Ավարտ՝ հանուն սկզբի. աշխատաշուկա վերադառնալու Ռեգինեի փորձը
Վերջին 6 ամիսների բոլոր օրերը Ռեգինե Շահնազարյանի համար նոր աշխատանք գտնելու մասին են։ Ութ տարի նույն տեղում աշխատելուց հետո մի օր որոշեց դուրս գալ գործից․ ուզում էր կյանքը փոխել, նոր բան սովորել։ Կարծում էր՝ հեշտ կլինի նոր գործ գտնելը։
Շահիր ժամանակը
«Հեշտ արթնացող չեմ։ Ամբողջ կյանքիս պայքարը եղել է, որ շուտ արթնանամ, բայց չի ստացվել։ Երբ շուտ եմ զարթնում, օրս երկար է տևում, շատ բան եմ հասցնում անել՝ գիրք կարդալ, ֆիլմ նայել, անգլերեն սովորել՝ մինչև գործերիս անցնելը», - ասում է այս մի պայքարում դեռ չհաղթող Ռեգինեն։
Զարթուցիչը չի հանձնվում, մինչև Ռեգինեն վեր է կենում։ Պետք է քրոջ աղջկան դպրոց տանել, հետո դառը, սև սրճով անցնել առավոտյան պարտադիր ընթերցանությանը՝ աշխատանքի հայտարարություններին։
«Պետք էր ընտրել մասնագիտություն, որը հետո շատ գումար կբերեր։ Քանի որ գեներով մաթեմատիկա լավ գիտեի, որոշեցի ֆինանսներ սովորել, որ հետո բանկիր դառնամ, հարուստ լինեմ։ Քեռուս խոստացել էի, որ իրեն լողավազանով տուն եմ նվիրելու,— Ռեգինեն ծիծաղում է,— քեռակինս մինչև հիմա հիշում ու ասում է՝ տենց էլ չառար»։

Փորձիր, ոչինչ, եթե ձախողվես
Ռեգինեն հաշվապահ է աշխատել, հետո՝ գանձապահ, հետո՝ 8 տարի գարեջրի գործարաններից մեկի ֆինանսներն է կառավարել, ծախսերը բաշխել։
«Շաբաթը 6 օր՝ առանց փոխարինողի, աշխատում էի։ Ծանրաբեռնվածությունս գնալով մեծանում էր։ Ես էլ պատասխանատու մարդ եմ․ առավոտյան 8-ին գնում էի, երեկոյան 9-ին վերադառնում տուն։ Գերհոգնել, սպառվել էի։ Լինում էր՝ աշխատասենյակիս դուռը փակում էի, լացում, հանգստանում, հետո ինձ թափ տալիս ու սկսում աշխատել։ Ես ակտիվ, աշխույժ մարդ եմ։ Ասացի՝ վերջ, էլ չեմ դիմանում, դուրս եմ գալիս գործից»։
2025-ի սեպտեմբերից չի աշխատում։ Ազատ կյանքի առաջին ամիսը վայելել է ծնողների մոտ՝ Տավուշի Արծվաբերդ գյուղում։


«Սկզբի մի քանի օրը շատ հավես էր․ թվում էր՝ նոր հորիզոն է բացվել իմ առաջ, ամեն ինչ հարթ է գնալու, արագ նոր աշխատանք եմ գտնելու։ Բայց գնալով անորոշությունը խորանում էր՝ ի՞նչ եմ անելու, տան վարձը ո՞նց եմ վճարելու։ Աշխատանքի հայտարարություններ էի նայում․ անթիվ հմտություններ էին պահանջում, առաջին անգամ տարիքային սահմանափակմանը բախվեցի․ պարզվեց՝ 35-ից հետո հեշտ ու հանգիստ չես կարող աշխատանք գտնել»,— ասում է 43-ամյա Ռեգինեն ու հիշում՝ վերջին ամսվա տան վարձը տատիկն է ուղարկել։
Հինգ ամիս է Ռեգինեն հաշվապահության դասերի է գնում։ Դրան զուգահեռ մասնակցում է «Կանանց վերաինտեգրումն աշխատաշուկայում» դասընթացին։

«Դասընթացի ժամանակ հասկացա, որ նախկին աշխատավայրումս իմ թույլ կողմը եղել է խնդիրների մասին չխոսելը, չարտահայտվելը։ Եթե պրոբլեմ կա, դրա մասին պետք է խոսել, հարթել ու անցնել առաջ։ Երկրորդը՝ աշխատավայրը պետք չէ ընտանիք դարձնել. պետք է սահմաններ ունենալ, սառը դատել։ Մի կարևոր բան էլ՝ ցանկացած շանս պետք է օգտագործել։ Ուղղակի պետք է դա անել, և նորմալ է, եթե ձախողես»։
Եթե ինչ-որ մեկը կարողանում է, դու էլ կկարողանաս
Ռեգինեն մեկամսյա փորձաշրջան է անցնում հաշվապահական գրասենյակում, հաղթահարում ինքն իրեն ու մոտենում իր երազած աշխատանքին։

— Կարևորը հարկային օրենսգիրքն է։
«Նայում եմ շուրջս՝ նոր ավարտած, ջահել, կայացած մարդիկ արագ-արագ աշխատանքն անում են, իսկ ես հետևներից չեմ հասցնում։ Պահի տակ ընկճվում եմ, ասում եմ՝ վայ, ոնց եմ հասցնելու, ոնց եմ սովորելու։ Հետո սթափվում եմ, ասում եմ՝ բոլորը քայլ առ քայլ են սովորել, հմտացել։ Դու էլ կսովորես»,— ասում է Ռեգինեն։
Սիրուն ու գունավոր ապրիր
«Միշտ մտածել եմ՝ պարտադիր չէ, որ մեծացար՝ ամուսնանաս։ Ասում էի՝ չէ, ես ուրիշ ձև եմ ուզում ապրել։ Ուզում եմ անկախ լինել, իմ գումարը ունենալ, անել այն, ինչ ուզում եմ։ Բայց միաժամանակ գիտեմ, որ աշխարհի ամենասիրուն բանը ընտանիքն է։ Այնպես չէ, որ ես չեմ ցանկացել ամուսնանալ․ մինչև հիմա էլ ուզում եմ ընտանիք, երեխաներ ունենալ։ Բայց եթե դա չի ստացվել, և ոչ ոք դրա մեջ մեղավոր չէ, ի՞նչ անենք, տխրե՞նք։ Չէ, պետք է կյանքն ապրել՝ սիրուն ու գունավոր»։
Իր կյանքը Ռեգինեն գունավորում է հարազատներով, ընկերներով, նոր բաներ սովորելով։ Կարծում է՝ աշխատանքը նպատակ չէ, այլ երջանկության հասնելու միջոց։

«Հաճախ, մանավանդ որ իմ ընտանիքը չունեմ, մտածում եմ՝ լավ, բա հիմա ես ո՞ւմ եմ պետք, իմ ապրելու նպատակը ո՞րն է»,— պատասխանը ձևակերպել է՝ օգտակար լինելը, իր շրջապատի համար պիտանի բան անելը։ Օրինակ՝ քրոջ երեխաներին է խնամում, հաշվապահության դասերին օգնում է մյուսներին։
«Ամեն կիրակի եկեղեցի եմ գնում։ Մի անգամ՝ ծնունդիս, եկեղեցու անդամ տատիկներին, որոնք երբեք ռեստորան չէին գնացել, հավաքեցի ու գնացինք օրը միասին նշելու։ Նկարագրելու չէ, թե որքան երջանիկ էին, անմոռանալի ծնունդ եմ ունեցել»։

«Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
Ես գ կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ»։
Ռեգինե Շահնազարյանը համոզված է՝ ինչին ձգտում ես, ինչի մասին օր ու գիշեր մտածում ես, կատարվում է։
«Նպատակ դրեցի, որ պետք է լուրջ մասնագետ դառնամ, ու դրա համար դռներ բացվեցին, ավելի ճիշտ՝ ես կարողացա դրանք տեսնել։ Հիմա հաշվապահի աշխատանք գտնելու փափագ ունեմ, վստահ եմ՝ դա էլ կստացվի»։
Լուսանկարները՝ Անի Բալայանի
Նյութը պատրաստվել է «Ժողովրդագրական դիմակայունություն. կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում՝ տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման աջակցության շրջանակում։
Նյութում արտահայտված տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ արտացոլեն Միացյալ Թագավորության կառավարության կամ ՄԱԲՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։

Թիմ՝
Թիմ
Ժաննա
Բեքիրյան
Թիմ
Հարություն
Մանսուրյան