martin-mkhitaryan
ՏեքստՄարտ 15/2023

Ես Արևմտյան Հայաստանից կախվածություն ունեմ

Ամանորը՝ Վանում, Վարդավառը՝ Սիփանի ու Մարաթուկի գագաթներին, 6 ծննդյան օր՝ Աղթամար կղզում։ Բոլոր այցելությունները միասին՝ վերջին տասը տարում Մարտին Մխիթարյանը Արևմտյան Հայաստանում շուրջ 5 ամիս է անցկացրել։ Երազանքների մի մասն իրականացրել է, մյուսների համար նոր այցեր է ծրագրում։ Նա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությում գլխավոր մասնագետ է։

Դեպի Արևմտյան Հայաստան

Երկու ամիս առաջ 16-րդ անգամ նորից Արևմտյան Հայաստանում էի։ Նույն՝ առաջին անգամվա զգացողությունն էր։ 2013 թիվն էր։ Պատահական լսեցի, որ մեր գյուղացիներից մեկը Արևմտյան Հայաստան գնալու համար խումբ է հավաքում։ Միացա։ Հայաստանի սահմանը հատեցինք Բավրայի անցակետով, մտանք Վրաստան, այնտեղից Սարփի անցակետով՝ Արևմտյան Հայաստան։ Հենց 2013-ին առաջին անգամ եղա պապիկիս գյուղում՝ Վասպուրականի Շատախ գավառի Փեսանդաշտ գավառակի Կաղազիս գյուղն է։ Երբ առաջին անգամ ես լինում այնտեղ, չես հասկանում՝ թե ինչ ես բացահայտել։ Գալուց հետո ես հասկանում՝ որտեղ ես եղել, ինչ ես թողել այնտեղ, հոգիդ երկատվում է։

InShot_20230314_234546322.jpg
Մարտին Մխիթարյանը Կաղազիս գյուղում, 2013 թվական

«Կըզըլները» (ոսկիները) ո՞ւր են

Եթե բոլոր օրերը գումարեմ, ես 4-5 ամիս եղել եմ Արևմտյան Հայաստանում, ու որևէ դեպք չի եղել, որ թուրքերը դժգոհ հայացք գցեն մեզ վրա։ Այստեղ լարված իրավիճակ է, բայց այնտեղ բացարձակ տեղյակ չեն՝ ինչ է Ղարաբաղը։ Իրենց 2 բան է հետաքրքրում․ առաջինը՝ գումարը, որ ծախսում ենք այնտեղ, և երկրորդը՝ մեր ոսկիները։ Երբ հետները մտերմանում, խոսում ես, վերջում հարցնում են՝ «կըզըլները որտե՞ղ են», այսինքն, ոսկիներն ու՞ր են։ Իրենց ենթագիտակցության մեջ կա դա․ եթե գնում ես այնտեղ, ուրեմն, պապիդ ոսկիների հետևից ես եկել։ Ասում են՝ գնանք իրար հետ գտնենք, հետո կիսվենք։ Ես կարողանում եմ խոսել հետները, կարողանում եմ հարաբերվել։

Ես անցել եմ պապիս անցած ճանապարհով

Ես պապիկիս չեմ տեսել։ Շատ էի լսել իր մասին, ու տարիների ընթացքում երազանքի նման բան էր ձևավորվել՝ անցնել այն ճանապարհով, որով նա գաղթել էր իր բնօրրանից ու հասել Արարատի մարզ։ Պապս 1915-ին ոտքով հասել է մեր գյուղ՝ Ոսկետափ, հետո 1916-ին երկու Մասիսների արանքով ոտքով գնացել է Կաղազիս ու հետ եկել։ Ես էլ փորձեցի էդ ճանապարհն անցնել։ Միակ բանը, որ չի ստացվել, Մասիսների արանքով սահմանն անցնելն է։ Մնացած ճանապարհը՝ Բերկրիով, Բայազետով, Իգդիրով, ամբողջն անցել եմ։ Դա նպատակ էր, որն իրականացրի ու նվիրեցի պապիս:

Գնալուց առաջ մեծ պատրանքներ, սպասելիքներ չեմ ունեցել, որ հետո հուսախաբ չլինեմ։ Ես ռեալ պատկերացրել եմ՝ ուր եմ գնում և այնտեղ ինչ եմ տեսնելու։ Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես դրան, ոչ մի բան չի կարող քեզ կոտրել․ գիտես, որ տեսնելու ես ավերված եկեղեցի, ավերված պապական տուն, եթե, իհարկե, տունը գտնես։

Ես վայելում եմ Արևմտյան Հայաստանը

Արևմտյան Հայաստանը հրաշք է տարվա բոլոր եղանակներին, հրաշք՝ ձնով, արևով, անձրևով։ Բերկրիի ջրվեժը տարվա բոլոր եղանակներին էլ տեսել եմ․ սառած՝ աշնան գույների մեջ, գարնան վարար ցեխաջրերով, ամռան զուլալ, պարզ ջրերով։ Ես Բերկրիի ջրվեժում տեսնել եմ լուսնի արտացոլանքը։ Նույնիսկ օրվա բոլոր ժամերին է գեղեցիկ ու տարբեր Արևմտյան Հայաստանը։ Առաջին-երկրորդ անգամ գնացողները գուցե չզգան, չկարողանան տեսնել այդ ամենը։ Հարկավոր է գնալ մի քանի անգամ, հետո է սկսվում վայելքը։ Ես հիմա արդեն վայելում եմ։ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու վերևում երկու քարեր եմ հարմարեցրել և ինձ համար քարե «բազկաթոռ» պատրաստել։ Այնքան եմ պտտվել այդ եկեղեցում, որ հիմա, երբ խումբը շրջում է, ես նստում եմ այդ բազկաթոռին և վայելում։ Ես երկար քայլելու խնդիր ունեմ, բայց բավական է՝ ոտքս Վրաստանից դնեմ Արևմտյան Հայաստան, Թուրքիա չէ, Արևմտյան Հայաստան, ու բոլոր ցավերս վերանում են։ Վերջ, ես արդեն իմ երկրում եմ ու ավելի հանգիստ եմ, քան մեզ մոտ։

2013-ին ես իմ հողին պահ եմ տվել 3 կոնյակ՝ Աղթամար կղզում։ Ես դրա մեջ խորհուրդ եմ դրել։ Կոնյակները որդիներիս՝ Տիգրանի, Վահրամի, Լևոնի հարսանիքներին, նշանդրեքին հետ եմ բերել ու բացել։ Ամեն տարի ես այնտեղից մի շիշը հանում էի, մյուսը դնում։ Հիմա այնտեղ 2-ը կան։ Վանա լիճը իմ տարերքն է։ Հիմա ես գիտեմ, թե լճի որ հատվածից, որ դիրքից է նկարել Փանոս Թերլեմեզյանը իր «Վանա լիճը և Սիփան սարը՝ Կտուց կղզուց» կտավը։

InShot_20230314_235411749.jpg
Մարտին Մխիթարյանը Աղթամար կղզում

Երեք նվիրական իր՝ Արևմտյան Հայաստանից

Արարատի գագաթից քարի փոքրիկ կտորներ եմ բերել։ Դրանցից միայն մեկն է մնացել մոտս, մնացած բոլորը բաժանել եմ։ Ես ուզում եմ բոլորին «վարակել», որ իրենք էլ գնան Արևմտյան Հայաստան։ Մոմերի տրցակ եմ հետս բարձրացրել Արարատի գագաթ, տարել եմ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, Մարաթուկ, Սիփանի գագաթ։ Միջնեկ որդիս՝ Վահրամը, 6 տարի ամուսնացել էր, և երեխա չէին ունենում։ Մոմերով Արարատի գագաթը բարձրանալիս ուրիշ բան չէի մտածում, միայն մի նպատակ ունեի։ Բերեցի մոմերը, տվեցի հարսիս, ասացի․ «Գոհար ջան, էս հենց վառես, երեխա ենք ունենալու», և երազանքս կատարվեց։

2-րդը Վանա տառեխն է։ Սա ավելի շատ սիմվոլիկ է, ոչ թե ուտելու համար։ Մեր տանը միշտ տառեխ կա՝ աղ դրած վիճակում։ Մի անգամ մեր դուռը ծեծեցին։ Անծանոթ մեկն էր։ Հետո իմացա, որ գյուղից է ու ծագումով վանեցի։ Ասում էր․ «Պապաս՝ արմատներով վանեցի, հիվանդ ա, ու սիրտը Վանի տառեխ է ուզում»։ Տվեցի։

Կան նաև իրեր, որոնք այստեղից եմ հետս տանում։ Պապիկիս, տատիկիս նկարները միշտ հետս են։ Դրանք գրքի՝ «Նարեկ»-ի մեջ են, որն ինձ հետ ճամփորդում է, նույնիսկ Նարեկավանքում է եղել։ Եվ 3-րդ իրը՝ իմ մշտական ուղեկից Հայաստանի դրոշը։

Անին՝ քանդված, բայց ոչ ավերակ

Ես բոլորին խնդրում եմ, որ Անիի հետ ավերակ բառը չօգտագործեն, Անին քանդված է, բայց ավերակ չէ։ Անիում եղել եմ 12 անգամ։ Վերջինն անցած սեպտեմբերին էր, շուրջ 10 ժամ, ու էլի չհագեցա, էլի զգալու, բացահայտելու բան կա։ Անին քաղաք է, որտեղ կարող ես տեսնել եկեղեցիներ, բարձրանալ միջնաբերդը, իջնել Ախուրյանի ձորը, մինչդեռ ավերակներում հաստատ այդքան բան չես տեսնի։ Անիում ես տեսել եմ հայտնի կամուրջը, որի վերականգնման մասին Անկարայում խոսեցին Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները․ դժվար իրագործելի գաղափար է։ Կամուրջից մնացել են միայն հենասյուները, ահռելի աշխատանք կպահանջվի։

InShot_20230314_235041826.jpg
Մխիթարյանը Անիում՝ թոռնիկի հետ, 2022 թվական
InShot_20230314_234916810.jpg
Անիի կամուրջը Ախուրյան գետի վրա, 2022 թվական

Սիրահարված Արևմտյան Հայաստանին

Կան մարդիկ որ, երբ իմանում են՝ գնում եմ Արևմտյան Հայաստան, ասում են՝ Թուրքիա՞ ես գնում, Ստամբո՞ւլ, Անկարա՞․․․ Ինձ համար մեր սարերը բարձրանալը, քարերով քայլելը, աղբյուրի կողքին նստելը ավելին են, քան Անկարան ու Ստամբուլը։ Վերջերս հեռուստացույցով լսում եմ՝ Խորգոմ գյուղ, որը նաև Արշիլ Գորկու ծննդավայրն է։ Հիշեցի, որ այդ գյուղով 10 անգամ գնացել-եկել ենք։ Հաջորդ անգամ գնալուց զբոսավարին ասում եմ, որ այսպիսի բան կա, իրենք էլ են զարմանում։ Երբեմն ասում են՝ հիմա խոսքը փոխանցում ենք քեզ, ես էլ որոշ չափով գիդ եմ (ծիծաղում է)։ Ես մեր գյուղի բոլոր վանեցիների ծննդավայրերը գիտեմ։ Պատահել է՝ անցել ենք մի գյուղով, ճանաչել եմ ու ասել, օրինակ՝ «Էս մեր հարևան Վաչոյի Կեմ գյուղն ա»։

Հայրենիքը սահմաններ չունի

Մենք ասում ենք սահման և հասկանում ենք երկու պետությունների միջև անցնող գիծ։ Արևմտահայերի համար սահման հասկացությունը ուրիշ շերտեր ունի։ Սարդարապատից քիչ հեռու սահման կա, որին դու չես կարող մոտենալ։ Չես կարող Ախուրյան գետում լվացվել։ Նախանցյալ տարի եղել ենք Սուրբ Շուշանիկ եկեղեցում, գտնվում է Ախուրյանի ափին՝ մեզ մոտ։ Այնտեղ պետք է գնայինք ռուս խաղաղապահների թույլտվությամբ։ Ստացանք թույլտվությունը, բայց չկարողացանք գետին մոտենալ։ Վեց ամիս հետո Ղարս-Անի տուրի ժամանակ, Շուշանիկը տեսանք ներքևից, թոռանս հետ լվացվեցինք Ախուրյանի ջրերում։ Այստեղ ունենք սահման, որը չենք կարողանում անցնել, իսկ այնտեղ սահման չկա։ Ինձ համար սահմաններ չկան, նույն Հայաստանն է՝ տարբեր զգացողություններով։ Ես Արևմտյան Հայաստանից կախվածություն ունեմ։

Տոհմածառ՝ նռնենու տեսքով

Ես միշտ ուզել եմ ստեղծել մեր տոհմածառը։ 2005-ին այդ միտքն ուղեղումս էր։ Հետաքրքրվեցի, ամեն ինչ հավաքեցի, ամբողջացրի։ Գտա նկարչին, ասացի՝ գաղափարը ինձնից, գործը՝ քեզնից, ներկայացրի՝ ինչ եմ ուզում։ Հիմա հսկայական նռան ծառ է ստացվել։ Մեր ծառի տերևները աղջիկներն են, նռները՝ տղաները։ Նկարը ստացվեց, և հետս Արարատ բարձրացրի, դա էլ էր նպատակ։

InShot_20230314_235446548.jpg
Մխիթարյանների տոհմածառը

Հաջորդ այցելությունը

Գարնանը Վան-Վասպուրական ծրագիր կա։ Ես անցյալ տարի այդ նույն ծրագրով գնացել եմ, բայց քանի որ 2 նոր կետ է ավելացվել, նորից կգնամ։ Մեկ անգամ տեսնելն ինձ համար քիչ է։

Լուսանկարները տրամադրել է Մարտին Մխիթարյանը

Հեղինակ՝

Ուսանողներ

Աննա

Հարությունյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան