new-year-2022-expenses
ՏեքստՀունվար 13/2023

Լուսավոր և աննախադեպ թանկ տոնական Երևան

2022 թվականի Երևան քաղաքի ամանորյա բյուջեն տարեվերջի ամենաքննարկված թեմաներից էր, ինչը հիմնականում պայմանավորված էր կատարված աննախադեպ ծախսերով։ Տարբերվում էին նաև տոնակատարությունների և այլ պատրաստությունների ժամանակացույցը և տևողությունը։ Եթե նախորդ տարիներին քաղաքը իր տոնական տեսքն էր ընդունում վերջին տասնօրյակում, իսկ տոնական միջոցառումները տարվա վերջին օրերին էին, ապա այս անգամ Ամանորի շունչը մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում և վարչական շրջաններում նկատելի էր դեկտեմբերի առաջին օրերից սկսած։

«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, եւ վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Այս տարի Երեւանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաև մանկական «Եվրատեսիլի» անցկացմամբ պայմանավորված Երեւան ժամանած հյուրերին: Լուսավորությունը ամբողջ քաղաքում կմիանա «Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգահեռ: Կմիանան գլխավոր տոնածառի լույսերը»,— դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բայց քաղաքապետարանն այդպես էլ չկոնկրետացրեց, թե ինչքան գումար է ծախսել շքեղ լուսավորության և զարդարանքի համար։

«Այն, ինչը որ հրապարակված է, հնարավոր չէ թաքցնել, բայց կան բազմաթիվ պայմանագրեր, ես ինքս պատրաստակամություն եմ հայտնում աշխատանքային կարգով քննարկել, որովհետև նպատակը վստահ եմ մեծ թիվ հրապարակելը չէ»,— նույն ասուլիսի ժամանակ նշեց մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Սկսած 2014-ից յուրաքանչյուր տարի ամանորյա տոնակատարությունների ծախսերը մշտապես աճել են, բացառությամբ հետպատերազմյան 2020-2021 թվականների։

Երևան քաղաքի ամանորյա տոնական միջոցառումների ծախսերը ըստ տարիների

Բաց աղբյուրներից վերցրած տեղեկությունների համաձայն 2014-ի ամանորյա ծախսերը կազմել են 113 մլն դրամ, 2015-ին՝ 136 մլն, 2016-ին՝ 157 մլն, 2017-ին՝ 192 մլն, 2018-ին՝ 222 մլն ՀՀ դրամ, 2019-ին՝ 355 միլիոն։ 2020-ին, 44-օրյա պատերազմից հետո, Հանրապետության հրապարակում տոնածառ չտեղադրվեց, մայրաքաղաքի փողոցներում էլ ամանորյա ձևավորում չիրականացվեց։ Երևանի 2020-ի բյուջեում տոնական միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը հատկացվեց Ստեփանակերտին։ 2021-ին Երևանում թեև տեղադրվեցին տոնածառեր, սակայն տոնական միջոցառումներ չկազմակերպվեցին։

Ըստ ARMEMPS կայքի տվյալների՝ Երևանի տոնական տեսքն այս տարի արժեցել է ավելի քան 886 միլիոն դրամ՝ մոտ 2,2 միլիոն դոլար, որը շուրջ 2,5 անգամ ավելի է, քան մինչ այդ ամենաճոխ՝ 2019-ի նույն նպատակի համար արված ծախսը։ Քաղաքապետարանը գնումները կատարել է մեկ անձից՝ առանց նախապես մրցույթ հայտարարելու։ Գնումներն իրականացվել են ռուսական «Գոռոդ 77» ՍՊԸ-ից՝ 256 միլիոն դրամի և Դմիտրի «Բարդեև ԱՁ»-ից՝ 98 միլիոն դրամի։ Ֆիննախարարության ARMEPS հարթակից տեղականում ենք, որ Երևանի լուսավորության աշխատանքների համար քաղաքապետարանը մեկ անձից 176 միլիոն դրամի գնում է կատարել Սինեմարտ ընկերությունից։ Ամանորի մայր տոնածառի և վարչական շրջանների տոնածառերի տեղադրման, ձևավորման և ապամոնտաժման ծառայությունների համար Երևանի քաղաքապետարանը նոյեմբերին մեկ անձից 22 միլիոն դրամի գնում է կատարել «Ձևավորում» ՓԲԸ-ից։

Թեև այս տարին աննախադեպ է ծախսերի ծավալով, սակայն այն բացառություն չէ մեկ անձից իրականացվող գնումների առումով։ Դեռևս 2019-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից 137,8 միլիոն դրամի գնում է կատարել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից։ Այս տարի ևս նույն սկզբունքով «Ֆակտորի Փրոդաքշնից» 115,9 միլիոն դրամի գնում է կատարվել՝ Երևանի 2750-ամյակին նվիրված այգում կազմակերպվող միջոցառումների համար։ Երևանի քաղաքապետարանը 2019 թվականին մեկ անձից իրականացված գնումներ է կատարել նաև «Սթեյջ սթայլ» ՍՊԸ-ից՝ ամանորյա ձևավորման աշխատանքների համար՝ 66,7 միլիոն դրամի, և «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ-ից՝ 29,9 դրամի՝ քաղաքի ձևավորման աշխատանքների համար։

Մեկ անձից իրականացված գնումների մեծ ծավալը մշտապես եղել է քննադատությունների հիմնական թեմաներից մեկը, սակայն բոլոր տարիներին քաղաքապետարանի պատասխանը նույնն է՝ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում։

Կոլաժը՝ Գառնիկ Ստեփանյանի

Հեղինակ՝

Ուսանողներ

Արփինե

Հովհաննիսյան

Դասախոս՝

Դասախոսներ

Հայկ

Բեջանյան