Ֆոտո պատմությունՓետրվար 20/2023

Ռետրոն անիվների վրա

Շատ մեքենաների սիրահարների համար դասական կամ ռետրո մեքենա ունենալը կյանքի երազանք է: 1920-ականներից մինչև 1990-ականներ այս մեքենաներն անցել են տարբեր փորձությունների միջով և այսօր էլ գրավում են նմուշահավաքներին։

Ռետրո են համարվում 40-ից բարձր տարիք ունեցող մեքենաները, որոնց արտադրությունը վերջին 20-30 տարում դադարեցված է։

Հայաստանում նման մեքենաները շատ չեն։ Ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմում 1992-ից գործում է Ռետրո մեքենաների ակումբ։ Ամեն տարի ակումբի անդամները տարածաշրջանային ցուցադրությունների են մասնակցում։

Հետք Մեդիա Գործարանի ուսանողները փնտրել և գտել են Հայաստանում ամենահին ռետրո մեքենաները, որոնք մինչև այսօր չեն կորցրել իրենց գործարանային տեսքը։

Գուրգեն Զաքարյան

DSC_3747.jpg
Packard, 1930թ.

Գուրգենը ունի ռետրո մեքենաների հավաքածու։ Հավաքածուի հիմքում նրա առաջին՝ սպիտակ Պակարդ (Packard) մեքենան է։ Ջարդուխուրդ մեքենան 10 տարում նա վերածեց շքեղ մեքենայի, հետո մեծ դժվարությամբ, ֆինանսական խնդիրների պատճառով, ստիպված վաճառեց։ Մեքենայի հետ այնքան էր կապվել, որ գնեց հաջորդ Պակարդ մեքենան և ստեղծեց ռետրո մեքենաների հավաքածու։ Սերը մեքենաների հանդեպ ծնվեց ավտոինժեներություն սովորելուն զուգահեռ։

Այս մեքենայի սրահն ըստ Գուրգենի ամբողջությամբ «Գուչի» բրենդի կաշվից է։ Հիմա Գուրգենը 1930-ի Պակարդ հազվագյուտ մեքենան ոչ մի գնով չի վաճառի, որովհետև դրա անհրաժեշտությունն արդեն չկա։

Հրաչ Մուշեղյան

DSC_3746.jpg
BMW 8 Series coup 1992 թ.

Հրաչը երկար ժամանակ մեքենան չի վարում.

«Էս մեքենաս կայծակ ա, ոտքդ դրեցիր պեդալին, ստեղից հրապարակ ուղիղ կգնա։ Դժվար է նման արագությամբ քաղաքում վարել»։ Ասում է՝ նախորդ սեփականատերը մեքենայի արագությունից վախեցած է մեքենան վաճառել։

Ասում է՝ մեքենան շատ հարմար է, նստելիս կորցնում ես ժամանակի զգացողությունը, ինչպես պատահել Է Հրաչի հայրիկի՝ 1958-ի աշխարհի առաջին հայ ըմբշամարտի չեմպիոնի՝ Նորայր Մուշեղյանի հետ։

«Հայրս Նիվա ուներ, դրանով մի քանի օրով պիտի գնար Թբիլիսի։ Պատահեց էնպես, որ մեքենան խափանվեց, ու հենց այս BMW-ով էլ գնաց։ Էն ժամանակ հեռախոս չկար, որ զանգեինք տեսնեինք՝ որտեղ է։ Գնաց ու մի շաբաթ անց վերադարձավ»։ Նորայր Մուշեղյանը մեքենայով շրջել է Վրաստանի և Ռուսաստանի մի քանի քաղաքներով, իսկ ընտանիքը կարծել է, թե մեքենայի խափանման պատճառով է ուշանում։

«Վերադարձավ, մեքենայից իջավ ու ասաց, որ գերմանացիներին պիտի դատի տանք։ Ասեցի՝ պա’պ, ինչի համար, ասեց՝ հենց էս ավտոյի համար. «Դրանք մարդ չեն, որ մարդ լինեին, սենց (անթերի) ավտո չէին կարողանա սարքեին»։

«Մեքենան այնքան արագընթաց է, որ կարծես էկրանի դիմաց բազմոցին նստած՝ խաղ խաղալիս լինես», — նկարագրում է Հրաչը։

Վահան Անտոնյան

DSC_3744.jpg
Rolls-Royce Silver Shadow, 1979թ.

Մեքենան Վահանը գնել և Հայաստան է բերել ԱՄՆ-ից։ Վրաստանից մեքենայով է եկել, բայց ասում է՝ ամեն օր վարելու համար չէ։ Հայաստան հասնելուց հետո մի քանի անգամ է որպես փոխադրամիջոց օգտագործել՝ ընկերների հարսանիքներին։

Հայկ Բիանջյան

DSC_3742.jpg
Տաքսի GAZ-24 «Volga», 1986թ.

Հայկն ունի խորհրդային ժամանակշրջանի մեքենաների հավաքածու, իսկ այս մեքենան գնել է 2017-ին. «Այս հանրահռչակ տաքսուց երեք մոդել ունեմ, բայց միայն սա եմ վարում։ Մարդիկ մեքենան պատվիրում են, որ օդանավակայանում բարեկամներին դիմավորեն, ռեստորանում ժամադրության հրավիրեն»։

Հայկը ստեղծել է «Սովետ ակումբը», որտեղ էլ ցուցադրվում են մեքենաները։

Վահե Ղազարյան

DSC_3743.jpg
Mercedes Adenauer w180

Վահեն պատմում է, որ 1986-1987 թվականներին Հայաստանում 4 Մերսեդես կար.

«Այս մեքենան հայրիկինս էր, հետո անցել է ինձ։ Հիմա 8 տարեկան որդիս արդեն գիտի, որ մեքենան իրենն է»։

Հիշում է՝ երբ փոքր էր, 14 երեխայով տեղավորվել են մեքենայի մեջ ու հոր հետ գնացել են Դիլիջան։

Ամեն տարի մեքենան ցուցադրվում է Ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված տարածաշրջանային բաց ցուցահանդեսին։

Արման Սարգսյան

DSC_3745.jpg
GAZ-21, 1958թ.

Սև GAZ-21, 1958թ., 2.5 շարժիչ, ներսի սրահը ամբողջությամբ իտալական կտորից է։

Արմանը GAZ-21 մակնիշի երեք ավտոմեքենա ունի, բայց ամենասիրելին սևն է, որը գնել է 2012-ին։ Այն քանդել և ամբողջությամբ վերանորոգել է։ Մեքենաների հանդեպ սերը հորից է։ Արմանը պատմեց, որ իր առաջին GAZ-21 մակնիշի մեքենան հայրը գնել է 1970 թվականին, հետո գնել է ևս մեկը

Հեղինակներ՝

Ուսանողներ

Արեն

Նազարյան

Ուսանողներ

Լուսինե

Հակոբյան

Ուսանողներ

Նարե

Պետրոսյան

Ուսանողներ

Էմմա

Միքայելյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Վահան

Ստեփանյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան