Long ReadՀոկտեմբեր 13/2022

Մինչև 2026 թվականը Կառավարությունը պոմպակայանների արդիականացում չի նախատեսում

Նշում. Նյութը պատրաստվել է 2022 թվականի ապրիլի 7-ին։

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի լիճը տեղացիների և հարակից գյուղի բնակիչների հանգստի գոտին է։ Այս լճից է սնվում Նոյեմբերյան խոշորացված համայնքի պոմպակայաններից մեկը, որը ոռոգում է Դեբեդավանի և Բագրատաշենի մոտ 200 հա հողերը։ 60 տարի առաջ կառուցված «Լալվար 1» պոմպակայանը երբևէ չի վերանորոգվել։ Այսօր 2 պոմպերից մեկն է աշխատում։ «Երբ պոմպերը միացնում ենք, շենքը սկսում է շարժվել, դրանից էլ հաճախ փչանում է, ամեն տարի՝ 5-10 օրը մեկ։ Հիմքերը թույլ են, կարելի է ասել՝ ջրի մեջ է կառուցված»,— պատմում է պոմպակայանի ինժեներ Գեորգի Գալուստյանը։

Պոմպակայաններ 01.jpg
«Լալվար 1» պոմպակայան

«Լալվար 1» պոմպակայանը սպասարկում է «Տավուշ» Ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ)։ ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի պետ Հայրապետ Առուստամովն ասում է, որ պարբերաբար դիմում են գլխամասին, սակայն ամբողջությամբ վերանորոգելու համար անհրաժեշտ է նոր շենք։

«Անընդհատ շահագործելով՝ մենք թուլացրել ենք ամբողջ պատերը, շենքը շարժվում է, «Հովնանյան» հիմնադրամի 2023 թվականի ծրագրով նախատեսվում է նոր պոմպակայան կառուցել։ Մենք սա շահագործումից չենք հանի, որովհետև մեր հողատարածքները շատ մեծ են, բայց կունենանք նաև նոր պոմպակայան, կոռոգենք ավելի շատ հողատարածքներ»,— ասում է Հայրապետ Առուստամովը։

Շաքար Գրիգորյանի 6 տարեկան հոնի այգին է։ Ասում է, որ մարդիկ, տեսնելով իր այգին, մտածում են՝ ծառերը հազիվ 2-3 տարեկան լինեն։ 150 ծառից մոտ 50-ը չորացել է ջուր չլինելու պատճառով։

Պոմպակայաններ 02.jpg
Հոնի այգին

«Ջուրը հասնում է շատ դժվարությամբ, մի շարքը, որ պետք է ջրես 5-10 րոպե, մի ժամ ջրում ենք։ Որ ջուր չի լինում, ավտոյով տարաներով բերում եմ, ջրում, որ պահի, չչորանա, ամենքի տակ 20–40 լիտր լցնում ենք»,- պատմում է զորականցի Շաքար Գրիգորյանը։

Տավուշի մարզի Զորական գյուղում 1988-89 թվականներին վերաբնակեցվել են Ադրբեջանի Չարդախլու գյուղից բռնի տեղահանվածները։ Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը պատմում է, որ գյուղի հողատարածքների 90 տոկոսը եղել են այգիներ, հետո այգիները վերածվել են վարելահողերի։ Տարիներ շարունակ բնակիչները զբաղվել են հացահատիկի, արևածաղկի, եգիպտացորենի մշակմամբ, հետո համոզվել են, որ մեծ եկամուտ չեն ստանում ու նորից անցել են այգեգործության։

Պոմպակայաններ 03.jpg
Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը

Մինչև խորհրդային կարգերի փլուզումը գյուղում ոռոգվում էր 580 հեկտար վարելահող, իսկ հիմա՝ մոտ 50-60 հեկտար։ Բնակիչների մեծ մասի ապրուստի հիմնական միջոցը հողագործությունն է։

Զորականցի Վանիկ Համբարձումյանը թողել է աշխատանքը Ռուսաստանում ու վերադարձել գյուղ, 4,5 մլն դրամ գյուղատնտեսական վարկ է վերցրել, ոռոգվող հատվածին մոտ նոր հողակտոր է գնել ու արքայանարնջի այգի հիմնել։ Բացի գնված հողակտորից, Վանիկ Համբարձումյանը հողեր ունի նաեւ գյուղի այն հատվածում, որտեղ ջուր ընդհանրապես չի հասնում, այդ հողակտորի համար նա 260 հազար դրամ գույքահարկի պարտք ունի։

«Ի՞նչ եմ աշխատում էս հողից, որ 260 հազար հարկ տամ։ Համայնքապետարանում գրված ա ջրովի հողեր, էս հողերից ո՞րն ա ջրվում։ Մենք վճարում ենք հարկ ջրովի հողերի համար, բայց ստեղ մի կաթիլ ջուր չի գալիս: Գրեթե բոլոր գյուղացիները պարտքեր ունեն։ Մտնես գյուղապետարան, լացդ կգա, հողը չի մշակվում, գումար չի հավաքվում»,— պատմում է Վանիկը։

Պոմպակայաններ 04.jpg

Քառաստիճան պոմպակայանը

Հայաստանում միակ քառաստիճան պոմպակայանը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում է։ Կառուցվել է 1966 թվականին, սպասարկել Հաղթանակ, Զորական, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Դովեղ բնակավայրերը։ Քառաստիճանով նախկինում ոռոգվել է 4000 հա, իսկ այժմ՝ մոտ 25 անգամ ավելի քիչ. 18-20 հա Հաղթանակ գյուղում, մի փոքր հատված էլ՝ Զորականում և Բերդավանում, ընդհանուր՝ մոտ 160 հեկտար։

«Եթե ամբողջ համակարգն էս պահին աշխատի, միևնույն է, մոտ երկու հազար հա չենք կարող ոռոգել սահմանային խնդիրների պատճառով»,— ասում է Հայրապետ Առուստամովը։

Քառաստիճանի յուրաքանչյուր պոմպակայանում կա 6-ական պոմպ։ Պոմպակայանի առաջին աստիճանը ջուրը վերցնում է Դեբեդ գետից, մղում է երկրորդ աստիճանին, այդտեղից էլ ջուրը մղվում է երրորդ ու չորրորդ աստիճաններում գտնվող պոմպերին։ «Տավուշ» Ջրօգտագործողների ընկերության տրամադրած տվյալներում պոմպերի կարգավիճակը ներկայացվում է չորս գնահատականով. «հիմնանորոգման ենթակա», «անբավարար», «բավարար», «լավ»։ Տավուշի 86 պոմպերից «լավ» կարգավիճակ ունեն ընդամենը երկուսը։ Քառաստիճանը սպասարկող ընդհանուր 24 պոմպից 12-ի աշխատանքն անբավարար է, իսկ մնացածինը՝ բավարար։ Տավուշ ՋՕԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի պետ Հայրապետ Առուստամովի խոսքով՝ պոմպերը սեզոնին ծախսում են 66-70 մլն դրամի էլեկտրաէներգիա։ Կառուցումից ի վեր քառաստիճան համակարգում միակ կապիտալ վերանորոգումը կատարվել է 2002 թվականին. «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում վերազինվել է առաջին աստիճանի պոմպակայանը։

Զորական գյուղն օգտվում է քառաստիճան համակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի պոմպակայաններից։ Երկրորդով և երրորդով հիմնականում ոռոգում են տնամերձերը և վարելահողերի մի մասը, իսկ չորրորդը ծառայում է բոլոր վարելահողերի ջրման համար։

Տեղամասի պետ Հայրապետ Առուստամովն ասում է, որ անցյալ տարի կարողացել են ջրի մատակարարման հաճախականությունը պահել, և այգիները ոռոգվել են։

Պոմպակայաններ 05.jpg
Պոմպակայաններ 06.jpg

«Այս տարի Զորականի հատվածում այգիները շատացել են, որովհետև այգեգործները ինչ-որ դրական փոփոխություն են տեսել, տեսել են, որ մենք ժամանակին կարողանում ենք ջուրը հասցնենք տեղ»,- ասում է Առուստամովը։

Զորականցի Վանիկ Համբարձումյանը հակադարձում է՝ նշելով, որ անցյալ տարի օգոստոսին քառաստիճան համակարգը 45 օր չի աշխատել, ինչի հետևանքով իր այգում որոշ ծառեր չորացել են։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին ՋՕԸ-ն հազիվ կարողանում էր 20-օրյա հաճախականություն պահել։

«Գյուղացին ռիսկ չի անում այգի դնի։ Մեզ են նայում, եթե մեզ մոտ ստացվի, եթե ՋՕԸ-ն նորմալ ջուր տա, արդեն էս բոլոր հողերը մի հինգ տարի հետո այգիներ կլինեն։ Գյուղում ամռանը մինչև 45 աստիճան տաքություն է լինում, այդ պայմաններում գոնե 10 օրը մեկ պետք է ջրենք այգին»,- ասում է Վանիկ Համբարձումյանը։

Զորականում արդեն սկսվել է ոռոգման շրջանը, մեր այցելության ժամանակ գյուղացիներն ասացին, որ ապրիլի 15-ին պիտի արդեն ջուր ստանան, սակայն պոմպի տրանսֆորմատորն անսարք է և ուղարկվել է Երևան. առայժմ նորություն չկա՝ երբ կնորոգվի։ Համայնքի վարչական ղեկավարն ասում է, որ ջրի կարիք այսօր էլ ունեն։

«Ապահովության համար վերցրել եմ ՈՒԱԶ մեքենա, երկու տոննայանոց ցիստեռն, որ եթե ջուր չլինի, սկսեմ տասը լիտրով ջրել։ Պատկերացրու 500 ծառը դու ձեռքով ջրես, էդ ինչ ծախսերի, ինչ ուժի հետ ա կապված։ Ջուր էլ չկա մոտիկ, որ գնաս, ընդեղից լցնես գոնե, պիտի գնաս Դեբեդից ջուր բերես, որ ստեղ ջրես»,— ասում է Վանիկ Համբարձումյանը։

Գյուղացիները պատմում են, որ եթե բերք են ունենում, մինչև հոկտեմբեր այգին ջրելու անհրաժեշտություն է լինում, բայց անցյալ տարի վերջին անգամ ջուր ունեցել են օգոստոս-սեպտեմբերին։

Քառաստիճան համակարգից նախկինում օգտվել է նաև Կողբ գյուղը, սակայն հիմա այդ հողատարածքներին ջուրը չի հասնում։

68-ամյա Արմեն Թանդիլյանը հիշում է, որ խորհրդային տարիներին իր այգում խնձորի, հոնի ծառեր էր մշակում։

«Մարդիկ ստեղ սաղ մշակում էին, իսկ հիմա անապատ ա դառել։ 1000 մետր խաղողի այգի ունեմ, ջուր չկա, էլ չեմ մշակում։ Էն մեկն էլ վարել ա, ասում ա՝ թե անձրև գա, կարտոշկա կցանենք, անձրևի հույսին կարելի՞ ա հող մշակել»,- ասում է Թանդիլյանը։ Հայրապետ Առուստամովը համոզված է, որ քառաստիճան համակարգի արդիականացումը մեծ միջոցներ եւ երկար ժամանակ կպահանջի։

Նոյեմբերյան համայնքի հողերը ոռոգվում են ոչ միայն քառաստիճան համակարգով, այլև առանձին պոմպակայաններով, որոնք ևս ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից։

Ոռոգման ցանց

Անբավարար աշխատող պոմպերից ավելի անմխիթար վիճակում է ոռոգման ցանցը, որի մի մասը թալանված է, մի մասն էլ՝ անպիտան օգտագործման համար։

Արարատի մարզի Արաքսավան գյուղում 250-260 հեկտար ոռոգովի հողատարածք կա, բայց ընդամենը 45-50 հեկտարն է ջրվում՝ ոռոգման ցանցի բացակայության պատճառով։

Պոմպակայաններ 07.jpg

Արաքսավանի պոմպակայանը և ոռոգման ցանցը կառուցվել են մոտ 50 տարի առաջ և մինչ օրս չեն վերանորոգվել։ Տարիների ընթացքում գյուղացիները և ՋՕԸ աշխատակիցները, որոնք նաև հողօգտագործող են, փորձել են սեփական միջոցներով վերանորոգել ոռոգման ցանցը, տեղ-տեղ ավելացրել են նոր կտորներ, փորձել են ամրացնել ջրատարները։ Քանդված ոռոգման ցանցի պատճառով Արաքսավանում մեծ է ջրի կորուստը։

Պոմպակայաններ 08.jpg
Արաքսավանի ոռոգման ցանցը

Չնայած «Արտաշատ ՋՕԸ»-ի տնօրենն ու ինժեներն ասում են, որ պոմպակայանն աշխատում է առանց խափանումների, գյուղացիները բողոքում են, որ ջուր չեն ստանում։

«Մեր պոմպակայանում 2 պոմպ կա, մեկն ենք շահագործում։ Ջրագծերը չկան, ցանցը լավ վիճակում չի, եթե դրանք լինեն, մենք 2-րդը կաշխատացնենք»,- նշում է Արտաշատ ՋՕԸ-ի ինժեներ Միսակ Մեթոյանը։

Սուբվենցիոն ծրագրով Արաքսավանում կառուցվել է նոր պոմպակայան, որը, ըստ ՋՕԸ-ի ինժեների, կկարողանա ջուր ապահովել եւս 60 հեկտարի ոռոգման համար։

Սակայն պոմպակայանը գործարկելու համար, շենքից եւ պոմպերից բացի, անհրաժեշտ է նաեւ ոռոգման ցանց, իսկ դա չի ներառվել ծրագրում։

Չնայած ՋՕԸ աշխատակիցները պնդում են, թե նոր պոմպակայանի շահագործումը կավելացնի ոռոգվող հողերի մակերեսը, հայտնի չէ, թե ինչ միջոցներով է նոր ոռոգման ցանց անցկացվելու, եթե անգամ գործող ոռոգման ցանցը նորոգելու միջոցներ չկան։

Հարցին, թե առանց ոռոգման ցանցի ինչպես են շահագործելու պոմպակայանը, ՋՕԸ-ի ինժեները պատասխանեց, որ ջրամատակարարումն իրականացվելու է հողային հունով։ Այս դեպքում ջրի կորուստը կարող է հասնել 60-65 տոկոսի, մինչդեռ ներկայիս կիսախողովակներով այն կազմում է մոտ 50 տոկոս։

«Ուրբանլաբ» հետազոտական կենտրոնի քաղաքական եւ իրավական հարցերով ավագ փորձագետ Հայաստան Ստեփանյանն ասում է, որ համայնքների եւ ՋՕԸ-երի միջև տարաձայնություն կա. «Պոմպակայանները պատկանում են համայնքներին, հիմա դրանք անհատույց օգտագործման են հանձված ՋՕԸ-երին։ ՋՕԸ-ն ուրիշի սեփականությունը ինչի՞ պետք է ամբողջովին փոխի։ Իր գործառույթը ջրի արդարացի բաշխումն է»։

Ստեփանյանն ասում է, որ անհրաժեշտ է մի անգամ ծախս անել, համակարգն արդիականացնել, արևային կայան կառուցել և պոմպակայանները դրանից սնել։

Մենք հարցումներ էինք արել Հայաստանի բոլոր 15 ՋՕԸ-երին, եւ պատասխաններից ակնհայտ էր, որ նրանք ամբողջությամբ չեն տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ մակնիշ, շահագործման տարեթիվ, ժամկետ, կարգավիճակ ունեն իրենց կողմից շահագործվող պոմպերը։ Շատ դեպքերում տեղյակ չէին՝ որ պոմպակայանում քանի պոմպ կա, եւ թե դրանցից քանիսն են գործող։

«ՋՕԸ-երը 2 պատճառով կարող էին տվյալներին չտիրապետել. առաջին՝ նրանք պարզապես չունեն եւ երկրորդ՝ արխիվացում չի եղել. հնարավոր է ՝ գլխավոր ինժեները դուրս է եկել գործից, հավաքել ինֆորմացիան, իր հետ տարել»,— ասում է Հայաստան Ստեփանյանը։

Պոմպակայաններ 09.jpg

Փորձեցինք զրուցել Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի հետ, սակայն մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ վերջինս մարզային այցերի էր ու ժամանակ չուներ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալների հետ ևս չկարողացանք հարցազրույց կազմակերպել նույն պատճառաբանությամբ։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համաձայնեց պատասխանել մեր գրավոր հարցերին։ Մաթևոսյանի խոսքով, Կառավարությունը 2021-2026 թթ. չի նախատեսում պոմպակայանների արդիականացում։

Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշվում է, որ Կառավարությունը խթանում է կաթիլային և անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրումը, ինչպես նաև ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մեխանիզմների կիառումը։ Փորձեցինք փոխվարչապետից ճշտել՝ կատարվե՞լ է համապատասխան ուսումնասիրություն, թե որ մարզերում է նպատակահարմար անցնել կաթիլային և անձրևացման եղանակով ոռոգման, և ի՞նչ է նախատեսվում անել այն բնակավայրերում, որտեղ այդ եղանակներով ոռոգումը նպատակահարմար չէ։

Ըստ փոխվարչապետի՝ ուսումնասիրություններն իրականացվել են Երևանում, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի մարզերում։ Բայց ներկայում ծրագրից օգտվում են բոլոր համայնքները և կնքվում են պայմանագրեր ջրօգտագործողների հետ:

Ուսումնասիրության ընթացքում փորձել ենք պոմպերի և պոմպակայանների մասին տվյալներ ստանալ Ջրօգտագործողների ընկերություններից։ Մասնավորապես, թե քանի պոմպակայան և պոմպ կա ՋՕԸ-երի վերահսկողության տակ, ինչ կարգավիճակ ունեն պոմպերը, երբ են տեղադրվել։ Ստացել ենք թերի, ոչ ստույգ, որոշ դեպքերում՝ միմյանց հակասող տվյալներ։ Այն հարցին՝ կա՞ կառույց, որ տիրապետում է Ջրօգտագործողների ընկերությունների վերահսկողության տակ գտնվող գույքի մասին ամբողջական և ստույգ տեղեկատվության, Մաթևոսյանը պատասխանել է, որ պոմպերն ու պոմպակայանները Կառավարության որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան Ջրօգտագործողների ընկերություններին և դրանց վերահսկողության տակ գտնվող գույքի մասին ամբողջական և ստույգ տեղեկատվության տիրապետում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն։

Կառավարությունից մեզ ուղղորդում են Ջրային կոմիտե, Ջրային կոմիտեից՝ Ջրօգտագործողների ընկերություններ, ՋՕԸ-երից՝ Ջրային կոմիտե, Ջրային կոմիտեից՝ ՀՀ ՏԿԵՆ, ՏԿԵՆ-ից՝ դարձյալ Ջրային կոմիտե և այդպես շարունակ։ Արդյունքում կարող ենք արձանագրել, որ պոմպերի, պոմպակայանների, դրանց սպասարկման տիրույթում հաշվառված հողատարածքների մասին ամբողջական և ստույգ տվյալներ չկան ոչ մի պետական կառույցում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Սեդա

Առաքելյան

Ուսանողներ

Լուսինե

Մանվելյան