Դիահերձարանի ներսում բոլորը հավասար են
Զգուշացում․ Այս հոդվածի բժշկական նկարագրությունները կարող են հուզական արձագանք առաջացնել։ Եթե նման հարցերում զգայուն եք, խորհուրդ չենք տալիս կարդալ նյութը։
Նրանց գործն անկենդան մարմինների հետ է, նրանք անգիր գիտեն օրգանների դասավորվածությունը։ Մահճակալներ, գործիքներ, սառցարաններ. ամեն ինչ երկաթից է, սենյակներից արյան ու ֆորմալինի հոտ է գալիս։
Երբ հոգին լքում է մարմինը, այն բերում են այստեղ, մաքրում ներսից ու դրսից, հետո հանձնում հարազատներին։
Զրուցակիցս դիահերձող է՝ 20 տարվա աշխատանքային փորձով։

— Մասնագիտությամբ բուժքույր եմ, սկզբում աշխատում էի դիահերձարանին կից պաթանատոմիայի (ախտաբանական անատոմիա) լաբորատորիայում ու չէի պատկերացնում, որ մի օր դիակների հետ եմ գործ ունենալու։ Քիթս կամաց–կամաց ամեն տեղ մտցնելով, օրգաններ տեսնելով՝ հասկացա, որ ինձ հետաքրքրում է հերձումը։
— Հերձումն ինչի՞ց եք սկսում։

— Դիակը դնում ենք սեղանին, գրում ենք, թե ինչ կա հագին, լուսանկարում բոլոր կողմերից, հետո հանում հագուստը, լվանում մարմինը, դարձյալ նկարում ու սկսում ենք մեր աշխատանքը։
Չափում ենք հասակը, հաշվում ատամները (ծիծաղում է), եթե մարմնի վրա կան վնասվածքներ, չափում, գրանցում ենք։
Առաջինը բալգարկայով (անկյունահղկիչ) բացում ենք գլուխը, առանձնացնում մաշկը, ոսկորը, հանում ուղեղը, բոլոր օրգաններից հիստոլոգիայի (հյուսվածքաբանություն) համար նմուշներ ենք վերցնում։ Օրինակ՝ ուղեղից, սովորաբար, 2-3 կտոր ենք վերցնում, իսկ, եթե օրգանը ախտահարված է, ավելի շատ։ Արյան նմուշ ենք վերցնում, որ ստուգենք խումբը, ալկոհոլի, թմրանյութի առկայությունը։ Հետո որովայնի բացվածք ենք անում՝ մինչև պորտը ու պորտից ներքև, հեռացնում ենք կրծոսկրը, որ կարողանանք հանել օրգանները։ Բերանի խոռոչի մեջ կտրվածք ենք անում, լեզվից մինչև աղիքներ՝ ամբողջը հեռացնում ենք ու մաքրում ներսը։
— Ինչպե՞ս եք մաքրում։
— Ներսի արյունը լվանում ենք, չորացնում։ Օրգանները մշակում ենք ֆորմալինով ու նորից դնում որովայնի մեջ՝ ոնց ստացվի։ Տեղադրում ենք կրծոսկրը, բերանի խոռոչում էլ շոր ենք դնում, որ ֆորմալինով արյունը չգա թափվի։ Հետո կարում ենք որովայնը՝ շորը մեջը, ու գլուխը։ Վերջում գրիմ ենք անում, եթե կապտուկներ ունի դեմքին, ծածկում ենք։ Կանանց շրթներկ ենք քսում։
— Ի՞նչ հետաքրքիր բան կա մարդու օրգանիզմում։

— Հիմա, որ ասեմ՝ ուռուցքը գեղեցիկ է, կզարմանաք։ Օրգանի վրա այն շատ սիրուն է, մանր ծաղիկների նման։ Երբ օրգանն ախտահարվում է, ծաղիկները միանգամից երևում են։
— Ձեր փորձով՝ մարդիկ ամենաշատը ինչի՞ց են մահանում։
— Մահը երիտասարդացել է։ Մի քանի օր առաջ 4 տարեկան երեխայի մարմին եմ հերձել։ Երիկամի ուռուցք ուներ։ Հիվանդությունն անծանոթ չէր, բայց, մեկ է, չեմ ընկալում՝ մեծահասակն էլ այդպիսի հիվանդություն ունենա, 4 տարեկան երեխա՞ն էլ։ Սրտի արատով նորածինների թիվն աճել է՝ օդի՞ց է, սննդի՞ց է. հասկանալի չէ։
— Ի՞նչ միֆեր եք լսել Ձեր ու դիահերձարանի մասին։
— Պատմում են՝ իբր ուզել ենք հերձումը սկսել, դիակը կենդանացել, նստել է (ծիծաղում է)։ Մինչև մեզ հասնելը՝ 2-3 ժամ է անցնում, պատահում է՝ հերձումը հաջորդ օրն ենք անում, պատկերացրեք՝ մարդը 12 ժամ մնում է սառնարանում, որտեղ +4 աստիճան է․ այդքանից հետո ո՞նց ողջ կմնա։
Հետո մարդիկ մտածում են՝ մեզ միևնույն է, մենք չենք ցավում, սառնասիրտ ենք, անտարբեր, բայց այդպես չէ։ Մտածում են՝ ի՞նչ գործ է որ, ոնց էլ անես՝ կլինի, մենք մեծ պատասխանատվություն ենք զգում, չէ՞ որ մարդու հետ գործ ունենք։
— Մահից չե՞ք վախենում։
— Մահն ինձ համար սովորական է, 20 տարի է այս գործի մեջ եմ, ամեն տեսակ մահ տեսել եմ՝ երեխաների, երիտասարդների, ծերերի։ Չէ՛, չեմ վախենում։
— Աշխատավայրում Ձեր տեսածը՝ տանը մտքներովդ չի՞ անցնում։
— Ոչ միայն տանը, այլ ընդհանրապես՝ ոտքս էստեղից դուրս եմ դնում ու ամեն ինչ մոռանում եմ։
— Կյանքում հավասարություն չկա, դիակների դեպքո՞ւմ էլ է այդպես։
— Աղքատ մարդիկ հաճախ իրենց հարազատին ավելի լավ են խնամում, քան հարուստները, դեպքերը տարբեր են, բայց դիահերձարանի պատերից ներս բոլորը հավասար են։

— Սիրու՞մ եք Ձեր աշխատանքը։
— Տարօրինակ կհնչի, բայց, այո՛, սիրում եմ։ Կոլեգաներով խոսելով, կատակներ անելով ենք աշխատում, եթե այդպես չլինի, մեր հոգեվիճակը շատ վատ կլինի։ Հետո, եթե չսիրեմ, չեմ անի ու ընթացքում էլ չեմ սովորի։
Հեղինակ՝
Ուսանողներ
Անի
Հովհաննիսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան