qr-codes
ՏեքստԱպրիլ 28/2025

Երևանի հուշարձանների անարձագանք QR կոդերը

Երբևէ փորձե՞լ եք սկանավորել մայրաքաղաքի որևէ հուշարձանի QR, որպեսզի դրան վերաբերող տեղեկություններ ստանաք՝ անունը, տեղադրման տարեթիվը, հեղինակը կամ որևէ այլ մանրամասն։ Մենք փորձել ենք, ու ապարդյուն․ Երևանի քաղաքապետարանի տեղադրած QR կոդերը կամ անհաղորդ են կամ ուշ են արձագանքում։

zoom
«Այս կայքը հասանելի չէ». գրվում է QR-ը սկանավորելիս

Երևանի՝ տեղական կամ հանրապետական նշանակության 318 հուշարձաններից 61-ը ունեն ցուցատախտակ։ Հանրապետական նշանակության հուշարձանները ժողովրդի պատմության և մշակույթի բարձրարժեք, հնագույն, տիպական կամ հազվագյուտ նմուշներն են։ Տեղական նշանակությանը՝ որևէ տարածաշրջանի պատմությունը, մշակույթը և տեղական առանձնահատկությունները բնութագրող հուշարձանները: Հուշարձանների ցուցատախտակների վրա կան հուշարձանի մասին տեղեկություն պարունակող QR կոդեր, որոնք չեն աշխատում։ Ցուցատախտակների մեծ մասը գունաթափված են, կեղտոտ, ինչ է գրված դրանց վրա՝ դժվար է կարդացվում, իսկ QR կոդերը մաշված են։ Քաղաքի կենտրոնում՝ Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում, մոտեցանք Վիլյամ Սարոյանի արձանին։ Առաջին մոտեցմանը QR կոդը չարձագանքեց, ցուցատախտակը փոշոտ էր։ Փոշին մաքրելուց հետո yerevan.am հասցեում բացվեց դատարկ էջ՝ առանց հուշարձանի մասին որևէ տեղեկության։

Սայաթ-Նովա-Տերյան խաչմերուկում «Ղարաբաղցի կինը» քանդակի կոդը դժվար սկանավորվեց, որովհետև ցուցատախտակի ապակին ծածկված էր թռչունների ծերտով։ Նաև ծառերի սաղարթներն էին խանգարում սկանավորմանը, որովհետև ցուցատախտակը տեղադրված էր արձանից հեռու՝ ծառի տակ։

zoom
«Ղարաբաղցի կինը» քանդակի ցուցանակը ծերտով էր պատված, կոդը դժվար սկանավորվեց

Հուշարձանների ցուցանակների պատրաստման և տեղադրման մեկնարկը տրվել էր 2011 թվականից՝ մասնավոր-համայնք համագործակցության շրջանակում։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» այդ ժամանակվա տնօրեն Արա Յաղջյանը PanARMENIAN.Net-ին փոխանցել է.

«Քաղաքապետարանի այս ծրագրի շնորհիվ զբոսաշրջիկները հեշտությամբ կստանան ինֆորմացիա պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների մասին։ QR կոդը բաղկացած է տարբերանշաններից՝ ներառյալ տառեր, թվեր, հատուկ տարբերանշաններ: Մեկ QR-կոդը կարող է պարունակել 7,089 թիվ կամ 4,296 տառ: QR կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով»։

Ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած ծածկագրի («ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգ»՝ ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-23/287), QR կոդերով տեղեկատվական ցուցանակ պետք է ունենային մայրաքաղաքի բազմաթիվ հուշարձաններ, դեռ նախատեսվում է 318-ի տեղադրումը։ Դրանք կահավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը 2023 թվականին հայտարարել է 3 մրցույթ։ Առաջինը՝ հուշարձանների մասին պատմող եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) տեքստեր կազմելու համար էր, երկրորդը նախատեսում էր տեղեկատու տեքստերի կազմում և աուդիոգիդի՝ ձայնային ուղեցույցի ձայնագրում։ Երրորդը՝ մրցույթով պետք է ընտրվեր այն ընկերությունը, որն այդ տեքստերից և աուդիոգիդից կպատրաստեր հուշարձանների ցուցանակներ և կտեղադրեր դրանք։ Ցուցատախտակների եռալեզու տեքստերի պատրաստման մրցույթում հաղթել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, աուդիոգիդի ձայնագրման մրցույթում հաղթել է Հանրային ռադիոն, իսկ ցուցանակների պատրաստման և տեղադրման մրցույթում հաղթել է Արթիկ քաղաքում գործող «ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊ ընկերությունը։

318 հուշարձանների մասին պատմող ցուցատախտակները պետք է տեղադրված լինեին մինչև 2024-ի դեկտեմբերի 25-ը: Այդ թվում՝ առկա 61-ը պետք է թարմացվեին։ Դրանք տեղադրված չեն։ Մեր գրավոր հարցմանը՝ ինչո՞ւ մինչև հիմա ցուցատախտակները տեղադրված չեն, Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոշ Սարգսյանը պատասխանել է․

«Գնման պայմանագրի ժամկետը լրացել է, սակայն պայմանագրի կատարող «ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած նմուշները չեն հաստատվել պայմանագրի պատվիրատու հանդիսացող Երևանի քաղաքապետարանի կողմից»:

Տեղեկատվական ցուցանակները պետք է ունենային 3D սխեմայով, չժանգոտվող պողպատից, օրգանական ապակուց (տեքստային հատվածում՝ անփայլ) և լույսից բաղկացած տեսք՝ պատին կպցնելու և գետնին տեղադրելու համար։ Ցուցանակների լայնությունը պետք է լիներ 25 սմ, երկարությունը՝ 30 սմ, իսկ ցուցանակի հենակի բարձրությունը՝ 65 սմ։

zoom
Տեղեկատվական ցուցանակի էսքիզային առաջարկը

«ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գոռ Թոփաշյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ մրցույթում հաղթելուց հետո բոլոր գործերով ընկերն է զբաղվել։ Մրցույթից հետո կնքված պայմանագիրը մտել է ուժի մեջ, բայց քաղաքապետարանը որևէ պատվեր չի տվել «ՀԵՆՐԻ-ՇԻՆ»-ին, ցուցատախտակները չեն պատրաստվել, չեն տեղադրվել։

«Նախ պետք է պատվեր տային, չհավանելու դեպքում՝ խզեին պայմանագիրը, բայց պատվեր չի եղել»։

Պայմանագիրը կնքվել է 2023-ի հոկտեմբերի 9-ին, ցուցատախտակները պետք է մատակարարվեին և տեղադրվեին մինչև 2024-ի դեկտեմբերի 25-ը: Գոռ Թոփաշյանը հավելեց, որ մեկ տարով կնքված պայմանագիրը հնարավորություն էր տալիս ամեն ամիս, օրինակ, քսան ցուցատախտակ տեղադրել։

«Իրենց անգործությունը թող մեզ վրա չբարդեն»,— եզրափակեց Թոփաշյանը՝ մեղադրելով քաղաքապետարանին։

Տեղեկատվական ցուցատախտակների համար նախատեսված գումարը շուրջ 14 միլիոն դրամ է, այսինքն, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 44 հազար դրամ։ Քանի որ աշխատանքներ չեն իրականացվել, գումարը ևս չի փոխանցվել կատարող՝ «Հենրի Շին» ՍՊԸ-ին։ Կամ, ինչպես կատարողն է պնդում՝ քանի որ գումարը չի փոխանցվել, աշխատանքներն էլ չեն կատարվել։

Նախաձեռնությունից 2 տարի անց նախատեսված 14 միլիոն դրամը մնացել է թղթի վրա, իսկ մայրաքաղաքի այցելուները շարունակում են ապարդյուն սկանավորել Երևանի պատմական հուշարձանների անհաղորդ QR կոդերը:

zoom
«ՀԵՆՐԻ-ՇԻՆ» ՍՊԸ-ի պատրաստած ցուցատախտակի նմուշ, լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանից
zoom

Հեղինակներ՝

Ուսանողներ

Նարե

Շավինյան

Ուսանողներ

Տաթևիկ

Գալստյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Տիրայր

Մուրադյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան