scientists
Long ReadՀունիս 6/2022

Հայաստանում գիտական աստիճան ստացողների թիվը կայուն նվազում է

«Հայաստանի բուհերում ուժեղացվելու է գիտահետազոտական բաղադրիչը, ներդրվելու են գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, աջակցություն է ցուցաբերվելու գիտնականների՝ վերջին տարիներին գրանցած հաջողությունների հետագա զարգացմանը, ներդրվելու են նոր մեխանիզմներ գիտնականների սոցիալական պաշտպանվածության բարձրացման գործում, ընդլայնվելու է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ծավալը»,- նշված է Հայաստանի 2013 և 2014 թվականների կառավարության ծրագրերում։

Իրականությունը, սակայն, բավականին տարբերվում է կառավարության՝ թղթի վրա նկարագրված ծրագրերից։

Վերլուծելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները՝ նկատվում է, որ 2000-2020 թվականների ընթացքում գիտության ոլորտին վերաբերվող մի շարք ցուցանիշներ նվազել են։

Ամենակտրուկը նվազել է գիտական աստիճան ստացածների թիվը։

Գիտական-աստիճան-ստացածներ-1-1024x774.jpg

2020 թվականին՝ 2000 թվականի համեմատությամբ, 23-ով կրճատվել է նաև գիտական կազմակերպությունների թիվը` 88-ից դառնալով 65, իսկ գիտական կազմակերպություններում աշխատողների թվաքանակը 7300-ից հասել է 4500-ի։

Գիտական-հաստատություն_վերջնական-1024x610.jpg

Ուսումնասիրելով Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ)՝ 2000-2020 թվականների պաշտպանությունների արխիվը՝ պարզեցինք, որ 2013 թվականից մինչև 2021 թվականը գիտական պաշտպանությունների թիվը Հայաստանում կայուն նվազել է 76%-ով։

Year_Bok-2-01-1024x751.png

ԲՈԿ-ի նախկին նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը նվազման այսպիսի միտումը բացատրում է նրանով, որ 2013 թվականից իր նախաձեռնությամբ ներդրվել է գործիք, որով հնարավոր է եղել բռնել գրագողությունը։ «Նվազման միտումն ի շահ գիտության էր։ Սակայն հնարավոր չէ տվյալ մարդուն, որ արտագրություն է արել, զրկել կոչումից կամ աստիճանից։ Լավ կլինի, եթե որևէ փաստաթուղթ ստեղծվի, որի միջոցով անկախ նրանից, թե երբ է պաշտպանել գիտական աշխատանքը, եթե հայտնաբերվի արտագրություն, հնարավոր լինի հետ վերցնել վկայագիրը, չեղյալ համարել դոկտորականը կամ թեկնածուականը»,- ասում է Լիլիթ Արզումանյանը։

ԲՈԿ-ից և ԿԳՄՍ-ից հայտնեցին, որ Հայաստանի 21 բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին 2012-2016 ուսումնական տարիներին հատկացվել է ասպիրանտուրայի 1787 տեղ (առկա և հեռակա), փաստացի ընդունվել է 1559 ասպիրանտ: Սահմանված ժամկետում պաշտպանել և գիտական կոչման է արժանացել ընդամենը 625 ուսանող (հատկացված տեղերի միայն 35%-ը): Նախարարությունից ավելացնում են նաև, որ գիտական պաշտպանությունների նվազման էական պատճառներից են որոշ մասնագիտությունների գծով նպատակային տեղերի համար դիմորդների թվի նվազումը և գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխությունները:

Ըստ ԲՈԿ-ի տվյալների` 2000-2020թթ․-ին եղել է 9792 գիտական պաշտպանություն 157 մասնագիտությունից։

«Հրաձգության տեսության», «Քաղաքացիական պաշտպանության», «Ազգային անվտանգության» մասնագիտություններով վերջին 20 տարիների ընթացքում գիտական պաշտպանություն չի հրապարակվել։ Լիլիթ Արզումանյանն ասում է, որ բանակի հետ կապված պաշտպանություններ եղել են, սակայն գաղտնի։ Նա նաև նշում է, որ եղել են դեպքեր, երբ որոշ մասնագիտությունների համար մասնագիտական խորհուրդ կազմելն անհնար էր։ Խորհուրդը պետք է կազմված լինի նվազագույնը երեք անդամից, բայց մասնագետ չունենալու պատճառով տվյալ գիտական պաշտպանությունը ենթագրվել է այլ մասնագիտության։

Նշենք նաև, որ 2000-2020թթ․-ի ընթացքում գիտական պաշտպանություններ ներկայացնող առաջատար կրթական հաստատություններն են Երևանի պետական համալսարանը (2105) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (710) և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (702)։

Ինչպես 2013 և 2014 թվականների, այնպես էլ իշխանափոխությունից հետո՝ 2018 և 2019 թվականների Հայաստանի կառավարության ծրագրում գիտության զարգացման վերաբերյալ հավակնոտ մտքեր են շարադրված, մասնավորապես նշվում է, որ պատրաստվում են Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, երկրի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին:

«Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող»,- գրված է կառավարության 2018-2019 ծրագրում։

Նույն ոգով է շարադրված նաև գիտության վերաբերյալ հատվածը 2021-2026 թվականների կառավարության ծրագրում։ Այս անգամ կառավարությունը գիտության ոլորտը դիտարկում է որպես Հայաստանի կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը, որի զարգացումը հնարավորություն է ընձեռելու «դիմակայել ներկայիս և ապագայի մարտահրավերներին, դառնալ զարգացման և առաջընթացի կարևոր մաս, զարգացած մարդկային ռեսուրսով ապահովել ինչպես կրթական համակարգը, այնպես էլ բարձր տեխնոլոգիական և ռազմավարական նշանակության այլ ոլորտներ»:

Այս տարվա բյուջեով կառավարությունը մոտ 25 միլիարդ ՀՀ դրամ է հատկացրել գիտության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, ինչը նախորդ տարվա ֆինանսավորումից 82,8%-ով ավելին է։

2013 թվականից հետո գիտության նվազող ցուցանիշները, սակայն, ցույց են տալիս, որ այս ոլորտում կառավարության հավակնությունները իրականությանը դեռևս չեն մոտենում։

Հեղինակներ՝

Ուսանողներ

Լիանա

Խաչատուրյան

Ուսանողներ

Անգին

Ծատուրյան

Ուսանողներ

Ռուզաննա

Աբրահամյան

Ուսանողներ

Լիլիթ

Նազարեթյան

Դասախոս՝

Դասախոսներ

Կատյա

Մամյան