siren-2
Long ReadՄարտ 31/2023

Ո՞ւմ համար է հնչում շչակը. զանգով միացվող Հայաստանի շչակները

Եղվարդի փորձարկված 6 շչակները

2022-ի նոյեմբերի 29-ին Հետք Մեդիա Գործարանի ուսանողներով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում էինք։ Առիթը հայտարարությունն էր, որ կարդացել էինք Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում՝ «Եղվարդում շչակներ են փորձարկվելու»։

2020-ի 44-օրյա պատերազմից հետո, հատկապես, երբ անընդհատ մտածում էինք՝ քանի թաքստոց կամ ապաստարան կա, և՝ ինչ պետք է անել, եթե այդ օրերին հանկարծ տագնապ հնչի, օդում կախվեց հարցը՝ ի՞նչ պետք է անեն մարդիկ շչակի ձայն լսելիս, և ինչպես պետք է ապահովեն իրենց անվտանգությունը արտակարգ իրավիճակներում։

Շչակի ձայնային ազդարարումը նախատեսված է արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության ժամանակ բնակչությանը իրազեկելու և պատսպարելու համար։

Եղվարդում շչակները փորձարկեց քաղպաշտպանության պատասխանատուն։ Քաղաքի 6 շչակներն աշխատում են ոչ թե ավտոմատացված՝ ԱԻՆ-ից հեռահար միացմամբ, այլ՝ մարդկանց անմիջական մասնակցությամբ։ Եղվարդի տարբեր շենք-շինությունների վրա տեղադրված շչակները միացնում են այդ շենքերում տեղակայված հաստատությունների աշխատակիցները։ Լիազոր անձը, սեղմելով ազդարարման կոճակը, փորձարկում է շչակը։ Միացնում է՝ մեկից տասը հաշվելով, և անջատում է՝ սեղմելով նույն կոճակը։ Կոճակը տեղադրված է պատին ամրացված արկղում։ Փորձարկման նպատակը նոր տեղադրված շչակների աշխատանքի ստուգումն էր, և որպեսզի խուճապ չառաջանար, միացումը կարճ տևեց։ ԱԻՆ-ի աշխատակիցները դրսում հետևում էին փորձարկման ընթացքին, ձայնի ուժգնությանը՝ խնդիրները դիտարկելու և հետագայում դրանք լուծելու համար։

Հայաստանում հիմնականում կիրառվում են ռուսական արտադրության «C40» և «C28» շչակներ։ Գործում են շչակներ մատակարարող երեք հիմնական ընկերություններ՝ «ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ, «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ, «ՆՈԼԻՆԱ» ՍՊԸ։

Նաիրի խոշորացված համայնքի աշխատակազմի քաղպաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սիմոնյանի խոսքով՝ շչակները, սովորաբար, տեղադրվում են այն շենքերում, որտեղ պարետները գիշերային ծառայություն են անցկացնում․ «ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ շչակ միացնելու անհրաժեշտություն կա, մենք պատասխանատուներին ենք հաղորդում, նրանք էլ միացնում են շչակը։ Հիմա փորձարկում ենք, որ հասկանանք՝ տեղադրված շչակները գործո՞ւմ են, թե՞ ոչ»:

luys.jpg
Քաղպաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սիմոնյան

Զանգով կարգավորվող շչակը կարող է ուշացած հնչել։ Օրինակ, եթե գիշերը ժամը 3-ին որևէ համայնքի շչակ միացնելու կարիք առաջանա, նախ պետք է ԱԻՆ-ից կապ հաստատեն պատասխանատուի հետ, նա էլ՝ զանգի շչակը միացնող պարետին, պարետը գնա հասնի շչակին, բացի արկղը, և նոր միայն կհնչի շչակի ձայնը։

Արտակարգ իրավիճակների նախարարության կապի ազդարարման համակարգերի և տեխնիկական մասի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանն ասում է՝ շչակների գործարկման մեխանիզմն ավտոմատացված չէ ֆինանսական խնդիրների պատճառով։ Տեղական ինքնակառավարման մարմինները բյուջեով պլանավորում և փուլ առ փուլ են ձեռք բերում շչակներ։ Ըստ պաշտոնյայի, հանրապետությունը մոտ 70 տոկոսով ապահովված է շչակներով, բայց դրանց նույնիսկ կեսի գործարկումն ավտոմատացված չէ. «Ավտոմատացումը ենթադրում է ծրագիր, որը թույլ է տալիս իրականացնել անհատական, խմբակային և ամբողջական ազդարարում, իսկ այս համակարգի կենտրոնն ԱԻՆ-ում է»։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ նախարարության ենթակա ստորաբաժանումներն ունեն օպտիկական կապ, ռադիոկապ ու հեռախոսակապ, բայց արտակարգ իրավիճակներում կարող են առաջանալ անկանխատեսելի խնդիրներ: Օպտիկական կապը ստորաբաժանումների միջև գործող ցանց է՝ ներքին հեռախոսահամարներով: Այդ ցանցից օգտվում են արտակարգ իրավիճակներում։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը՝ չմանրամասնելով, թե Հայաստանի յուրաքանչյուր մարզում քանի շչակ կա, ասաց. «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում տեղադրված էլեկտրաշչակների 35.7% ունեն կենտրոնացված կառավարման հնարավորություն»։ Մարզերի փրկարարական վարչություններն էլ տեղեկություն չտրամադրեցին, իրենց ասելով՝ անվտանգային նկատառումներից ելնելով։

Եղվարդ քաղաքի շչակները ձեռք են բերվել 2021 թվականին։ Եռաֆազ հոսանքի սնուցմամբ գործարկվող շչակների շարժիչը ավելի հզոր է, այն մեկ րոպեում պտտվում է 3000 անգամ:

Եղվարդ.jpg

ԱԻՆ-ի փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունից մեզ հայտնեցին, որ Եղվարդ բնակավայրում տագնապ ազդարարելու համար անհրաժեշտ է յոթ «C-40» մոդելի շչակ։ Մարզի 66 բնակավայրերից 43-ը համալրված են անհրաժեշտ քանակությամբ շչակներով։ 3 բնակավայրում շչակներ չկան։ Մարզի 20 բնակավայրում նոր շչակներ տեղադրելու, անսարքները նորոգելու կարիք կա։

Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ Կոտայքի մարզի մոտ 90%-ն է ապահովված շչակներով։ Սարքին են դրանց 80%-ը։

Եղվարդ քաղաքի շչակների փորձարկման ժամանակ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչության և հիվանդանոցի տանիքին տեղադրված շչակների ձայնը շենքերի ներսում թույլ էր լսվում, իսկ մանկապարտեզում, մշակույթի տանը և «անտառտնտեսություն» կոչվող վայրում շչակի ձայնը բարձր էր։

Մինչև 44-օրյա պատերազմը մարզում եղել է 81 շչակ, պատերազմից հետո տեղադրվել է ևս 60 շչակ:

Էջմիածնի տագնապ ազդարարող շչակները

Էջմիածին.jpg

Վաղարշապատ համայնքում կա 6 շչակ՝ 3-ը Էջմիածին քաղաքում, երկուսը՝ Զվարթնոց թաղամասում, 1-ը՝ Ոսկեհատում։

Փետրվարի 15-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում անցկացվեց «Պատսպարման կազմակերպում «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» ուսումնավարժանքը։ Այն կազմակերպել էին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը և Վաղարշապատ համայնքը։ Նպատակն էր ստուգել՝ սարքի՞ն են եղած շչակները, և գիտե՞ն բնակիչները, թե՝ ինչ պետք է անել, եթե դրանք հնչեն։

Էջմիածնի քաղաքապետարանի շենքի ու ամենամոտ հյուրանոցի՝ Ռիչմայնդի միջև հեռավորությունը մոտ 260 մետր է։ Շենքերից ամեն մեկի տանիքին մի շչակ կա, բայց եթե անգամ շչակները գործարկվում են միաժամանակ, տագնապի ազդանշանն ամբողջ քաղաքում ցածր է լսվում։ Տարածքում երրորդ շչակը գինու գործարանի տանիքին է, 2 կմ հեռավորության վրա։ Երեք շչակներն էլ C40 մոդելի են, եռաֆազ հոսանքով աշխատող, բայց ամբողջ քաղաքի ձայնածածկույթը չեն ապահովում։

(2023թ․ հունվարից ԱԻՆ-ի փրկարարական վարչությունը ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում է)։

Քաղաքում շատերն էին տեղեկացված, որ շչակներ են գործարկվելու, գիտեին, որ հենց շչակի ձայնը լսեն, պիտի շտապեն ապաստարան, բայց չգիտեին՝ ապաստարաններ կա՞ն, ու եթե կան՝ որտե՞ղ են։

Շչակների գործարկումից հետո ԱԻՆ-ի փրկարարական վարչության աշխատակիցները և համայնքապետի տեղակալը ուղղորդում էին համայնքապետարանի, ԱԻՆ-ի փրկարարական վարչության և Էջմիածնի պատմաազգագրական թանգարանի աշխատակիցներին ու հատուկենտ բնակիչներին դեպի թաքստոց՝ միաժամանակ կատարելով դիտարկումներ շչակների սարքինության վերաբերյալ:

Բնակիչներ.jpg

Միջոցառման ընթացքում նրանց միանում էին նաև անցորդներ։ Մարդիկ ինքնակազմակերպվում էին՝ առանց խուճապի մատնվելու։

Աշխատակիցները շչակի ձայնը լսելուն պես դուրս եկան շենքից և շարժվեցին դեպի թաքստոց, մենք՝ նույնպես։ Թաքստոցը մի քիչ խոնավ, ընդարձակ տարածք էր և մոտ էր համայնքապետարանի շենքին։ Այնտեղ չկային նստարաններ, առաջին անհրաժեշտության պարագաներ՝ սնունդ, ջուր, սանհանգույց։ Թաքստոցում էին ԱԻՆ-ի փրկարար ծառայության Արմավիրի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, Ջոնիկ Բարսեղյանը և համայնքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը: Բնակիչները նրանց դժգոհում էին, որ շչակի ձայնը ցածր էր։

«Ես աշխատասենյակում էի, ձայնը լսեցի, միգուցե պահոցներում լինեի, չլսեի։ Այ, էդ խնդիրը կար»,— ասաց Պատմաազգագրական թանգարանի տնօրեն Անժելա Թադևոսյանը։

Ապաստարան.jpg

Ջոնիկ Բարսեղյանը բացատրեց, որ գործող շչակները հնչել են ձայնի առավելագույն բարձրությամբ, այսինքն, ավելի բարձր ձայն ապահովելու համար անհրաժեշտ է ավելացնել նոր շչակներ։

Շչակի տեղակայման վայրում իրականացվում է 24 ժամյա հերթապահություն: «Պատասխանատուների հեռախոսահամարներն ունենք և անհրաժեշտության դեպքում զանգով և հաղորդագրությամբ տվյալ մարդը ստանում է առաջադրանք` շչակների միացման վերաբերյալ»,— ասաց Ջոնիկ Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ Էջմիածնում ապաստարաններ չկան, կան թաքստոցներ։

Թաքստոցները կառույցներ են, որոնք չեն պահանջում հատուկ շինարարություն: Քաղաքացիական պաշտպանության թաքստոց կարող է համարվել որևէ շենքի նկուղը, մառանը, սեփական տան կամ բազմաբնակարան շենքի նկուղը, քարայրը։

Էջմիածնի թաքստոցը.jpg
Էջմիածնի թաքստոցը

Ապաստարանը պետք է համապատասխանի ԱԻՆ-ի ու Քաղաքաշինության կոմիտեի սահմանած նորմերին և չափորոշիչներին։ Ապաստարան կարող է համարվել վթարային ելք, օդափոխիչ համակարգ, մթերքի պահեստ, բուժկետ ունեցող տարածքը։

Թաքստոց.png

Համայնքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանը նշեց, որ մեկ զանգով կատարվող միացումը լուրջ խնդիր կարող է դառնալ՝ պետք է միացվող շչակը ժամանակին գործարկվի ու պատասխանատու մարդիկ պետք է զբաղվեն շչակի միացման աշխատանքներով. հանկարծ չստացվի այնպես, որ զանգեն ու պատասխանատուն կապի դուրս չգա։ Արմավիրի մարզում նույնպես շչակների միացման ավտոմատ համակարգ չկա։

Միջոցառման ավարտից հետո գնացինք համայնքապետարանից մոտ 150 մետրի վրա գտնվող տոնավաճառ՝ պարզելու՝ լսե՞լ են մարդիկ շչակի ձայնը։ Տոնավաճառի աշխատակիցներից Վիկտորյա Գալստյանն ասաց, որ ձայնը լսել են, սակայն շարունակել են առևտուրը՝ չլքելով տարածքը․ «Ոչ մեկս տեղեկացված չէինք, բայց գիտենք, որ շչակը լավ բանի համար չէ։ Էս շչակը որ հնչեց, ի՞նչ իմանանք՝ ինչի համար էր։ Մարդ կար՝ տեղից իրար եկավ, մարդ կար՝ չէ։ էստեղ նկուղ կա՞, ապաստարան կա՞։ Ոչ մի տեղ էլ չկա։ Որ փորձանք գա, երևի չհասցնեն անգամ շչակ միացնեն»։

Շչակների վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը պարզելու նպատակով հարցում անցկացրինք նաև տարբեր մարզերի և համայնքների 120 բնակչի շրջանում։ Հարցվածներից 30-ը պատասխանել էին, որ իրենց համայնքներում շչակ գործարկվել է, իսկ 90-ը՝ չեն հիշում նման դեպք։ Հարցին՝ ի՞նչ պետք է անի անձը ազդարարման դեպքում, 100 հոգուց 37-ը պատասխանել էր՝ իրազեկված չեմ, 63-ը՝ ձայն լսելիս պետք է իջնեմ ապաստարան։

Հարցման արդյունքներ.png

Զրո հարկի լսարանը՝ թաքստոց

ԵՊՀ-ում շչակը գործարկվեց 2023-ի մարտի 1-ին, Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

Շչակ՝ կենսաբանության ֆակուլտետի տանիքին.jpg
Շչակ՝ կենսաբանության ֆակուլտետի տանիքին

Համալսարանում շչակ տեղադրվել է խորհրդային տարիներին․ ավելի կոնկրետ՝ ե՞րբ և ո՞ր մասնաշենքի վրա, չկարողացանք պարզել։ ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնում դժվարացան ասել նաև, թե առաջին անգամ ինչ հանգամանքներում է շչակը գործարկվել։ Տեղեկություններ այս մասին չկան ԵՊՀ արխիվում, հակահրդեհային ծառայությունում, գրադարանում, Ազգային և Հանրային ռադիոյի արխիվներում, Արտակարգ իրավիճակների և Ներքին գործերի նախարարություններում, Երևանի պատմության թանգարանում։

ԵՊՀ-ի բոլոր մասնաշենքերում կան նկուղային տարածքներ, որոնք նախատեսված են որպես թաքստոց։

Արտակարգ իրավիճակի դեպքում, երբ լսվի տագնապի ազդանշանը, ուսանողները և դասախոսները պետք է իջնեն տվյալ մասնաշենքի նկուղային հարկ։

Զրո հարկի լսարան 1.png
Զրո հարկի լսարան ԵՊՀ-ում
Զրո հարկի լսարան 2.jpg
Զրո հարկի լսարան ԵՊՀ-ում

Համալսարանի տարածքում 20 ուսանողի հարցրինք՝ գիտե՞ն, թե ինչ պետք է անել տագնապի ազդանշանի դեպքում և որտեղ կարող են պատսպարվել։ Ուսանողներից 18-ն ասացին՝ գիտեն, թե ինչ պետք է անել, 14-ը չգիտեին՝ որտեղ են համալսարանի թաքստոցները, 5-ը տեղյակ էին, որ թաքստոցը զրո հարկում է։

Հատվածներ ԵՊՀ-ի ուսանողների հետ զրույցներից։

Սիլվի Սիրականյան - «Երեք տարի սովորում եմ համալսարանում, երբևէ նույնիսկ փորձնական տագնապ չի կազմակերպվել։ Ապաստարանի տեղը չգիտեմ, գաղափար չունեմ, եթե մի օր արտակարգ իրավիճակ ստեղծվի, ինչպես կարող եմ կյանքս փրկել»։

Լիանա Քարամյան - «Տեղյակ եմ՝ ինչ պետք է անել շչակի ձայն լսելիս։ Քաղպաշտպանություն առարկայի շրջանակում ուսումնասիրել ենք այս թեման, ու յուրաքանչյուրս դասախոսի հորդորով նամակ ենք գրել համապատասխան վայր՝ իմանալու, թե որտեղ պետք է գնանք շչակի ազդանշանի ժամանակ»։

Քրիստինե Թորոսյան - «Շչակի ձայնից հետո կիջնեմ ապաստարան, բայց չգիտեմ՝ ապաստարանը որտեղ է»։

Զրուցել ենք նաև դասախոսների հետ։

Զարուհի Սարգսյանը նշեց, որ իրազեկված է՝ ինչ պետք է անել։ Տանը՝ շենքում, գիտի՝ որն է իրենց ապաստարանը, սակայն համալսարանում երբևէ չի իջել ապաստարան։

«Մինչև 44-օրյա պատերազմը չգիտեի, թե նման իրավիճակում ինչպես պետք է վարվել, բայց դրանից հետո համալսարանի մասնաշենքերի առաջին հարկերում նշվեցին թաքստոցի գտնվելու վայրերը, որ մարդիկ իմանան արտակարգ իրավիճակում անվտանգության կանոնները։ Համալսարանի 7-րդ մասնաշենքի նկուղային հատվածում կան թաքստոցներ, բայց ես անձամբ չեմ իջել և երբեք չեմ լսել շչակի ձայնը»,— պատմեց Անահիտ Մենեմշյանը։

ԵՊՀ.jpg
Սխեմա.jpg

Դավիթ Պետրոսյանը հստակ գիտեր համալսարանի ապաստարանի տեղը, սակայն շչակի ձայն երբևէ չէր լսել։

Մենք իջանք ԵՊՀ-ի 7-րդ մասնաշենքի զրո հարկ։ Սովորաբար, զրո հարկի լսարաններում դասեր են անցկացվում։ Արտակարգ իրավիճակներում ուսանող ու դասախոս կարող են թաքնվել այստեղ։ Զրո հարկում է նաև համալսարանի բուժկետը։ Զրուցեցինք բուժքրոջ հետ (անունը հրապարակել չցանկացավ)։ Նա պատմեց, որ 2020-ի պատերազմի օրերին զրո հարկի միջանցքում նստարաններ էին դրել. գիտեին, որ հարկ եղած դեպքում լսարանը դառնալու է թաքստոց։

«Շչակների նպատակը մարդկանց իրազեկելն է այն աղետների մասին, որոնք կանխատեսել հնարավոր է: Իրազեկված լինելը նվազեցնում է վթարների ու զոհերի թիվը, ավերածությունների ծավալը», - ասում է Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Էռնեստ Ավանեսովը։

Արտակարգ իրավիճակներում շչակների ազդարարման կարգը սահմանված է կառավարության որոշմամբ։ Համաձայն այդ որոշման՝ շչակները գործում են օդային տագնապի ազդարարման և ավարտի, ջրածածկման վտանգի, քիմիական զենքի կիրառման սպառնալիքի ժամանակ։

Ում համար է հնչում շչակը

Հեղինակներ՝

Ուսանողներ

Անի

Ղումաշյան

Ուսանողներ

Մարիամ

Ստեփանյան

Ուսանողներ

Հռիփսիմե

Ավագյան

Դասախոսներ՝

Դասախոսներ

Էդիկ

Բաղդասարյան

Դասախոսներ

Մարիամ

Բարսեղյան

Թիմ՝

Թիմ

Հարություն

Մանսուրյան