people-over-65
Ֆոտո պատմությունՓետրվար 21/2024

Կյանքը՝ 65-ից հետո

Ինչո՞վ են զբաղվում տարեցները, ովքե՞ր են հոգում նրանց առողջության մասին և որտե՞ղ է նրանց ժամանցը կազմակերպվում։

Կյանքը 65-ից հետո լի է հիշողություններով, որոնք պատմելու կարիք կա։

Զեմֆիրա

Զեմֆիրա.jpg

Զեմֆիրան արդեն հինգ ամիս բնակվում է Երևանի «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում (նախկինում՝ Թիվ 1 տուն-ինտերնատ)։ Երիտասարդ տարիներին շատ է սիրել լուսանկարվել։ Ամեն մի լուսանկարի համար ինքն իր ձեռքով հագուստ է կարել։

image19.jpg

Որդու կորստից հետո կյանքը կորցրել է գույները։ Երազանքը դերասանուհի դառնալն էր, որը չիրականացավ։

«Հիշողություններով եմ ապրում, միայն դրանք են ինձ սփոփում»,— պատմում է Զեմֆիրան։ Անցյալի մասին խոսելիս աչքերն արցունքոտվում են։ Հայացքի մեջ անկատար երազներն են ու ապրած դժվարությունների հետքերը։

Հրանուշ Մնոյան

Ես բանաստեղծ չեմ և ոչ էլ՝ պոետ,
Լսե՛ք, սիրելի՛ս, խոսում եմ ձեզ հետ,
Խոսում եմ սրտիս իղձից ելնելով,
Մի քանի բառով ես ձեզ դիմելով,
Որպեսզի հիշեք դուք ինձ առհավետ։

81-ամյա Հրանուշ Մնոյանն է բանաստեղծության հեղինակը։ Ծանր կյանք է ապրել։ Երեք որդիները մահացել են։ Տուն-ինտերնատի սենյակը տարեց կնոջ համար դարձել է հարազատ վայր, որտեղ ստեղծագործում է և հյուրեր ընդունում։

Տուն-ինտերնատի շահառու կարող են լինել 65 տարին լրացած կենսաթոշակառուները և 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։

image18.jpg

Պետությունը յուրաքանչյուր շահառուի համար սահմանել է օրական 6200 դրամ։ Այս գումարը նախատեսված է շահառուի սննդի, հագուստի, կեցության ծախսերի, նաև տուն-ինտերնատի աշխատակիցների աշխատավարձերի նպատակով։ Տուն-ինտերնատում բնակվողները ստանում են միայն աշխատանքային կենսաթոշակ՝ ըստ ստաժի տարիների, տարիքային կենսաթոշակը՝ 36․000 դրամը, չեն ստանում, քանի որ գտնվում են պետության խնամքի ներքո։ Հարցը կարգավորվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքի 6-րդ գլխի 39-րդ հոդվածով։

image21.jpg

Երևանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող պետական տուն-ինտերնատները երկուսն են՝ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնը (նախկինում՝ Թիվ 1 տուն-ինտերնատ) և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնը։ 2023-ի սեպտեմբերի վերջին Արցախից բռնի տեղահանված միայնակ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք խնամք են ստանում բոլոր, այդ թվում՝ Երևանի երկու կենտրոններում, որով պայմանավորված՝ «Հաղթանակում» շահառուների թիվը 2024-ին դարձել է 250, իսկ «Նորքում»՝ 235։ Ավելացած շահառուների համար նախատեսվել է հավելյալ խնամող անձնակազմ։

Տուն ինտերնատում բնակություն հաստատելու ընթացակարգը սահմանվում է Կառավարության N 1744-Ն որոշմամբ։ Տարեցը դիմում է Միասնական սոցիալական ծառայության, ինչից հետո սոցիալական աշխատողն իրականացնում է տվյալ անձի և նրա ընտանիքի կարիքների գնահատում։ Կազմվում է որոշում, որի հիման վրա տրվում է տուն-ինտերնատի ուղեգիր, կամ դիմումը մերժվում է։ Որոշման N 1 հավելվածի 40-րդ և 41-րդ կետերով սահմանվում են նաև մերժման հնարավոր պատճառները, օրինակ՝ քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլություն, մաշկային վարակիչ հիվանդություններ։

image13.jpg

Շահառուի ելքն ու մուտքը տուն-ինտերնատից կարգավորվում է անցագրով։ Շահառուն կարող է օրվա ընթացքում կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման, տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով։ Շահառուն կարող է նաև ժամանակավոր դուրս գրվել՝ ընթացիկ տարում մինչև 90 օրացուցային օրով, կամ տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն։ Ժամային միջակայքը սահմանվում է շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին կանոնադրությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին, որ Շուրջօրյա խնամքի կենտրոնից մեկից ավելի օր բացակայել չի կարելի։ Իննսուն օրից ավելի բացակայելու դեպքում անձն այլևս չի համարվում հաստատության շահառու։

Երևանում մասնավոր ծերանոցներ չկան, կան միայն մարզերում։ Ծերանոց բացելու համար հավաստագիր և լիցենզիա հարկավոր չէ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների վարչության պետի տեղակալ Արթուր Կեսոյանի խոսքով՝ տարածք ունեցող ցանկացած մարդ կարող է շուրջօրյա խնամք իրականացնել․ «Պետք է միայն շարժվել N 1744-Ն որոշմամբ սահմանված կարգով»,— մեզ հետ զրույցում ասաց նախարարության ներկայացուցիչը։

Իսկ ի՞նչ այլընտրանք ունեն այն տարեցները, որոնք չեն ցանկանում գնալ ծերանոց։ Տարեցների աջակցության ծրագրեր իրականացնում են նաև հասարակական կազմակերպությունները։

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացնում է տնային խնամքի ծրագիր։ Այն գործում է Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, այս տարվանից՝ նաև Երևանում։ Աշխատող մասնագիտացված խումբը բաղկացած է խնամողից, սոցիալական աշխատողից, բուժաշխատողից և կամավորից։

Սա Հայկական Կարմիր Խաչի ընկերության հիմնական ծրագիրն է տարեցների համար։

Առաջարկվում է նաև վճարովի ամբողջական փաթեթ, երբ տարեցին ամեն օր այցելող է լինում. մի օր բուժաշխատողը, մյուս օրը խնամողը, նաև կամավորը, որ շփվում է շահառուի հետ, օգնում նրան վճարումներ անել, ժամանակ է անցկացնում և զբոսնում նրա հետ։

image16.jpg

Հայաստանում գործում են ցերեկային կենտրոններ, որոնց ծառայություններն իրականացնում են «Առաքելություն Հայաստան», «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները։ Ծառայությունից օգտվում են շուրջ 450 շահառու Երևանում, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում։ Նրանց տրամադրվում է օրական մեկանգամյա սնունդ, իրականացվում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական-խորհրդատվական և կրթաուսումնական ծառայություններ։

Նոր Նորքի տարեցների ցերեկային կենտրոնը պատկանում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին։ Ցերեկային կենտրոնից այս պահին օգտվում է 39 շահառու։

Սիլվան 96 տարեկան է։ Ապրում է ցերեկային կենտրոնին կից կացարանում։ Նա կենտրոնի ամենատարեց անդամն է։ Մկրտվել է մի քանի տարի առաջ։ Հետաքրքրված է ցերեկային կենտրոնի հոգևոր խմբակով, որը վարում է սարկավագը։ Տղան Մարիուպոլ քաղաքում է, այլ հարազատներ չունի։

Սիլվա.jpg

Կորյունը գրքերի հեղինակ է, ստեղծագործում է ցերեկային կենտրոնում։ Խմբակներից հետո մշտապես համակարգչի առջև աշխատում է իր ստեղծագործությունների վրա։

Կորյուն.jpg

Գայանեն ակտիվ անհատականություն է։ Երգում է օպերային երգեր։ Ամեն օր հաճախում է ցերեկային կենտրոն։

Գայանե.jpg

Արզումանը ապրում է մենակ։ Ամեն օր հաճախում է ցերեկային կենտրոն։ Փայտամշակման վարպետ է։

image3.jpg

Ռոզան մասնակցում է ցերեկային կենտրոնի բոլոր խմբակներին ու սիրում է շփվել։

image2.jpg

Հակոբը շատ է սիրում պարել։ Ապրում է հարազատների հետ։

image17.jpg

Սիրանույշը ցերեկային կենտրոնի մշտական այցելուներից է։

image12.jpg

Արթուրը հետաքրքրված է Հայաստանում կապույտ կավով, ունի հետազոտած նյութեր, սիրում է մասնակցել գրական խմբակին։

image20.jpg

Նոր Նորքի տարեցների ցերեկային կենտրոնում ապահովում են տարեցների ամենօրյա ժամանցը։ Գրական և հիշողությունների ակումբներ, հոգևոր խմբակ, հմուտ ձեռքեր, կինեզիոլոգիա, պարեր. սրանք ցերեկային կենտրոնի ծրագրի կարևոր մասն են։

Դասերին հաջորդում են սեղանի խաղերը և սուրճի սեղանի շուրջ զրույցները։ Երեկոյան տարեցները երբեմն այցելում են թատրոն կամ օպերա։

«Առաքելություն Հայաստանը» տարեցների համար իրականացնում է այլ ծառայություններ ևս։ Կարիքավոր տարեցների համար գործում է նաև սոցիալական տան, ճաշարանի, տնային սպասարկման ծառայություն։ Նաև իրականացվում են տնային խնամքի ծրագրեր՝ խնդիրներ ունեցողների համար։

Կյանքը 65-ից հետո չի ավարտվում․ ցանկացած տարիքում մարդ ունի ինքնաարտահայտման և ինքնադրսևորման կարիք։ Ցերեկային կենտրոնի այցելուները գտել են հետաքրքիր ապրելու իրենց ձևը։

Համահեղինակ՝ Ազատուհի Հարությունյան

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արմեն

Ղազարյան

Ուսանողներ

Սյուզաննա

Քանքանյան

Ուսանողներ

Մարիա

Խաչատրյան

Ուսանողներ

Հակոբ

Պապիկյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան