Նախատոնական Երևան․ զարդերը շատանում են, տրոլեյբուսները՝ պակասում
Տիկին Էլլան ապրում է Ջրվեժում, աշխատում 3-րդ մասում։ Արդեն 10 օր՝ 1 համարի տրոլեյբուսի չաշխատելու պատճառով նա չի կարողանում ժամանակին հասնել աշխատավայր․ 2-3 երթուղային ու ավտոբուս է փոխում, բայց էլի ուշանում է։
«Ճանապարհս մի քանի անգամ երկարել ա։ Նստում եմ 31 համարի երթուղայինը, որը հասցնում ա Զեյթուն։ Այնուհետև մի ուրիշ տրանսպորտով հասնում եմ Գարեգին Նժդեհի հրապարակ։ Մեկ շաբաթից ավել ա՝ գործից ուշանում եմ»։
Նոյեմբերի 25–ից Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ-Ջրվեժ երթուղին սպասարկող 1 համարի տրոլեյբուսները գիծ դուրս չեն գալիս։ Դրանց բացակայությունը զգացվում է հատկապես առավոտյան և աշխատանքային օրվա ավարտին։
Տրոլեյբուսը հանրային միակ փոխադրամիջոցն է, որով կարելի է Ջրվեժից հասնել Գարեգին Նժդեհի հրապարակ։ Դրանով երթևեկելը նաև շահավետ է․ կրկնակի էժան է երթուղայիններից՝ ընդամենը 50 դրամ։
Գրեթե ամեն օր տիկին Էլլան տաքսիով է տուն վերադառնում, պատճառը երեկոյան ժամերի խցանումներն են։ Դրանք հարվածում են ուղևորների գրպանին․ «Աշխատավարձիս կեսը ծախսում եմ տաքսիների վրա, ու չգիտեմ՝ դեռ ինչքան ա շարունակվելու»։
Դժվարացել է նաև Ջրվեժից կենտրոն գնալը։ Միակ փոխադրամիջոցը՝ 5 համարի ավտոբուսը, առավոտյան աշխատում է ուշացումներով, ու շատերը չեն կարողանում առաջին կանգառից նստել:
Մինչև 10 օր առաջ վիճակն այսքան բարդ չէր, աշխատում էին նաև 1 և 9 համարների տրոլեյբուսները։ Մայրաքաղաքում անցկացվող ամանորյա լուսավորության աշխատանքների պատճառով, սակայն, դրանք այսօր չեն շահագործվում։ Երևանի քաղաքապետարանից մանրամասնեցին․
«Անվտանգային նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է 1 և 9 համարների տրոլեյբուսների շահագործումը, քանի որ դրանք երկուսն էլ անցնում են Մաշտոցի պողոտայով, որտեղ այս օրերին նախատոնական աշխատանքներ են տարվում»:
Նախատեսվում է, որ մինչև դեկտեմբերի 5-ը քաղաքը լուսավորելու և զարդարելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտված կլինեն, և երթևեկությունը կվերականգնվի։ Իսկ թե մինչև ամսի 5-ը դեռ քանի երթուղիներ չեն գործի, պարզ չէ։
Քաղաքապետարանից մեզ ասացին, որ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի առանձին հատվածներում հնարավոր են տեղաշարժման դժվարություններ և երթևեկության սահմանափակումներ։ Կոնկրետ որ երթուղիներին են վերաբերելու դրանք, չի նշվել։
Երևանում տրոլեյբուսային համակարգը ստեղծվել է 1949 թվականին, այսօր գործում է հինգ երթուղի՝ 51 տրոլեյբուսով:
Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետը հայտարարեց 30 նոր տրոլեյբուսներ գնելու մասին։ Դրանք Հայաստանում կլինեն մինչև տարեվերջ, իսկ երթուղի դուրս կգան 2023-ից:
Հեղինակներ՝
Ուսանողներ
Աշոտ
Ստեփանյան
Ուսանողներ
Անահիտ
Սվարյան