ՎիդեոՀոկտեմբեր 17/2024

Ճամպրուկի վրա

Միգրացիոն ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվել է մոտ 115 հազար արցախցի։ 2024-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ՝ նրանցից միայն 5284-ն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ստացել են 3431-ը։

Հայաստանի կառավարությունն իրականացրել և իրականացնում է արցախցիներին օգնելու տարբեր ծրագրեր։ Փորձել ենք պարզել՝ ինչքանո՞վ են դրանք տրամաբանական և նպատակային։

Երաժշտությունը՝ Աշոտ Մանսուրյանի

«Սաղին ասում եմ՝ մի ամսով գնամ փորձեմ։ Ոնց որ ընտելանալու պահով եմ ասում, գնամ, փորձեմ մի ամսով։ Բայց որոշել էի էրեխեքին էլ տանել, որովհետև էստեղ ես մեր ապագան չեմ տեսնում։ Ապրուստի տեսակետից պիտի արդեն ապագան որոշենք, տեսնենք՝ ինչ ենք անում։ Չգիտեմ, օտարությունը ավելի լավ ա, երևի»։

Արցախից տեղահանված Գիտա Խաչատրյանը յոթ ամիս առաջ՝ 2024-ի մարտին մեկնեց Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու։ Գիտան այնտեղ արցախցիների ռեստորանում ժենգյալով հաց է թխում։

«Էն հույսով էինք մնում, որ հետ ենք գնալու, բայց ինչքան տեսնում եմ՝ էդ հույսնել ա մարում։ Էնտեղ, որտեղ ես գնում եմ, ղարաբաղցիները լիքն են։ Քանի որ պետք ա գնամ աշխատանքի, դրսի հետ էդքան շփում չի լինելու։ Ում հետ պիտի աշխատեմ, ինքն էլ ղարաբաղցի է։ Ընդհանուր լեզու կգտնենք»,— պատմում էր Գիտա Խաչատրյանը մինչ գնալը։

Այստեղ մնալու և պետության աջակցությամբ բնակարան ձեռք բերելու մասին 7 ամիս առաջ Գիտան չէր էլ մտածում։

«Դե, եթե ասում են՝ երեք միլիոն են տրամադրելու, մենք էլ հինգ անդամ ենք, չեմ կարծում, որ էդ գնով մենք տուն առնենք։ Շատ դժվար ա»։

Գիտան Հայաստանում ապրում էր 2 որդիների, մոր և հարսի հետ։ Նրա մեկնելուց մեկ ամիս անց երկիրը լքել են նաև որդին և հարսը։

«Փոքրս ասում ա՝ մամա, ես չեմ պատկերացնում մեր տունն առանց քեզ։ Ասում ա՝ կկարոտեմ շատ։ Ասում եմ՝ պիտի սովորեք առանց մամա, ինչքան կարելի ա թևիս տակ ձեզ պահեմ»,— հուզվում էր Գիտան մեկնելուց առաջ։

2023-ի սեպտեմբերին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով Գիտան կորցրել է երկու եղբայրներին։ Տեղահանումից կարճ ժամանակ անց մահացել է նաև Գիտայի հայրը։

«Շատ ծանր ա, շատ։ Ուղղակի էրեխեքը ուժ են տալիս։ Ուժ ա տալիս էն, որ ես պիտի ապրեմ, որ ապրեցնեմ։ Ահագին աչք ինձ ա նայում, ահագին հույսեր ինձ հետ են կապում։ Ստեղ թողնում եմ ախպորս, պապայիս գերեզմանը, Աբովյանում են։ էդ չեմ ներում ինձ, բայց պարտավոր եմ գնալ, որովհետև անելու ահագին գործեր կա»,— ասում էր Գիտա Խաչատրյանը։

2023-ին բռնի տեղահանված ավելի քան 100 հազար արցախցիներից, 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ, Հայաստանից հեռացել և չի վերադարձել ավելի քան 11 հազարը։

Կառավարության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում վարձով ապրում է մոտ 25 հազար արցախցի ընտանիք։ Նրանց սեփական բնակարաններով ապահովելու նպատակով մայիսից մեկնարկել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։

Ծրագիրն իրականացվում է 3 եղանակով։ Արցախցիներին տրամադրվում է բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագիր, անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր, կամ մարվում է նրանց գործող հիփոթեքային վարկը։

Ծրագիրը կազմված է երեք փուլից։

1-ին փուլի դիմումներն ընդունվում են մինչև 2024-ի ավարտը։ Կարող են դիմել 3 և ավելի անչափահաս ունեցող ընտանիքները, որոնք ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները (որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը), ինչպես նաև ցանկացած այլ կազմով ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2024-ի հոկտեմբերի 9-ի դրությամբ ստացել է 1062 դիմում (3641 անձ), որոնցից բավարարվել է շուրջ 30-ը։ Ընտանիքներին տրամադրվել են հավաստագրեր, որոնք դեռևս չեն իրացվել։ Այսինքն, որևէ ընտանիք դեռ բնակարան չի գնել կամ կառուցման գործընթաց չի սկսել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի խոսքով շատ են նաև մերժումները։

«Շատ են մերժումները հիմնականում 2 հիմքով։ Առաջինը ընտանիքի որևէ անդամի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունենալն է։ 2-րդը՝ ընտանիքի որևէ անդամի կամ ամբողջ ընտանիքի՝ նախորդիվ իրականացված բնակապահովման ծրագրի շահառու հանդիսանալու փաստն է»,— նշում է Գայանե Ղարագյոզյանը։

Կառավարության նախաձեռնած բնակապահովման ծրագրին մասնակցող արցախցիների թիվը դեռ փոքր է, դիմումները շատ չեն, բայց նախարարությունում ակնակալում են՝ որքան վերջնաժամկետը մոտենա, դիմողները կշատանան։
Հադրութից տեղահանված Լիաննա Պետրոսյանի կարծիքով՝ ծրագրում, արցախցիների դիտանկյունից, որոշ խնդրահարույց կետեր կան։

«Ծրագիրը մեկնարկել է որպես երկարաժամկետ աջակցություն, սակայն ունի բավականին սահմանափակումներ։ 1-ին հերթին դա քաղաքացիության ընդունման հարցն է, որին ոչ բոլորն են կողմ»,— ասում է Լիաննա Պետրոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից վստահեցնում են, որ Արցախի հարցը քաղաքացիություն ստանալուց հետո չի փակվում։

«Բողոքներն, իհարկե, շատ են, բայց հստակ պետք է հասկանանք մի բան, որ եթե պետությունը ընտանիքին ապահովում է բնակարանով, առնվազն ակնկալում է, որ այդ ընտանիքը կբնակվի այդ երկրում, այդ բնակարանում և կլինի այդ երկրի քաղաքացի։Եթե խոսում ենք մի շարք մարդկանց իրավունքների մասին, պետք է գիտակցենք, որ նրանք ունեն նաև պարտականություններ՝ որպես տվյալ երկրի քաղաքացիներ։ Բոլորս հավասար ենք, ունենք նույն իրավունքները և նույն պարտականությունները։ Դա կարող է վերաբերել ինչպես ընտանիքում արու զավակների՝ երկրի զինված ուժերում ծառայելուն, այնպես էլ աշխատողների հարկը վճարելուն և մնացած բոլոր պարտականություններին, որոնք ունեն տվյալ երկրի քաղաքացիները»,— նշում է Գայանե Ղարագյոզյանը։

Մինչև բռնի տեղահանումը՝ արցախցին ուներ Հայաստանի նույն անձնագիրը՝ 070 կոդով։ 2023-ի հոկտեմբերի 26-ից այդ անձնագրերն անվավեր դարձան։
Բռնի տեղահանումից հետո ի՞նչ ընտրություն ունի արցախցին՝ նորից ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ դրանից բխող պարտավորություններով և իրավունքներով, չընդունել քաղաքացիությունը՝ սպասելով արցախյան հարցի վերջնական կարգավորմանը և հնարավոր վերադարձին հայրենիք՝ Արցախ, մյուս տարբերակը՝ օրինական կամ ապօրինի ճանապարհով տեղափոխվել այլ երկիր ու ստանալ փախստականի կարգավիճակ։

Կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների աջակցության մի շարք ծրագրեր է մշակել և իրականացրել։ Սկզբում յուրաքանչյուրին տրամադրվել է 100 հազար դրամ օգնություն՝ առաջնահերթ կարիքները հոգալու համար, հետո ամսական 40+10 հազար դրամ՝ կեցության ծախսերի հատուցման նպատակով։ Այս տարվա մայիսից Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով պետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրում է 3-5 միլիոն դրամ։

4 կամ 5 միլիոն անձը կստանա, եթե որոշի տուն գնել կամ կառուցել կառավարության առանձնացրած 390 բնակավայրերից որևէ մեկում։ 3 միլիոն՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից։ 2 միլիոն կստանան այն արցախցիները, որոնք ունեն հիփոթեքային վարկեր՝ ձևակերպված մինչև 2024-ի մայիսի 16-ը։

Արցախցիները դժգոհ են աջակցության չափից։ Ասում են, որ դա համարժեք չէ իրենց կորցրածին, հետո էլ՝ այդ գումարով Հայաստանում տուն գնելը կամ կառուցելը գրեթե անհնար է։ Կառավարությունը բացատրում է, որ սա կորցրածի փոխհատուցման ծրագիր չէ, այլ միայն բնակարանային ապահովման օգնություն՝ քաղաքացիություն ստացած արցախցիներին։

«Մենք բոլորին զգուշացնում ենք, որ այս ծրագիրը փոխհատուցում չէ, այսինքն, այն փաստը, թե մեր շահառուները ինչ են կորցրել, ինչ են թողել, որևէ կերպ չի ազդում իրենց հասանելիք աջակցության վրա, և էստեղ բոլորին տրվում է նույն աջակցությունը։ Եթե ընտանիքում անձերի թիվը պակաս է, և գուցե Երևանում կամ երևանամերձ համայնքում, որտեղ աջակցություն 3 միլիոն է, չի բավականացնում, նրանք ունեն ընտրության հնարավորություն Երևանից մի փոքր ավելի հեռու մարզային բնակավայրում ձեռք բերելու անշարժ գույք՝ ավելի բարձր արժողությամբ։Այս ցուցանիշները, իհարկե, էսպես ուղղակի չեն ֆիքսվել, դրանք լուրջ ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա են սահմանվել»,— ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Որքանո՞վ են լուրջ ուսումնասիրություններն ու վերլուծությունները, որոնց հիման վրա կազմվել է արցախցիներին բնակապահովման սերտիֆիկատների բաշխման ծրագիրը․ դիտարկենք Վայոց ձորի օրինակով։

Կառավարությունը Հայաստանում առանձնացրել է 390 բնակավայր, որտեղ տուն ձեռքբերելու կամ կառուցելու համար ընտանիքի մեկ անդամին տրվում է 4 կամ 5 միլիոն դրամ։ Վայոց ձորի մարզում պետությունն առանձնացրել է 44 բնակավայր, որոնցից 22-ում տուն գնելու կամ կառուցելու համար մեկ անձին կտրվի 5 միլիոն դրամ, 22-ում՝ 4 միլիոն։ Բնակավայրերը Վայք, Արենի և Եղեգիս համայնքներում են։ Մեր ուսումնասիրությամբ՝ դրանցից 12-ում չկա գործող դպրոց, 36-ում՝ մանկապարտեզ, 2-ում խմելու ջուր չկա, 35-ում՝ բնական գազ, իսկ առաջարկվող բնակավայրերից 7-ում ընդհանրապես բնակչություն էլ չկա։ Անմարդաբնակ բնակավայրերից 4-ում՝ Ամաղում, Ախտայում, Հորադիսում և Ուղեձորում տուն գնելու կամ կառուցելու համար կառավարությունը հատկացնում 5 միլիոն դրամ, իսկ Արատեսում, Գետիկվանքում և Կալասարում՝ 4 միլիոն։

«Ինչ վերաբերվում է, թե ինչ տրամաբանությամբ են ընտրել բնակավայրերը, այո, այդ 242 և 148 բնակավայրերը, այդ թվում գյուղական բնակավայրերը, որտեղ, ինչպես նշեցի, ենթակառուցվածքների խնդիր կա, այսօր թիրախային են պետության, կառավարության համար, և էնտեղ այս ծրագրին, իհարկե, զուգահեռ իրականացվում, իրականացվել կամ առաջիկայում իրականացվելու են լուրջ ներդրումային, ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ամբուլատորիաներ պետք է կառուցվեն, եթե դեռ չեն կառուցվել ճանապարհները պետք է վերակառուցվեն կամ զրոյից կառուցվեն բոլոր կարգի ենթակառուցվածքներ և այլն։ Այսինքն այս բոլոր բնակավայրերը այսօր համարվում են առաջնահերթ կառավարության տեսանկյունից և էնտեղ իրականացվում են կամ շատ առաջիկայում իրականացվելու են լուրջ ծրագրեր»,— ասում է Գայանե Ղարագյոզյանը։

Գործնականում անհնար է միանգամից 390 բնակավայրում զարգացման ծրագրեր իրականացնել՝ կառուցել դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհաստատություններ, լուծել ջրի խնդիրը կամ ապահով գազով։ Հետևաբար, հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է անի արցախցի ընտանիքը, օրինակ, Վայոց ձորի Ուղեձոր բնակավայրում, եթե որոշի այնտեղ տուն կառուցել։ Կամ պատրաստվո՞ւմ է կառավարությունը Ուղեձորում բնակություն հաստատած մեկ արցախցի ընտանիքի համար վերականգնել այնտեղի բոլոր ենթակառուցվածքները։

«Մեկ այլ խնդիր էլ կա․ որոշ ժամանակ անցել է, տեղահանված անձը 1 տարում ինչ-որ համայնքում, ադապտացվել է, երեխաները ընդունվել են, օրինակ, դպրոց, մանկապարտեզ, ինքն ունի աշխատանք, և 5 միլիոնի համար պետք տեղափոխվի մեկ այլ համայնք»,— ասում է Լիաննա Պետրոսյանը։

Տեսազանգով կապվեցինք Գիտայի հետ՝ իմանալու, թե ինչպես է, ինչով է զբաղվում հիմա, պատրաստվում է վերադառնալ Հայաստան՝ բնակարանային աջակցության ծրագրով բնակարան գնելու կամ տուն կառուցելու։

«Ինչ գործով եկել եմ, դա էլ շարունակում եմ՝ մեր ղարաբաղյան ժենգյալով հացի գործը։ Շատ պատվերներ ունենք, գրաֆիկը շատ խիտ ա»,— պատմում է Գիտա Խաչատրյանը։

Գիտան Հայաստան վերադառնալու մասին չի մտածում։ Ասում է՝ հնարավորություն է ստեղծվել Ռուսաստանում քաղաքացիություն ստանալու և բնակարան գնելու։ Նրան են միացել նաև որդին և հարսը։ Հնարավորության դեպքում Գիտան իր մոտ կտանի ընտանիքի մյուս անդամներին ևս։

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների՝ 2023-ի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված անձանց թիվը շուրջ 115 հազար է։ 2024-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ փախստականի վկայական է ստացել ավելի քան 101 հազարը։ 5284-ը դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ստացել են 3431-ը։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սյուզաննա

Օհանյան

Ուսանողներ

Անի

Բալայան

Ուսանողներ

Միլենա

Գևորգյան

Դասախոս՝

Դասախոսներ

Սեդա

Գրիգորյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան

Թիմ

Անուշ

Մկրտչյան