officials-salaries
ՏեքստԴեկտեմբեր 3/2022

Որքա՞ն կբարձրանա բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը

Նոյեմբերի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկեց 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը։ Ըստ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի՝ 2023 թվականին պետական և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ։ 2014 թվականից սկսած սահմանվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրույքաչափերի հաշվարկման գործակիցները։ Պետական պաշտոն զբաղեցնող անձի աշխատավարձը որոշվում է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված գործակցի արտադրյալով։

Հետք Մեդիա Գործարանը որոշեց պարզել, թե որքան կկազմի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը (հարկերը ներառյալ)։

Համաձայն այս փոփոխության՝ ՀՀ նախագահի աշխատավարձը 1 322 800 դրամից կդառնա 1 644 000 դրամ (բազային աշխատավարձը` 83200X20 դրույքաչափի գործակից), իսկ վարչապետինը և Ազգային ժողովի նախագահինը՝ 1 497 600 դրամ, նախկին 1 190 520 դրամի փոխարեն։

Բարձրաստիճան պաշտոնյաներ (1).png

Սահմանադրական դատարանի նախագահը նախկին 1 058 240 դրամի փոխարեն կստանա 1 331 200 դրամ։ Փոխվարչապետի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կկազմի 1 289 600 դրամ։ Մարդու իրավունքների պաշտպանի և գլխավոր դատախազի աշխատավարձը կդառնա 1 248 000 դրամ՝ նախկին 992 100 դրամի փոխարեն։ Նախարարը կստանա 998 հազար 400 դրամ՝ նախկին 793 հազար 680-ի փոխարեն, ԱԺ պատգամավորը՝ 830 հազար 200 դրամ՝ նախկին 661 հազար 400-ի փոխարեն։ Գլխավոր մասնագետի աշխատավարձը կկազմի 279 հազար 552 դրամ, իսկ առաջատար մասնագետինը՝ 252 հազար 96 դրամ։

Օրենքը սահմանում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը: Սակայն 2019թ․ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով փաստացի կրկնապատկվել են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, ինչից հետո նվազագույն աշխատավարձը երկրում սահմանվեց 68 հազար դրամ։

Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք շատ հաճախ ստանում են նաև պարգևավճարներ, հավելավճարներ և պարգևատրումներ։ Դեռ պարզ չէ՝ նոր փոփոխությամբ պայմանավորված՝ կբարձրանա՞ն, արդյոք, նրանց հավելավճարները և պարգևավճարները ևս։

Գլխավոր լուսանկարը՝ «Հետք»-ի

Հեղինակ՝

Ուսանողներ

Ժաննա

Բեքիրյան

Դասախոս՝

Դասախոսներ

Հայկ

Բեջանյան