missing-people-2
Long ReadՄարտ 27/2023

Անհայտ կորածների հարազատները դժգոհ են Քննչական կոմիտեից. 2,5 տարի անց իրենց հարցերը մնացել են անպատասխան

Արցախյան վերջին պատերազմից անցել է 2,5 տարի, պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարազատները շարունակում են ապրել անորոշության մեջ: Պետական մարմիններից պատասխաններ չստանալով՝ ծնողները, հարազատները ստիպված իրենք են սկսել զբաղվել իրենց որդիների, հարազատների անհետացման հանգամանքների ուսումնասիրությամբ:

Այսօր՝ մարտի 27-ին, անհայտ կորած զինծառայողներ հարազատները Գլխավոր Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: Իրենց պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին։ Այն բաղկացած է հիմնական երեք կետից.

  • պարզել պատասխանատու անձանց անգործության պատճառները,
  • միջոցներ ձեռնարկել իրենց աշխատանքներում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ,
  • անհապաղ գործողություններ իրականացնել անհետանալու հանգամանքները և հավանական գտնվելու վայրը պարզելու համար, և եթե արդեն իսկ իրականացվել է, կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրել։
Անհայտ կորածների հարազատները դժգոհ են Քննչական կոմիտեից. 2,5 տարի անց իրենց հարցերը մնացել են անպատասխան.jpg

Պաշտոնապես կա 175 անհայտ կորած զինվորական և 20 քաղաքացիական անձ։

Արսեն Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանը, մինչ օրս համարվում է անհայտ կորած։

Արսենի խոսքով՝ այս երկուսուկես տարվա ընթացքում իր անհայտ կորած հարազատի վերաբերյալ տեղեկությունները պարզել է ինքը, քննչական մարմինը որևէ տեղեկություն չունի։

«Քննչական կոմիտեն չի քննում գործերը, իսկ երբ ուզում ես ստանալ տեղեկություններ, պատճառաբանում է, որ դրանք նախաքննական գաղտնիքներ են։ Ոչ մի անհայտ կորածի ծնող չի ուզում պետական կամ ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություն, նրանց հետաքրքրում են միայն իրենց որդիների ճակատագրերը»:

Արսեն Ղուկասյան.jpeg
Արսեն Ղուկասյանը

«Իմ եղբոր տղան՝ Սաքոն, կորել ա 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին, վերջին զանգը ամսի տասին էր՝ 17։58 րոպե, դրանից հետո իր հետ կապը կորել ա։ Եղբայրս սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրվանից, մեկնել է ռազմաճակատ, գնում էր իր տղայի մոտ, ամսի 28-ին, Ջաբրայիլում էր արդեն՝ Նյուզգարում, որտեղ կնքել է իր մահկանացուն, տղան էլ եղել է իրենից մի 800 մետրից մեկ կիլոմետր հեռավորության վրա, Չռիկներ կոչվող հատվածում։ Հոկտեմբերի վեցին, երբ ես ինքս հասա Հադրութ, երեխուն գտա ամսի 7-ին Հադրութի դպրոցում, ողջ-առողջ, ամսի 9-ի առավոտ լուսադեմին հանեցին իրենց Խուրհատ սար, որից հետո գիտեք՝ ինչ կատարվեց։ Եղբորս գտա դեկտեմբերի տասնհինգին հենց էնտեղից, որտեղ որ զոհվել էր՝ Նյուզգարից։ Սաքոյին փնտրում եմ մինչև հիմա»։

Նազիկ Շահբազյան.jpeg
Նազիկ Շահբազյանը անհայտ կորած Սամվել Կնյազյանի մայրն է

Նազիկ Շահբազյանը անհայտ կորած Սամվել Կնյազյանի մայրն է:

Նազիկի ամուսինը պատերազմից հետո մահացել է։ Որդու որոնողական աշխատանքներով սկսել է ինքը զբաղվել։ «Սամվելը պատերազմ է մեկնել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 12-ին, դրանից հետո մինչև հոկտեմբերի 23-ը ոչ մի տեղեկություն չունեի, 23-ին պատահական զանգել եմ տղայիս հեռախոսին, հեռախոսը վերցրել են թուրքերը, խոսել ենք իրենց հետ, երեք օր կապի մեջ են եղել մեզ հետ այդ նույն հեռախոսահամարով, ասել էին, որ գերի է։ Իրենք մեզ էին զանգում, մենք՝ իրենց։ Խոսակցությունը ձայնագրվել է, թարգմանվել ու ներկայացվել և «Կարմիր խաչ» և փաստաբան Արտակ Զեյնալյանին՝ Եվրադատարան դիմելու համար»։

2021 թվականի հունվարի 6-ին տելեգրամյան ալիքից մայրը գտել է որդու նկարը, որտեղ պարզ չի երևում տղան մահացած է, թե՝ ոչ։

«Իրենց ջոկատի բոլոր տղաներին գտել են մահացած, եթե ինքը մահացած լիներ անպայման պետք է նրանց հետ գտած-բերած լինեին։ Տղաներին գտել են «Ղալդաբազալ» կոչվող տարածքից»։

Մոր կարծիքով՝ տղան վիրավոր է եղել, հետո նրան գերի են վերցրել.

«Ոչ մի մարմին ինձ չի տեղեկացրել, բայց իմ ենթադրությամբ, եթե տղաներին գտել են ու իմ տղան մահացած է եղել, պետք է հաստատ գտնված լիներ։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո ես տվել եմ ԴՆԹ անալիզ, ու մինչև հիմա համընկնում չի եղել։ Բոլոր դիահերձարաններում եղել ենք, բոլորին տվել ենք նկարները։ Նրա վրա այնպիսի դաջվածքներ կային, որ ցանկացած բժիշկ տեսներ, հաստատ կճանաչեր»։

Նազիկ Շահբազյանն ասում է, որ կան այնպիսի ծնողներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել գնալ Արցախ, չեն կարողանում սեփական ուժերով պարզել դեպքերի մանրամասները, իսկ համապատասխան մարմինները չեն զբաղվում իրենց անհայտ կորած որդիներով։

«Մինչև վերջերս երեխան գտնվում էր հավանական գերիների ցուցակում, հիմա այդ ցուցակից տեղափոխել են անհայտ բացակայողների ցուցակ։ Այդ տեղափոխության պատճառը չգիտեմ, չեմ կարողանում ոչ մի ձևով կապ հաստատել քննիչների հետ»,— ասում է Նազիկ Շահբազյանը։

Վլադիկ Հարությունյան.jpeg
Վլադիկ Հարությունյանն անհայտ կորած Գարեգին Հարությունյանի հայրն է

Վլադիկ Հարությունյանը, անհայտ կորած Գարեգին Հարությունյանի հայրն է:

Հարությունյանների ընտանիքն ապրում էր Շուշի քաղաքում, որդին՝ Գարեգինը, պատերազմի առաջին օրից կամավոր մեկնել է ռազմաճակատ, սկզբում Մատաղիսում էր, հետո գնացել էր Ղաջար, իսկ վերջին անգամ զանգել է «Թութակներ» կոչվող տեղանքից։

«Հոկտեմբերի 11-ին եկավ տուն, բայց մեկ օր անց նորից գնաց առաջնագիծ։ Ղաջարից ուղարկեցին «Թութակներ», գիշերվա կեսին տարան, հասցրել էր մեքենայից զանգել, ասաց, որ իրենց տեղափոխում են ուրիշ տեղ, էնտեղ կապը թույլ ա լինելու, չի զանգելու, չանհանգստանանք»,— պատմում է Վլադիկ Հարությունյանը։

Հոկտեմբերի 15-ին Գարեգինը վերջին անգամ զանգել է տուն, հորը ընկերներից մեկը պատմել է, որ 16-ին մարտի մեջ են եղել: Եւ այդ օրվանից հետո էլ լուր չունեն։

«Պատերազմից և տղայիս կորստից հետո,Ղարաբաղում մի շարք տեղեր եմ եղել, բայց որոնումներս արդյունք չեն տվել։ Դրանից հետո որոշեցի գալ Հայաստան։ Էստեղ մեծ ծնողների խումբ կար, գերատեսչություններ շատ էինք դիմում, հույս կար, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել, բայց ապարդյուն, ոչ մի հարցի պատասխան չեն տալիս»,— ասում է Վլադիկը։

Նազիկ Հովակիմյան.jpeg
Նազիկ Հովակիմյանը Արտաշես Սայադյանի մորաքույրն է

Նազիկ Հովակիմյանը Արտաշես Սայադյանի մորաքույրն է:

«Արտաշեսը ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Ջաբրայիլում, սեպտեմբերի 25-ին բարձրանում են դիրքեր, հերթական դիրք բարձրանալու օրնա լինում, վերջին զանգը ամսի 25-ի առավոտյան ժամը տասին է զանգում մայրիկիս։ Ինքը մայրիկիս ու հայրիկիս խնամակալության տակ էր, խոսում էր, որ լավ է ամեն ինչ, ու դրանից հետո որ պատերազմը սկսում ա անընդհատ զանգում ենք, բայց էլ չի վերցնում։ Ամսի 25-ից ոչ մի տեղեկություն չկա։ Արտաշեսի մայրը արտերկրում է ապրում, երկու անգամ եկել ա, գնացել է քննչական, որ իմանա՝ ինչ են արել, բայց ապարդյուն ոչ մի տեղեկություն չկա»,— պատմում է Նազիկ Հովակիմյանը։

Հարություն Հարությունյան.jpeg
Հարություն Հարությունյանը անհայտ կորած ժամկետային զինծառայող Վալոդյա Հարությունյանի հայրն է

Հարություն Հարությունյանը անհայտ կորած ժամկետային զինծառայող Վալոդյա Հարությունյանի հայրն է:

Հարությունը պատմում է, որ որդին ծառայել է «ՑՈՐ»-ում, եղել է տանկի նշանառու։ Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնագծում։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 6-ին, ասել, որ ամեն ինչ լավ է՝ չանհանգստանան։ Հետո հայրը պարզել է, որ որդին այդ ժամանակ «9-րդ կիլոմետր» կոչվող հատվածում է եղել։

Հոկտեմբերի 7-ից ոչ մի տեղեկություն չկար։ Պատերազմի ավարտից հետո Հարությունը գնացել է Արցախ՝ որոնողական աշխատանքներին մասնակցելու։

«Գնացի, ասեցի գոնե տղայիցս մի մասունք բերեմ: Գնացի զորամաս, ղեկավարությունը փոխվել էր, զորամասում համարյա մարդ չկար, ղեկավարությունը տեղեկանք տվեց ինձ, որ այսինչ հատվածում տանկը խոցվել է, տղան իր երկու ընկերոջ հետ զոհվել է։ Տեղեկանքը ներկայացրի ԱԻՆ-ին, որ իմանան կոնկրետ որտեղ պիտի ման գան, ես էլ մոտ 1 շաբաթ սպասեցի, որ իրենց հետ մտնեի էդ տեղը, չստացվեց, հետ եկա, բայց խնդրեցի, որ եթե գնան, ինձ մի բուռ մոխիր բերեն։ Որոշ ժամանակ անցավ, ԱԻՆ-ի տղաները զանգեցին ու աչքալուսանք տվեցին, ասացին, որ գնացել են տանկի մոտ ու ոչ մի աճյուն, ոսկոր չեն գտել»։ Հարությունը մինչ այժմ որդու անհետացման հանգամանքները չի կարողանում պարզել։

«Որոնողականները տանկի մոտից գտել են որդուս բանկային քարտը, որը քիչ էր վնասված։ Տվել եմ քննչականին, որ եզրակացություն անեն։ Քննչականից մի անգամ են զանգել ինձ, ասել, որ քարտի եզրակացությունը պատրաստ է։ Գնացի կարդացի, որ քարտը ենթարկվել է բարձր ջերմային ազդեցության, ու քիչ հավանական է, որ բնական երևույթներից էդ վնասվածքը լինի։ Ասացի, որ առարկություններ ունեմ և գրեցի, որ նախ էդտեղ նշված չէ՝ անմիջական շփում ունեցե՞լ է կրակի հետ, թե ոչ, գրած չէ, թե մոտավորապես ինչ ջերմաստիճանի է ենթարկվել։

2022 թվականի նոյեմբերին ստեղծվել է գերիների, անհայտ կորածների, բռնի անհետացածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, ներկայացված են բոլոր անմիջական կապ ունեցող գերատեսչությունները՝ ՊՆ, ԱԱԾ, ՔԿ, ԱՆ, Կարմիր խաչը։ Հանձնաժողովը ղեկավարում է ԱԱԾ-ի պետ Արմեն Աբազյանը:

Հանձնաժողովում կա նաև անհայտ կորածների ծնողներից հինգ ներկայացուցիչ, որոնցից մեկը Հարություն Հարությունյանն է:

«Մեզ հաջողվեց մի քանի ծնողով մտնել այդ հանձնաժողովի մեջ, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն, որ ծնողները ունենան իրենց մարդը, որ իրենց խնդիրը ճիշտ ներկայացվի։ Ամեն ինչ նորմալ էր, բոլորը իրենց համաձայնությունները տվել էին, հասել ենք Քննչական կոմիտեին ու լռվել ենք, ինքը ոչինչ չի անում, իսկ հարցերին չպատասխանելը պատճառաբանում է, որ գաղտնիք ա։ Արդյունքում անհայտ կորած մեր որդիները մնում են անհայտ կորած»,— ասում է Հարություն Հարությունյանը։

Երկու տարի անց անհետ կորածների ծնողներին Արգիշտի Քյարամյանն առաջարկում է քննությունը շարունակել ըստ ստորաբաժանումների

Համահեղինակներ՝ Հայկ Մակիյան, Անի Սարգսյան

Հեղինակ՝

Ուսանողներ

Անահիտ

Սվարյան