«Լունապարկում» տուժած Մոլդովայի քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է
Նոյեմբերի 24-ի երեկոյան Երևանի «Լունապարկ» զվարճանքի զբոսայգում «Բիո ռոբոտ» ատրակցիոնի անսարքության պատճառով մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել 1994 թվականին ծնված Մոլդովայի քաղաքացի Աբաբի Յակոբը։
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ֊ի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը մեզ փոխանցեց, որ դեպքի պահին քաղաքացին կարուսելի մեջ է եղել։
Նրա խոսքով՝ հանձնաժողով է ստեղծվել՝ փորձաքննություն իրականացնելու համար, որի մանրամասները պարզ կլինեն 4-օրյա ստուգումներից հետո։
Վթարի հետքերով այսօր մենք գնացինք «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ուր տեղափոխել էին Աբաբի Յակոբին։ Տուժածը վիրակապված էր, անգիտակից վիճակում։
Բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Աբաբի Յակոբը հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային վնասվածքով, կատարվել է գլխուղեղի վիրահատություն։ Այժմ մասնագետները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր։ Աբաբի Յակոբը շնչում է արհեստական շնչառության սարքի օգնությամբ։
«Լունապարկի» աշխատակիցները չցանկացան մանրամասներ ներկայացնել։ Ատրակցիոնի պոկված նստարանը տեղանքից հեռացվել է, տեղանքը՝ մաքրվել։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն ասաց, որ գործի առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 412 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ընթանում է նախաքննություն, նշանակված է փորձաքննություն։
«Բիո ռոբոտ» ատրակցիոնը գրանցված է 2022-ին։ Այն տեխնիկական անվտանգության փորձաքննության է ենթարկվել այս տարվա հունիսին և ստացել է դրական եզրակացություն։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան
Ուսանողներ
Լուսինե
Հակոբյան