nork-forests
Long ReadՕգոստոս 18/2023

Երևանի թոքերի շինարարական փոխպատվաստումը․ Նորքի անտառների պատմությունը

1990-ականների Էներգետիկ ճգնաժամով պայմանավորված՝ Երևանի կանաչապատ տարածքները, այդ թվում՝ Նորքի անտառները, հատվեցին։ Նորք-Մարաշի բնակիչները հիշում են՝ անտառը հատվում էր մի քանի տարի, ու երբ ծառերից միայն կոճղերն էին մնացել, մարդիկ սկսեցին արմատախիլ անել նաև դրանք։

«Ընկերներով դպրոցից փախչում, գնում էինք անտառ։ Խիտ անտառ էր՝ հաստափոր ծառերով։ Կային և՛ պտղատու, և՛ ոչ պղատու ծառեր։ Մենք ձնծաղիկ, սունկ էինք հավաքում։ Հենց անտառի միջով էլ իջնում էինք Կենտրոն»,— պատմում է Նորք-Մարաշի բնակիչ, արվեստագետ Սուրեն Տեր-Գրիգորյանը։

Group 10final.png
Սուրեն Տեր-Գրիգորյանը՝ ձախից, և Հակոբ Հակոբյանը

Անտառի պատմությունը

Երևանի տարածքում կանաչ գոտիներ ստեղծելու առաջին աշխատանքներն արվել են 1927–1928 թվականներին՝ Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ։ 1946-ին շահագործման է հանձնվում 13 կիլոմետրանոց Նորքի ջրանցքը, որը սկիզբ էր առնում Քանաքեռի ՀԷԿ–ից։ 1947-1950թթ. Նորքի և Քանաքեռի լանջերում իրականացվում են անտառապատման աշխատանքներ՝ ծառեր են տնկվում 1085 հա տարածքում։

Screen Shot 2023-07-06 at 15.25 1final.png
«Նորք»-ի ջրանցք, 1946 թվական, լուսանկարը՝ Ազգային արխիվից

Նորքը քարքարոտ տարածք էր, և ծառատունկը դժվարությամբ էր իրականացվում։ Քարերը տեղափոխում էին և դրանց տեղում ծառեր տնկում։ Անտառի սահմանները հասնում էին մինչև Այգեստան փողոցի գնացքի գծին (ներկայիս՝ Սարալանջի ճանապարհ), մյուս կողմից՝ մինչև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տարածք։

ret097a.jpg
Երևան, 1950 թվական, լուսանկարը՝ Նեմրութ Բաղդասարյանի անձնական արխիվից

«Մինչև «մութ ու ցուրտ տարիները» Նորքի անտառները 113 հեկտար էին, կային 60-70 սմ տրամագծով ընկուզենիներ, բարդիներ»,— ասում է «Հայանտառի» 1998-2018թթ. գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։

Group 11final.png
«Հայանտառի» 1998-2018թթ. գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյան

83-ամյա Ավո պապը Նորք-Մարաշի հին բնակիչներից է, 1946-ին ընտանիքով Լիբանանից եկել են Հայաստան։ Նա անձամբ մասնակցել է անտառտնկմանը, պատմում է․

«Լաֆետով տնկիները բերեցին, մեզ տվեցին, որ տնկենք։ Մինչև Ջրվեժ տնկեցինք։ Ամեն տեսակ ծառ կար՝ ծիրան, թուզ, շլոր, ակացիա, եղևնի։ Ամեն տարի տնկում էինք։ Սկզբում ջրի կանալը չկար, հետո սարքեցին, հայրս դրա պահակն էր։ Ջուրը խողովակներով գալիս էր, մտնում անտառ։ Մենք կանալի մեջ լողանում էինք։ Մի քանի տարի հետո խիտ անտառ դարձավ, չէինք կարողանում անցնել»։

mm 8133_11zon.jpg
Տնտեսագիտական համալսարանի շենքը՝ Նալբանդյան փողոցում, հետին պլանում Նորքի անտառներն են
Լուսանկարը՝ Նեմրութ Բաղդասարյանի անձնական արխիվից
MHMS02776_11zon.jpg
«Հանրապետական» մարզդաշտից արված լուսանկար, հետին պլանում՝ Նորքի անտառները
Լուսանկարը՝ Նեմրութ Բաղդասարյանի անձնական արխիվից

1994-ին, երբ ավարտվեց էներգետիկ ճգնաժամը, Նորքի անտառներում ծառ գրեթե չէր մնացել։ Անտառի հարևանությամբ ապրողները սկսեցին հողակտորներ վերցնել և մշակել. «Քարերով սահմաններ էինք գծել, բոլորս գիտեինք՝ որը ում տարածքն է, մեկս մյուսի հողատարածք չէինք մտնում։ Պտղատու ծառեր էինք տնկել, բանջարեղեն էինք ցանում»,— պատմում են Սարի թաղի բնակիչները։

Ինչպես մասնատվեց ու մասնավորեցվեց Նորքի անտառը

2002-2003 թվականներին անտառի որոշ հողակտորներ «Հայանտառ» ՊՓԲԸ-ն վարձակալության տրամադրեց տարբեր անձանց՝ գյուղատնտեսական նպատակով օգտագործելու պայմանով։ Պայմանագրերը 10 տարի ժամկետով էին, 1 քմ-ի վարձակալության արժեքը սահմանվեց 12 դրամ։

Group 18final_11zon.png
2002-2003թթ. վարձակալության տրամադրված տարածքները

2004-ին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գրությամբ դիմեց այդ ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին.

«Դատախազությունը պարզել է, որ «Հայանտառ» ՊՓԲ և «Երևանի անտառտնտեսություն» ԴՓԲ ընկերությունների տնօրենները, խախտելով ՀՀ անտառային օրենսգրքի պահանջները, 1990-2003 թվականների ընթացքում կնքել են անտառային ֆոնդի տարածքների վարձակալության 265 պայմանագրեր։ Ըստ էության, հատկացումներն ունեցել են ապօրինի շինություններ կառուցելու երևույթը քողարկելու նպատակ»,— նշված է գրության մեջ։

Պայմանագրերից 146-ով վարձակալվող տարածքները Նորք-Մարաշում են։ Գրության մեջ նաև նշված է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմինները պայմանագրերի գրանցման հարցում միատեսակ մոտեցում հանդես չեն բերել, նույն պայմաններում մի դեպքում գրանցել են վարձակալի իրավունքները, մեկ այլ դեպքում՝ մերժել։

««Հայանտառ» և «Երևանի անտառտնտեսություն» ընկերությունները գործնականում որևէ միջոց չեն ձեռնարկել ապօրինությունները կանխելու համար։ Չեն դիմել դատարան, ինչպես օրենքն էր պահանջում։ Իսկ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը հատկացված չեն եղել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ ապօրինի շինությունները քանդելու համար»,— նշված էր Աղվան Հովսեփյանի վարչապետին ուղղված դիմումի մեջ։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշում է․

«Անտառի՝ հատկապես, Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքը 90-ականներին և դրանից հետո զավթել էին ու շինարարություն սկսել։ Կառուցված շենքերը հնարավոր չէր քանդել, խնդիրը լուծելու, անտառի մի մասն էլ պահելու համար ընդունվեց Կառավարության որոշում»։

Կառավարության 2004 թվականի N910-Ն և 2006 թվականի N1302-Ա որոշումներով գծվեցին Նորքի անտառների նոր սահմանները։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանն ասում է․ «2004 թվականին Անտառային կոմիտեն դեռ ստեղծված չէր, իսկ «Հայանտառ»-ի կարծիքը, մի քիչ կոպիտ կհնչի, բայց հաշվի չէին առնում։ Լինելով պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ Կառավարությունից ստանում էր արդեն պատրաստի որոշումներ, որոնք պետք է կատարեր»։

Group 12final_12_11zon.png
Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյան

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ այն տարիների գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքով՝ Կառավարությունը, հողի օտարման որոշումները կայացնելիս, իրենց հետ չի խորհրդակցել.

«Ես չգիտեմ՝ ով ոնց, ինչ արեց։ Կառավարությունը որոշում ընդունեց։ Միգուցե նախաձեռնությունը գալիս էր քաղաքապետարանից, որովհետև քաղաքապետարանի մարդիկ էին չափչփում, ստուգում։ Հետո ինչ գծեցին, ինչ քարտեզներ արեցին, վերջում տեսանք որոշումը, որ մեր հողը այսքան է, սա պետք է անենք։ Ինչ որոշված էր, մենք դա արեցինք»,— ասում է Ռուբեն Պետրոսյանը։

Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը դիմում է (գրության մեջ տարեթիվ, ամիս, ամսաթիվ նշված չէ) Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին.

«Երևանի քաղաքապետարանը անհրաժեշտ է գտնում որոշակի տեղամասերում կատարել հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, քանի որ այդ տարածքներում առաջացել է անշարժ գույք, որոնց զգալի մասը պետական գրանցում է ստացել, իսկ տարածքների հետագա քաղաքաշինական կարգավորումը հնարավոր է միայն հողերի բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգելուց հետո։

Միևնույն ժամանակ, հեռուստակենտրոնի շրջակա տարածքներում, հաշվի առնելով տեղանքի խիստ թեքությունը և հեռուստաաշտարակի էլեկտրոնային ճառագայթման գոտին, առաջարկվում է կատարել անտառի վերականգնման անհետաձգելի աշխատանքներ` կանխելով հետագա հնարավոր հողազավթումները և որոշ չափով վերականգնելով նախկինում կատարվածները»։

2004-ի Կառավարության որոշմամբ անտառային նպատակային նշանակության հողերից առանձնացվում և բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ է ընդգրկվում 46,5 հեկտար հողամաս։

2005-ին վարձակալները դիմում են Երևանի քաղաքապետարան՝ հողի գնման նախապատվության իրավունք ստանալու համար, քանի որ իրենց վարձած անտառային հողն արդեն բնակավայրային նշանակության հողերի կատերգորիա էր ստացել։ Այս պայմաններում էր միայն հնարավոր գնել, սեփականաշնորհել վարձակալած հողը։ Հայաստանի օրենսդրությամբ անտառային հողերը սեփականաշնորհման ենթակա չեն, արգելվում է դրանց վաճառքը։ 2003-2009թթ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշումներով դիմումները բավարարվում են։

Group 14final_14_11zon.png
Քաղաքապետարանի 31․08․2005թ․ N1855-Ա որոշման հավելված․ 50,7հա և 6հա պահպանել են անտառային նպատակային նշանակությունը, իսկ 32,8հա և 13,7հա փոխադրվել են բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ

Կառավարության 2006-ի N1302-Ա որոշմամբ Նորք-Մարաշի անտառային հողերից 19,2 հեկտարը, որից 4,2-ը՝ Նորքի անտառներից, որակվում է «անտառապատման և անտառվերականգնման համար ոչ պիտանի»։ Դրանց տրվում է նոր նշանակություն՝ բնակավայրային։

Որոշմանը կցված տեղեկանքի համաձայն՝ Նորք-Մարաշում 17,4 հա հողամաս զբաղեցնող 82 հողօգտագործող իրականացրել են ապօրինի կառուցապատում, իսկ 34 հողօգտագործող՝ կապիտալ շինարարություն։

2006-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը Գյուղատնտեսության նախարարին գրություն է ուղարկում, նշելով, որ 2004 և 2005 թվականներին Նորքի անտառային նշանակության հողերում հողազավթումների և ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ դրանց թիվը զգալի աճել է: Մանուկ Վարդանյանը եզրակացնում է որ, այդ աշխատանքները կասեցնելու կամ օրինական դաշտ բերելու որևէ միջոցառում չի իրականացվել։

Group 15final_15_11zon.png
Կառավարության՝ 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1302-Ա որոշման հատակագիծ-սխեման. 4,2հա փոխադրվել է բնակավայրերի նպատակային նշանակության դասակարգման մեջ

Կառավարության 2004-ի որոշմամբ՝ Գյուղատնտեսության նախարարին հանձնարարվում է հեռուստակենտրոնի շրջակա 56,7 հեկտար անտառազուրկ տարածքում անտառի վերականգնման ծրագիր իրականացնել։

Ռուբեն Պետրոսյանը պատմում է, որ «Հայանտառին» մնացած տարածքը իրենք ցանկապատել են, ոռոգման համակարգ կառուցել, ծառեր տնկել ու խնամել։

Թղթի վրա մնացած կրթահամալիրը

Բացի վերը նշվածից՝ Կառավարության թույլտվությամբ՝ Քաղաքապետարանի 2005-ի որոշմամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը 99 տարի ժամկետով վարձակալության է տրվում 1,5 հա մակերեսով հողամաս՝ հեռուստաաշտարակին հարող տարածքից։ Այնտեղ պետք է կառուցվեր կրթական կենտրոն-համալիր։ Շինաշխատանքների առաջին փուլը 4 տարում չավարտելու դեպքում պայմանագիրը կարող էր չեղարկվել։

2005-ին ՀԲԸՄ-ը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ հողի գնման նախապատվության իրավունք ստանալու համար։ Երվանդ Զախարյանի՝ N1652-Ա որոշմամբ դիմումը բավարարվում է։

2006-ին ՀԲԸՄ-ը գնում է այդ հողամասը, բայց կրթական համալիրը մինչ այսօր այդպես էլ չի կառուցվում։ Մեր հարցմանը Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ շատ զբաղված են։

Group 17final_11zon.png
ՀԲԸՄ տրամադրված 1,5 հա հողամասը

Անտառի նոր տերերը

Քաղաքապետարանի ենթակայության տակ անցած, անտառից առանձնացված 46,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը վաճառվել են տարբեր անձանց։

Սիվիլնեթը պարզել էր, որ այդ անձանց ցանկում կան պաշտոնյաներին փոխկապակցված անձինք։ Նրանցից մեկը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայրն էր՝ Հենրիկ Նազարյանը։ 2003-ին նրան վարձակալությամբ տրամադրվել էր 4000 քմ հողամաս, հետո այն օտարվել է, իսկ հետագայում Նազարյանները վաճառել են այդ տարածքը։

Վարձակալների շարքում է նաև Տիգրան Ղալումյանը․ նրան է տրամադրվել 1500 քմ մակերեսով հողամաս։ Ղալումյանը Երևանի նախկին քաղաքապետ, այդ տարիներին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի շրջապատից է։

Նորքում 4000 քմ մակերեսով հողամաս ունի «Ասաշին» ՍՊԸ-ն։ Ընկերության սեփականատերը Ասատուր Ասատրյանն է։ Նա ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։

«Ասաշինի» հողատարածքից քիչ հեռու Հայկազ Հակոբյանի տարածքն է՝ 1118 քմ մակերեսով։ Նա նախկինում աշխատել է նույն Նորք-Մարաշի թաղապետարանում։

2003-ին Երևանի քաղաքացի Լենա Շագոյանը «Հայանտառ» ՊՓԲԸ-ի հետ կնքել է վարձակալության պայմանագիր, որի համաձայն 10 տարով քաղաքացուն է տրամադրվել անտառապետության տարածքից 0,24 հա (2400քմ) «անօգտագործելի հողատարածությունը»։ Կառավարության՝ 2004-ի N910-Ն որոշումից հետո՝ 2005-ին, 76-ամյա Լենա Շագոյանը տարածքը գնել է քաղաքապետարանից՝ 31,7 մլն դրամով։ Օտարումից օրեր անց՝ մայիսի 17-ին, այն վաճառել է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, այդ ժամանակ՝ պատգամավոր Լևոն Մկրտչյանի եղբայր Վահագն Մկրտչյանին՝ մոտ 31,5 մլն դրամով։

Տարածքը գնելուց կարճ ժամանակ անց Վահագն Մկրտչյանը սկսել է առանձնատան կառուցումը։

Մանրամասները՝ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներ

Անտառագետ, Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը ասում է. «2001-ի ընդունված Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածը սահմանում է․ «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս տարվա ընթացքում, Կառավարության որոշմամբ առանձնացվում և հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին»:

Անտառային օրենսգրքում (2005թ․) հստակ գրված է․ «Պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին»։

Բայց Կառավարությունը 2006-ին ընդունում է որոշում հողերի կատեգորիան փոխելու մասին, և 2009-ին՝ որոշում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով Երևան համայնքին փոխանցելու մասին։

Դա հակասում է անտառային օրենսգրքին, ինչպես նաև միջազգային համապատասխան հիմքերին, որոնցով սահմանվում է, որ մշտական անտառային հողերը (permanent forest estate) ենթակա չեն օտարման։ Կառավարությունը վերցրել և հողային օրենսգրքում փոփոխություն է արել»,— նշում է Այսեր Ղազարյանը։

Group 13final_13_11zon.png
Բնապահպանության նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյան

Վերը թվարկածով Նորքի անտառների պատմությունը չի ավարտվում։ Քննչական կոմիտեի՝ այս տարվա մայիսին տարածած հաղորդագրության համաձայն՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը գործընկերների միջոցով 2017-2021 թվականներին խարդախությամբ հափշտակել է մոտ 4 մլրդ դրամ արժեքով՝ Երևանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող 13 հողամաս: Այդ հողամասերից մոտ 7,7 հեկտարը Նորք-Մարաշի Գ. Հովսեփյան փողոցին հարող տարածքի անտառային նպատակային նշանակության հողերից է։

Մեզ հաջողվեց պարզել, որ կադաստրի աշխատակիցը Գարիկ Մհերյանն է, որը 2009-2011 թվականներին զբաղեցրել է Կոմիտեի աշխատակազմի՝ Էրեբունու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման բաժնի 1-ին կարգի մասնագետի, իսկ 2013-2014 թվականներին՝ Կոմիտեի աշխատակազմի Երեւանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնները։ Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի՝ 2014 թվականի N 67-Ա հրամանի համաձայն՝ Գարիկ Մհերյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքը

2015-ին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսում են կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար:

Հանրային հեռուստաընկերության տաղավարի կառուցման համար խիստ անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը։

Կառավարության՝ 2015-ի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հետ է վերցվում Գ. Հովսեփյան 80 հասցեում գտնվող 1.4 հեկտարը՝ 225 մլն դրամ գնահատված շուկայական արժեքով, և ներդրվում է Հանրային հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում: Այս որոշումից հետո Նորքի անտառների մակերեսը դառնում է 55,3 հեկտար։

Group 16final_11zon.png
Հանրային հեռուստաընկերությանը տրամադրված 1.4 հա հողամասը
Screenshot 2023-08-18 at 09.47.00 Large.png
Հանրային հեռուստաընկերության նոր մասնաշենքը։ Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերության պաշտոնական էջից

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերությունից հայտնեցին, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տրամադրված հողամասի մոտ 20%-ն է միայն ծառապատ, և հեռուստաստուդիայի կառուցապատման նպատակով անհրաժեշտ կլինի հատել մինչև 200 ծառ: Հեռուստաստուդիայի կառուցապատման, բարեկարգման և կանաչապատման ծրագրով նախատեսվում է այս տարածքում տնկել ավելի քան 300 ծառ:

Անտառի չվերականգնումը

Նորքի անտառներում վերջին անգամ ծառատունկ կազմակերպվել է 2004-ին՝ հեռուստաաշտարակին հարակից 45 հա տարածքում։ Հետագայում կատարվել են խնամքի աշխատանքներ, ինչը ենթադրում է անտառի ոռոգում և խոտհունձ։ Ամեն տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Երևան» ՋՕԸ-ի միջև կնքվում է ոռոգման պայմանագիր։ Այս մասին մեր հարցազրույցներում ասել են և՛ «Հայանտառի» նախկին ղեկավարի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը, և՛ Անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։

2019-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շուտով կսկսվեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող՝ ամայի տարածքների անտառապատման աշխատանքները։ Այդ լուրն իր էջում տեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով՝ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը»։ Անտառը ոռոգելու ծրագիրը ներառվեց 2019 թվականի՝ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցում, որտեղ գրված է. «Կառավարությունը սկսել է Երևանի «Նորքի անտառների» տարածքում 45 հեկտար անտառի վերականգնման միջոցառումների ծրագիրը»:

Անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի խոսքով՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի, նաև այլ պատճառներով ոչ մի ծրագիր չեն իրականացրել, բայց առաջիկայում իրականացնելու են։ Բայց թե ի՞նչ ժամանակացույցով և ինչպիսի՞ աշխատանքներ՝ պարզ չէ։

Շրջակա միջավայրի նախարությունից տեղեկացանք, որ Նորքի բարձունքին՝ հեռուստաաշտարակին հարակից 45 հեկտար տարածքում, կաթիլային ոռոգման համակարգ է ներդրվելու։ Դրա նախագծան փաստաթղթերը կազմելու նպատակով 2019-ին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 6 մլն. դրամ և պայմանագիր է կնքվել Անտառային կոմիտեի և «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ի միջև՝ նախագծման փաստաթղթերը կազմելու համար։ Դրանից հետո պետք է անցկացվեր կաթիլային ոռոգման համակարգը․ նախնական հաշվարկներով՝ անհրաժեշտ էր լինելու մոտ 120 մլն դրամ։ Սակայն «Ինշուրանս սերվիս» ՍՊԸ-ն որևէ աշխատանք չի կատարել, իսկ Անտառային կոմիտեն հայց է ներկայացրել դատարան՝ պայմանագրով նախատեսված տուգանքի գումարը «Ինշուրանս սերվիսից» բռնագանձելու համար։

2020-ից առ այսօր դատական գործի վերաբերյալ չկա ոչ մի որոշում։ Դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է։ Պարզաբանում ստանալու համար հարցում ենք ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն։ Ըստ նախարարության՝ կաթիլային ոռոգման համակարգի նախագծային փաստաթղթերի կազմման նոր մրցույթ անցկացնելու հարց չի քննարկվում։ Դրան կանդրադառնան դատավարության ավարտից հետո։

Group 2final_2_11zon.png
Անտառի ոռոգումն իրականացվում է խողովակներով

Վարձակալության նոր պայմանագրեր

Անտառային հողերը վարձակալության տրամադրելու գործընթացը շարունակվում է նաև հիմա։ 2022-ին «Հայանտառը» Նորքի անտառներում գտնվող 2 հեկտար հողամաս վարձակալության մրցույթով տրամադրել է մի քաղաքացու՝ Կարեն Մաղաքյանին։ Հանգստի և զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրված հողմասի վարձակալության գինը սահմանվել է տարեկան 2.8 միլիոն դրամ, վարձակալության ժամեկտը՝ 30 տարի։ Կարեն Մազաքայանը Արմավիրի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով վարչության պետ Գոռ Հովհաննիսյանի աներոջ թոռն է։ Կարենը 22 տարեկան է։

«Հայանտառը» նույն տարում ևս մեկ հողամաս վարձակալության տրամադրելու մրցույթ է անցկացրել, սակայն հաղթող ճանաչված «Նորք Պանորամա» ՍՊ ընկերությունը հետագայում հրաժարվել է վարձակալության պայմանագիր կնքելու իր իրավունքից։

«ՊՈԱԿ-ը ամբողջովին չի ֆինանսավորվում պետական բյուջեից, սեփական ծախսերի մի մասը ինքնուրույն է հոգում։ Դրանից բացի, վարձակալները ավելի սրտացավ են դառնում, եթե տարածքն իրենցն է․ ներդրումներ են անում, աշխատատեղեր ստեղծում, ապահովում լրացուցիչ եկամուտներ։ Հիմնական շինության կառուցումը արգելվում է։ Եթե առանց խախտումների լինի, դա միայն դրական կանդրադառնա անտառի և նրա պահպանության վրա»,— ասում է Անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։

Պաշտոնյայի խոսքում բանալի բառը «եթե»-ն է՝ «եթե առանց խախտումների լինի․․․» Արուսյակ Սիրադեղյանը բացառում է 2003-ի սցենարի կրկնությունը, երբ նախ տարածքը վարձակալության տրվեց, հետո փոխվեց հողի նշանակությունը, և այն վաճառվեց։

Group 3final_3_11zon.png

2004-ից առ այսօր Կառավարության տարբեր որոշումներով Նորքի անտառներից բնակավայրային նշանակության է փոխադրվել 53,6 հեկտարը, պահպանված անտառային նշանակության 55,3 հեկտար տարածքի վրա նույն 2004-ից հետո անտառտնկման աշխատանք չի կատարվել։

Ձևավորումը՝ Աստղիկ Հովհաննեսովի

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Ուսանողներ

Ջուլիետտա

Հովհաննիսյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան