mountaineering
Լոնգ րիդԱպրիլ 15/2025

Երբ չկա վերահսկողություն, լեռներն են կանոններ թելադրում

Մարտի 11-ին Արագած լեռան հյուսիսային գագաթի արևելյան պատին՝ 3600 մետր բարձրության վրա, Իսպանիայից Հայաստան ժամանած 9 հոգուց բաղկացած արշավախումբը մնացել էր ձնահյուսի տակ, նրանք առանց լեռնային ուղեկցորդի էին լեռ բարձրացել։ 8-ը փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել էին Արագած գյուղ, մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել էին բժշկական կենտրոններ, իսկ 1-ը անհետ կորել էր՝ ըստ ՆԳՆ փրկարար ծառայության հայտարարության։

«Անհետ կորածի ընկերները GPS համակարգով հայտնաբերել են նրա դին, դահուկները խաչաձև դրել են մահացածի գտնվելու վայրում և տվյալները փոխանցել են փրկարարներին»,— ասում է լեռնային ուղեկցորդ Մոնթե Հարությունյանը, որը նաև նոր ձևավորված լեռնային ուղեկցորդների հայկական ասոցացիայի համահիմնադիրներից է։

Մարտի 12-ի առավոտյան փրկարարները սկսել են որոնողափրկարարական աշխատանքները և հայտնաբերել են իսպանացի արշավորդի մարմինը։

Այս դեպքից չորս ամիս առաջ՝ 2024-ի դեկտեմբերի 1-ին, Գեղարոտ գետի ջրվեժի տարածքում 2 արշավական գլորվել էին Արագածի լանջից և մարմնական վնասվածքներ ստացել։ 3-րդ արշավականը զանգել էր Փրկարար ծառայություն, գնացել, օգնել էին։

Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալների՝ վերջին 5 տարում արշավների ժամանակ 218 անձ մոլորվել է, 4-ը՝ մահացել, 6-ը՝ վնասվել։

Փրկարար ծառայությունը 2019-2024 թվականներին հայտնաբերել է 33 մոլորված արշավախումբ։

Այս վիճակագրության մեջ ներառված են միայն այն դեպքերը, որոնց վերաբերյալ ահազանգում կոնկրետ նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել արշավի ընթացքում։

Երբ ահազանգում նման նշում չի լինում, դեպքերը հաշվառվում են այլ կատեգորիաներում (ձնահյուս, ցրտահարում, լանջից վայր ընկնել և այլն)։

«Այս դեպքերը գուցե չլինեին կամ ձգտեին նվազագույնի, եթե պահպանվեին անվտանգության կանոնները, և եթե նրանց ուղեկցեր լիցենզավորված, փորձառու ուղեկցորդ»,— ասում է լեռնային ուղեկցորդ Տիգրան Սիմոնյանը։

Ոչ ոք ապահովագրված չէ վտանգներից՝ ցրտահարություն, կայծակ, արևահարում, քարաթափում, ձնահոսք:

«Տիրապետելով անվտանգության կանոններին, առաջին բուժօգնության գիտելիքներին ու տեղանքում կողմնորոշվելու հմտություններին՝ լեռնային ուղեկցորդը, արշավախմբի ղեկավարը, նաև շարքային արշավականը կկարողանան էքստրեմալ պայմաններում ճիշտ կողմնորոշվել և իրավիճակը կառավարել»,— ասում է Տիգրանը։

«Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ուղեկցորդները և զբոսավարները պարտավոր են որակավորում անցնել։ Զբոսաշրջության կոմիտեն մշակում է կառավարության որոշման նախագիծ, որով կսահմանվեն «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը»։

Վերոգրյալ և մի շարք այլ օրենսդրական փոփոխություններ ընդունվել են՝ հաշվի առնելով կոմիտեին հասցեագրված բողոքները։

zoom

Արշավական ակումբները չեն լիցենզավորվում

Ըստ կոմիտեի՝ արշավական ակումբների լիցենզավորում նախատեսված չէ։ Քանի որ արշավները հիմնականում կազմակերպում են ուցեկցորդները, 2024թ․ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Զբոսաշրջության մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք՝ ուղեկցորդները և զբոսավարները, պետք է ծանուցեն իրենց գործունեության մասին՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով։

Զբոսաշրջության կոմիտեն պատասխանում նշել է, որ արշավները հիմնականում կազմակերպում են ուղեկցորդները, նշանակում է՝ դրանք երբեմն կազմակերպվում են նաև առանց լեռնային ուղեկցորդի։

Մեր տեղեկություններով՝ կան արշավախմբեր, որոնք կոմերցիոն գործունեություն են ծավալում և պատասխանատվություն են վերցնում մարդկանց արշավների տանելու համար, սակայն չեն օգտվում լեռնային ուղեկցորդի ծառայությունից։

Այս պարագայում արդյոք չկա՞ կարիք լիցենզավորել արշավախմբերը և վերահսկել, որպեսզի յուրաքանչյուրն առանց համապատասխան գիտելիքի, որակավորման և փորձի չկարողանա արշավներ կազմակերպել և կյանքեր վտանգել։ Հարցն ուղղեցինք Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանին։

«Հիմա մշակում ենք անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները, իրավաբանի և մասնագետների հետ քննարկման ընթացքում դա հաշվի կառնենք ու կներառենք նախագծում և կհասկանանք վերահսկողության հատվածը ինչպես ենք իրականացնելու»,— ասաց վարչության պետը։

zoom

Լեռնային ուղեկցորդ Տիգրան Սիմոնյանը ընկերների հետ 2025-ի փետրվարին Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցացիա է հիմնել։ Նպատակը հստակ է՝ կարգավորել ոլորտի քաոսային վիճակը, ստեղծել կրթական ու վերապատրաստման համակարգ, որը հնարավորություն կտա ուղեկցորդներին ստանալ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հավաստագրեր։ Ասոցիացիան երկարաժամկետ նպատակ ունի միանալու Լեռնային ուղեկցորդների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիային (IFMGA)։ Մինչ այդ՝ անհրաժեշտ է լուծել ոլորտում տարիներով կուտակված խնդիրները։

Խոսքը միայն լեռնագնացության մասին չէ։ Ասոցիացիան նպատակ ունի զարգացնելու նաև լեռնամագլցման ու դահուկային ալպինիզմի ուղղությունները։ Առաջնահերթությունը որակն է։ Ուղեկցորդը չպետք է լինի պարզապես երթուղին իմացող անձ։ Նա պետք է տիրապետի բազմակողմանի գիտելիքների՝ ռիսկերի գնահատումից մինչև առաջին բուժօգնություն։

zoom
Լուսանկարը՝ Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Տիգրան Սիմոնյանի

Արշավների կազմակերպման համար բարենպաստ եղանակին սոցիալական ցանցերում հայտարարությունները շատանում են։ Արշավներ են կազմակերպվում Հայաստանի ողջ տարածքում՝ հաճախ նաև վտանգավոր ուղղություններով՝ Արագած, Խուստուփ, Աժդահակ. հատկապես այս գագաթները բարձրանալու համար լեռնագնացության հատուկ հմտություններ են պետք։

Վերջերս Հայաստանը հաղթող երկիր է ճանաչվել Արկածային զբոսաշրջություն անվանակարգում «ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացված «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխության ժամանակ։

zoom

Ո՞վ է վերահսկում արշավական ծառայություն մատուցող ընկերություններին

Պարզելու համար, թե ով է վերահսկում արշավական ծառայություն մատուցող ընկերություններին, դիմեցինք վարչապետի ենթակայությամբ գործող տեսչական մարմինների գործունեությունը համակարգող գրասենյակ, որտեղից էլ մեզ հայտնեցին, որ վերահսկվում են միայն տեխնիկայի՝ շարժասանդուղքների, ճոպանուղիների, կարուսելների, ամբարձիչ կռունկների օգնությամբ շահագործվող ծառայությունները։ Այս ծառայությունները մատուցող ընկերություններին վերահսկում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի շփումը Հայաստանում արշավներ կազմակերպող ակումբերի հետ գործընկերային է։

«Մշտապես փորձում ենք արշավական ակումբներին միմյանց փոխկապակցել, ամուր կապեր ստեղծել նրանց միջև, քանի որ լեռներում միմյանց ամենից մոտ են հենց արշավականները և անհրաժեշտության դեպքում իրենք կարող են արագ հասնել օգնության,— ասում է ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը։

zoom
Լուսանկարը՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանի

Ֆեդերացիան ունի 20 հոգուց բաղկացած լեռնափրկարարական թիմ, որոնք ունեն նվազագույնը հնգամյա փորձառություն և մասնակցել են բազմաթիվ դասընթացների։ Նրանք անհրաժեշտության դեպքում դեպքի վայր են մեկնում և օգնություն ցուցաբերում։

Այսինքն, ֆեդերացիան չունի վերահսկողություն իրականացնելու լիազորություն, սակայն փորձում է հնարավորինս աջակցել ոլորտում կրթական նախաձեռնություններով, միջոցառումներով և կապերի ստեղծմամբ։

Ֆեդերացիան և ՆԳՆ փրկարար ծառայությունը համագործակում են։

«Դեպքերի մասին տեղեկանալիս՝ կամ մենք ենք իրենց կանչում, կամ իրենք՝ մեզ»,— ասում է ֆեդերացիայի նախագահը։

Օրինակ՝ 2024-ի դեկտեմբերի 1-ին որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար և ֆեդերացիայի 5 լեռնագնաց։

zoom

Արշավականներն ապահովագրվա՞ծ են

Սկսնակ արշավական ներկայանալով՝ զանգեցինք մի քանի արշավական ակումբներ ու հարցրինք՝ արշավի գնալուց առաջ կյանքի կամ առողջության ապահովագրության պայմանագիր կնքո՞ւմ եք։ Մի քանիսն ասացին, որ ակումբը պայմանագիր չի կնքում, բայց եթե ուզում ենք, կարող են օգնել ապահովագրական ընկերության հետ կապ հաստատելու հարցում։ Մի ակումբից էլ ասացին, որ իրենք ապահովագրական պայմանագիր կնքում են, եթե արշավները կազմակերպվում են երկրից դուրս, ներհայաստանյան արշավների դեպքում պայմանագիրը պարտադիր չէ։

Մենք զրուցեցինք նաև Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերությունների հետ։ Դրանցից միայն մեկն է տրամադրում վնասվածքների փոխհատուցում, վտանգավոր սպորտաձևերի և հոբբիների ապահովագրություն։ Մյուս վեց ընկերություններն առաջարկում են առողջության և դժբախտ պատահարների ապահովագրության տարբեր փաթեթներ, որոնց մեջ ակտիվ սպորտաձևերը, արշավները և լեռնագնացությունը չեն ներառվում։

Շատ երկրներում ճամփորդական ապահովագրությունը արկածային տուրիզմի տարրեր է ներառում։ Օրինակ՝ World Nomads և Allianz Global Assistance ընկերությունները առաջարկում են ապահովագրական փաթեթներ, որոնք ընդգրկում են մինչև 6000 մետր բարձրության վրա իրականացվող արշավներ։ Միջին հաշվով, մեկ շաբաթվա ապահովագրության արժեքը 50-100 դոլար է։ Ավելի բարձր գագաթների համար սահմանված են հատուկ ապահովագրական պայմաններ։

zoom

Ինչպե՞ս խուսափել դժբախտ պատահարներից

Ալպինիզմի ֆեդերացիան Փրկարար ծառայությանը պարբերաբար առաջարկներ է արել, հիմա էլ որոշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահին առաջարկել, որ ցանկացած արշավախումբ լեռ գնալուց առաջ պարտադիր գրանցում անցնի։

Փրկարար ծառայության կայքում պետք է ստեղծվի թույլտվության ձևաթուղթ լրացնելու հնարավորություն։ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը մանրամասնում է․

«Արշավախմբի ղեկավարը կլրացնի իր անուն-ազգանունը, հեռախոսահամարը, խմբի անունը, երթուղին, մասնակիցների թիվը, վայրը, վերջնակետը, գույքը։ Ձևաթուղթը պետք է լրացվի արշավի գնալուց 2-3 օր առաջ։ Հետո այն կուղարկվի մասնագետներին, օրինակ՝ մեզ կամ Զբոսաշրջության կոմիտե՝ երթուղու մասին տեղեկություն ստանալու համար, Գագիկ Սուրենյանին՝ եղանակի, քայլարշավային արահետների մասնագետներին՝ ճանապարհի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար։ Արշավը կկազմակերպվի միայն բոլորից հաստատում ստանալուց հետո։ Առանց հաստատման արշավ կազմակերպողը պատասխանատվության կենթարկվի»։

Հայաստանում լեռնագնացությունը պետական մակարդակով գրեթե կանոնակարգված չէ։ Ո՛չ լիցենզավորում կա, ո՛չ վերահսկողություն։ Հստակ չէ նաև, թե ումից ինչ կարող ես պահանջել, երբ ինչ-որ դեպք է պատահում։

Եթե մտադիր եք սար բարձրանալ, ընտրեք փորձառու ուղեկցորդ։ Ճանապարհների մասին Google-ի տվյալները կամ արհեստական բանականությունը չեն փոխարինի փորձառու ուղեկցորդին։ Հիշե՛ք, կան արշավական ակումբներ, որոնք առանց փորձառու լեռնային ուղեկցորդի են արշավներ կազմակերպում։ Եթե այս ամենն իմանալով սար եք բարձրանում, ձեր անվտանգության համար պատասխանատվությունը կրում եք դուք։ Իսկ այդ պատասխանատվությունը երբեմն կյանքի գնով է չափվում։


📸 Լուսանկարները՝ Անուշ Մկրտչյանի և Նունե Ապրեսյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Ապրեսյան

Ուսանողներ

Անի

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան