ՏեքստՍեպտեմբեր 20/2024

Ես ու լրագրողի գործը

Ասպրամը, Ալյոնան ու Անին մասնագիտական մեծ փորձ չունեն, բայց հետաքրքիր են գրել մեր աշխատանքի մասին։ «Ես ու լրագրողի գործը». սա նրանց առաջին աշխատանքն է Հետք Մեդիա Գործարանում։


Ես գտել էի այն, ինչը հաճախ փնտրում ու չեն գտնում։ Ես գտել եմ այն գործը, որը սիրով եմ անում։

Երբ 2020-ի մայիսին դեղին գուաշով ներկած կավե ամանը ծնկներիս Ստեփանակերտից տեղափոխվում էի գյուղ, մտքովս էլ չէր անցնում, որ ընդամենը մի քանի օրից կվերադառնամ Ստեփանակերտ՝ լրագրությամբ զբաղվելու: Հայրս դեմ էր, իսկ մայրս ինչպես միշտ՝ վստահ չէր: Նրա համար այլ բաներ էին կարևոր: Օրինակ՝ բոլոր մարդկանց մեջ լավը տեսնելը:

— Ես քեզ էդ փողը տլանում, բայց քինիլ մի, էդ Խանումյանեն նհէտ գործ չօնիս,— ասում էր հայրս՝ Ժիրայր Հասրաթի Հայրապետյանը: Նա վառ ԱժԿ-ական էր, ու մի անգամ չէ, որ գյուղի դպրոցում ընտրություն է կեղծել: Բայց նա հավատում էր, որ դա հանուն բոլորի բարօրության է արել։ Ու գումար էլ դրա համար հաստատ չէր ուզում, հակառակ դեպքում իմ սենյակի առաստաղից տարիներ շարունակ մերկ լամպ կախված չէր լինի:

Ինձ շտապ սենյակ էր պետք Ստեփանակերտում, բայց ես ու հայրս կռվում էինք: Մայրս վստահեցնում էր, որ մեր գոռոցները լսվում են Քարահունջից: Դա մեր հարևան գյուղն է: Փակվեցինք. ամեն մեկն իր մեջ ու իր սենյակում:

Մի քանի օր անց հայրս տնքոցով Ստեփանակերտի Ազատամարտիկների 52 շենքի չորրորդ հարկ էր բարձրացնում իմ հեծանիվը, հետո կիթառը, վերջում՝ տաքացուցիչը: Վերջն այն էր, երբ ասաց. ես դեմ եմ այս ամենին, բայց լավ է, որ համառ ես: Հաջորդ մի ամիսը տնից բերած գրեչկան էի ուտում: Մերոնք չգիտեին, որ փող չունեմ, ու աշխատավարձ պարզ չէր՝ երբ էի ստանալու: Ստանալո՞ւ էի արդյոք, ես էլ չգիտեի: Չգիտեր նաև Հայկ Խանումյանը, որովհետև նա էլ փող չուներ: Բայց մենք ունեցանք կայք, որովհետև ունեինք ընկեր այթիշնիկ, ունեցանք անուն ու անճաշակ լոգո: Ունեցանք նաև պայմանավորվածություն, որ ես ամիսը մի անգամ 50 000 դրամ եմ ստանալու: Դա այն գումարն էր, որ բավարար էր սենյակի վարձը տալու և սոված չմնալու համար:

Ես չիմացա, թե որտեղից էր նա ինձ տալիս այդ գումարը: Ինձ հետաքրքիր էլ չէր, քանի որ ես ուրիշ, ավելի հետաքրքիր բաներ էի իմանում: Որ նախագահ Բակո Սահակյանը և նրա օգնականը կարող են նույն մարդը լինել: Որ կարող են սպառնալ Արցախի նախագահին զանգելու համար: Որ Արայիկ Հարությունյանը կարող է կարմրել ու շփոթվել իմ հարցերից ուղիղ հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ: Որ Արցախի ամենահարուստ պատգամավորներից էր մինչև վերջերս ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, որովհետև Ստեփանակերտի կենտրոնում ընտանեկան բիզնես ուներ: Որ հետևողականությամբ հնարավոր է կանխել լոգոպեդին ծանոթի կարգով դպրոցի տնօրեն նշանակելը: Որ կարող են Անվտանգության խորհրդից խնդրել՝ կայքից նյութ հանել, քանի որ երկու հայկական պետությունների միջև սկանդալ է հասունանում: Ես նույնիսկ պարզեցի Օգանովսկու աշխատասենյակի աթոռների չափը. դրանք այնքան մեծ էին, որ նստելիս ոտքերս հայտնվել էին օդում:

Ի վերջո, ես գտել էի այն, ինչը հաճախ փնտրում ու չեն գտնում: Ես գտել եմ այն գործը, որը սիրով եմ անում։


Եթե ես այստեղ եմ, ուրեմն, իմացեք, որ նպատակ ունեմ ու այն իրականացնելու ճանապարհին ամենամեծ քայլս եմ արել։

«Ես շատ պատահական Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հայտնված Անին եմ: Երկու տարի է, ինչ ինքնաորոնման, ինքնավերլուծության մեջ եմ, հետաքրքրություններիս շրջանակն եմ լայնացնում, որ մի թել գտնեմ ու ինձ կապեմ ընտրածս մասնագիտությանը: Ես սիրում եմ մի քանի օր ծախսել մեկ նյութ պատրաստելու վրա, քանի որ մի քանի տասնյակ աղբյուր եմ ուսումնասիրում և օգտագործում։ Ինձ միշտ հետաքրքրել են ամենատարբեր թեմաներ՝ նյարդաբանությունից մինչև հոգեբուժություն, աղանդավորական կազմակերպություններից մինչև սերիական մարդասպաններ, ֆանատիզմ, նիհիլիզմ, ստոիցիզմ. մի խոսքով՝ մի քանի գիշեր չքնելն ու ամբողջ օրն արխիվների մեջ անցկացնելն է ինձ մի փոքր կապում լրագրությանը»:

Այս սրտաճմլիկ տեքստը գրել է երկու տարի առաջվա Անին, հիմա Անին լրիվ այլ մարդ է: Փոխվել են Անիի պատկերացումները մասնագիտության շատ կողմերի մասին, Անին այլևս առաջվա պես չի սահմանափակվում միայն մեկ ֆորմատով, ավելի համարձակ է, չի վախենում էքսպերիմենտներ անելուց ու սխալվելուց: Այսքանով ծանոթությունն ավարտենք:

Աշխարհում երկրորդ ամենահին մասնագիտությունը ընտրելը կյանքիս կայացրած ամենաճիշտ ու ամենասխալ որոշումն է եղել: Ճիշտ՝ որովհետև ինքնաբացահայտման ավելի լավ ձև չկա, քան լրագրողի գործով զբաղվելն ու ամենատարբեր մարդկանց հետ շփվելը, իսկ սխալ, որովհետև կան թեմաներ ու մարդիկ, որոնց մասին գրելը, որոնց ուսումնասիրելը կարող է կյանքս արժենալ: Բայց եթե ես հիմա այստեղ եմ, ուրեմն, իմացեք, որ նպատակ ունեմ ու այն իրականացնելու ճանապարհին ամենամեծ քայլս եմ արել։ Իսկ թե ինչ նպատակի մասին է խոսքը, վստահեցնում եմ, որ մի օր կլսեք։


Հիասթափվեցի ու վախեցա քեզնից, բայց պարզվեց՝ սերս ավելի մեծ է։

Թե ինչքանով ենք մենք իրար համապատասխան՝ չգիտեմ, թե ինչքան ճանապարհ ենք միասին անցնելու՝ միայն պատկերացնում եմ։ Ես սիրում եմ լրագրողի գործը։

— Իսկ ի՞նքը քեզ։

— Կարծում եմ՝ այո։

Մենք հանդիպեցինք սրանից ուղիղ 5 տարի առաջ, անբարեկարգ համալսարանի շատ մութ միջանցքներում։ Մեկ տարի էլ չէր անցել՝ ընկերացանք։ Այս տարիների ընթացքում հիասթափվեցի ու վախեցա քեզնից, բայց պարզվեց՝ սերս ավելի մեծ էր։ Ես վախեցա քեզնից 2023-ի սեպտեմբերին, մի ահարկու պայթյունից հետո, հիվանդանոցում, որտեղ մարդիկ կա՛մ մահանում էին, կա՛մ ցավից ոռնում։ Դու ինձ ստիպեցիր տեսնել ու նկարել վառվող, մեռնող, տանջվող մարդկանց։ Հիասթափվեցի մոտավորապես նույն շրջանում։

Մենք միասին պատերազմների միջով անցանք, բախտ ունեցանք անկախության տոնի ցույցերի առաջին շարքերում լինելու, այն փոքրիկ, պոզավոր տուփից մեր ձայնն էր լսվում, աշխարհի բան ու գործի մասին էինք մարդկանց պատմում։ Միասին նոր մարդկանց հետ ծանոթացանք, շատերի հետ ընկերացանք, հիմա մեր փոքրիկ ընկերական շրջապատ ունենք։

Չեմ խաբի՝ երբեմն ազդում ես, համոզված եմ՝ ես էլ քո ներվերին, բայց ինչպես տատիկս կասեր՝ «սերավ սհակավ կացեք»։ Սերավ ընք, տատի՛, մի անհանգստացիր։ Տատի՛կ, մի բան էլ, սիրելիս ուզում է ռեժիսոր դառնալ։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ալյոնա

Հայրապետյան

Ուսանողներ

Անի

Հովհաննիսյան

Ուսանողներ

Ասպրամ

Ավանեսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան