ՏեքստՓետրվար 5/2025

Չավարտվող փորձաքննություն. Նոր Արեշի պայթյունից տուժած 4 ընտանիք արդեն մեկ տարի անտուն է

Մեկ տարի առաջ՝ 2024-ի փետրվարի 5-ին, Երևանի Նոր Արեշի 27-րդ փողոցի 23-րդ տանը պայթյուն եղավ։ Զոհվեց 3 մարդ, ամբողջությամբ կամ մասնակի փլուզվեց 4 տուն, 21 տուն վնասվեց։

Քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ պատճառը գազի արտահոսքն է եղել։ Երբ այդ տան բնակիչ 30-ամյա Հրանտ Սարգսյանը վառել է կրակայրիչը, պայթյունից տունը փլվել է, բայց Հրանտը չի մահացել, առաստաղն ընկել է վրան, տեղափոխել են հիվանդանոց։

Մահացել են հարևան 43-րդ տան վարձակալ ամուսինները՝ 38 տարեկան Հայկ Սողոմոնյանն ու 55 տարեկան Գայանե Եղոյանը, և այդ տան մշտական բնակիչը՝ 87-ամյա Ռոզա Նազարյանը, որին հանել են փլատակներից, տեղափոխել են հիվանդանոց, բայց նա միայն մի քանի օր է ապրել։

Ռոզա Նազարյանի տղան ու հարսը պայթյունի ժամանակ տանը չեն եղել։

«Եթե տանը լինեինք, մենք էլ էինք մահանալու․․․ Մի տարի է մեր կյանքը ճանապարհներին է անցնում»,— ասում է Նաթելլա Ճաղարյանը։

Պայթյունից մեկ տարի անց տուժած բնակիչները փոխհատուցում դեռ չեն ստացել։

Նաթելլա Ճաղարյանը և ամուսինը՝ զոհված Ռոզա Նազարյանի տղան՝ Երվանդ Սանամյանը, 4 ամիս բարեկամների տանն են ապրել։ Հետո մեկ սենյականոց բնակարան են վարձակալել Ավանում։ Ամեն առավոտ որդուն Ավանից տանում է Նոր Արեշ՝ դպրոց։

«Մի անգամ 300.000 դրամ են տվել, դրանով քանի՞ ամսվա վարձ վճարեմ, ընտանիքս ապրի, թե՞ կոմունալ վճարեմ։ Քննիչն ասում է՝ սպասեք․ ինչքա՞ն սպասենք։ Քաղաքապետարանից եկան, տարածքը մաքրեցին գնացին, ոնց որ էդ էր իրենց պարտավորությունը»։

zoom
Նաթելլա Ճաղարյանն իր տան բակում՝ պայթյունից հետո
zoom
Նաթելլայի ու Երվանդի տնից մնացել են միայն բազկաթոռները

2024-ի փետրվարի 5-ին Նարինե Սեդրակյանը տանն է եղել՝ 20-ամյա դստեր՝ Լիլիթի հետ։ Պայթյունից դուռը փակվել է։ Մեկ ժամ մնացել են ներսում, մինչև ամուսինը եկել, հանել է տնից։ Մայրն ասում է՝ պայթյունից հետո Լիլիթի լսողությունը վատացել է։

«Քննիչն ասել է՝ սպասեք, գործն ավարտվի։ 21 տուն կա էս գործի մեջ։ Կա, որ դռան ռուչկան է փչացել, էդ էլ են կցել գործին։ Սեյսմիկի աշխատողներն ասել են՝ ձեր տունը վթարային է, չնայած մենք դուռ-պատուհանը ռեմոնտ ենք արել։ Տան կտուրը մեկ միլիոն դրամով վերանորոգել ենք պայթյունից հետո։ Թաղապետարանից ասին՝ մի՛ արա, էստեղ մի՛ մնա։ Հարցրի՝ բա որտե՞ղ մնամ, ասին՝ դիմիր վարչապետին»,— պատմում է Նարինե Սեդրակյանը։ Նա լուսանկարվել չցանկացավ։

zoom
Նարինեենց տան մուտքը՝ պայթյունից հետո

Նոր Արեշի 27-րդ փողոցի 25-րդ տունը պատկանում է Նարինեի հորը և հորեղբորը։ Տունը կիսված է 2 մասի։ Հորեղբորը պատկանող հատվածը բնակության ենթակա չէ․ ընտանիքն այսօր ապրում է Զվարթնոցում՝ վարձով։ Նարինեն և ամուսինն իրենց հատվածը պայթյունից 4 ամիս անց սեփական միջոցներով վերանորոգել են, բայց տան մուտքը համարվում է վթարային։ Նարինեն ասում է, որ հորեղբայրը՝ թոշակառու Սամվել Սեդրակյանը, դիմել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ներկայացրել է, թե որ մասն է փլուզվել, խնդրել է ապամոնտաժել փլված մասը, դուրս բերել չվնասված գույքն ու մաքրել տան մուտքը, որ եղբոր աղջկա ընտանիքը կարողանա օգտվել տան հիմնական մուտքից։

Սամվել Սեդրակյանը նաև նշել է իր և կնոջ առողջական խնդիրների մասին և խնդրել է վերականգնել տունը կամ տրամադրել բնակարան։

zoom
Սամվել Սեդրակյանի տան պատերը՝ պայթյունից հետո
zoom

Փորձեցինք պարզել՝ ունի՞ Երևանի քաղաքապետարանը տուժած քաղաքացիներին փոխհատուցելու պարտավորություն, և ինչ իրավական հիմքով է իրականացվում գործընթացը։ Համաձայն քաղաքապետարանի պարզաբանման՝ ստեղծված իրավիճակում իրենք այդպիսի պարտավորություն չունեն։

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից»,— խնդրի օրենսդրական կարգավորումն է ընդգծում քաղաքապետարանը։

Այսինքն, փոխհատուցման հարցը կարող է լուծվել դատարանում՝ մեղավոր ճանաչված անձից բռնագանձման միջոցով՝ վերջնական դատական ակտի շրջանակում:

Երևանի քաղաքապետարանը նաև հիշեցնում է, որ տուժած ընտանիքներին սոցիալական աջակցություն են տրամադրել։ Օրինակ՝ 4 երեխա՝ ըստ ցանկության, ընդգրկվել է տարեկան ծրագրով նախատեսված էքսկուրսիա գնացողների ցանկում, 7 ընտանիք, որոնց տները պայթյունից հետո համարվել են վթարային, ստացել են միանվագ 300.000 ՀՀ դրամ՝ բնակարան վարձակալելու համար։ Այդ ընտանիքներին տրամադրվել է կենցաղային տեխնիկա՝ լվացքի մեքենա, գազօջախ, սառնարան և հեռուստացույց՝ ըստ առաջնային անհրաժեշտության։ Փոխհատուցվել են Ռոզա Նազարյանի հուղարկավորության ծախսերը, 2 անձի վիրահատությունն ու բուժումը պետպատվերի շրջանակում կատարելու համար տրամադրվել է միջնորդագիր։ 3 երեխայի տրվել են դպրոցական պարագաներ։ Ոսկան Սարգսյանի ավագ որդու ողնաշարը պայթյունի հետևանքով 4 տեղից վնասվել է, առաստաղը փլվել է վրան։ Առողջապահության նախարարությունը ծախսերը փոխհատուցել է, վիրահատել են։

Ոսկան Սարգսյանի տանն է պայթյունը եղել։ Նախնական վարկածով նրա տղան՝ Հրանտ Սարգսյանը, մենակ է եղել տանը, վառել է կրակայրիչը, ու գազը պայթել է։ Նա հաստատում է՝ քաղաքապետարանի նշած աջակցությունն իրենք ստացել են, բայց դա քիչ է օգնել.

«Տունս, գարաժս փլվել են։ Սկզբում վարձով ապրեցինք, հիմա՝ ամեն մեկս մի բարեկամի տանը: Միայն մի տղաս է աշխատում։ Էսօր դեռ փորձաքննություն է գնում, սպասում ենք»։

zoom
Նոր Արեշի 27-րդ փողոցի 23-րդ տան սեփականատեր Ոսկան Սարգսյանը

2024-ի փետրվարի 5-ին Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, սկսվել է նախաքննություն։

Նույն օրը նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, դատապայթյունատեխնոլոգիական և դատաշինարարատեխնիկական համալիր փորձաքննություն։ Դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին։ Դեպքից մեկ տարի անց՝ փորձաքննությունը չի ավարտվել։ Ինչո՞ւ․ հարցի պատասխանը պարզել չհաջողվեց։

Բյուրոյի տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանի խոսքով՝ քրեական վարույթի շրջանակում իրականացվող փորձաքննությանն առնչվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Մեր գրավոր հարցմանը, թե ինչու է ձգձգվում փորձաքննությունների եզրակացությունների տրամադրումը, ՊՈԱԿ-ի փոխտնօրենը պատասխանել է.

«Փորձաքննությունը դեռևս ավարտված չլինելու միակ խոչընդոտը մինչ տվյալ փորձաքննության նշանակումն արդեն իսկ նշանակված և իրականացվող բազմաթիվ և մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագետների ծանրաբեռնվածությունն ու տվյալ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքների ծավալներն են, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձաքննությանը ներկայացվող անհրաժեշտ տվյալների տրամադրումը»։

Ասել է թե՝ աշխատանքը շատ է, փորձագետները ծանրաբեռնված են, փորձաքննության համար անհրաժեշտ ոչ բոլոր տվյալներն ունեն։

Նոր Արեշի պայթյունից մոտ չորս տարի առաջ՝ 2020-ի օգոստոսի 26-ին, պայթյուն էր գրանցվել Երևանի մեկ այլ վարչական շրջանում՝ Քանաքեռ-Զեյթունում։ Ռայնիսի փողոցի տներից մեկում գազի արտահոսք էր եղել, պայթյունի հետևանքով զոհվել էր 2 քաղաքացի։ Դեպքից 3 շաբաթ անց Կառավարությունը որոշեց աջակցել պայթյունից տուժած 12 ընտանիքի՝ տրամադրելով բնակարանների գնման վկայագրեր։ Փոխհատուցման գումարը հաշվարկվեց ըստ տարածքի՝ մեկ քառակուսի մետրը՝ 330.000 դրամ, նշելով, որ եթե փոխհատուցված գումարը չբավականացնի նոր բնակարանի համար, տուժողներն այն կարող են օգտագործել որպես կանխավճար։

Մենք գրավոր հարցում ուղարկեցինք Կառավարություն՝ իմանալու, թե ինչու է ուշանում Նոր Արեշի պայթյունից տուժած ընտանիքներին փոխհատուցման տրամադրումը։ Մեզ առաջարկեցին տեղեկատվության համար դիմել Երևանի քաղաքապետարան։ Քանի որ քաղաքապետարանի պատասխանն արդեն ունեինք, կրկնակի հարցում ուղարկեցինք Կառավարություն, որը մնաց անպատասխան։

Անպատասխան են նաև պայթյունից տուժած մարդկանց սպասելիքները՝ արդեն մեկ տարի։ Անօթևան մնացած 4 ընտանիք՝ 19 մարդ, սպասում է Փորձաքննությունների ազգային բյուրոյում ընթացող 5 համալիր փորձաքննությունների վերջնարդյունքին։ Նրանք հույս ունեն, որ կբացահայտվի պայթյունի պատճառը, և իրենք վերջապես փոխհատուցում կստանան։ Երբ կլինի դա՝ ոչ մի պատասխանատու մարմին կոնկրետ ժամկետ չի նշում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անի

Նավասարդյան

Ուսանողներ

Ալինա

Սաակյան

Ուսանողներ

Հասմիկ

Մշեցյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան