Հայաստանի պարտքի իմ ու քո բեռը. ինչքան ու ինչպես ենք վճարելու 2024-ին
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչև ամենատարեց, այսօրվա դրությամբ շուրջ 3800* ԱՄՆ դոլար պետական պարտք ունի։ Սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի յուրաքանչյուրիս մասնաբաժինն է։
Ճիշտ է՝ պետությունը փակում է այդ պարտքը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, որը գոյանում է քաղաքացիների հարկերից։
Ամեն տարվա ավարտին Կառավարությունը քննարկում է գալիք տարվա պետական բյուջեն, պլանավորում բյուջեի եկամուտներն ու ծախսերը։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը միշտ գերազանցում են եկամուտներին։ Առաջանում է դեֆիցիտ։ Այս «ճեղքը» փակելու համար վերցվում է պետական պարտք՝ արտաքին և ներքին աղբյուրներից։
Տարիների ընթացքում պարտքը կուտակվել է ու աճել։ Այսօրվա դրությամբ՝ այն հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ Մարվում են հին պարտքերը, բայց ավելի մեծ թափով ավելանում են նորերը։ Արդյունքում, պետական պարտքը բյուջեի համար գնալով ավելի մեծ բեռ է դառնում։ 2024-ը պարտքի մարումների համար ծանր տարի է լինելու։
Կառավարության պարտքի մայր գումարների մարման և տոկոսավճարների համար կպահանջվի 803 մլրդ դրամ: Այսօրվա փոխարժեքով դա կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ Քանի որ Հայաստանը չունի այդքան գումար, պետք է նոր պարտք վերցնել։
2005 թվականից մինչև այսօր Հայաստանի պետական պարտքը 9 անգամ աճել է
2008-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն ունեցավ նաև Հայաստանի վրա։ Բյուջեի դեֆիցիտը փակելու համար ներգրավվեց խոշոր ծավալի պարտք, որը մեկ տարում կրկնապատկվեց։
Հաջորդ տարիներին պարտքը շարունակեց ավելանալ։ Հատկապես տնտեսական ոչ բարենպաստ տարիներին՝ 2015-2016-ին, պատերազմի և համավարակի տարիներին՝ 2020-2021-ին, պետությունը ավելի շատ հույս դրեց պարտքի վրա։
Արդյունքում, 2005-ից սկսած մինչև այսօր, Հայաստանի պետական պարտքն աճել է 9 անգամ։ Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանի ամբողջ պետական պարտքը կազմել է 11.2 մլրդ ԱՄՆ դոլար։
Պետությունը պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։
Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։
2023-ի նոյեմբերի վերջի դրությամբ՝ 11.2 մլրդ դոլարից 6.4 մլրդ դոլարը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, 4.8 մլրդը՝ ներքին։
Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշում է, որ խնդիրը ոչ թե պետական պարտքն է, այլ դրա որակը, չափից շատ լինելը և վատ կառավարումը։
«Ճգնաժամերից, տնտեսական շոկերից ոչ ոք երաշխավորված չէ։ Պետք է դրանց դիմակայել։ Այդ ժամանակ պետությունը ստիպված է լինում ավելի շատ պարտք ներգրավել, որպեսզի օգնի տնտեսությանը։ Օրինակ, ո՞վ կպատկերացներ, որ 2020-ին համաճարակ և պատերազմ կլինի, ու տնտեսությունը ճգնաժամի առաջ կկանգի, կամ ռուս-ուկրաինական պատերազմ կսկսվի»,— ասում է Վարդան Արամյանը։
Վտանգավոր պա՞րտք, թե՞ տնտեսական աճի խթան
Պետական պարտքը ինքնին չի համարվում տնտեսության համար արատավոր երևույթ, եթե վերցված գումարները ծառայել են տնտեսական աճին։ Պարտք են վերցնում գրեթե բոլոր պետությունները։
Որքանո՞վ է Հայաստանի պետական պարտքը ծառայել տնտեսական աճին․ այս հարցը տնտեսագետների, փորձագետների ու իշխանությունների անվերջանալի բանավեճի թեմաներից է։ Դա չափելը և միանշանակ պատասխան գտնելը դժվար է։
Փոխարենը, փորձագետները խորհուրդ են տալիս հասկանալ՝ որքանով է պարտքը վտանգավոր շեմում։ Սա արդեն չափելի երևույթ է։ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տվյալ տարվա վերջին Կառավարության պետական պարտքը չպետք է գերազանցի տվյալ տարվա ՀՆԱ-ի 60%-ը։ Հակառակ դեպքում՝ Կառավարությունը պետք է «ձգի գոտիները» և արդեն հաջորդող տարում պետական ծախսերի նոր ծրագիր ներկայացնի։
Հայաստանի պետական պարտքի փոքր բաժինը Կենտրոնական բանկինն է՝ մոտ 5%-ը, մնացածը Կառավարության պարտքն է։ Նշված օրենքը վերաբերում է Կառավարության պարտքին։
2022-ի տարեկան տվյալներով՝ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 46.7%։ Իսկ 2023-ին, ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների, այն կլինի 47%, 2024-ին՝ 48.3%:
Այսինքն՝ այսօրվա դրությամբ Կառավարության պարտքը վտանգավոր շեմում չէ։
Վարդան Արամյանը պարտքի կառավարման վերաբերյալ հարկաբյուջետային կանոնակարգի ստեղծման հեղինակներից է։ Նկատում է, որ երբեմն 60%-ի շեմը անցնելը կարող է էապես վտանգավոր չլինել, բայց դա ազդակ է, որ պետությունը սխալ ուղղությամբ է գնում։ «Եթե տարեցտարի տոկոսային հարաբերակցությունը աճում է, կարող են սկսել պետությանը չվստահել և նոր վարկեր չտրամադրել»,— ասում է նա։
Երկրորդ խնդիրն այսօր, ըստ Արամյանի, Հայաստանի տնտեսության կառուցվածքն է։ Տնտեսությունն աճում է արտաքին գործոնների և, հիմնականում, առևտրի ու ծառայությունների հիման վրա։ Իսկ արդյունաբերությունը, օրինակ, թույլ վիճակում է։ Մեծ է նաև անվտանգության խնդիրը։ Այս ամենը Հայաստանի վարկատուները որպես ռիսկ են գնահատում։
Ինչպես ամբողջ պետական պարտքը, այնպես էլ այս ցուցանիշը 2009-ից կտրուկ աճել են, «վերելքը» շարունակվել է նաև հաջորդող տարիներին։
Համավարակով և պատերազմով պայմանավորված՝ 2020-ին երկրի տնտեսությունը թուլացել է, համախառն ներքին արդյունքը կրճատվել է, պետական պարտքը՝ աճել, ինչի արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը անցել է 60%-ի շեմը։ Նշված տարում այն ամենաբարձրն է եղել։
Իսկ վերջին երկու տարիներին Հայաստանում՝ հիմնականում արտաքին գործոններով պայմանավորված, տնտեսական երկնիշ աճեր են գրանցվում։ Դա նպաստել է, որ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազի։
Պարտքի վտանգավորության աստիճանը հասկանալու համար, ըստ Վարդան Արամյանի, անհրաժեշտ է դիտարկել մեկ այլ ցուցանիշ` պարտքի սպասարկման համար բյուջեից կատարվող վճարները։
Այսօրվա տվյալները անհանգստացնող են։
Պետական պարտքի շարունակական ավելացումն ամեն տարի լրացուցիչ բեռ է դառնում բյուջեի համար։ Պարտքի սպասարկման` այսինքն, տոկոսավճարների մարման համար պետական բյուջեից ավելի ու ավելի շատ գումար է վճարվում։
«Եթե տոկոսավճարները բյուջեի ծախսերի 10%-ից բարձր են լինում, արդեն պետք է անհանգստանալ։ Մեզ մոտ 2024 թվականին 3 տրլն 17 մլրդ դրամ բյուջեի ծախսերի պայմաններում ունենք 323 մլրդ դրամ պարտքի սպասարկում»,— նշում է Վարդան Արամյանը։
Այսպիսով, ծանրացած պետական պարտքի միայն տոկոսավճարներին Հայաստանն ուղղելու է իր այս տարվա բյուջեի մոտ 11%-ը։
Համեմատության համար նշենք, որ օրինակ՝ առողջապահության ոլորտին բաժին է ընկնում բյուջեի ծախսերի մոտ 6%-ը, կրթությանը՝ մոտ 10%-ը։
Գումարները պարտքի տոկոսներին ուղղելու փոխարեն կարելի էր, օրինակ, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, տարեցների կենսաթոշակը, կամ ավելացնել պետբյուջեից մարդկանց տրվող հատկացումները։
Նոր պարտք՝ հին պարտքերը մարելու համար. բացի 323 մլրդ դրամ տոկոսավճարներից, եկող տարի հարկավոր է վճարել ևս 480 մլրդ դրամ մայր գումար
Տոկոսավճարներից բացի, Հայաստանը նաև նախորդ տարիներին վերցված վարկերի և մյուս պարտքերի մայր գումարներն է փակում։ Տոկոսավճարները դասվում են որպես սպասարկում, մայր գումարները՝ մարում։
Միայն 2024-ին, ըստ պետական պարտքի մարման գրաֆիկի՝ պետական պարտքի մայր գումարների մարման և տոկոսավճարների համար կպահանջվի 803 մլրդ դրամ, որից 480 մլրդ դրամը՝ մայր գումարների գծով, 323 մլրդ դրամը, ինչպես նշվեց վերևում՝ տոկոսավճարների։ Սրանք ներառում են և՛ ներքին, և՛ արտաքին պարտքի գծով վճարումները։
Այսօրվա փոխարժեքով` 803 մլրդ դրամը կազմում է շուրջ 2 մլրդ դոլար։
Պարտքի մարման համար ավելի ծանր են լինելու 2025, 2029, 2031 թվականները։ Հատկապես այդ տարիներին մայր գումարների խոշոր մարումներ են սպասվում։
Եթե պարտքի տոկոսների առումով իրավիճակը համեմատաբար պարզ է՝ այն ներառված է բյուջեի ծախսերի մեջ, և տվյալ տարվա պետական բյուջեի օրենքում հստակ կարելի է տեսնել դրա չափը, ապա մայր գումարների մարումները «թաքնված են» դեֆիցիտի ֆինանսավորման անվան տակ։
Մեր զրույցների և Ֆինանսների նախարարությանն ուղղած հարցումների միջոցով պարզեցինք, որ եկող տարի պետական պարտքի գծով մայր գումարները փակելու համար պետությունը պետք է նոր պարտք ներգրավի։ Այդ գումարները կներգրավվեն ինչպես ներքին աղբյուրներից՝ պետական պարտատոմսերի թողարկումից գոյացող գումարներից, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ միջազգային կազմակերպություններից և պետություններից վերցված վարկերից։
Ստացվելիք և մարվելիք պարտքի արդյունքում Հայաստանի կառավարության պետական պարտքը կավելանա և եկող տարվա վերջում կմոտենա 12 մլրդ դոլարի շեմին։ Գուցեև հատի այն։
Վարդան Արամյանը նկատում է, որ առաջին անգամ չէ՝ Հայաստանը նոր պարտք է վերցնում հին պարտքերը մարելու համար։ Շատ երկրներ են այդ մեթոդով պարտքը կառավարում։
«Այստեղ խնդիրն այլ է՝ նոր պարտքերը կկարողանա՞ն ավելի ցածր տոկոսադրույքով վերցնել, թե՞ ոչ։ Եթե ավելի բարձր տոկոսներով լինեն, բնականաբար, պարտքի սպասարկումը էլ ավելի կծանրանա։ Ճիշտ կառավարման դեպքում կարելի է պարտքը վերցնել այնպիսի գրաֆիկով, որ եկող տարիների համար այն երկարաժամկետ բաշխվի, մեծ բեռ չլինի»,— ասում է Արամյանը։
Ներքին պարտքը առաջ է մղվում
Հայաստանի կառավարությունը համարում է, որ ներքին պետական պարտքը պետությանն ազատում է լրացուցիչ ռիսկերից, որոնք կան արտաքին պարտքում։ Դրանցից առաջնայինը փոխարժեքն է։ Քանի որ ներքին պարտքը ստացվում և մարվում է ՀՀ դրամով, փոխարժեքի տատանումները ազդեցություն չեն թողնում պարտքի մեծության վրա։ Արտաքին պարտքի պարագայում հակառակ իրավիճակն է. այն զգայուն է փոխարժեքի տատանումների նկատմամբ։
Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրում նշված է, որ պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար Կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին: «Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև՝ բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,— նշված է ծրագրում:
Կառավարության վարած ներքին պարտքի ավելացման քաղաքականության արդյունքում ներքին պետական պարտքի տեսակարար կշիռը գնալով աճում է։
2023-ի նոյեմբերի 31-ի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 11.2 մլրդ դոլար, որից 4.8 մլրդ դոլարը կամ 43%-ը ներքին պետական պարտքն է։ Օրինակ, 5 տարի առաջ ներքին պետական պարտքի կշիռը շուրջ 20% էր։
Տնտեսագետ, ԿԲ նախկի նախագահ (1994-1998թթ.) Բագրատ Ասատրյանը նշում է՝ որպես կանոն, ներքին պարտքի տոկոսադրույքներն ավելի բարձր են։ Հետևաբար, ներքին պարտքը ավելի թանկ է արժենում պետության համար։ Չնայած դրան՝ ներքին պարտքի կշիռը մեծացնելու Կառավարության քաղաքականությունն Ասատրյանը դրական է գնահատում։
«Իբրև ներքին ֆինանսական շուկան զարգացնող քաղաքականություն՝ դա ողջունելի է, տարադրամի տատանումների ռիսկ չկա, արտաքին գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ։ Մյուս կողմից, սակայն, պարտքի բեռն է բյուջեի վրա մեծանում»,— ասում է տնտեսագետը։
Վերջին տարիների պարտքի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ներքին պարտքը ավելի արագ տեմպերով է աճում։
«Հացի վարկը» կամ Հայաստանի առաջին պարտքը
Հայաստանի Հանրապետության ստեղծմանը զուգահեռ ձևավորվել է նաև պետական պարտքը։ Բագրատ Ասատրյանը պատմում է, որ ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին, երբ ծանր սոցիալական վիճակ էր, միության ղեկավարները դիմեցին աշխարհի օգնությանը և վարկ ստացան։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գումարները, որոնք հայտնի էին որպես «հացի վարկ», որոշվեց համամասնորեն բաժանել նախկին ԽՍՀՄ պետությունների միջև։ Հենց այսպես էլ ձևավորվել է Հայաստանի առաջին պետական պարտքը։
Անկախության առաջին տարիներին պատերազմի, երկրաշարժի և տնտեսական կոլապսի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ էր տնտեսության մեջ ներգրավել ֆինանսական միջոցներ։
Բագրատ Ասատրյանը, որ 1994-1998թթ. ԿԲ նախագահն էր, հիշում է, որ սկզբնական շրջանում Հայաստանի տնտեսության նկատմամբ անվստահությունը մեծ էր, և շատ պետություններ խուսափում էին վարկ տրամադրել։
«1994 թվականին նախագահ Տեր-Պետրոսյանը աշխատանքային այցով մեկնել էր Միացյալ Նահանգներ։ Պատվիրակության կազմում էի նաև ես։ Ֆինանսական հարցի քննարկումը տևեց մեկ րոպե։ Տեր-Պետրոսյանը Քլինթոնին ներկայացրեց, որ բարեփոխումները, կարծես թե, դրական են գնահատվում, սակայն բոլորը խուսափում են գումար տրամադրել։ Քլինթոնը միանգամից ասաց, որ հարցը լուծված է։ Կայացվեց քաղաքական որոշում, և 1994-ի դեկտեմբերին Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամից ստացավ առաջին խոշոր վարկը` 24 մլն դոլար, որով համալրվեցին պետական պահուստները»,— հիշում է Բագրատ Ասատրյանը։
* Հաշվարկվել է նոր մարդահամարի մշտական բնակչության տվյալների հիման վրա։
Ինֆոգրաֆիկաները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի
Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի (մշակվել է արհեստական բանականության միջոցով)
Հեղինակներ՝
Ուսանողներ
Արմեն
Ղազարյան
Ուսանողներ
Արմեն
Խեչումյան
Ուսանողներ
Ջուլիետտա
Հովհաննիսյան
Դասախոս՝
Դասախոսներ
Սեդա
Հերգնյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան