ։ Այստեղ թոնրատունը հազարաշեն է։ Այս թոնիրները տարբերվում են սովորականներից իրենց տանիքներով. դրանք կառուցվում են մեկը մյուսի վրա շարված գերաններով։ Թոնրատունը 19-րդ դարի է, պահպանել է հին թոնրի անցքերը, որտեղ հացթուխը, գրտնակ անողներն էին նստում։

Սովորաբար թոնիրը վառում են այն ժամանակ, երբ ռեստորանին լավաշ է հարկավոր։ Թոնրատանը կից ռեստորան է գործում։ Այդ օրն ինձ համար էին վառել, որ լուսանկարեի։ Տիկին Գոհարը՝ հացթուխներից մեկը, արդեն 10 տարի է՝ զբաղվում է այս գործով։ Դժվար է հացթուխ լինելը։ Այս 10 տարիների ընթացքում տիկին Գոհարը շատ է վառել ձեռքերը։

Տատիս ձեռքերի հմտությունը, Վաղարշապատի կանանց ծիծաղը, Ծաղկունքի հնամյա թոնրատունն էին իմ ճամփորդության կանգառները։ Երեք տարբեր թոնիրներ մի անվերջ պատմություն էին պատմում իմ անցյալի, ներկայի ու ապագայի՝ լավաշի մասին։

zoom
Լավաշի գույները
zoom
Լուսանկարը՝ Աննա Մարկոսյանի
Վաղարշապատ, լավաշի պատասխանատուներն ու ես

Հեղինակ՝

Ուսանողներ

Արևիկ

Արզումանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան