public-toilets
Long ReadՀուլիս 11/2024

Անտեսված կարիքներ. հանրային զուգարանների գորշ իրականությունը

«Կեղտոտ էր և անտանելի հոտով։ Չհասկացա, թե ինչի համար վճարեցի»,— Երևանի հանրային զուգարանից դուրս եկած մի քաղաքացի կիսվեց իր կարծիքով։

Մենք էլ որոշեցինք գույքագրել մայրաքաղաքի հանրային զուգարանները, մեր աչքով տեսնել, քթով շնչել ու լուսանկարել դրանք։ Ուսումնասիրել ենք նաև մի քանի այլ քաղաքների հանրային զուգարանների վիճակն ու պայմանները։

Երևանի հանրային զուգարանները

Երևանի քաղաքապետարանից գրավոր հարցմամբ պարզել ենք, որ մայրաքաղաքում գործում է միայն 15 հանրային զուգարան՝ տարբեր վարչական շրջաններում։ Դրանց մեծ մասում զուգարանակոնք չկա, հետևաբար, հատուկ զգուշություն և հավասարակշռության պահպանում է պետք դրանցից օգտվելու համար։

Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգու հանրային զուգարանն է։ Իրականությունն ավելի գարշահոտ էր, քան լուսանկարներում է երևում։ Ոչ թուղթ կար, ոչ՝ ջուր։ Այս հանրային զուգարանից օգտվելն անվճար է, բայց՝ ռիսկային։

1.jpg

Էրեբունի վարչական շրջանում՝ Ազատամարտիկների փողոցին հարող այգում, հանրային զուգարանի համար նախատեսված շինությունը կա, բայց չի շահագործվում։ Դռները փակ էին, պատուհանները՝ կոտրված։

2.jpg

100 դրամ պետք է վճարել Չինարի այգու հանրային զուգարանից օգտվելու համար։ Զուգարանը մաքուր է, կա ջուր, համապատասխան պարագաներ։ Չինարի պուրակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է։

3.jpg

Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հանրային զուգարանն էլ է վճարովի՝ 100 դրամ։ Ապակիները կոտրված չեն, դռներն ունեն փական։

Սանհանգույցը կեղտոտ է, զուգարանի թուղթը՝ գետնին, լվացարանի ջուրը՝ պղտոր։

Կանանց համար նախատեսված հատվածում միայն մեկ խցիկ է գործում, մյուսում գանձապահ կինն էր նստած։

4.jpg

Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգին բարեկարգվում էր ու շինաշխատանքների պատճառով ցանկապատված էր։ Այգու զուգարանին մոտենալ չկարողացանք։

Շենգավիթ վարչական շրջանի «Կոմիտասի» անվան զբոսայգու զուգարանն անվճար է։ Աշխատակցին չհանդիպեցինք, բայց զուգարանը մաքուր էր, առկա էին բոլոր անհրաժեշտ պարագաները։

Նույն վարչական շրջանի «Շողակաթ» զբոսայգու տարածքում ևս հանրային զուգարան կա։ Դռանը թուղթ էր փակցված՝ «անվճար է»։ Զուգարանը մաքուր էր, լուսավորված, կային բոլոր անհրաժեշտ պարագաները։

Գարեգին Նժդեհի հրապարակի գետնանցումի երկու հանրային զուգարաններն էլ վճարովի են՝ 100 դրամ։ Գումարը պետք է վճարել աշխատակցին։ Սանհանգույցները հին են, զուգարաններից մեկում թուղթ չկար։

Երևանյան լճին հարող այգու զուգարանը բարեկարգ վիճակում է և անվճար։

5.jpg

Աջափնյակ վարչական շրջանում Թումոյի այգու սկզբնամասում գտնվող հանրային զուգարանը անվճար է։ Գտնվում էր մաքուր վիճակում, կային բոլոր անհրաժեշտ պարագաները։

6.jpg

Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Երևանի 2750-ամյակի այգու հանրային զուգարանը տեսքից կոկիկ, շրջանաձև կրպակ էր հիշեցնում, բայց դռները պինդ փակված էին։ Զուգարան ենթադրաբար չի շահագործվում։

Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հանրային զուգարանը գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ։ Հիգիենիկ պայմանները բացակյում են։ Վճարովի է՝ 200 դրամ, ուներ ավտոմատ վճարային համակարգ, սակայն այն չէր աշխատում, դռները բաց էին` մուտքն ազատ։

Ո՞վ պետք է օգտվի այս գարշահոտ և ոչ հիգիենիկ հանրային զուգարանից, որտեղ բացակայում է ջուրը և զուգարանի թուղթը՝ դժվար է ասել։

7.jpg

Կոմիտասի անվան պուրակի հանրային զուգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմաց, ճիշտ է այն վճարովի է՝ 200 դրամ է, սակայն չի գործում։


8.jpg

Ազատության հրապարակի հանրային զուգարանը գտնելու համար ստիպված էինք զանգել քաղաքապետարան․ «Ջազզվե» սրճարանի հարևանությամբ է։ Վճարովի է՝ 100 դրամ։ Մաքուր է, կա ջուր ու անհրաժեշտ այլ պարագաներ։

Նկարագրված զուգարաները քարտեզագրել ենք հասցեներով։ Սեղմելով կետերի վրա՝ կարող եք տեսնել նկարները։

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հանրային զուգարանը «քայլելի է» դարձնում քաղաքը։

«Զբոսաշրջության համար շատ կարևոր կետ է։ Եթե քաղաքում կա հանրային զուգարան, քաղաքը շահում է։ Զբոսաշրջիկը իր միջավայրից դուրս է եկել, այցելել է մեկ այլ քաղաք, և եթե նա իմանա, որ, օրինակ, 1 կմ կամ 500 մետր հետո կա զուգարան, կգնա ու էլի կշարունակի զբոսանքը, գումար կծախսի։ Այսպես շահում է քաղաքը։ Երևանցիները հիմնականում սրճարանների զուգարաններից են օգտվում, իսկ հանրային զուգարաներից օգտվում են տաքսու վարորդները, առաքիչները, զբոսաշրջիկները և անտունները։ Պետք է անհրաժեշտ պայմաններ ապահովել բոլորի համար՝ երեխաների, հաշմանդամների։

Մեր քաղաք զբոսաշրջիկները նաև մեքենայով են գալիս, օրինակ՝ Վրաստանից, մինչդեռ ամբողջ Նոյեմբերյան քաղաքում նույնիսկ մեկ հանրային զուգարան չկա»,— հավելում է Վիկտոր Մնացականյանը։

Ինչո՞ւ որոշ հանրային զուգարաններ վճարովի են, մյուսներն՝ անվճար․ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը․

Վարչական միջոցներով սպասարկվող և համայնքային սեփականություն համարվող հանրային զուգարաններն անվճար են, իսկ վարձակալության տրվածները՝ վճարովի։ Բացառություն է Թումոյի այգու հանրային զուգարանը, որը թեպետ վարձակալության է տրված մասնավորին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնին, բայց անվճար է․ այդպես է որոշել տվյալ մասնավոր ընկերությունը։ Քաղաքապետարանից նշում են, որ իրենք չեն կարող վարձակալողներին պարտադրել անվճար դարձնել հանրային զուգարանները։

Երևանի քաղաքապետարանից նաև ճշտել ենք, թե ով է իրականացնում հանրային զուգարանների մաքրությունը, և ինչու որոշ զուգարաններ փակ են ու չեն շահագործվում։ Քաղաքապետարանից մեզ տրամադրեցին հետևյալ աղյուսակը՝

Երևանի քաղաքապետարանը մեր գրավոր հարցմանը թերի է պատասխանել, թեպետ օգտագործել է օրենքով սահմանված առավելագույն՝ 30–օրյա ժամկետը։ Ո՞վ է պատասխանատու հանրային զուգարանների մաքրության համար, ինչո՞ւ որոշ հանրային զուգարաններ չեն շահագործվում․ այս հարցերը մնացել են անպատասխան։

Մայրաքաղաքից դուրս

Հանրային զուգարանների խնդիրն առկա է նաև հանրապետության մյուս քաղաքներում։

Էջմիածնում և Գյումրիում գործում են 2–ական մասնավոր հանրային զուգարաններ։

Էջմիածնի հանրային զուգարաններից մեկը Մայր աթոռի տարածքում է։ Այն մաքուր է, հիգիենիկ պայմանները՝ պահպանված։ Պատին փակցված թուղթ կա՝ անվճար է։ Մյուս հանրայի զուգարանը համայնքապետարանին հարակից այգու տարածքում է։

Զուգարանը վճարովի է, բայց պայմանները վատն են։ Աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ, նշեց, որ վճարներից գոյացած գումարը չի բավականացնում հիգիենիկ պարագաների գնմանն ու մաքրության ապահովմանը։

Եղել ենք նաև Գյումրիում, Վաղարշապատում և Աբովյանում։ Աբովյանում հանրային զուգարան չկա ընդհանրապես։

10.jpg

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի, օգտագործվել է արհեստական բանականություն։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Ալիսա

Հարությունյան

Ուսանողներ

Վարդան

Սահակյան

Ուսանողներ

Լիլիթ

Խաչատրյան

Ուսանողներ

Մարիամ

Աբրահամյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Դասախոսներ

Գարիկ

Հարությունյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան