ՏեքստԱպրիլ 7/2025

Առաջին երեխային՝ ամեն ինչ, երկրորդին՝ ինչ լինի, երրորդի դեպքում՝ կարևորը կատվի ամանից ջուր չխմի

2021-ի մարտից, ավելի քան 3 տարի, ես աշխատում եմ մանկական խանութ-սրահում։ Սպասարկել եմ շուրջ 4,500 երիտասարդ կանանց։ Նրանցից շատերին ես տեսել եմ մինչև մայրիկ դառնալը և արդեն մայրիկ դարձած․ լրիվ տարբեր մարդիկ են։ Աշխատանքի ուրիշ հնարավորություն էլ կար, բայց ես ընտրեցի սպասարկման ոլորտը․ զգում էի, որ հղիներին սպասարկելն ինձ դուր է գալու։ Այդպես էր մինչև այն պահը, երբ առաջին անգամ, ավելի քան 5 ժամ սպասարկեցի միայն մեկ ընտանիքի՝ իրենց առաջնեկին սպասող երիտասարդ ամուսինների։ Նրանք խանութից հեռացան առանց որևէ գնում կատարելու, որովհետև չկողմնորոշվեցին մանկասայլակի գույնի հարցում՝ կինը՝ մոխրագույն, ամուսինը մարմնագույն էր ուզում։

zoom
zoom
zoom
zoom

Ինչ-որ մեկն իր մանկասայլակն արագ ընտրեց, մյուսը՝ մի քանի ժամում, երրորդն այդպես էլ չկողմնորոշվեց։ Եթե հաճախորդը հղի կին է, ուրեմն, կարող է 5 անգամ հարցնել մանկասայլակի քաշը, 3 անգամ ճշտել կտորի տեսակն ու որակը, ու ես, բնականաբար, պետք է համբերատար կրկնեմ պատասխաններս՝ համոզելով, որ իրենց ընտրածն ամենալավն է։ Պատահել է՝ հղի կինն ինքը փորձել է բացատրել, թե ինչու է նույն հարցը մի քանի անգամ տալիս կամ ինչու չի հիշում իմ պատասխանը, ու «մեղավորը», իհարկե, հղիությունն է։ Եղել է՝ արդեն մայրիկ դարձած՝ բալիկի հետ եկել են գնումների, ու ծիծաղով հիշել ենք հղիության ժամանակ մի քանի ժամ ձգված առևտուրը։

zoom
zoom

Գործը բարդանում է, երբ ապագա հայրիկ-մայրիկի հետ գնումների գալիս են ևս 6-7 մարդ՝ ապագա տատիկ ու պապիկ, մորաքույր ու հորաքույր, մայրիկի փորձառու ընկերուհի ու հայրիկի՝ փոքրիկի ծնունդին անհամբեր սպասող ընկեր։ Ես գիտեմ, թե ինչ խորհուրդ պիտի տա փորձառու ընկերուհին՝ երեխայի համար այդքան մի ծախսիր, մեկ է՝ չի օգտագործվելու։

Մի անգամ էլ, մանկասայլակի շուրջ հերթական քննարկումների ժամանակ, մի տատիկ ինձ բացատրեց․

«Առաջին երեխային՝ ամեն ինչ, երկրորդին՝ ինչ լինի, երրորդին՝ կարևորը կատվի ամանից ջուր չխմի»։

Իրենք գնեցին մանկասայլակ՝ առաջնեկին էին սպասում։

zoom

Շատ եմ սիրում, երբ գնումների են գալիս փոքրիկ երեխայի հետ։ Ինչ-որ պահի նա հոգնում է, սկսում է լացել, ու մեծերն ստիպված են արագ կողմնորոշվել։ Այդ պահին իմ ու լացող փոքրիկի շահերը համընկնում են։

zoom

Այս մի դեպքը եզակիներից է։ Մանկասայլակը ընտրել ենք ընդամենը 15-20 րոպեում։ Կեսից երեխան սկսեց լացել՝ արագացնելով գործընթացը։
Հուսով եմ՝ իր առաջին մեքենան իր սրտով կլինի։

zoom
Առաջին անգամ կենգուրուի մեջ։
zoom
Այն պետք է հարմար լինի ոչ միայն մայրիկին, այլև՝ բալիկին։

Պատահում է՝ հաճախորդն այնքան գոհ է լինում իր գնումից ու իմ սպասարկումից, որ խմորեղեն կամ կոնֆետ է հյուրասիրում։ Անգամ գումարի տեսքով են ինձ շնորհակալություն հայտնել։ Մի անգամ հաճախորդս իր երեխային էր բերել, որ տեսնեի։ Առհասարակ սիրում եմ, երբ իմ սպասարկած հաճախորդների երեխաներն են գալիս ու ընտրում իրենց հարմար պարագաներ։

zoom
zoom

Ահա, թե ում համար եմ ես սայլակներ խորհուրդ տվել։

Բոլոր հայրիկ-մայրիկներին հորդորում եմ քարսիթ վերցնեն։ Ապահով է։

zoom
zoom
zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Ժենյա

Գևորգյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան