medical-abortion-armenia
Long ReadՄայիս 8/2023

Դեղորայքային աբորտը Հայաստանում. թվերի հետևում իրական պատմություններ են

Աննա Ավագյանը (անուն–ազգանունը փոխված է) Երևանի բնակիչ է, ուսանող, ամուսնացած չէ։ Պատմում է․ «Երբ իմացա, որ հղի եմ, 18 տարեկան չկայի։ Չէի կարող դիմել բժշկի, որովհետև ընտանիքս կիմանար։ Ես դա ամենաքիչն էի ուզում։ Ընկերոջս հետ որոշեցինք դեղերով ընդհատել հղիությունը։ Համացանցից երկու դեղի անուն իմացանք։ Կենտրոնի դեղատներից առանց դեղատոմսի գնել չկարողացանք։ Գնեցինք Երևանի ծայրամասային մի դեղատնից։ Երբ դեղը խմեցի, գիտեի, թե ինչ բարդություններ են լինելու։ Նույնիսկ մահվան դեպքերի մասին էի կարդացել, բայց որոշեցի ռիսկի դիմել։ Բարեբախտաբար, բարդություններ չառաջացան»։

Դեղերի միջոցով հղիությունն ընդհատող կանանց թիվը վերջին տարիներին Հայաստանում աճել է։ Կանանց և աղջիկների մեծամասնությունը նախընտրում է դա անել տան պայմաններում՝ առանց բժշկի խորհրդատվության։

Սովորաբար, բժշկի դիմում են դեղորայքային միջամտությունից հետո, երբ բարդություններ են առաջանում։ Մանկաբարձ-գինեկոլոգ Դիանա Մարգարյանի դիտարկմամբ՝ հղիությունն արհեստական ճանապարհով ընդհատել ցանկացող կանանց 90%-ը նախընտրում է դեղորայքային միջամտությունը։

2019-2021 թվականներին Հայաստանում ծնվել է շուրջ 108 հազար երեխա, և գրանցվել է հղիության արհեստական ընդհատման շուրջ 33 հազար դեպք։ Դրանց միայն 20 %-ն է եղել բժշկի ցուցումով և պայմանավորված առողջական խնդիրներով։

Դիանա Մարգարյանը նշում է վիրահատական և դեղորայքային աբորտի մի քանի տեսակ: Վիրահատական աբորտը թույլատրվում է մինչև հղիության 12–րդ շաբաթը և իրականացվում է բժշկի կողմից: Դա արվում է հիմնականում անզգայացմամբ և տևում է մոտ 30 րոպե: Դեղորայքային մեթոդը կարող է կիրառվել մինչև 8 շաբաթական հղիության դեպքում և միայն բժշկի նշանակած դեղերով։ Դեղորայքային աբորտը վիրահատականից ավելի երկար է տևում․ տևողությունը կախված է դեղերի ներգործությունից։

Համաձայն «Վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ մինչև 12 շաբաթական հղիությունը բժշկական միջամտությամբ ընդհատելու համար անհրաժեշտ է կնոջ գրավոր դիմումը։ Օրենքով չնախատեսված որևէ այլ, ներառյալ՝ սեռով պայմանավորված դեպքերում, 12-ից մինչև 22 շաբաթական հղիության ընդհատումն արգելվում է։

Դիանա Մարգարյան
Նկարը վերցված է Դիանա Մարգարյանի ինստագրամյան էջից

Ըստ մասնագետի, տնային պայմաններում հղիությունը դեղերով ընդհատում են հիմնականում վաղ տարիքում հղիանալու, արտամուսնական կամ անցանկալի հղիությունների դեպքում. «Պատահում է՝ կանայք մեզ դիմում են առողջական վիճակի կտրուկ վատթարացման՝ արյունահոսության կամ դաշտանային սուր ցավերի գանգատներով։ Շատ հաճախ դրանց պատճառը հենց տանն արված այդ միջամտությունն է։ Եթե դեղորայքով արհեստական ընդհատումն արվում է բժշկի հսկողությամբ, ամեն բան լինում է ավելի գրագետ և առողջության համար պակաս վնասակար»,— ասում է Դիանա Մարգարյանը։

Անանուն հարցում անցկացրեցինք «Girls on mute» բլոգի հեղինակ Թերեզայի օգնությամբ։ Բլոգի հետևորդները հաճախ են հարցնում հղիության արհեստական ընդհատման ձևերի, մասնավորապես, հղիության դեղերով ընդհատման մասին։ Հարցմանը մասնակցած 403 անձանցից 165-ը նշել են, որ տանը դեղերով հղիությունն ընդհատելու փորձ ունեն։ Նրանց 75.5 %-ը դեղահաբերը ձեռք են բերել առանց դեղատոմսի և օգտագործել առանց բժշկի հսկողության:

Ըստ հարցման արդյունքների՝ միջամտության հետևանքով առաջացել են հետևյալ բարդությունները․ կանանցից 12–ը ունեցել են սուր ցավեր, 6-ը՝ ուշագնացություն, 2-ը՝ ներքին արնահոսություն։ Նրանցից միայն 6-ն են դիմել բժշկի։

«Ամիսը 30-40 կին դիմում է դեղորայքային վիժման հետ կապված հարցերով։ Նրանցից շատերը գալիս են խորհրդատվության, հետո ինքնուրույն՝ տան պայմաններում, իրականացնում են դեղորայքային միջամտություն։ Ովքեր համաձայնում են մնալ բժշկի հսկողության տակ, դեղորայքն ընդունում են կլինիկայում։ Առաջիկա մեկ ժամն անցկացնում են այստեղ, որ տեսնենք՝ դեղն ալերգիա առաջացնու՞մ է։ Եթե խնդիր չի լինում, բժշկի հսկողությամբ դեղն ընդունում են տանը։ Այցելությունից 10 օր հետո կատարում ենք ուլտրաձայնային հետազոտություն։ Եթե արգանդի խոռոչը մաքուր է, ուրեմն, բարդություններ չեն առաջացել, եթե ոչ՝ կատարում ենք արգանդի խոռոչի կրկնակի մաքրում։ Այս դեպքում կանայք չեն վտանգում իրենց առողջությունն ու կյանքը և կարող են հետագայում խուսափել սեռական վերարտադրողական խնդիրներից», - ասում է Դիանա Մարգարյանը։

Հարցման մասնակիցների 41,8%-ը դեղահաբերը ձեռք է բերել բժշկի նշանակմամբ՝ դեղատոմսով, 45,5%-ը գնել է առանց դեղատոմսի՝ անձամբ կամ ծանոթի միջոցով։

«Տան պայմաններում, բայց բժշկի հսկողությամբ հաբերն ընդունելուց հետո հնարավոր է՝ 4-5 ժամվա ընթացքում առաջանա դող, սարսուռ, հաճախասրտություն, փորլուծություն կամ հաճախամիզություն։ Այս երևույթները գնալով պակասում են, ու սկսվում է արյունահոսություն, որը տևում է մինչև 7 օր։ Սա խիստ անհատական է։ Այնուհետև հիվանդանոցում կատարում ենք Ուլտրաձայնային հետազոտություն, որպեսզի տեսնենք՝ արդյո՞ք մաքրվել է խոռոչը։ Ըստ դրա էլ պարզ է դառնում՝ դեղորայքային ընդհատումը հաջո՞ղ է կատարվել, թե՞ կա լրացուցիչ միջամտության կարիք»,— ասում է Դիանա Մարգարյանը։

Առանց մասնագիտական խորհրդատվության՝ միջամտությունը կարող է հանգեցնել հորմոնալ լուրջ խանգարումների, որոնք վտանգում են կանանց սեռական վերարտադրողական առողջությունը։ Մասնագետի կարծիքով՝ նման խնդիրներից խուսափելու համար պետությունը պետք է վերահսկի առանց դեղատոմսի դեղերի վաճառքը։

«Անցանկալի հղիությունից և դա ընդհատելու բարդություններից կարելի է խուսափել, եթե սեռական հարաբերությունը պաշտպանված է, իսկ հղիությունը՝ պլանավորված»,— ասում է բժիշկը՝ այս ամենում կարևորելով հասարակության կրթվածությունը։

Բելլան (անունը փոխված է) անչափահաս է, սովորում է քոլեջում, ամուսնացած չէ, բնակվում է մարզերից մեկում։ Պատմում է․ «8-9 օր դաշտանային ցիկլի ուշացում ունեցա։ Թեստը երկու գիծ ցույց տվեց՝ մուգ ու բաց։ Առաջին անգամ էի հղիության թեստ հանձնում, անտեղյակ էի։ Ցույց տվեցի ընկերոջս, ասաց՝ հղի ես։ Մի անգամ էլ թեստ հանձնեցի, ու որոշեցինք դեղերով ընդհատել հղիությունը։ Մեզ հաջողվեց դեղատնից առանց դեղատոմսի դեղ ձեռք բերել։ Դեղերը ընդունելուց հետո սրտխառնոց ունեի, դողում էի։ Գիշերը 2-րդ դեղահաբը ընդունեցի, ուժեղ փորացավ սկսվեց, շունչս կտրվում էր, սկսեցի արնահոսել։ Այդ վիճակը շարունակվեց 7 օր։ Հիմա երեխա տեսնելիս հուզվում եմ ու սկսում դողալ»։

Մեր հարցման մասնակից կանանց խնդրել ենք նշել բժշկին չդիմելու պատճառները։ Նրանք առանձնացրել են ամոթը, վախը, անտեղյակությունը, արտամուսնական հարաբերությունները, ամուսնու ցանկությունը և անվճարունակությունը։ Վերջինը, ըստ Դիանա Մարգարյանի, ամենատարածված պատճառներից է։ «Դեղորայքի ինքնարժեքը, իհարկե, ավելի մատչելի է, բայց բժշկական ծառայության դեպքում բժիշկը պատասխանատվություն է կրում և վարում է գրագետ հսկողություն։ Դրա համար պետությունը սահմանել է որոշակի գումար, որը ներառում է նաև անհրաժեշտ հետազոտությունները։ Երբ կինը գերադասում է տան պայմաններում զբաղվել ինքնաբուժմամբ, վտանգում է առողջությունը և ստիպված է լինում ավելի շատ ծախսել։ Ինքնաբուժումը անորակ ծառայության ձև է, որը ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնում»,— ասում է մասնագետը։

Գլխավոր լուսանկարը՝ Հռիփսիմե Ավագյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սվետլանա

Մովսիսյան

Ուսանողներ

Շուշան

Փափազյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան