Ռուս-ուկրաինական պատերազմը «խառնել է» արտագնա աշխատանքի մեկնողների ծրագրերը
«Այս տարի ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով սովորականի նման չեմ գնացել արտագնա աշխատանքի։ Հիմնականում ռուբլու կուրսն էր պատճառը, փետրվար-մարտին ուղարկածը այստեղ շատ էր արժեզրկվել»,- ասում է Շիրակի մարզի Նահապետավան համայնքի բնակիչ Արկադի Գրիգորյանը։
Նա 2003 թվականից մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի։ Այդ ընթացքում ընդամենը 3-4 տարի է եղել, որ չի մեկնել և աշխատել է Երևանում։
Արկադի Գրիգորյանը Ռուսաստանում շինարարության ոլորտում է աշխատել, հայրն էլ է գնացել արտագնա աշխատանքի՝ ավելի քան 50 տարի։ Երբևէ չի մտածել ընտանիքով ընդմիշտ Ռուսաստան տեղափոխվելու մասին, աղջիկներն արդեն մեծ են, շուտով ուսանող կդառնան, իսկ տղան երկու ամսական է։
«Դժվարությունն այն է, որ աշխատանք չկա, որ նորմալ վարձատրվես, քո տանը, քո հողի վրա աշխատես. սա է պատճառը, որ դուրս ենք գնում, թե չէ ով կուզի իր տունուտեղը թողնի, ընտանիքը թողնի, գնա։ Եթե այստեղ նորմալ վարձատրվես, որքան որ այնտեղ ես աշխատում, այստեղ աշխատես, ավելի լավ կլինի»,-նշեց Արկադին։
2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունից զերծ չմնաց նաև Հայաստանը։ Արտագնա աշխատանքի մեկնողները երկընտրանքի առաջ են՝ գնալ, թե՞ ոչ: Ռուսաստանում տնտեսական անկայուն և անորոշ իրավիճակ է, ռուբլին կտրուկ տատանվում է, աշխատատեղերը պակասել են, վարձատրությունն էլ` նվազել։
Ռուբլին փետրվար-մարտ ամիսներին կտրուկ արժեզրկվեց նաև հայկական դրամի նկատմամբ։ Կենտրոնական բանկի տվյալներով, եթե մինչև պատերազմի սկիզբը մեկ ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 6-6.5 դրամ, ապա մարտին 4-5 դրամի սահմաններում է եղել։ Հետագայում այն սկսել է բարձրանալ՝ դառնալով 6.5-7 դրամ։ Ու, չնայած ռուբլու կայունացման միտում է նկատվում, Ռուսաստանում տիրող տնտեսական անորոշություններն ու ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մի մասին ստիպում են առայժմ հայրենիքում մնալ։ Մյուս մասն էլ, չնայած ծագած բարդություններին, որոշել է գնալ։
Նահապետավան համայնքի բնակիչ Թադևոս Քերոբյանն ասում է, որ մեկնելու է Ռուսաստան, որովհետև պատերազմը Ուկրաինայում է, իսկ ինքը հույս ունի, որ Ռուսաստան չեն հասնի պատերազմական գործողությունները, ռուբլու գինն էլ ինչպես իջնում է, այնպես էլ՝ կբարձրանա։
Նա արդեն երկրորդ տարին է՝ մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ մինչ այդ աշխատել է Արթիկի քրեակատարողական հիմնարկում։ Ռուսաստանում հիմնականում շինարարության ոլորտում է աշխատում։
«Բացի շինարարությունը, ամեն գործ էլ անում ենք, պահանջները այնտեղ շատ են։ Գնում ենք, փող ենք բերում, ընտանիք ենք պահում։ Մեր գյուղում գործ չկա, մեկ տուկը [խոտի կապը,- խմբ.] 3000 դրամ արժի, իսկ կաթի գինն ընկել է, հետևաբար ոչ կարող ենք անասնապահությամբ ապրել, ոչ էլ հողագործությամբ։ Քաղաքում էլ ամեն մարդ իր հարազատին է գործի ընդունում, մենք էլ ոչ նման հարազատ ունենք, ոչ պաշտոնավոր մարդ, որ ինձ գործի ընդունեն։ Ռուսաստանում լավ ընկեր ունեմ, ինքն է կանչել, կերթանք իր մոտ կաշխատենք։ Եթե Ռուսաստան չգնանք չենք կարա ապրենք»,- ասում է Թադևոս Քերոբյանը։
Թադևոս Քերոբյանը Նահապետավանում ապրում է կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ։ Այս տարի նախատեսվածից շուտ է Ռուսաստանից վերադառնալու, որովհետև կրտսեր դստերը՝ Նարեին, անձամբ է սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց ճանապարհելու, կարևոր առիթներից մեկն էլ այն է, որ մտադիր է կնքել աղջկան. «Շատ դժվար է ընտանիքից կտրված ապրելը։ Ես էրեխեքիս մի օր չեմ տեսնում, երկրորդ օրն ուզում եմ տեսնել։ Երեխաներս լավ են սովորում, ուզում եմ երեքին էլ ուսման տալ, որ ինձ նման բանվոր չմնան, ասում են տաշած քարը գետնին չի մնում»,- ասում է Թադևոսը։
Նրա որդին՝ Նարեկը, 18 տարեկան է, այս տարի անցնելու է զինվորական ծառայության։ Արդեն կողմնորոշվել է՝ իրավաբան կդառնա ու Հայաստանում էլ կաշխատի։
Նրա մայրը՝ Սյուզանան, հպարտությամբ է խոսում տղայի բանակ գնալու մասին։ Երբ ամուսինը գնում է արտագնա աշխատանքի, տան հոգսը մեծ մասամբ մնում է իր վրա, բայց չի դժգոհում․ տղաները մեծացել են, օգնում են։
Թադևոս Քերոբյանի դասընկերը՝ 54-ամյա Արթուր Եզեկյանը, ևս 3-4 տարի է՝ մեկնում է արտագնա աշխատանքի, դրանից առաջ գյուղատնտեսությամբ է զբաղվել։
«Մեծ ֆերմա էի հիմնել, բայց չստացվեց, տակ տվեցինք, անասնակերը բարձրացավ, կաթի գինն իջավ։ Գյուղում մարած վիճակ է, հողագործություն էլ անում ենք, կամ կարկուտն է տանում կամ երաշտը։ Եթե տասը տարի առաջ մեր գյուղից 600 անասուն էր դուրս գալիս արոտի, ապա հիմա՝ 100-120»,- պատմում է Արթուր Եզեկյանը:
Չնայած Ռուսաստանում ստեղծված իրավիճակին՝ նա ևս մտադիր է մեկնել արտագնա աշխատանի, քանի որ ընկերը «իր հույսով գործ է վերցրել այնտեղ»։
Նահապետավան համայնքի վարչական ղեկավար Սեդրակ Մնոյանի հաշվարկով՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այս տարի գյուղի արտագնա աշխատողների 50%-ը չի գնացել։ Սպասում են, որ պատերազմն ավարտվի։ Ոմանց հարազատները հենց Ուկրաինայում են, նրանց հետ կապի մեջ են։
Նահապետավան գյուղն ունի 797 բնակիչ, որոնցից ամեն տարի 112-120 մարդ մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու։
«Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, բայց հիմա ոռոգման ջուր էլ չկա։ Գյուղացիներն ինչ մշակում են, նայում են երկնքին, ինչ պիտի լինի՝ անձրև կգա, տարին հաջող կլինի, կարող է երաշտ լինի և այդպես…Ստիպված, որ դրանից եկամուտ չեն ստանում, գնում են»,- նշում է վարչական ղեկավարը։
Սեդրակ Մնոյանի խոսքով՝ դեռևս 10-11 տարի առաջ գյուղում ապրում էր 1234 բնակիչ և չի եղել տարի, որ չգնան արտագնա աշխատանքի, անգամ ընտանիքներով են գնացել, իսկ անցյալ տարի 3 ընտանիք ընդմիշտ հեռացել է գյուղից։
Նահապետավան գյուղն այս տարի խոշորացվել է և Արթիկ խոշորացված համայնքի վարչական շրջաններից մեկն է համարվում, իսկ գյուղի բյուջեն խոշորացված համայնքի կենտրոնից է վերաբաշխվում։
Արտագնա աշխատանի մեկնողների կողմից Հայաստան ուղարկվող գումարները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար։ Դրանք նպաստում են երկրում գնողունակության բարձրացմանը, առևտրաշրջանառությանը, այդ գումարներով ապրող ընտանիքների կենսակերպն է բարելավվում։
Արտերկրից դրամական փոխանցումների մեծ մասը Ռուսաստանից են ստացվում։
Դեպի Հայաստան դրամական փոխանցումների 41 տոկոսը Ռուսաստանից է եղել
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021 թվականին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել ավելի քան 865 մլն ԱՄՆ դոլար, որը կազմել է նույն տարում դեպի Հայաստան դրամական փոխանցումների 41%-ը: Այդ գումարը ուղարկում են սեզոնային արտագնա աշխատանքի մեկնողները ու հայկական մեծ համայնքը Ռուսաստանում։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին Հայաստան է փոխանցվել 2 մլրդ 109 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ աճել է 267 մլն դոլարով կամ 14.5%-ով։
2021 թվականին դրամական փոխանցումները Հայաստանի ՀՆԱ-ի (Համախառն ներքին արտադրանք) 15%-ն են կազմել, ինչը ևս մեկ անգամ փաստում է տրանսֆերտների կարևորությունը երկրի տնտեսության համար: Այդուհանդերձ, նկատվում է, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը տրանսֆերտներից վերջին տասը տարիներին թուլացել է։
Եթե 2012 թվականին արտերկրից դրամական փոխանցումներ/ՀՆԱ ցուցանիշը 21% է կազմել, ապա 2015 թվականից այն 14-15%-ի սահմաններում է եղել:
Ինչպես երևում է, վերջին տարիներին արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը տատանվել է։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2013 թվականին, իսկ ամենացածրը՝ 2016-ին։ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2022 թվականին ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները արտերկրից Հայաստան 20%-ով կկրճատվեն։
Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր ևս էական ծավալի գումարներ են փոխանցվում։ 2021 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր են փոխանցել 1 մլրդ 226 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 42 մլն դոլարով կամ 3%-ով։
Արդյունքում տրանսֆերտների զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, կազմել է 883 մլն դոլար։ Դա նույն տարում Հայաստանի ՀՆԱ-ի 6%-ի չափով է։
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլիթ
Խլղաթյան
Ուսանողներ
Շուշանիկ
Միսկարյան
Ուսանողներ
Մարիամ
Բադալյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Սոնա
Քոչարյան
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան