ՏեքստՀուլիս 2/2026

Աշխարհով մեկ՝ հետ դեպի տուն

Հոնկոնգ, Լիբերիա, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Թունիս, Բանգլադեշ, Վաշինգտոն, Տանզանիա, Իրան․ Նունե Հովհաննիսյանի 20 տարվա աշխատանքի աշխարհագրությունն է սա։ Սովետի փլուզումից հետո աշխատել է ՄԱԿ-ում, պտտվել աշխարհով մեկ ու վերադարձել սեփական հող ու ջրին։

zoom

— Ինչպե՞ս ընտրեցիք այս ուղին։

— Ամեն ինչ սկսվեց, երբ 32-33 տարեկան էի ու մտածում էի՝ է՞ս էր կյանքը, վերջացա՞վ։ Երեխեք բերեցի, մեծացրի, սովորեցի, ինչ-որ գործի անցա, որը էլ չկա, ու վե՞րջ։ Լճացում էր։ 90-ականներին նախագծային ինստիտուտում էի աշխատում, էնքան նախագծեր էինք արել, բայց բոլորը շարված էին դարակներում։ Սովետը փլուզվել էր, ոչինչ չէր կառուցվում։ Ու մաման էդ ժամանակ լսում է Հայկազյան համալսարանի մասին. «Փորձի, կարող ա մի բան ստացվի»։ Առանց պատրաստվելու TOEFL-ի քննություն հանձնեցի ու ընդունվեցի։ Բիզնես կառավարում սովորեցի։ Էդ թվերին, պատկերացրու, մեր ռեկտորը ԱՄՆ-ից կնոջ հետ եկել էր Հայաստան։ Ինչ-որ բաներ էր գրում գրատախտակին՝ supply, demand (առաջարկ, պահանջարկ)։ Սովետից նոր ենք դուրս եկել. ինչ տաք, supply է։ Ռեկտորս մի օր ասաց. «Ես ձեզ գցում եմ ջուրը, ով սովորի լողալ, դուրս կգա, ով չէ, կմնա»։

— Ինչպե՞ս սովորեցիք լողալ։

— Երբ փոքր էինք, մաման դահուկները դնում էր մեր ուսերին, ասում էր՝ քայլեք։ Հոգնում էինք, դժգոհում էինք, ասում էր. «Չեք գալիս, մի եկեք. ես գնացի»։ Երևի կամքս էդտեղ կոփվեց, սովորեցի «լողալ»։

Պապան հիմնականում զբաղված էր գիտությամբ։ Ես մտածում էի՝ ինչքան լավ կլիներ, որ ինքն էլ գար, չորսով լինեինք։ Ու մտածում էի, որ միգուցե ինձ մոտ ստացվի ունենալ ընտանիք, որում բոլորս կգնանք դահուկ քշելու։

— Ստացվե՞ց։

— Ես հանդիպեցի իմ ամուսնուն Ծաղկաձորում։ Դահուկ էր քշում։ Մոտեցավ, ծանոթացանք։ Ու մի օր էլ ամուսնացանք։ Բայց հետո մեր ճանապարհները տարանջատվեցին. ես գնացի սովորելու, ինքը դրանից մեծ ողբերգություն սարքեց։

— Ի՞նչ էիք զգում։

Մեծ դժվարություն էր, բայց պայքար էր կյանքի համար. հո չէ՞ի գնալու, ծնողներիս ասեի՝ գումար տվեք, հաց առնեմ երեխեքիս համար։

— Ինչպե՞ս ընդունվեցիք ՄԱԿ-ում աշխատանքի։

— Ուսումն ավարտելուց հետո տեսնում էի մեքենաներ UNHCR-ի լոգոյով, մտածում էի՝ տեսնես սա ի՞նչ կազմակերպություն է, ի՞նչ են անում։ Շատ էի ուզում էնտեղ հայտնվել։ Մի օր տեսա, որ ազատ հաստիք ունեն։ Դիմեցի։ Առաջարկեցին քարտուղար-թարգմանիչ աշխատել։ Որոշ մարդիկ ձեռ էին առնում, ասում էին՝ ընդամենը քարտուղար ես։ Իսկ ես ուրախ էի, որ ընկել եմ էնտեղ։ Երբեք չեմ վախեցել ցածրից մի բան սկսել։

— Հայաստանում որքա՞ն աշխատեցիք, ի՞նչ էիք անում։

— Հայաստանում մնացի մոտ տասը տարի։ Ադրբեջանից եկած հայերի համար էինք աշխատում, տներ էինք կառուցում։ Շատ-շատ սիրում էի իմ աշխատանքը, բայց մի օր զգացի՝ արդեն հոգնել եմ։ Դիմեցի միջազգային աշխատանքի։ Ամուսնուցս բաժանվեցի․ չէր թողնում աշխատել ու սովորել։ Բայց հիմա կապ ունենք։ Դե թոռները կան, երեխեքը կան, ինքն էլ պապիկ է, օգնում եմ բժշկական խնդիրներում։ Մի կողմից լավ է, որ ո՛չ ես նոր ընտանիք ստեղծեցի, ո՛չ՝ ինքը։

— Չէ՞իք ուզի։

— Մտածում եմ, որ եթե մի անգամ վառվեցիր, էլ երկրորդ անգամ չես վառվի։

— Թե՞ գործը էնքան էր վառում Ձեզ, որ հերիք էր։

— Հա, գործը շատ-շատ մեծ նվիրվածություն էր պահանջում․ ես սիրում էի իմ գործը։

— Դիմեցիք միջազգային աշխատանքի։ Կպատմե՞ք առաջին գործուղումից։

— 2000-ականներին պետք է երեք ամսով գնայի Աֆրիկա՝ Սիերա Լեոնե՝ որպես դաշտային օգնական (field assistant)։ Գնացել էի կարիքների ուսումնասիրության. ինչ մարդիկ են, ինչով են զբաղվել նախկինում, ինչ կարող են անել հիմա։ Քաղաքացիական պատերազմից հետո եմ գնացել ու տեսել եմ մարդկանց՝ կտրված ոտքերով ու ձեռքերով, տաք պլաստմասսան ականջների ու աչքերի մեջ լցված։

— Ի՞նչ ռիսկով գնացիք։ Գիտե՞իք՝ ուր էիք գնում։

— Ինֆորմացիա չկար առանձնապես, կապ չկար, մի խոսքով՝ չգիտեիր՝ ուր ես գնում, ինչ է քեզ սպասում։

— Ի՞նչ հետաքրքիր դեպք է պատահել Ձեզ հետ Աֆրիկայում։

— Երեխաներն ուզում էին սպիտակ լինել․ իրենց ներկում էին սպիտակ կավիճով, որ սևը սպիտակ երևա։ Հետո, երբ տեսնում էին սպիտակ մարդու, մտածում էին՝ կավիճ է քսել իր վրա։ Հիմա էդ երեխեքը մոտեցել են ինձ ու փորձում են կավիճը մաքրել։ Ու չի ստացվում։

zoom
Լուսանկարը՝ Նունեի անձնական արխիվից. Սիերա Լեոնե, հունվար, 2000 թ․

— Ի՞նչ եք տեսել, որ տուրիստը չէր տեսնի։

— Աֆրիկայից առաջին տպավորությունը ցնցող էր։ Երբ օդանավակայանից գալիս էինք հյուրանոց, ճանապարհին ինչ ասես չտեսանք։ Մարդիկ ամեն ինչ դրսում էին անում՝ լողանալուց սկսած, մազ կտրելուց, սափրվելուց վերջացրած։ Ի վերջո հասանք մի շքեղ հյուրանոց։ Ապշեցուցիչ էր աղքատության մեջտեղում էդ կոնտրաստը։ Նույն քաղաքն է, ուղղակի էդ մասը ցանկապատված է, դու՝ ոսկե վանդակում։ Ոտքդ որ դուրս գցեցիր, լրիվ ուրիշ կյանք է։

— Մտածելակերպի ի՞նչ փոփոխություն բերեց Աֆրիկայում փորձառությունը։

Ինչքան քիչ ունես, էդքան երջանիկ ես։ Սիերա Լեոնեում մտածում էի՝ մարդիկ ձեռք չունեն, ոտք չունեն, աչք չունեն, ականջ չունեն։ Բայց երջանիկ են, գնահատում են էն քիչը, էն փոքրը, որ ունեն, կյանքը վերջիվերջո։

— Իսկ Դուք ի՞նչն էիք գնահատում։

— Որ կյանք ունեմ, որ ապրում եմ։ Գիտես, իրենք կտրում էին ջունգլիները, որ իրենց տները կառուցեն։ Ես իրենց կողքին էի, օգնում էի, ասում էի՝ էստեղ կտրեք, էսպես կտրեք։ Մտածում էի՝ բա որ էս մարդիկ բարկանան, շուռ գան ու էդ գործիքով իմ վիզը թռցնեն։ Ամեն օրվա վերջում գնահատում էի, որ ողջ մնացի։

— Իսկ Դուք չէ՞իք ընկերացել իրենց հետ։

— Բարեկամաբար էի վերաբերվում։ Պիտի մտնես իրենց իրավիճակի մեջ։ Մտնում էի իրենց սարքած տները, տեսնում էի՝ ոնց են սարքել, ոնց են ապրում։ Պիտի սիրես քո գործը ու մարդկանց, ու ամեն ինչ անկեղծ լինի։ Բայց ես փորձում էի շատ ուշադիր լինել. եթե աֆրիկացին աֆրիկացուն նկատողություն աներ, նորմալ էր ընկալվում, բայց երբ սպիտակն էր սևին փորձում ուղղություն տալ, լրիվ այլ կերպ էր հասկացվում։

— Եղե՞լ են այլ դեպքեր, երբ գործը վտանգավոր է եղել Ձեզ համար։

— Հոնկոնգում էր։ Մարդիկ Պակիստանի ու Հնդկաստանի կոնֆլիկտից հետո մնացել էին առանց որևէ պատկանելության ու ինչ-որ կերպ հասել էին Հոնկոնգ։ Եկել էին հարցազրույցի, որ մենք հասկանանք՝ ինչ կարող էինք իրենց համար անել։ Երբ ասում էի՝ մենք Ձեր գործով զբաղվում ենք, սպասեք, ժամանակ է պետք, իրենք համբերությունից դուրս էին գալիս, դուռը փակում էին ու մնում հարցազրույցի սենյակում։ Սպառնում էին, որ ինքնասպան կլինեն։

Հա, իսկ Սուդանում իրենք արդեն առանձնացել էին Հարավայինի ու Հյուսիսայինի միջև։ Հարավային Սուդանում ասֆալտի ճանապարհներ ու տներ էինք կառուցում։ Կյանքը կարծես կարգավորվում էր։ Բայց մի օր արթնացանք ու իմացանք, որ հիմա էլ քաղաքացիական պատերազմ են սկսել։ 2013 թիվն էր։ Գետերով դիակներ էին գնում։ Մեզ էվակուացրին։

— Վախեցե՞լ եք։

— Գիտե՞ս, ավելի շատ ափսոսանք էր, որ դու էսքան բան արեցիր, որ մարդիկ լավ ապրեն, իսկ հիմա զարթնում ես ու իմանում, որ ինչ արեցիր՝ ինֆրաստրուկտուրա, դպրոց, ջուր, ամեն ինչ քանդվեց։ Ու դու սկսում ես գնահատել լույսը, արևը, ծաղիկը, երկինքը։ Թվացյալ պարզ բաները, որ էսօր կան, ու մի վայրկյանում կարող են չլինել։

zoom

— Ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ նման վտանգավոր իրավիճակներում։

— Չէի ասի, որ ինքնավստահ ես լինում, որովհետև ամեն իրավիճակ իր առանձնահատկությունն ունի։ Բայց երևի կարողացել եմ դուրս գալ էդ իրավիճակներից, ի վերջո 30 տարի դիմացել եմ։

— Եղե՞լ է, որ ասեք՝ «Վերջ, սա իմ համար չէ»։

— Իհարկե եղել է։ Ասել եմ՝ ինչքա՞ն կարելի է։ Հիասթափվել եմ մարդկանց վարքագծից։ Ժնևից պատվիրակություն էր եկել, ղեկավարներից մեկը ինձ ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ հիասթափվել եմ։ Դու էդ մարդուն մեծացրե՞լ ես, դաստիարակե՞լ ես։ Պետք է ուղղակի փորձես այդ իրավիճակում քամին բռնել, առաջ գնալ»։ Առհասարակ մեծ փորձով գործընկերներս օգնել են ծանր վիճակից, հոգեբանական պայքարից դուրս գալ։

— Հատկապես ի՞նչն էր ծանր, ինչի՞ դեմ էիք պայքարում։

— Սկզբունքներիս, մտածում էի՝ ինչ-որ մի բան պետք է էդպես չլիներ, էդ ուղով պիտի չգնար։ Օրինակ՝ տների կառուցումը էդ տեղում պիտի չլինի, որովհետև էդտեղ էդքան էլ անվտանգ չէ։ Բայց ուրիշ տեղ չի հատկացվել, ու ստիպված էդտեղ ես կառուցում։ Ես ավելի իդեալիստական մոտեցումներ էի դրսևորում, իսկ էնտեղ դիվանագիտական մոտեցում էր պետք։

— Ո՞րն էր Աֆրիկային հաջորդած կանգառը։

— Հոնկոնգի համար ես ստացա երկու տարվա առաջարկ։ 2008 թիվն էր։ Ոնց որ լինեի ֆանտաստիկ ֆիլմում։ Էստեղ դեռ լարային հեռախոսներ էին, իսկ էնտեղ աշխատանքի էի գնում նավով, որում կար WiFi։

Հոնկոնգի բնակչությունը 7-8 միլիոն էր, իսկ շաբաթ-կիրակի դառնում էր 15-16 միլիոն։ Բայց լավ էր, որ գտա տեղացիների մի փոքրիկ խումբ։ Միասին գնում էինք լուսաբաց դիմավորելու, լողալու, հետո՝ աշխատանքի։ Էդ էր ինձ պահում, էներգիա տալիս, թե չէ դժվար էր մենակությունը, որտեղ կողքդ բոլորը բլբլում են, իսկ դու ոչ մի բան չես հասկանում։ 9 ամիս հետո, երբ վերադարձա Հայաստան, սիրտս թպրտում էր։

— Ի՞նչ է վերադարձը։

— Վերադարձին կայունություն ես զգում, արմատներդ հողի մեջ ես զգում։ Դրսում ամեն շքեղություն, ճոխություն կողքդ կա, դու էլ առանձնապես խնդիր չունես, բայց քեզ զգում ես օդում կախված։

— 20 տարվա մեջ այդ զգացողությունը, միևնույնն է, կա՞ր։

— Ամեն տեղ։ Հիմա որ հարցնում են՝ որտե՞ղ կուզենայիր ապրել, ասում եմ՝ միայն Հայաստանում, որ հող ու ջրիդ կպած զգաս։ Գնալ-գալը լավ է, դրական է ազդում, հարստանում ես գիտելիքներով, զգացողություններով։ Բայց ապրել՝ չէ, ես չկարողացա, թեկուզ ամբողջ ընտանիքս հետս լիներ, միևնույնն է, չէր օգնի։

— Ինչպե՞ս են արտահայտել իրենց շնորհակալությունն այն մարդիկ, ում օգնել եք։

— Ադրբեջանից փախստականներն ապրում էին Նորքում՝ «Անահիտ» պանսիոնատում։ Տերն ուզում էր վերանորոգել տարածքը, ու մենք շենք կառուցեցինք։ Բայց մարդիկ չէին համաձայնում տեղափոխվել․ հեռու էր։ Բանակցությունների արդյունքում տեղափոխվեցին։ Մոտ 10 տարի հետո մեկը վազելով գալիս-փաթաթվում է ու շնորհակալություն հայտնում. «Հիշո՞ւմ եք ինձ, մենք չէինք ուզում տեղափոխվել։ Էդ ի՜նչ լավ բան արեցիք, որ կարողացաք մեզ հասկացնել, որ մեզ համար լավ կլինի»։

Հայաստանում ուրիշ ձև էի աշխատում, երբ գիտեի՝ ազգակիցներիս համար եմ աշխատում։ Էստեղ ամեն մեկի կյանքով ապրում էի, ամեն մեկի պատմությունը գիտեի, ամեն մեկի հոգսը ոնց որ իմ հոգսը լիներ։

— Ի վերջո կընտրեիք այսքան երկրներում ապրած ու աշխատած կյա՞նքը, թե՞ Հայաստանում ընտանիքի հետ դահուկ քշելը։

— Իդեալական կլիներ, որ երկուսն էլ լիներ։ Բայց իդեալական չի լինում։ Քո ցանկությունները մի բան են, իրականությունը՝ մեկ այլ բան։ Չգիտեմ, որ էդպես լիներ, ո՞նց կլիներ։ Երևի ամեն դեպքում ձանձրալի կլիներ։ Ոնց եղել է, էդ է ճիշտը։

Հեղինակ՝

Ուսանողներ

Սոնա

Խարազյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան