people-with-hiv-aids
Long ReadՀոկտեմբեր 24/2022

ՄԻԱՎ ունեցող անձինք զրկված են պետության խնամքից

«Ահավոր ա, ահավոր ա, որ մարդը տուն–տեղ չունի ու հնարավորություն էլ չունի»,– ասում է տարիներ շարունակ վարձով ապրող, 71–ամյա Սամվել Կոստանդյանը։ 2012 թվականին Սամվել Կոստանդյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Հետազոտություններով պարզվել է, որ ՄԻԱՎ վարակակիր է։

71-ամյա Կոստանդյանն ընտանիք, հարազատներ չունի: Մինչև 2021 թվականի դեկտեմբեր վարակն իր համար ոչ մի խոչընդոտ չի առաջացրել, սակայն ոտքի անդամահատումից հետո, երբ ձեռք է բերել հաշմանդամություն, հայտնվել է սոցիալապես ծանր վիճակում (հեղ. Մեր նկարահանումների ժամանակ անդամահատված էր Սամվելի մեկ ոտքը, սակայն հուլիսի 30-ին բազմակի վիրահատություններից հետո, բժիշկները ստիպված են եղել անդամահատել Կոստանդյանի երկրորդ ոտքը)։

«Մինչև ոտս կտրելը տաքսի էի քշում, աշխատում էի, ամեն ինչ անում էի, որ իմ ծախսերը հոգամ, բայց որ ոտս կտրեցին, էդ տունը հարմար չէր ինձ, չէի կարողանում ոչ մի բանից օգտվել ու էլ վարձն էլ չէի կարող վճարել»,– պատմում է Սամվել Կոստանդյանը։

Նա ստիպված է եղել փոխել վարձակալած տունը շենքի անմատչելիության պատճառով։ Սամվելը ցանկացել է տեղափոխվել ծերանոց, սակայն օրենքը թույլ չի տալիս ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող մարդուն ծերանոցում տեղ հատկացնել։

«Ես հինգ օր ոտս կտրած գնացել եմ սոցապ նախարարության մոտ ցույց եմ արել, որ ինձ մնալու տեղ տան, տեղափոխեն ծերանոց, ասում են՝ դու ՄԻԱՎ-ով հիվանդ ես, օրենքը թույլ չի տալիս ծերանոցում ապրես»,- պատմում է 71-ամյա Կոստանդյանը։

Կոստանդյանը ցանկանում է, որ օրենքում փոփոխություններ կատարեն, որպեսզի ինքը և իր նման շատ մարդիկ կացարան ունենան։

«Թող օրենքը փոխեն, որ մարդկանց կարողանան ծերանոց ընդունեն, որ մարդը մեծ ա ու՞ր գնա, ի՞նչ անի։ Հենա ես հաստատ գիտեմ, որ իմ նման լիքը մարդիկ տուն ու տեղ չունեն ու փողոցում են»,– ասում է նա։

3 օր տևած նստացույցից հետո Կոստանդյանի խնդրին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 1 տարով լուծում է տվել՝ նրան տեղավորելով իրենց ենթակայության տակ գտնվող Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի սոցիալական տանը։

Ժամանակավոր կացարանի տրամադրումն, այնուամենայնիվ, չի երաշխավորում երկարաժամկետ լուծում այս հարցին` օրենսդրական բացթողումների և ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքի պատճառով։

Օրենսդրական բացթողումներ

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ խնամքի տրամադրումն անձին կարող է մերժվել, եթե նա ալկոհոլամոլ և (կամ) թմրամոլ է, ունի վարակիչ հիվանդություն, տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց բուժումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտացված բժշկական հաստատություններում։ Հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը։ Ցանկում ներառված է 34 հիվանդություն, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակը, նաեւ այնպիսիք, որոնք մարդուց մարդուն չեն փոխանցվում, բայց այս դեպքում նույնպես անձը չի կարող օգտվել պետության խնամքից։

Հարցազրույցի մեր խնդրանքին ի պատասխան՝ տարատեսակ պատճառաբանություններ լսեցինք որոշման հին լինելու և համապատասխան մասնագետների բացակայության մասին։ Որոշ կենտրոններ բացեիբաց ասում էին, որ, ելնելով հասարակության ունեցած կարծրատիպային վերաբերմունքից ՄԻԱՎ վարակակիրների նկատմամբ, խուսափում են խոսել, բարձրաձայնել թեման․ կարծում են՝ դա կարող է բացասական ազդեցություն թողնել իրենց կառույցի հեղինակության վրա։

Բժշկական հաստատություններում նկարահանումներ կատարելու մեր խնդրանքը նույնպես մերժվեց, բացառությամբ՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի»։

Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը օրենքը պարզաբանեց՝ նշելով, որ շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների ցանկի վերանայման կարիք չեն տեսնում։ Հիմնական պատճառն այն է, որ մարդը, որն ունի այս ցանկում ընդգրկված հիվանդություններից, պետության կողմից անվճար բուժսպասարկում և դեղամիջոցներ է ստանում։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ առավել նպատակահարմար են համարում փոփոխություն կատարել կառավարության 25.09.2015թ. թիվ 1112-Ն որոշման մեջ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկից համապատասխան բացառություններ նախատեսելով։

«Ներկա պահին այդ հարցը քննարկվում է։ Ընդ որում, նախատեսվում է բացառություններ սահմանել ինչպես ՄԻԱՎ վարակի, այնպես էլ ոչ մանրէազատ տուբերկուլոզի համար»,-ասվում է նախարարության պատասխանում։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ասում է, որ ի տարբերություն մեր հարևանի երկրների, Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակին առնչվող օրենսդրական դաշտն ավելի կարգավորված է։

«Մեր հարևան Վրաստանում հակառետրովիրուսային դեղամիջոցներն անվճար չեն տրամադրվում, մինչդեռ այս կարգավորումները Հայաստանում ավելի լավն են։ Սակայն մեզ մոտ էլ կան խնդիրներ, որոնք արգելում են ՄԻԱՎ ունեցող անձին պետությունից աջակցություն ստանալ»,–ասում է նա։ Ժենյա Մայիլյանը նշում է, որ 2019 թվականից այս խնդրի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են ունեցել Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Բանակցությունների արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի․ աշխատանքներ են տարվում օրենքի փոփոխման ուղղությամբ։

«Օրենքը ևս մեկ խնդիր էլ ունի. երբ պետությունից հասարակական կազմակերպություններն ինչ-որ ֆինանսավորում են ստանում, օրինակ՝ տնային խնամքի կազմակերպման համար, էստեղ նույնպես ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող մարդիկ չեն կարող ընդգրկվել»,- շեշտում է Մայիլյանը։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը նշում է, որ հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել կենցաղի միջոցով։

«Վիրուսը մարդուց մարդուն անցնում է հիմնականում սեռական ճանապարհով և արյան միջոցով։ Ավելին, երբ մարդը ստանում է հակառետրովիրուսային բուժում, ապա իր օրգանիզմում վիրուսային ծանրաբեռնվածությունը հասնում է նվազագույնի։ Սովորաբար արդյունավետ բուժման պարագայում վիրուսը լինում է չհայտնաբերվող մակարդակի։ Այս դեպքում վարակի փոխանցման ռիկսը հասնում է զրոյի, նույնիսկ ապացուցված է, որ սեռական ճանապարհով փոխանցումը նույնպես բացառվում է բուժում ստանալու դեպքում»,–ասում է Հովակիմյանը։

Հերմինե Հովակիմյանը կարևորում է ՄԻԱՎ-ի մասին ճիշտ իրազեկվածությունը, քանի որ դեպքերի մեծ մասը հայտնաբերվում է ՁԻԱՀ–ի փուլում։ «Պետք է լինի հստակ իրազեկվածություն, թե երբ է հնարավոր վարակվել ՄԻԱՎ-ով, որպեսզի մարդն իր նախաձեռնությամբ որոշի հետազոտվել, եթե գտնում է, որ հնարավոր է, որ ինքն էլ վարակված լինի ՄԻԱՎ-ով։ Քանի որ ՄԻԱՎ-ը երկարատև խրոնիկ վարակ է, երկար տարիներ չի ունենում որևիցե դրսևորում և միայն կլինիկական դրսևորումների փուլում է հայտնաբերվում, որը լուրջ խնդիր է։ Դեպքերի համարյա թե կեսը հայտնաբերվում է ՁԻԱՀ–ի վերջնային փուլում»,- ասում է նա։

Առողջականից բացի, ՄԻԱՎ-ը մարդկանց մոտ հոգեբանական խնդիրներ է առաջացնում: Հոգեբան Աննա Աբգարյանի խոսքով՝ մարդը, ում մոտ հաստատվում է ՄԻԱՎ դրական կարգավիճակ, անցնում է հոգեբանական ճգնաժամի տարբեր փուլեր։ «Մարդը կարող է մերժել, հերքել իր կարգավիճակը։ Եվ շատ հաճախ այս շոկային շրջանը թույլ չի տալիս իրենց դիմել աջակցության»-,ասում է հոգեբանը։

Աբգարյանը շեշտում է, որ մարդու ապաքինման համար շատ կարևոր է հարազատների աջակցությունը։

Գլխավոր լուսանկարը՝ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիլիթ

Խլղաթյան

Ուսանողներ

Նելլի

Եղիազարյան