Ցախավելով վհուկներն ու աղիբլիթյան լեգենդները
Նախանցած տարի փետրվարի 13-ի գիշերը եղբորս ընկերը շնչակտուր մեր տուն մտավ՝ ձեռքին երկու աղի բլիթ։ «Ժո՛ղ, վերցե՛ք, կերե՛ք, տենանք՝ դուք վին կտենաք»,— ասաց նա ու ստիպեց, որ բլիթներն ուտենք։ Կերանք։ Զզվելի էր։
Հիշեցի մեզ՝ փոքր ժամանակ։ Հարսիկը՝ հոպարիս կինը, ամեն տարի այդ օրը տոն էր դարձնում։
Գյուղի ջահելները հավաքվում «շոռ բլիթ» էին ուտում․ ով մեկին տեսներ, ուրեմն, տարին իրենն էր, պիտի ամուսնանար։
«Հարսիկ, ընձի բետ (մեծ) կսարքես, օր նորմալ բան տենամ, թե չէ՝ հնցած տարի բան չտեսա, տնաշեն մեջքով էր կայնուկ, չֆայմավ ջուր էլ տեր»։
Հասմիկ հարսիկն էլ ծիծաղելով լսում էր բոլորի սրտի պատվերներն ու անցնում գործի։
Աղջիկները չէին գալիս, ամաչում էին․ բա որ աղի բլիթ ուտելուց իրենց տեսնեն։
«Չէ, վա, ամոթ ա, ինչ գսեն, կմտածեն՝ ծռուկ (ընկեր) ունին, էդրա խամար վռազցած գուզեն շոռ բլիթ ուտեն։
Մենք էլ վեց երեխաներով «լակոտներն» էինք։ Լակոտներին չէր հասնում աղի բլիթ․ «Մըկա հուրանց վախտ չէ, խասուկ խելքախաս մարդ չեն»։
Բայց դա ով էր հաշվի առնում, կար հարձակման պլան, ստրատեգիական քայլեր։
«Ճժէր, վէզեք, շուտ ենեք հարսիկ հելե կուխնուց, էկավ-էկավ շուտ էնեք»,— գոռալով, իրար հրմշտելով, բայց գոհ ու երջանիկ մեր թռցրած ավարից՝ վազում էինք դուրս։ Հոպարիս կինը՝ քաղաքակիրթ՝ հերեվնա աղջիկ, փոքրիկ անդաստիարակների մեջ փորձում էր չջղայնանալ, մինչդեռ տատիկը ցախավելով կախարդ ջադուներով մեզ ահ էր տալիս (ինքն այդ պահերին դրանց շատ էլ նման էր)։
«Քզի քսիմ ձեռներդի հեռու տար, մգա քու վախտ չի, էդի խասուկ աղջկներունն ա, օր կերար, գիշեր ցախավլով վհուկ-ջադուներ գուքան քեզի կտփին»։
Բայց ականջ դնող չկար։ Փորձված տարբերակ էր․ մեզնից առաջ փոքր ժամանակ մեր մեծերն էին կերել, իրենք էլ մեզ վստահեցնում էին, թե՝ հանգիստ էղեք, բան էլ չէղի, կերեք։
Ապերն էդ գիշեր երազ էր տեսել․ «Վխք, տատի, գեղի ամենագեշ աղջիկն էր, հօրի քնա յենի»։
Այդ օրվանից վախեցա, էլ չկերա, բա որ ամենագեշ տղուն էլ ես տեսնեի՞․․․
Տարին տարվա հետ նոր լեգենդներ էի լսում, թե մեր բարեկամներից ով ում է տեսել երազում ու ամուսնացել։
Մեծացել էինք մի քիչ։ Մամաս պատմեց, որ ինքն էլ աղի բլիթը կերել ու պապայիս է տեսել։
Նախանցած տարի առաջին անգամ ուտում էի աղի բլիթ, որը չէինք թռցրել կիսահում։
Համը չէի մոռացել՝ զզվելի էր։ Կերա ու հետո լեգենդները հիշեցի, վախից չքնեցի՝ գյուղի ամենագեշ տղան դեռ ամուսնացած չէ, բա որ ես տեսնեի։
Գլխավոր լուսանկարը՝ armday.am կայքից
Հեղինակ՝
Ուսանողներ
Սերինե
Աղաբեկյան
Դասախոս՝
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան