Սևանի Ռակետաները, լքված պանսիոնատն ու Ազգային պարկը

Խորհրդային Միության ժամանակների սերունդը, հավանաբար, ժպիտով կհիշի Սևանի Ռակետա նավերը: Ասում են, որ այն Խորհրդային միության ժամանակ զբոսաշրջային պարտադիր վայրերից էր. ով այցելում էր Սևան, պետք է նավով զբոսներ։ Ռակետաները երկուսն են եղել։ Նավավարները միշտ կոկիկ հարդարված համազգեստով էին։

Ռակետաներից մեկի մեջ եմ… չէ, կոկիկ հարդարված նավավարը չկա, ոչ էլ զբոսաշրջիկներին եմ տեսնում: Արտաքուստ Ռակետա նավը սիրուն համադրվում է Սևանի կապույտի հետ, որ հետևից ուշադիր եմ նայում, թվում է՝ դեռ լողում է: Ներսի պատկերն ինձ համար տխուր է. պարզվում է՝ Ռակետա նավը երկրորդ կյանքում ռեստորան է եղել, որի գործունեության դադարից հետո՝ հիմա, նավը կիսաքանդ ու լքված մնացել է Սևանի ափին, շատ դեպքերում էլ այն ոչխարների ու կովերի համար լավ հանգստավայր է:


Ամեն ինչ շատ սիմետրիկ ու Խորհրդային Միության բնորոշ ճարտարապետական լուծումներով է: Դեռ չեմ ուզում գուգլել, դեռ բացահայտում եմ, ներսում եմ… Դե՜, կիսաքանդ վիճակ, մեկ-մեկ մտածում եմ՝ իմ ծանրությունից հատակը կփլվի ու ես էլ կդառնամ Ռակետայի ու էս շինության նման կիսաքանդ:


Բակում լողավազան է, որը կրկնօրինակում է Սևանի ուրվագիծը:


Չէ, բայց իրոք, շա՜տ սիրուն է, պատշգամբները, պատուհանները: Ամենասիրունը երրորդ հարկի պատշգամբն է. Էստեղից Սևանը Ատլանտյան օվկիանոսին իր հմայքով չի զիջում: Մինչև վերջին հարկ չեմ բարձրանում, վտանգավորության աստիճանի քանդված է, բայց արդեն տպավորված եմ:
Ափը հարմար ու սիրուն է, հիմա մաքրությամբ չի փայլում, բայց ժամանակին ամենամաքուր ափերից է եղել:


Հիմա էլ գնում եմ Սևանի ազգային պարկ։ Սպիտակ ավազով պատված ափ Սևանում առաջին անգամ էի տեսնում: Էստեղ մտնելն արգելվում է, որովհետև տարածքը բնապահպանական կարևոր նշանակություն ունի. վերահսկվում ու պահպանվում է : Դե, լրագրողական մի փոքր համառության շնորհիվ կարողացա մտնել այս սիրուն ափ:


Պարկի տարածքում արգելվում են տարատեսակ միջոցառումները, ինձ էլ թույլ չտվեցին շատ լուսանկարել:


Սևանը թաքնված ու սիրուն շատ տարածքներ ունի: Ռակետաները, պանսիոնատը ինձ համար մի քանի ժամով կենդանացան, բայց հիմա, որ գնամ, էլի իրենք լքված ու կիսաքանդ են մնալու:
Հեղինակ՝
Ուսանողներ
Արփի
Բարսեղյան
Դասախոս՝
Դասախոսներ
Իննա
Մխիթարյան