ՌԴ սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում». օրինականությունը և ծառայության դադարեցումը
Հայաստանը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների ծառայության կարիքն այլևս չի զգացվում: Այս մասին վերջին մի քանի օրերին հայտարարեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կրեմլը հաստատել է, որ ստացել է Հայաստանի իշխանությունների ծանուցումը, և հիմա երկու կողմերի գերատեսչությունների միջև շփումներ են ընթանում: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ծառայության վերջնաժամկետը օգոստոսի 1-ն է:
Ռուսական կողմի ներկայության մասին այսօր խոսում են ՀՀ իշխանությունները, իսկ հասարակական-քաղաքական շրջանակները ավելի վաղ են բարձրացրել ՌԴ սահմանապահների՝ «Զվարթնոցում» գտնվելու օրինականության հարցը՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ հիմքեր չկան:
Ոմանք նշում են, որ ՌԴ սահմանապահները, ըստ 1992-ի հայ-ռուսական պայմանագրի, պետք է ծառայություն իրականացնեն միայն Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ սահմանին: Արդյոք այդպե՞ս է:
Հայաստանում ռուս սահմանապահների ծառայությունը կարգավորվում է 1992-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով:
«Հայաստանի Հանրապետությունը, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության և ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին, որոնք սույն պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են Հայաստանի Հանրապետության տարածքում»,— ասվում է պայմանագրի 2-րդ հոդվածում:
2018-ին «Հետքն» Ազգային անվտանգության ծառայությունից հետաքրքրվել էր, թե միջպետական պայմանագրի որ կետն է սահմանում ՌԴ սահմանապահների ծառայությունը «Զվարթնոցում»։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստորագրման պահին ՌԴ սահմանապահներն արդեն իսկ տեղակայված են եղել «Զվարթնոցում», իսկ ահա պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանվել է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը և տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչև կողմերի միջև հատուկ համաձայնագրերի կնքումը. այդպիսիք չեն կնքվել:
Այսինքն, ըստ ԱԱԾ-ի, ՌԴ սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում» ամրագրված է 1992-ի միջպետական պայմանագրով:
Օդանավակայանում ռուսական կողմի ներկայության դեմ հանդես եկողների մյուս փաստարկն այն է, որ վերոնշյալ պայմանագիրը չի վավերացվել ՀՀ խորհրդարանի կողմից: Պայմանագիրը, ինչպես ասվեց, ստորագրվել է 1992-ի սեպտեմբերի 30-ին, իսկ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին: Սահմանադրության 6-րդ հոդվածը նշում էր, որ ՀՀ անունից կնքված միջազգային պայմանագրերը կիրառվում են միայն վավերացումից հետո։ Իսկ անցումային դրույթներով էլ ամրագրվում էր, որ մինչև Սահմանադրական դատարանի կազմավորումը միջազգային պայմանագրերը վավերացվում են առանց ՍԴ եզրակացության (ՍԴ-ն կազմավորվել է 1996 թ.): Այդուհանդերձ, 1992-ի պայմանագիրը չի վավերացվել մինչ օրս:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ասում է, որ եթե հայ-ռուսական այս պայմանագիրը հակասեր Սահմանադրությանը, հարցը վաղուց բարձրացված կլիներ Սահմանադրական դատարանում։
«Պատահում է, որ փաստաթղթերը ստորագրվում են, բայց տարիներ անց են վավերացվում, կամ ունենք փաստաթղթեր, որոնք ստորագրվել են, բայց դեռ տասնյակ տարիներ չեն վավերացվել։ Այդ պայմանագիրը կարող էր փոփոխության ենթարկվել, բայց ոչ թե հատուկ համաձայնագրով, այլ կառավարությունների միջև ստորագրված հուշագրով։ Պարտադիր չէ, որ ամեն ինչ պայմանագրով կնքվի»,— նշում է Ղազարյանը։
«Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ծառայության դադարեցումը, ըստ Ղազարյանի, երկու տարբերակ կարող է ունենալ՝ երկկողմ համաձայնությամբ կամ միակողմանի որոշմամբ։
«Եթե երկկողմ պայմանագիր լինի, նախ ՍԴ-ն պետք է ստուգի, ապա ԱԺ-ն վավերացնի։ Բայց հայկական կողմը կարող է նաև միակողմանիորեն լուծարել, առկախել պայմանագիրը, և դրա համար բավարար կլինի գործադիր մարմնի որոշումը։ Բոլոր դեպքերում, եթե նման որոշում հաստատվի, գործընթացը երկար է տևելու»,— ասում է Արա Ղազարյանը։
Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից
Հեղինակ՝
Ուսանողներ
Լիլիթ
Գրիգորյան
Դասախոս՝
Դասախոսներ
Վահե
Սարուխանյան