muzzle
ՏեքստԴեկտեմբեր 20/2023

«Պոտենցիալ վտանգավոր շունը» պետք է դնչկալով լինի

Շունը հարձակվել է մարդու վրա, կծել է, վախեցրել․ նման լուրեր լսելիս մեր մտքին գալիս են անտեր ու թափառող շները, մինչդեռ մարդուն կծում ու վախեցնում են նաև ընտանի՝ տերով շները։

«Իրականում նման դեպքերն ավելի շատ են։ Բոլորը չէ, որ ամեն կծոցի և քերծվածքի համար գնում են հիվանդանոց ու պատվաստվում», – ասում է կինոլոգ (շների վարժեցման և շնաբուծության մասնագետ) Ալբերտ Մխիթարյանը։ Նա համոզված է՝ եթե շունը մեծ է և ունի տեր, պետք է ունենա նաև դնչկալ։ «Երբ շնից վախեցող մարդը տեսնում է դնչկալը, նրա վախը ինչ-որ չափով կառավարելի է դառնում»,– բացատրում է մասնագետը։

Առանց դնչկալ շները երբեմն վնասում են ծաղկավաճառ Անահիտի ծաղիկները։ Անահիտն ասում է՝ նախ հոտոտում են, հետո դունչը մտցնում փնջերի մեջ․ ինքը շնից վախենում է, տերն էլ չի հասցնում կանխել։

Ելենան շներ սիրում է, բայց խուսափում է հատկապես մեծերից, որոնց նույնիսկ տերերը չեն կարողանում վերահսկել․ աղջկա խոսքով՝ նրանք հաճախ տարված են լինում հեռախոսներով։

Տնային, բայց վտանգավոր, մարդկանց վախեցնող շներին Երևանի ավագանին 2011-ին ընդունված որոշման մեջ հավաքական անուն է տվել՝ «ագրեսիվ շուն»։ 2021-ին փոփոխություններ է կատարել տվյալ որոշման մեջ՝ փոխարինելով «ագրեսիվ շուն»-ը «պոտենցիալ վտանգավոր շուն» եզրույթով։

Որոշման մեջ ասվում է. «Մարդկանց և ուրիշ կենդանիներին սպառնացող շները (մարտական, ծառայողական, պարեկային և այլ ցեղատեսակի շներ, որոնք կարող են լինել ագրեսիվ և վտանգավոր մարդու կամ այլ կենդանու կյանքի կամ առողջության համար, այսուհետ` պոտենցիալ վտանգավոր շուն) պետք է ունենան դնչկալներ»:

Հստակեցվել են նաև այն վայրերը, որտեղ «պոտենցիալ վտանգավոր շունը» պետք է լինի դնչկալով՝ մայթերին, հետիոտնի ճանապարհին, տրանսպորտում, բնակելի թաղամասերում և հասարակական վայրերում։ Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե որ ցեղատեսակի շներն են համարվում «պոտենցիալ վտանգավոր»։ Դրանց ցանկը, թիվ 442-Ն որոշմամբ, սահմանում է Երևանի քաղաքապետը։ Այդ ցանկը դեռ չկա, բայց քաղաքապետարանից մեր հարցմանը պատասխանել են` կլինի.

«Ներկայումս նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի ավագանու 14․09․2021 է․ հ․ 442-Ն որոշման փոփոխություններ և լրամշակումներ, որոնց նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ։ Այդ փոփոխությունների շրջանակում կիրականացվի նաև Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման նախագծի մշակում՝ պոտենցիալ վտանգավոր շների ցանկը հաստատելու մասին»։

Քաղաքապետարանը, սակայն, 2012-ին ընդունած որոշմամբ հաստատել է ագրեսիվ շների ցանկը։ Լրատվության վարչությունից տեղեկացրին, որ առայժմ առաջնորդվում են դրանով սահմանված չափորոշիչներով։

2 copy Large.jpeg
Անդրեյն ու Սվառոկը
Լուսանկարը՝ Հակոբ Պապիկյանի

Անդրեյի շունը՝ Սվառոկը, լեոնբերգեր ցեղատեսակի է՝ մեծ, բայց ոչ ագրեսիվ։ Անդրեյը կարծում է, որ իր շունը կարող է քաղաքում առանց դնչկալ շրջել։ Ասում է՝ դնչկալ թող կրեն ագրեսիվ շները։ Դնչկալից առավել նա կարևորում է շան «դաստիարակությունը»՝ վարժեցված լինելը։

Կինոլոգ Ալբերտ Մխիթարյանը զգուշացնում է՝ «Վարժեցնել կարելի է բոլոր շներին, բայց անկախ վարժեցվածության աստիճանից՝ շունը կարող է հայտնվել իրավիճակում, երբ կգործի բացառապես ինքնապաշտպանական բնազդը։ Այդ բնազդը, սովորաբար, անկառավարելի է դարձնում շանը։ Կենդանին ընդամենը ուզում է ինքնապաշտպանվել, բայց մենք հարձակում ենք տեսնում»։

Ինչպե՞ս որոշել՝ որոնք են պոտենցիալ վտանգավոր շները, պե՞տք է դրա համար մոնիթորինգ անցկացնել․ կինոլոգն ասում է՝ կարիք չկա։ Բոլոր ցեղատեսակների բնութագրերը փորձարկված են՝ անկախ բազմացման վայրից․ «Ցեղատեսակներից յուրաքանչյուրի հիմնական գծերը պահպանվում են գենետիկորեն։ Ինչքան էլ գերմանական հովվաշանն ուսումնասիրենք, նա, միանշանակ, պետք է դնչկալ կրի։ Դա վերաբերում է նաև այստեղի հովվաշներին, որոնք, կարող է, պակաս ագրեսիվ են»։

Ալբերտ Մխիթարյանի կարծիքով՝ կարելի է շների չափերի սահմանային շեմ ֆիքսել, և շեմից բարձրերի համար դնչկալ կրելը լինի պարտադիր։ Նաև տարիքային շեմ՝ դնչկալ կրեն, օրինակ, 4 ամսականից սկսած։ Իսկ փոքր, դեկորատիվ շների համար դնչկալ կրելը կարող է սթրեսային լինել։

Համաձայն Երևանի ավագանու թիվ 442-Ն որոշման՝ 2 ամսականից մեծ պոտենցիալ վտանգավոր շունը պետք է անցնի ընդհանուր վարժեցում։ Հատուկ դասընթաց պետք է անցնի նաև շան տերը։ Դրանից հետո կինոլոգիական կազմակերպությունը տրամադրում է վկայագիր, որի հիման վրա անասնաբույժը տալիս է կենդանու անձնագիրը։

3 copy Large.jpeg
Շների զբոսայգի՝ Օղակաձև այգում
Լուսանկարը՝ Հակոբ Պապիկյանի

Երևանի ավագանու որոշմամբ պետք է սահմանվեն նաև այն առանձնացված վայրերը, որտեղ շունը կարող է զբոսնել առանց դնչկալի և կապի։ 2023-ի հունիսին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է բոլոր վարչական շրջաններում կառուցել նվազագույնը մեկ զբոսայգի՝ շների համար։ Զեկուցվել է, որ Արաբկիր վարչական շրջանում շների զբոսայգու բարեկարգման ծրագիրը նախագծանախահաշվային ավարտական փուլում է, Նոր-Նորքում արդեն կառուցվել է։

Հինգ ամիս անց, նոյեմբերի 20-ի գործակարգավարական խորհրդակցությանը շինբարեկարգման վարչությունը ներկայացրել է տեղեկություն 12 վարչական շրջաններում շների զբոսայգու տարածք առանձնացնելու և իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում շների զբոսայգիներն արդեն կառուցվել են, մնացած շրջաններում ավարտվել են նախագծանախահաշվային աշխատանքները կամ առանձնացվել են հասցեներ շների զբոսայգիների համար։

4 copy Large.jpeg
Շների զբոսայգի՝ Օղակաձև այգում
Լուսանկարը՝ Սյուզաննա Քանքանյանի

Քաղաքապետարանից հայտնեցին, որ հասարակական վայրերում շան դնչկալով լինելու հսկողությունը պետք է իրականացնի ՆԳՆ պարեկային ծառայությունը։ ՆԳՆ-ի լրատվական բաժնից ասացին, որ այդ վարչարարությամբ պետք է զբաղվի քաղաքապետարանը։ Երկու դեպքում էլ բանալի բառը «պետք է»-ն է, քանի որ այդպես էլ նախադեպ չգտանք, երբ պարեկները կամ քաղաքապետարանի տեսուչը որևէ շան տիրոջ ստիպել է իր չորքոտանի ընկերոջը դնչկալել։

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Քանքանյանի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Հակոբ

Պապիկյան

Ուսանողներ

Սյուզաննա

Քանքանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան