new-buses
Long ReadՀունվար 22/2025

Նոր ավտոբուսներ, հին խնդիրներ. Երևանի անլուծելի տրանսպորտային հանգույցը

Երրորդ տարին է՝ երևանցիներին սպասարկում են ժամանակակից ստանդարտներով կահավորված նոր ավտոբուսներ, որոնք վերջ են դրել մայրաքաղաքի գազելային անհարմարության ժամանակաշրջանին։ Բայց ակնհայտ է նաև, որ Երևանի տրանսպորտային հիմնահարցը դեռ լուծված չէ. տոմսային համակարգը նորմալ չի աշխատում, ավտոբուսները քիչ են և ուշանում են, վարորդներն էլ են քիչ ու չեն հերիքում, ուղևորները շատ են ու չեն տեղավորվում տրանսպորտում, կանգառներում չվացուցակ չկա, հեռախոսային հավելվածով ցույց տվածն իրականությանը չի համապատասխանում, խնդիր է նաև ավտոբուսների մի զգալի մասի պարապուրդը՝ անսարքության պատճառով։

Մենք փորձել ենք պարզել, թե ինչքան ավտոբուս է անսարք եղել վերջին ամիսներին, ինչու են դրանք փչանում և որքան արագ են վերանորոգվում։

2025-ի հունվարից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն է այն միակ ընկերությունը, որը զբաղվում է մայրաքաղաքի երթուղիների սպասարկմամբ։

Աշխատանքային օրերին երթուղիները սպասարկում են ընկերությանը պատկանող 565 ավտոբուս և 15 տրոլեյբուս։

zoom
Artboard 1.png

Վերջին երեք տարում քաղաքապետարանին պատկանող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արդեն ներկրել է 749 ավտոբուս՝ 100 հատ «Գազել Սիթի», 391 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» և 258 «ՄԱՆ»։

zoom

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանն ամեն շաբաթ տեղեկացնում է, թե ավտոբուսներից քանիսն են անսարք ու վթարված։ Նրա տվյալների համաձայն՝ 2024-ի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում նոր ավտոբուսների տասը տոկոսից ավելին չի աշխատել:

zoom
Artboard 2.png

Երևանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել, թե վերջին երեք տարում ներկրված ավտոբուսներից քանիսն են այս պահին անսարք։ Քաղաքապետարանի տվյալներով՝ հունվարի 17-ի դրությամբ 849 ավտոբուսից 55-ը չեն շահագործվում, որոնցից 14-ը վթարված են։

Մեր հարցին՝ որքա՞ն կտևի ավտոբուսների վերանորոգումը, քաղաքապետարանից հստակ պատասխան չտվեցին՝ պատճառաբանելով, որ ավտոբուսների վերանորոգումը տարբեր պատճառներով կարող է ձգձգվել, բայց ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ ընկերության կողմից արվում է առավելագույնը՝ խնդիրները ամենասեղմ ժամկետում լուծելու ուղղությամբ»։

Երկու փորձ արեցինք զրուցելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ՝ հասկանալու համար անսարքության պատճառներն ու հետևանքները, վերանորոգման ժամկետներն ու խնդիրները, բայց նա տարբեր պատճառաբանություններով հրաժարվեց հարցազրույցից։

Հարցումների միջոցով կարողացանք պարզել, որ գերմանական «ՄԱՆ»-երը կարող են երկար ժամանակ անսարք մնալ շարժիչների ու տուրբո համակարգերի անսարքության պատճառով։ «ԺՈՆԳ ԹՈՆԳ»-երի մոտ հիմնականում խափանվում են փոխանցման տուփը, կոմպրեսատորը ու տուրբո համակարգը։ «Գազել Սիթի» միկրոավտոբուսների խնդիրներն են շարժիչը, տուրբո մղիչը և փոխանցման տուփը։

zoom
Artboard 4.png

Որքա՞ն ժամանակում են վերանորոգվում ավտոբուսները

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսները շահագործվում են ընդամենը երեք տարի։ Երևանի քաղաքապետարանում ավտոբուսների փչանալը կապում են դրանց անդադար և գերծանրաբեռնված աշխատանքի հետ։ Որքա՞ն ժամանակում են խնդիրները լուծվում՝ հստակ պատասխան չկա։ Կախված անսարքության պատճառից՝ ժամկետները տարբեր են՝ հատկապես, որ ներկրված ավտոբուսների փոխարինող ավտոմասերը ներկրվում են արտասահմանից։

Ըստ Երևանի քաղաքապետի՝ 2024-ի նոյեմբերի 12-ի 4390-Ա որոշման՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի տեխնիկական սպասարկման 108 մասնագետի հաստիք։
ՓԲԸ-ի հավաքակայանների տեխսպասարկման կենտրոնները մասնագիտացած են «Հայգեր» մակնիշի ավտոբուսների ամբողջական վերանորոգման աշխատանքներում։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը 2024-ի հոկտեմբերի 21-ին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշել է, որ ընկերությանը պատկանող երկու տեխսպասարկման կայանները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանց վերանորոգման աշխատանքների և այլ ծրագրերի համար քաղաքապետարանը հաստատել է 2,4 մլրդ դրամ սուբսիդիա տրամադրելու որոշումը։

Հունվարի 17-ին մեր հարցման պատասխանում քաղաքապետարանը նշում է, որ «Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված սուբսիդիան չի վերաբերում ընկերությանը պատկանող երկու տեխսպասարկման կայանների վերանորոգմանը»։

Վերջին երեք տարում ներկրված ավտոբուսների հիմնական վերանորոգմամբ զբաղվել են մասնավոր ընկերությունները։ Նոր ավտոբուսների ներկրումը իրականացվել է հայաստանյան կազմակերպությունների միջոցով։ Նրանց հետ էլ կնքվել են երաշխիքային պայմանագրեր, որոնցով կարգավորվում էին անսարք ավտոբուսների վերանորոգման հարցերը։

Հիմա «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսների վերանորոգումը իրականացնում է «Պրեմիում Մաշիների ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, թե ինչ ժամկետներում է իրականացնում ավտոբուսների վերանորոգումը։

«ԺՈՆԳ ԹՈՆԳ» ավտոբուսները 2021-ին ներկրել է «Իվի մոթորս» ՍՊԸ-ին պատկանող սերվիս կենտրոնը։ Այստեղ էլ իրականացվում է ավելի վաղ ներկրված «ԺՈՆԳ ԹՈՆԳ»-ների երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկումը՝ ընթացքային մասերի վերանորոգում և փոխարինում, շարժիչների, փոխանցման տուփերի, կամրջակների և այլ համակարգերի սպասարկում, վերանորոգում և փոխարինում։

Նոր ներկրվածները սպասարկում է «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն։ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» ու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսների վերանորոգումն անվճար է՝ հետերաշխիքային պայմանագրերի շրջականում։

«Գազել Սիթի» միկրոավտոբուսների որոշ մասեր վերանորոգվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում, բայց ընթացքային մասերի, շարժիչի և այլ դետալների փոխարինմամբ ու վերանորոգմամբ կրկին զբաղվում է «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն։

«Հետերաշխիքային պայմանագրերով այս պահին սպասարկվող տրանսպորտային միջոցների անսարքության վերացման ժամկետները կրկին կարգավորվում են ըստ անսարքության պատճառի՝ յուրաքանչյուր դետալի համար առանձին կարգավորման ժամկետով»,— հարցման պատասխանում նշել էին քաղաքապետարանից։

Մասնավոր ընկերությունների՝ անսարքություններն արագ լուծելու բանաձևը

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը Երևանի երթուղիները սպասարկող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Մարտին Քալաշյանի տվյալներով՝ 2024-ի վերջին հինգ ամիսներին մասնավոր ընկերությունների կողմից սպասարկվող ավտոբուսների անսարքությունը չի գերազանցել 5%-ը՝ կրկնակի քիչ, քան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տվյալներն են։ Հասկանալու համար, թե ինչպես է «Երևանտրանս» ՓԲԸ-ն սպասարկել ավտոբուսները, որ դրանց պարապուրդը քիչ է եղել, խոսեցինք մասնավոր ընկերություններում աշխատած մի վարորդի հետ։ Նա բացատրեց, որ յուրաքանչյուր ավտոբուս մեկ վարորդի էր կցված, և երբ ավտոբուսը փչանում էր, վարորդն էր կրում պատասխանատվությունը, նաև վերանորոգելու ֆինանսական բեռն էր վարորդի վրա։ Որքան երկար ավտոբուսը մնար անսարք, այնքան ժամանակ վարորդն աշխատանքի դուրս չէր գա, հետևաբար, գումար չէր աշխատի։ Այսպես, վարորդները մոտիվացված էին, ավտոբուսներն էլ համեմատաբար արագ վերանորոգվում էին ու դուրս գալիս գիծ։

Նոր ավտոբուսները, որոնք պիտի լուծեին հանրային տրանսպորտի խնդիրը, տարբեր պատճառներով խափանվում են ու կանգնում հավաքակայանում, և սա խնդրի միայն մի երեսն է։ Մինչ քաղաքապետարանը խոստանում է տրանսպորտային համակարգի բարելավում, իրականությունը հակասական է՝ չվացուցակները ներդրված չեն, նոր ավտոբուսներից շատերը վարորդ չունենալու պատճառով երթուղի դուրս չեն գալիս, միասնական տոմսային համակարգը կայուն խափանումների մեջ է։ Հունվարի 1-ից նախատեսված փոփոխությունները հետաձգվեցին մեկ ամսով, սակայն փետրվարի 1-ից էլ խնդիրները կմնան՝ անկախ գնացուցակում փոփոխություններից։

Հեղինակ՝

Ուսանողներ

Ինգա

Թումանյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան