11 երեխաների տունը. Սարգսյաններ
Հրազդանում վարձակալած 4 սենյականոց բնակարանում է ապրում Նելլայի բազմանդամ ընտանիքը՝ 17 անձ։ Նելլայի տղաներից մեկը՝ Սեյրանը, 10 երեխա ունի, մյուսը՝ Կառլենը՝ 1։
Ընտանիքի ավագը պապն է՝ 74 տարեկան Հրաչիկը, կրտսերը՝ 2 տարեկան թոռնիկը։ Վեց տղա, հինգ աղջիկ վազվզում են անծանոթ տան սենյակներում։
2020-ին Շուշին ընկավ, բազմանդամ ընտանիքը տեղահանվեց։ Գնացին նախ Վանաձոր, հետո վերադարձան Արցախ՝ Ասկերանի Հարավ գյուղ։ Հարավում ապրեցին 3 տարի, իսկ 2023-ի սեպտեմբերյան պատերազմից հետո տեղափոխվեցին Հրազդան։
Նելլան դեռ Արցախից բերած ալյուրով է հաց թխում, որը շուտով կվերջանա։
Ասկերանից Հրազդան ճանապարհը սկսվել է սեպտեմբերի 25-ին։ Երկու մեքենայով՝ քսան մարդ, սեպտեմբերի 27-ին անցել են Հակարիի կամուրջը։
Էվելինան՝ 10 երեխաների մայրը, կատակում է. անցակետում, երեխաներին հաշվելիս, ադրբեջանցիները կորցնում էին հաշիվը։ Ստիպված իրենք են հուշել։
Նելլայի թոռները Արցախից բերել են իրենց սիրելի հինգ փափուկ խաղալիքները, նշում են՝ ամենասիրելիները։ Հիմնականում հենց դրանցով են խաղում են, չնայած՝ նորերն ունեն։
Մեծ թոռը՝ Նինելը, ասում է՝ կար մի բան, որ ամենաշատն էր ուզում բերել Արցախից՝ չկարողացավ։
Ինքը չի ասում, հուզվում ու չի թողնում, որ մայրն էլ մանրամասնի, թե այդ ինչ է թողել Հարավի իրենց տանը։ Բայց հայրն է միջամտում ու պատմում, որ Նինելը քանոն էր նվագում։
— Ամեն անգամ քանոնը հիշելիս տխրում է, ես էլ եմ շատ ուզում՝ շարունակի նվագել։ Երբ մեր ֆինանսական վիճակը մի փոքր կարգավորվի, կառնեմ իր համար։
Սեյրանն էլ է պատերազմի մասնակից։ Ասում է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ջահելներով երդվել էին՝ ինչ էլ լինի, Շուշիից չեն իջնելու։
— Հայրս չէր ուզում Շուշիից դուրս գալ։ Մի կերպ համոզեցի։ Ասաց՝ էնպես արա, որ երեխային բերես։ Երեխան փոքր եղբայրս է։ Ասի՝ թեկուզ շալակած՝ սարերով կհասցնեմ։ Եղբորս վիրավոր բերեցին տուն։ Ստիպված էի Շուշիից իջնել։ Ես չէի իջնի…
Հեղինակներ՝
Ուսանողներ
Լիլիթ
Խաչատրյան
Ուսանողներ
Մարիամ
Աբրահամյան
Ուսանողներ
Միքայել
Սարգսյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան
Թիմ՝
Թիմ
Հարություն
Մանսուրյան