Մուխանաթափ (ա)
Կայարանից դեպի Էրեբունի ճանապարհին բլրի վրայի թաղամասի՝ Մուխանաթափայի մասին վաղուց էի լսել, բայց երբեք չէի այցելել։ Տատս ու պապս շատ են պատմել այն տարիների մասին, երբ ապրել են այնտեղ՝ մոտ 30 քմ մակերեսով մի սենյականոց տանը, առանց ջրամատակարարման ու հարմար պայմանների՝ երկու երեխայի՝ հորաքրոջս ու հորս հետ։ Հայրս 10 տարեկան է եղել, երբ ստացել են բնակարան ու տեղափոխվել այն շենք, որտեղ հետագայում ես եմ մեծացել։ Մուխանաթափայի տարիներից քիչ հիշողություններ ունի, բայց տան հասցեն հիշում է. Անդրֆեդերացիա երկրորդ փակուղի, տուն 84:
Մուխանաթափա – մուխանաթ՝ խաբուսիկ, «շառ»*, թափ(ա)՝ բլուր։ Ըստ բնակիչների պատմությունների՝ տարածքն այդպես են անվանել «թուրքերը», երբ այնտեղ հայերի հետ բախումներից հետո հեռացել են՝ ասելով, թե՝ «մուխանաթ թափ» էր։
Թաղամասը կառուցվել է դեռևս համաշխարհային պատերազմից առաջ՝ մոտավորապես 1930-ականներին կամ ավելի վաղ։ Տները կառուցվել են մութն ընկնելուց հետո, իսկ առավոտյան քանդվել են ոստիկանների կողմից․ դրանք կառուցվել ու քանդվել են այնքան ժամանակ, մինչև, ի վերջո, բնակիչները հաստատվել են, ու տարիների ընթացքում տներն ավելացել` բլրի ներքևից աստիճանաբար դեպի վերև։
Այն տունը, որտեղ ապրել են տատս ու պապս, կառուցվել է մի գիշերվա ընթացքում՝ պապիս բարեկամների կողմից, տատիս ենթադրությամբ՝ 30-ական թվականներին: Ցերեկը, աղյուսները թրծել ու թաքցրել են հարևանների բակերում՝ արևի տակ, որ չորանան։ Երբ մութն ընկել է, արագ-արագ շարել են տան պատերը, դրել մահճակալն ու օրորոցը, որ տեսնելիս՝ ոստիկանի «խիղճը չթողնի» տունը քանդել։ Հետագայում՝ 1963 թվականին, տատս ու պապս այդ տունը գնել են բարեկամներից ու այնտեղ ապրել 13 տարի։
Տան հետքերով գնալով՝ հենց առաջին օրը Մուխանաթափայում ոտքերս ինձ տարան այդ տարածքի մոտ։ Առաջին բնակիչը, ում հետ խոսեցի, նրանց հարևանուհին էր եղել։ Ասաց՝ թաղամասում որ ճանապարհով էլ գնաս, կհայտնվես այդ տան մոտ․ «որ յանով ուզում ես գնա, կգաս կհասնես քո տունը»։
Բնակիչները պատմում են, որ թաղամասի ներքևում թունել է եղել, որն, ըստ տարածված պատմությունների, համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ ծառայել է որպես ապաստարան։ Եղել է նաև ջրամբար, որը երկար տարիներ սպասարկել է երկաթգծին։ Այժմ ջրամբարի տարածքում նկուղ է, իսկ թունելների գործառնության մասին բնակիչներն այլևս տեղյակ չեն։
Դեռևս խորհրդային տարիներին թաղամասը քանդելու նախագիծ է եղել. ոմանք ասում են, որ այդտեղ պետք է այգի կառուցվեր։ Երկրաշարժից ու ԽՍՀՄ փլուզումից հետո նախագիծն այդպես էլ մնացել է արխիվներում, հին տներն էլ՝ իրենց տեղերում։ Այցելությանս առաջին օրը բնակիչներից մեկը մտածեց, թե քաղաքապետարանից եմ․ եկել եմ ասելու, որ նախատեսվում է թաղամասը քանդել։ Ինձ պատմում էին բոլոր անհարմարությունների մասին. երեխաների խաղալու համար տարածք չկա, փայտե տանիքների պատճառով հրդեհներ են լինում, մինչդեռ հրշեջ մեքենան չի կարող բարձրանալ բլուրով, տները միմյանց գրեթե «սերտաճած են» ընդհանուր պատերով, դրանցից մեկի վնասվելու դեպքում մյուսներն էլ կարող են վնասվել, սողանքների պատճառով էլ տարիներ առաջ տներից մեկի պատն է փլուզվել՝ երեխայի օրորոցի վրա, որում, բարեբախտաբար, այդ պահին երեխան չի եղել։
Դեռ տատիկիս պատմածներից գիտեի, որ նախկինում անգամ ջրամատակարարում չի եղել։ Թաղամասի ներքևում ծորակ է եղել, որտեղից ջուրը միշտ «կրել են» վերև։ Ինձ համար երբեք հասկանալի չէր՝ ինչու է նա միշտ այդքան ոգևորությամբ խոսում այդ տարիների մասին, երբ պայմաններն այդքան անհարմար էին։
Չեմ հիշում, որ պապիկս այդ տարիների մասին ոգևորված խոսեր, բայց տատիկս ասում է, որ նա էլ է սիրել այդ տունը։
Մի սենյականոց բնակարանում միշտ հյուրեր են եղել․ ուսանող ընկերներ, գործընկերներ, բարեկամներ, ովքեր ապրում էին այդտեղ սովորելու տարիներին։ Չնայած անհարմարություններին՝ տունը երբեք դատարկ չի եղել։
Տան հին ալբոմներում այդ տարիներից լուսանկարներ չկան։ Ստանալով բնակարանը՝ տատիկս ու պապիկս ըստ օրենքի՝ պարտավորված են եղել քանդել այդ տունը․ այժմ այնտեղ ոչինչ չկա։
***
Երեկոյան, երբ «Գիշերային տների» թաղամասը ակտիվանում է, երեխաները ինչ-որ տարբերակ գտնում են նեղ փողոցներում խաղալու, բլրի վերևից երևում են դիմացի բնակելի հինգհարկանի շենքերը, Արցախի պողոտան, իսկ հեռվում՝ Կայարանի շենքը, որը դեռ երբեք այդքան գեղեցիկ չէր եղել։
*«մուխանաթ» բառի իմաստը ծագումնաբանական տեսակետից կարող է փոքր-ինչ տարբերվել տեքստում գործածվող իմաստից։
Հեղինակ՝
Ուսանողներ
Շուշան
Աբրահամյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան