Սիրե, շատ սիրե
Եթե Գյումրիի Ավստրիական թաղամասից քայլես դեպի Չարենցի փողոց, ուղիղ գնաս ու անցնես 3 խաչմերուկ, չորրորդում թեքվես աջ, չհասած հաջորդ խաչմերուկին՝ կհայտնվես 11-րդ փողոցի 7-րդ շենքի բակում: Այդ շենքի առաջին հարկում է բնակվում 76-ամյա Սերյոժա Մամաջանյանը:
Նա արդեն 35 տարի, Գյումրիի իր մեկ սենյականոց բնակարանում մենակ է ապրում․
«Իմ տեղ ուրիշ մարդ լիներ, կամ նարկաման էր դառել, կամ ալկաշ, կամ էլ հողի տակը կլիներ»։
Պատմում է, որ ամբողջ օրն անցկացնում է խոհանոցում, խոհանոցում էլ քնում է, ննջասենյակ չի մտնում։ Առավոտյան միացնում է ռադիոն, ծխախոտը վառում ու թեյի բաժակով սուրճ խմում:
«Գիշերվա երկուսին էլ արթնանամ՝ էլի կոֆե եմ դնում։ Անքնություն ունեմ. աչքերս փակում եմ, բայց ուղեղս չի անջատվում։ Մտածում եմ՝ ինչո՞ւ պիտի մենակ մնայի։ Որ կողմը նայում ես՝ ալկաշ են, բայց այնպիսի ընտանիքներ ունեն, այնպիսի երեխաներ, թոռներ… մտածում եմ, որ արժանի չէի էս կյանքին»,— ասում է Սերյոժան՝ ներս քաշելով ծխախոտի ծուխը։
Տաքսու վարորդ է եղել։ Ասում է՝ ժամանակին Գյումրու կեսն իրեն ճանաչում էր։ Հիշում է ջահել տարիներն ու սիրուն աղջիկներին։ Որոշել էր, որ ամենասիրունին է տուն տանելու։
«Ամենասիրունը իմ կինն էր՝ Էլմիրան՝ կապույտ աչքերով: Մազերը չէր ներկում, վաբշե պուդրի չէր քսում, ոչ էլ աչքերն էր քսում: Մինչև հիմա աչքիս առաջն է։ Գյումրիում եթե երկրորդը չլիներ, երրորդը կլիներ գեղեցկությամբ։ Նա իմ առաջին իսկական սերն էր: Ծոցիցս չէի հանում: Շատ էի սիրում: Ամբողջ օրը գրկում, պաչում էի: Փախնում էր ինձնից, ասում էր՝ վա՜յ, դե զզվցրի՛ր: Ասում էի՝ ախչի՛, ուրի՞շ կնկա մոտ գնամ: Ասում էր՝ հա, գնա: Իբրև կռվում էինք»։
Կնոջ մասին Սերյոժան խոսում է ժպիտով, հետո հոգոց է հանում՝ է՜հհ, ինքն այդպես էլ ինձ չհասկացավ։
1988-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Ռոստով քաղաք: Այնտեղ էլ է գումար վաստակել տաքսի վարելով։ Եվ ինչպես Գյումրիում՝ մինչև ամուսնանալը, Ռուսաստանում էլ է ընկերուհիներ ունեցել։ Նրանցից մեկին մի օր տուն է հրավիրել: Դա կռվի առիթ է դարձել կնոջ հետ։ Ինքը վերադարձել է Գյումրի, կինը՝ երկու դուստրերի հետ, մնացել է Ռուսաստանում։
«Եկա, սպասեցի, հա սպասեցի։ 2000-ին կինս փոքր աղջկաս հետ մի շաբաթով եկան Հայաստան՝ անձնագիրը փոխելու։ Ասաց՝ գնամ, մեծ աղջկադ կուղարկեմ մոտդ, որ մենակ չմնաս։ Ո՛չ եկել են, ո՛չ գնացել։ Երկու տարի առաջ զանգեցի, խոսեցի մեծիս հետ։ Երկու օր հետո նորից զանգեցի․ թե բա՝ ինչի՞ ես զանգել։ Էդ օրվանից էլ չեմ խոսել հետը: Էսօր տան մեջ մեռնեմ, մարդ չի իմանա: Գնացող-եկող չկա, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ»,— ասում է Սերյոժան։
Ռուսաստանից գալուց հետո էլի տաքսի է վարել, բայց երբեք չի սիրել այդ գործը։ Հայրը քաղաքի երկրորդ մեքենայի վարորդն է եղել, ինքն այդպես է սկսել մեքենա վարել։
Իրականում՝ խոհարարություն ու երաժշտություն է սիրել:
«Էն Գյումրվա հարսանիքը տեսե՞լ ես, «Շիրակի մեղեդիները» կինոն: Ես եմ նվագել։ Հարսանիքներ էլ եմ նվագել։ Մեկ էլ հաց սարքել էի շատ սիրում: Երբ աշխատանքի չէի լինում, ես էի տանը հաց սարքում, կնոջս խոհանոց չէի թողնում»:
Բաժանվելուց հետո Սերյոժա Մամաջանյանի կյանքում ևս երկու կանայք են եղել, բայց այդ կապերը կարճ են տևել, երկուսն էլ մահացել են:
1995-ից պրոթեզով է քայլում: Ոտնաթաթի տակ կոշտուկ էր առաջացել, բուժումն ուշացրել են, ստիպված ոտնաթաթը կտրել են: Երեք տարին մեկ պրոթեզը փոխում են:
«Փողոցում այնպես եմ քայլում, ոնց որ հարբած լինեմ»,— ասում է ծիծաղելով ու ձեռքը տանում է դեպի անդամահատված աջ ոտքը:
Մի քանի տարի առաջ հիվանդացել է շաքարային դիաբետով։ Ասում է՝ դրա պատճառով նիհարել է 20 կգ։ Հիվանդությունը տեսողության վրա էլ է ազդել:
«Հիմա որ հաց եմ սարքում, փայտ գցեմ, մազ գցեմ, թե քար՝ չեմ տեսնի։ Չոր սնունդ եմ ուտում, ուրիշի էլ չեմ թողում ճաշ եփի, մի քիչ զզվող եմ»,— ասում է Սերյոժան։
«Կարիտասի» բուժքույրը շաբաթը երկու անգամ է գալիս, իսկ սանիտարը ամեն օր։ Խանութ են գնում, տունն են հավաքում, սպիտակեղենը մաքրում:
5 տարի առաջ Սերյոժան գնացել է ծերանոց, բայց հասկացել է, որ իր տեղը չէ։ Ասում է․
«Սաղ՝ պառավ, կյանք չկա։ Ես էլ՝ ժիվոյ մարդ, տեսած տղա։ Ջահելների հետ եմ շփվում, պառավների հետ չեմ շփվում, չեմ կարողանում։ Եկա տուն: 76 տարեկան եմ արդեն, բայց հոգիս ջահել է. ես գիտեմ՝ 40 տարեկան եմ»։
Սերյոժա Մամաջանյանն ապրած կյանքից հասկացել է՝ եթե ուզում ես կնոջը վիրավորել, արհամարհիր, ուզում ես սիրտը գրավել, օծանելիք առ, ծաղիկներ առ, տար կինո ու թատրոն:
Ասում է՝ եթե Արցախից 50-60 տարեկան կին լիներ, կբերեի տուն, ինձ պահեր։
— 50-60 տարեկա՞ն,— հարցնում եմ ես։
— Դե, հո 70 տարեկան կնիկ չեմ առնի։ Թող ոտի վրա լինի, սիրուն լինի, որ հետս մի տեղ տանեմ, չամաչեմ,— պատասխանում է ծիծաղելով։
Հետո ավելացնում է էլի մի ցանկություն․
«Ուզում եմ՝ գոնե մի աչքս լավ տեսներ, մի նիվա առնեի, առավոտները հաց ու պանիր վերցնեի, գնայի ջրի մոտ։ Ձուկ բռնեի, մի քիչ զբաղվեի, իրիկունն էլ դառնայի տուն»:
— Ինձ ի՞նչ խորհուրդ կտաք:
— Սիրե՜, շա՜տ սիրե:
Հեղինակ՝
Ուսանողներ
Ալյոնա
Հայրապետյան
Դասախոսներ՝
Դասախոսներ
Վահան
Ստեփանյան
Դասախոսներ
Մարիամ
Բարսեղյան