ՏեքստՄարտ 26/2025

Ներկայացման ավարտին ամեն բան հօդս է ցնդում, մնում են մարդկանց էմոցիաները․ Ռոզա Մխիթարյան

3 տարի առաջ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումն էր։ Տպավորված էի գլխավոր կերպարներին մարմնավորող Արամայիս Սարգսյանի և Ռոզա Մխիթարյանի խաղով։

2024-ի հոկտեմբերի 23-ին նույն թատրոնի բեմում նույն ներկայացումն էր՝ «Հիշիր վաղվա օրդ». այս անգամ երեկոն նվիրված էր Ռոզա Մխիթարյանի 95-ամյակին։

Դերասանուհին բեմում է կես դարից ավելի։

zoom

— Տիկին Մխիթարյան, գիտեմ, որ տարիներ առաջ Բաքվի մանկավարժական համալսարան ընդունվելու հարց է եղել, բայց քննությանը չեք ներկայացել, որպեսզի վերադառնաք Հայաստան և գնաք թատրոն։ Դուք ինչպե՞ս հայտնվեցիք Բաքվում։

Արծվաբերդ գյուղում 8-ամյա կրթություն ստանալուց հետո ծնողներս ինձ ուղարկեցին Բաքու՝ հորեղբորս մոտ՝ մեր ընտանիքի հոգսը թեթևացնելու և ինձ կրթության տալու համար։ Բաքվում հաճախել եմ «Էրմենիքենդի» հայկական դպրոցը, ավարտել 10-րդ դասարանը։ Քանի որ լավ էի սովորում, հորեղբայրս ուզում էր, որ ընդունվեմ Բաքվի մանկավարժական համալսարան և թղթերս տարավ այնտեղ։

Ես մանկուց թատրոններում եմ եղել՝ սիրահարված թատրոնին։ Հորեղբորս խաբեցի, թե կարոտել եմ մորս, չներկայացա մանկավարժական համալսարանի քննությանը և վերադարձա Հայաստան։ Ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին, սովորեցի Վաղարշ Վաղարշյանի արվեստանոցում։

— Ո՞րն էր Ձեր խաղացած առաջին դերը թատրոնում։ Ի՞նչ էիք զգում։

— Առաջին կերպարս «Նամուսում» Սուսամբարն է եղել՝ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում։

Բեմում շատ ազատ էի։ Բեմում Ռոզա չկա։ Խաղալիս ես Ռոզային թողնում եմ ետնաբեմում, իսկ բեմում հանդիսատեսը անտեսանելի թելերով կառավարում է ինձ։ Չեմ լարվում, և քանի անգամ էլ նույն դերը խաղամ, պատասխանատվությունս նույնն է։

— 180 կերպար եք մարմնավորել, դեռ կա՞ դեր, որի մասին երազում եք։

— Դեր չկա, որ աչքս վրան է մնացել։ Հիմա էլ ուզում եմ նոր դերեր ստանալ։ Հիշում եմ, ինստիտուտի տարիներին ուզում էի խաղալ «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացման մեջ, բայց բախտ չվիճակվեց։ Հետո ստացա էնպիսի դերեր, որոնք ծածկեցին իմ երազանքի չխաղացած դերը։

— Ձեր կերպարներից ո՞րը կառանձնացնեք։

— Որևէ մեկն առանձնացնել չեմ կարող։

180 դերերից ոչ մեկը չեմ տապալել, որովհետև յուրաքանչյուր կերպարի մեջ ամբողջ հոգեկան աշխարհս եմ դնում, մինչև վերջ ուսումնասիրում եմ նրան՝ ով է, ինչ միջավայրից է։ Դերս որ ստանում եմ, հանգիստ չեմ մնում, պառկած ժամանակ էլ եմ դերերս փորձում։

Մի անգամ աղջկաս ընկերուհին ուզում էր գալ մեր տուն, գիտեր, որ տանը միայն ես ու աղջիկս ենք։ Եկել է, ու մեկ էլ տղամարդու ձայն է լսում խոհանոցից։ Աղջկաս համար սովորական էր, գիտեր, որ գործ անելիս էլ եմ դերս փորձում՝ հա՛մ իմ տեղն էի խոսում, հա՛մ խաղընկերոջս։ Էդ աղջիկը, թե՝ բա ասում էիր մենակ ես ու մամաս ենք տանը, ի՞նչ տղամարդու ձայն է, ու փորձում է ծիկրակել։ Վերջը համոզվեց, որ տանը տղամարդ չկա։

— Կա՞ կերպար, որի հետ ներքին ընդհանրություն եք զգացել։

— Օրինակ՝ «Նամուսում» Սուսամբարի կերպարն իմ մասին է, ներաշխարհիս մոտ է՝ չգիտեմ, թե ինչու։

zoom
Ալեքսանդր Գալին, «Ռետրո», Դիանա Վլադիմիրովնա
zoom
Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղպար», Սաղոմե

— Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում Մհեր Մկրտչյանի հետ եք սովորել․ ի՞նչ հետաքրքիր պատմություններ եք հիշում նրա հետ կապված։

— Ֆրունզիկը ինձ շատ էր սիրում։ Ասում էր, ոնց ձեր գյուղից անարատ եկել ես, էդպես էլ կմնաս։ Մի անգամ երկու ընկերներիս հետ վերադառնում էինք հանրակացարան, որ գտնվում էր Աբովյան պուրակի մոտ։ Ֆրունզիկը տեսավ, որ տղաների հետ եմ, հանրակացարանի երկրորդ հարկից գոռաց. «Աղջի Ռոզա՛, էրեխու սոսկան ո՞ւր ես դրել»։ Ամաչեցի, ընկերներիս ասում եմ՝ ստում է, ես երեխա չունեմ։ Նեղսրտած բարձրացա վերև, ասում եմ՝ ինչի՞ էդպիսի բան ասիր ու խփում եմ։ Ֆրունզիկն էլ թե՝ լավ եմ արել, բա ինչի՞ էիր էդ տղերքի շալակն ընկել (ծիծաղում է

zoom
Հակոբ Պարոնյան, «Պաղտասար աղպար», Սաղոմե, խաղընկեր՝ Մհեր Մկրտչյան

— Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս նոր դերեր խաղալու համար։

— Հենց ինքը թատրոնը։ Թատրոնն իմ կենսական անհրաժեշտությունն է, ինձ ապրեցնում է դեպի արվեստ սերը։ Թատրոնը չլիներ, ես էլ չէի լինի։

— Նոր դերերի առաջարկներ շա՞տ եք ստանում, ինչպե՞ս եք արձագանքում։

— ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի մահից հետո որոշեցին վերականգնել «40 օր համբառնալուց առաջ» ներկայացումը։ Մայրանուշի կերպարը պետք է խաղայի, բայց պատրաստվում էի հոբելյանական երեկոյիս, մերժեցի։

Մոտ 5 ամիս առաջ ռուսերեն ֆիլմի առաջարկ ստացա։ Մերժեցի։ Ինձ այնքան ինֆորմացիա չէին տրամադրել, որ մտնեի կերպարիս մեջ․․․ ռոբոտի նման չէի կարող, ես պետք է զգամ կերպարը։

Ես շատ եմ սիրում իմպրովիզներ, երբ կերպարիս մեջ եմ մտնում, սկսում եմ «սխալներ ուղղել»։ Եթե զգում եմ, որ կերպարին այս բանը չի սազում, փոխում եմ։

— Դուք բեմում եք ավելի քան կես դար: Ի՞նչն է փոխվել թատրոնում Ձեր առաջին բեմելուց հետո։

— Հանդիսատեսը նույնն է, նույն խանդավառությամբ է ընդունում։ Ներկայացումն ավարտվում է, ամեն բան հօդս է ցնդում, մնում են մարդկանց այդ պահի էմոցիաները։

Այն ժամանակ ավելի խիստ էր ամեն բան, մի քանի անգամ գալիս-նայում էին, որ հասկանան՝ թույլատրեն բեմադրել, թե՝ ոչ։ Հիմա ներկայացման մեջ ում ուզում՝ ներգրավում են։

zoom
Ա. Ծովակ, «Ցանկապատից այն կողմ», Իզաբելլա
zoom
Զորայր Խալափյան, «Ամեն մեկին իր տեղը», Համեստ

— Հոկտեմբերի 23-ին Ձեր 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն էր, ի՞նչ հետաքրքիր բան կպատմեք այդ օրվանից։

— Ասում ենք չէ՞, կերպարի ուժը շատ մեծ է, կերպարը բուժում է։ Վերջերս ընկել եմ՝ մեջքս ցավեցրել, կուզիկ եմ քայլում։ Հոբելյանական երեկոյին «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը խաղացի, մտա կերպարիս մեջ, միանգամից մեջքս ուղղվեց։ Ներկայացումն ավարվեց էլի դարձա կուզիկ (ծիծաղում է):

— Ինչպե՞ս էին ձեր ընտանիքի անդամները վերաբերում Ձեր մասնագիտությանը։

— Դե, պատահում էր երեխաններիս թողնում էի, գնում հյուրախաղերի, իսկ ընդհանրապես կարողանում էի համատեղել թատրոնն ու ընտանիքը։
Մի անգամ գիշերվա 12-ին ռեժիսոր Վահե Շահվերդյանը զանգեց, ասաց՝ վաղը պրեմիերա ունենք, պետք է գլխավոր դեր խաղաս։ Ասաց՝ համոզված եմ, որ կարող ես։

Ամուսնուս ասացի՝ էսպես-էսպես բան կա։ Ինքն ինձ շատ օգնում էր։ Ամբողջ գիշեր փորձեցի կերպարս։ Ներկայացմանը ոնց զգացի՝ խաղացի։ Մի տեսարան կար՝ գեղեցիկ երաժշտությամբ էր ուղեկցվում։ Այդ պահին էլ իմպրովիզ արեցի, սկսեցի պարել խաղընկերոջս հետ։ «Ախ, այդ ծնողները» ներկայացումն էր, 360 անգամ խաղացել ենք։

— Բացի ներկայացումներից, նաև ֆիլմերում եք խաղացել։ Ի՞նչ հետաքրքիր պատմություններ կհիշեք։

7 ֆիլմում եմ նկարվել։ «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմում մի տեսարան կար՝ իբրև ընկնում եմ մեքենայի տակ։ Մի դուբլով նկարեցինք, 81 տարեկան էի։
Մաթևոսյանի «Աշնան արև» ներկայացման մեջ Արուսի (Նանի) դերակատարն էի։ Էդտեղ էլ մի տեսարակ կա, որտեղ պետք է ընկնեմ։ Առաջին անգամ, որ խաղում էի, հանդիսատեսը խառնվել էր, աղջիկս էլ գիտեր, թե իսկապես ընկել եմ։

Մեր հարևանը Հրանտ Մաթևոսյանի բարեկամն է, մի անգամ Նոր տարուն նվերներով եկավ մեր տուն, թե ոնց գրված է, ոնց կերպարը կա, էդպես էլ խաղում ես… շնորհակալություն էր հայտնում։

zoom
Ա. Քալանթարյան, «Այս տունը վաճառքի ենթակա չէ», Սաթենիկ աջ կողմում՝ Շահեն Ոսկանյան, ձախ կողմում՝ Հայկ Թորոսյան
zoom
Ռոզա Մխիթարյանը դերասան Ազատ Շերենցի հետ

— Ներկայացում է եղել, որտեղ երկու դեր եք խաղացել․ ինչպե՞ս է ստացվել։

— Երևանի ռուսական թատրոնում «Սոս և Վարդիթերն» էինք խաղում։ Ինձ թատրոնի շտապօգնություն են ասում, բոլոր կերպարների ռեպլիկները անգիր հիշում եմ։ «Սոս և Վարդիթերում» օշականցի պառավ էի խաղում, մեկ էլ ռեժիսորն ասաց՝ պետք է Անուշ էլ խաղաս, դերասանուհին չէր եկել։ Անուշի շորերը հագա, պառավի շորերն էլ վրայից, 2 կերպարներն էլ խաղացի։ Ներկայացման վերջում մասնագիտական հանձնաժողովն ասաց՝ Անուշի դերակատարն ո՞վ էր, ասացին Ռոզան, բա օշականցին ո՞վ էր․ էլի Ռոզան։ Չէին հավատում։ Մի տեսարան էլ, որտեղ Անուշն ու օշականցին հանդիպում են, ստիպված հանեցինք։

zoom
1. Ա. Ծովակ «Ցանկապատից այն կողմ», Իզաբելլա
2. Գաբրիել Սունդուկյան, «Պեպո», Շուշան
3. Ա. Ծովակ, «Խնայեցեք տղամարդկանց», Վառվառա Իվանովնա

— Տիկին Մխիթարյան, ո՞ւմ եք շնորհակալ Ձեր վաստակի համար։

— Միշտ Աստծուն եմ շնորհակալ։ Նաև ռեժիսորներիս եմ շնորհակալ։ Սոկրատ Աքմաքչյանին, որն ինձ առաջին դրամատիկ դերն է տվել։ Ես կոմեդիայի դերասանուհի էի։ «Պեպոն» էր այդ ներկայացումը՝ Շուշանի կերպարով, խաղացել եմ Բաբկեն Ներսիսյանի և Խորեն Աբրահամյանի հետ։ Շնորհակալ եմ Ռաֆայել Ջրբաշյանին, Մայիս Ռաֆայելյանին, Վահե Շահվերդյանին։

— Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ուզում են դերասան դառնալ։

— Ընտրեք այն, ինչ սիրում եք։ Թվում է, թե թատրոնում ամեն բան գեղեցիկ է, բայց ոչինչ հարթ չէ։ Պետք է շատ սիրես, որ դիմանաս, պետք է ֆանատ լինես։ Երբ մասնագիտությունդ քեզ է արժանի լինում, դու՝ իրեն, մեկդ մյուսին չեք արժեզրկում։

— Եվ վերջում, նորություններ սպասվու՞մ են։

— Կարծում եմ՝ կպատրաստվեմ Մայրանուշի դերին «40 օր համբառնալուց առաջ» ներկայացման մեջ, որովհետև բեմում եմ ես առողջ։

Լուսանկարները՝ Ռոզա Մխիթարյանի անձնական արխիվից

zoom

Հեղինակ՝

Ուսանողներ

Նարե

Շավինյան

Դասախոս՝

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան