Ֆոտո պատմությունՀունվար 8/2025

Ձևը հաղթեց բովանդակությանը. վիրահատեցի քիթս

Երկու ամիս առաջ վիրահատվեցի. իմ առաջին և հուսով եմ վերջին պլաստիկ վիրահատությունն էր՝ ռինոպլաստիկա։ Հինգ տարվա ծանր ու թեթևի արդյունքում կայացրած, գիտակցված որոշումս էր։

Ամենաշատը վախենում էի, որ գուցե տվյալ վիրահատությունը ոչ թե իմ ցանկությունն է, այլ՝ ստանդարտներին տրվելու ենթագիտակցական որոշում։ Մյուս վախեցնող հանգամանքը անորոշությունն էր՝ արդյո՞ք այդ փոփոխությունը ամբողջությամբ իմ սրտով կլինի, որովհետև քթի պլաստիկ վիրահատությունից հետո փոխվում է դեմքի ընդհանուր դիմագիծը, հայացքը։

Ինքս ինձ հետ ներդաշնակ լինելու ցանկությանը հակադրվում էր պրիմիտիվ չդառնալու մտահոգությունը, երանելի արդյունք ունենալու առաջ դրվում էր նախընտրելի վիրաբույժ գտնելու խնդիրը, իսկ վիրաբույժները շատ էին, ձեռագրերը՝ նույնպես։

Որոշմանս երկար եկա, բայց հասա։

1000018169.jpg

Հետվիրահատական շրջան։ Սպասելիքներ և իրականություն։

Սպասելիքներ. ենթադրում էի միայն քթի շրջանում ցավերի մասին, պատկերացնում էի դժվարությունները՝ ակնկալածս ներդաշնակությանը հասնելու համար։ Վստահ էի՝ վերջ էի տալու ներքին կոնֆլիկտներիս։

Իրականություն. արթնացա ու առաջինը զգացի կոկորդիս ցավը, հետո՝ աչքերիս, մղկտում էին դեմքիս այտուցված հատվածները։ Ավելի ուշ սկսեց ցավել մեջքս, որովհետև վիրահատությունից հետո 1 ամիս կիսանստած էի քնում՝ հետվիրահատական պահանջ է։ Քիթս դարձել էր խիստ դյուրազգաց ու ցավում էր անգամ արագ քայլելիս։

Վիրահատության երկրորդ օրն արդեն հասկացա՝ հետվիրահատական շրջանին պետք է պատրաստ լինել նաև հոգեպես։

Վիրահատությունից հետո՝ հատկապես առաջին ամսում, քթիս ձևն ամեն օր փոխվում էր։ Վիրակապերը պետք էր փոխել առաջին իսկ օրվանից, մոտ երկու ժամ պարբերությամբ։ Այդ ընթացքում կարողանում էի տեսնել միայն քթիս ծայրը, որն ամեն օր տարբեր էր՝ մի օր շատ բարձր, հաջորդ օրը՝ լայն ու փռված՝ սթրեսային էր։

Իսկ երբ հանեցին գիպսը, ու հայելում տեսա նոր կերպարս, բարձրաձայն լաց եղա։ Գիտակցում էի, որ դեմքս այտուցված է, որ տեսածս դեռ վերջնական արդյունքը չէ, բայց միևնույն է՝ ծանր պատկեր էր։

Վիրահատությունից երեք շաբաթ անց, երբ այտուցները համեմատաբար անցան, էմոցիոնալ տատանումները ևս նվազեցին, արդյունքը սկսեց քիչ-քիչ գոհացնել։

Բժիշկն ասում է, որ առվազն մեկ տարի է պետք, որ ձևափոխված քիթս վերջնական տեսք ունենա։ Ու ես հասկանում եմ, որ դեռ մի քանի ամիս՝ քիթս ամեն օր մի քիչ տարբեր է լինելու, էմոցիաներս՝ նույնպես։

1000018172_optimized_2000.png

Հ. Գ. Մի քանի ամիս առաջ վստահ էի, որ քթի վիրահատությունը ինձ «ուրիշ Լուիզա» է դարձնելու։ Հիմա, երբ հերթական կոնսուլտացիայի հերթի մեջ տեսնում եմ առնվազն 4-5 աղջիկների՝ նույն քթով և հայացքով, հասկանում եմ՝ Լուիզան ուրիշ էր մինչև վիրահատությունը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Լուիզա

Վարդանովա

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան